Այս օրերն էլ կդառնան պատմություն, ու 21-րդ դարավերջին ինչ-որ զայրացած լրագրող կամ անաչառ պատմաբան կգրի, որ դարակազմիկ պարտությունից հետո իշխանությունն ուներ մի քանի տարբերակ՝ ինչպես պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում, բայց մինչև վերջ գնաց ինքնաոչնչացման անհասկանալի ու անբացատրելի ճանապարհով, որի պատճառները հիմա դժվար է որոշել, տասնամյակներ են անցել, ականատեսներ ու վկաներ չկան, գրավոր վկայություններն այնքան հակասական են, որ հնարավոր չէ միանշանակ եզրակացություններ անել 2020-ի սեպտեմբերին ու հետո կատարված ու չկատարված իրադարձությունների մասին: Զայրացած լրագրողը գուցե արձանագրի՝ 21-րդ դարի 20-ականներին Հայաստանի Հանրապետությունը մեկուսացած պետություն էր ոչ միայն տարածաշրջանում, այլև արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: 2018-ի իշխանափոխությունից հետո իշխանության եկած կուսակցությունն ու նրա պարագլուխը 2,5 տարում ոչնչացրին իրենց բոլոր հաջողություններն ու երկիրը տարան պարտության մի պատերազմում, որին պատրաստ չէին ոչ տնտեսապես, ոչ ռազմական, ոչ քաղաքական առումներով, բայց այնքան պոպուլիստ ու դեմագոգ էին, որ հավակնում էին հաղթել պարտադրված պատերազմում՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքով: Այդպես էլ եղավ. նոր պատերազմ սկսած թշնամին նոր տարածքների տիրեց, ու ՀՀ իշխանությունը 21-րդ դարի ամենախայտառակ կապիտուլյացիան ստորագրեց, ու դա նույնպես մութ պատմություն է: Լավ է, որ մի քանի տասնամյակ անց՝ իրավիճակը փոխվեց և Հայաստանի չորրորդ հանրապետության իշխանությանը հաջողվեց հետ բերել կորցրած տարածքները ու վերականգնել ոչ միայն Հայաստանի տարածքը՝ ներառյալ Կարսը, այլև Արցախի:
Անաչառ պատմաբանը հերթական գրքում կարձանագրի, որ 21-րդ դար Հայաստանի Հանրապետությունը մտավ դարակազմիկ ոճրագործությունից շոկը չհաղթահարած, և հետագա մի քանի տասնամյակներին պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը պայմանավորվում էր 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքներով: 2020-ի պատերազմի պարտության մասին կգրի, որ 2018-ին Հայաստանում հակաօրինական միջոցների կիրառմամբ իշխանության եկան երիտհայերը և պատմության մեջ մնացին ոչ միայն 2020-ի պատերազմի պարտությամբ, այլև բումերանգի օրենքի դասական օրինակ դարձան քաղաքականության մեջ: Նրանք իշխանության եկան այն ճանապարհով, որով հեռացան՝ ճանապարհները փակելով ու ցանցային հեղափոխություն խաղալով, որ հետո ուղղվեց իրենց դեմ:
21-րդ դարավերջի պատմաբաններին չեն հետաքրքրի իշխանության ու իշխանության համար պայքարողների անուն-ազգանունները, հիմնավորումներն ու հակասությունները, փաստարկներն ու հակափաստարկները: Նրանք կարձանագրեն, որ այդ օրերին անկառավարելի քաոս էր, իշխանությունը չէր ուզում իշխանություն լինել, ընդդիմությունը՝ ընդդիմություն, ժողովուրդն ուզում էր իշխանություն ունենալ, որ ինչ-որ մեկը վերջապես լուծի իր օրեցօր բազմապատկվող խնդիրները: Բծախնդիր լրագրողը կհիշատակի, որ 2020-ի տարեվերջին Հայաստանում վերստին իշխանության եկավ այն մարդը, որ եղել էր ՀՀ երրորդ հանրապետության վարչապետը, բայց նշանակվելով 1990-ի օգոստոսի 13-ին, հրաժարական էր տվել 1991-ի սեպտեմբերի 26-ին: Անաչառ պատմաբանը կհավելի, որ այդ մարդը ամբողջ կյանքում անցել էր հրաժարականների միջով ու բուռն կյանք էր ապրել, որոնց հակասությունները բավարար են բնութագրելու ժամանակի խառնիճաղանջ քաղաքական կյանքը:
