Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստով:
Առաջին. Mediaport-ի և հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից հրապարակված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված, հեռախոսազրույցի ձայնագրությամբ, «որում Արայիկ Հարությունյանը ասում է՝ 10 օր է խնդրում է Նիկոլ Փաշինյանին դադարեցնի քաղաքական խաղերը և կանգնեցնի պատերազմը, բայց նա շարունակում է:
Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 10 օր է ինչ Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն:
Արցախի նախագահը նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:
Արայիկ Հարությունյան. «Ասում եմ (Նիկոլ Փաշինյանին-Mediaport) մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերտը պահեմ, չի ուղարկում»:
Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»»:
Ադրբեջանագետ Էդգար Էլբակեանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի նախագահի մասնակցությամբ օրերս համացանցում տարածված հեռախոսազրույցի սղագրությունը` կից ձայնագրությամբ։ Ըստ Էդգար Էլբակեանի.
«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի այս հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ. նոյեմբերի 4-9-ին»։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Ա դե քառասուն հետ ասումըս, ես էլ ասում ում՝ կա վեչ լի, պրծած ա, պրծած ա։ Վեչ արտիլերիան ա կարում գործ անի, վեչ էլ… Ես հի՞նչ անիմ մերը քունածը։ Թողիմ Ստեփանակերտը նի մտնին, պրծնի, ասին «պա՜հ, պա խե ասա՞լ չըք, մունք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին յօրընք օնում»։ Հանցա մայիսի 8-ը ինի 92 թվին։
ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ - … Կիրու մեր, տի պեն չկա։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ - Կառաչո եթե տսնաս քեզ խանգարումըն, ասե… ես էննում տիյեր։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Հա, լյավ, դավայ։ Լյավ, ըսըլանում»:
Ընդգծում եմ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը կեղծ չէ: Տվյալ հանգամանքը և այն, որ համացանցում հայտնված ձայնագրության մեջ ԱՀ նախագահն իր հետ է զրուցում, «Փաստինֆո»-ին տված պարզաբանման մեջ հաստատել է ինքը` Ռուսլան Իսրայելյանը:
Երկրորդ. «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման ժամանակ ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է, որ պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունների, իր կարծիքով, վարչապետի կողմից որոշում է ընդունվել, որ բանակով անցած փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, ավելին` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իրեն անձամբ արգելել է գնալ այնտեղ, իրեն արգելվել է մասնակցել ռազմական գործողությունների ծրագրմանը:
Արցախի հերոսը տեղեկացրել է նաև, որ Շուշիի հրամանատարական կետում գտնվելիս, աշխարհազորի հետ աշխատանք տանելիս, նոյեմբերի 5-ին երեք կողմից շրջափակման մեջ են հայտնվել, գործել է ըստ իրավիճակի, և երբևիցե կապ չի ունեցել Պաշտպանության բանակի հրամանատարի հետ։
Երրորդ. 2020 թ. սեպտեմբերի 27-ին և 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում չեն ընդունել իրենց օգնություններն առաջարկող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախյան և Ապրիլյան հաղթանակած պատերազմներում իր մեծ ավանդն ունեցած, ռազմական ոլորտում մեծ փորձառություն ունեցող, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական ոլորտում դարձյալ մեծ փորձառություն ունեցող, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ըստ էության, մերժելով նրանց կողմից մարտական գործողությունների կազմակերպման առումով առաջարկվող օգնությունը:
Չորրորդ. Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի և Հայաստանի պարտության հիմնական պատճառներից մեկը հանդիսացող ապօրինի հանձնարարության ձայնագրությունը, որի համաձայն, Նիկոլ Փաշինյանը պատերազմի 3-րդ օրը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան, Մովսես Հակոբյանը հաստատել է, որ «վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է»։
ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