Վերադառնալով մեր օրեր՝ ի՞նչ կարող ենք ակնկալել 2020-ի դեկտեմբերից: Նիկոլ Փաշինյանը նվազագույնը երեք անգամ կարող էր հրաժարական տալ ու չտվեց՝ նոյեմբերի 9-ին, նոյեմբերի 10-ին ու դեկտեմբերի սկզբին: Կարող էր հայտարարել, որ 2021-ի մայիսին կլինեն արտահերթ ԱԺ ընտրություններ և լիցքաթափել իրավիճակը՝ 17+ կուսակցություններին զրկելով պայքարի նպատակից, փոխարենը նա ոչ միայն չի ուզում արտահերթ ընտրությունների ու հրաժարականի մասին լսել, այլև շարունակում է քաղաքականությունը, որ կար պատերազմից առաջ ու ֆեյսբուքյան լայվերով փորձում հիմնավորել, որ ինքն ու միայն ինքը առաքելություն ունի իրավիճակը փոխել: Սին պատրանքներ: Մավրն ավարտել է գործը, մավրին կհեռացնեն:
Պարտության ստեղծած խնդիրներից ոչ մեկին մեկ ամսում նրա կառավարությունը լուծում չի տվել: GPS-ով մասնատվող Հայաստանը իրականությունն է, որին ոչինչ Նիկոլ Փաշինյանը չի հակադրում: Ազգային ուժեղ բանակի ջոկատայնացումը իրականություն է, որին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հակադրում: Նա չի հասկանում, որ շանս է տալիս իր «թավշե սիրով» սիրած ու հազարավոր դատական կապերով իր հետ կապված «նախկիններին» ներկա ու ապագա դառնալ իր պահվածքով: Ինքնին հասկանալի է, որ նա հրաժարական չի տալու մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 12-ին տրված վերջնաժամկետում, իսկ 17-ը նրա հրաժարականին փորձելու է հասնել ճանապարհներ ու փողոցներ փակելով ու երկիրը կաթվածահար անելով՝ ինչպես 2018-ի ապրիլ-մայիսին արեց հեղափոխության թավշե «ռահվիրան»՝ Նելսոն Մանդելան, Մահաթմա Գանդին ու չգիտեմ էլ ով: Իրադարձությունները կարող են և այլ զարգացում ունենալ՝ ասենք, Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանին չի ասի՝ «Ես սխալ էի, դու՝ ճիշտ», ու չի հեռանա Սերժ Սարգսյանի պես, այլ կդիմի բռնությունների ու կդառնա քաղաքացիական բախումների պատճառ (հուսամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի սթափեցնող խոսքը կկանխի քաղաքացիական պատերազմը), որովհետև ի զորու չէ հասկանալ, որ ինքն անելիք չունի քաղաքականության մեջ, երբեք չի ունեցել: «ժողովրդավարության բաստիոնը» կդառնա փողոցապետության պետականաքանդ ավանդույթի ջատագով: Սա առաջին սցենարն է:
Կա երկրորդ սցենարը՝ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, ՔՊ-ն կմասնատվի, ԲՀԿ-ն հնարավորություն կստանա ԱԺ-ում իր և ՔՊ-ի ձայներով իշխանության բերել Վազգեն Մանուկյանին: Նրանք, որ առարկում են, թե Նիկոլ Փաշինյանին պահում է Վլադիմիր Պուտինը, նա թույլ չի տա, որ այդքան դժվար, ճակատագրական որոշումներ ընդունած վարչապետին ինչ-որ փողոցային ընդդիմություն՝ գունավոր հեղափոխություն անելով, որ տանում է դեպի դժոխք, իշխանազրկի, սխալվում են:
Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանը պետք է այնքան, որքան ժամանակ է պետք ապահովելու եռակողմ հայտարարության կատարումը՝ մնացել է 9-րդ կետը: Շուտով ևս մի կապիտուլյացիոն ակտ կստորագրվի, Նիկոլ Փաշինյանը Կրեմլի համար կդառնա նույնքան հետաքրքիր, որքան Վիկտոր Յանուկովիչը: Հետո Վազգեն Մանուկյա՞նը կկատարի Կրեմլի հրահանգները, թե՞ Մանուկ Վազգենյանը, էական նշանակություն չունի: Նրանք, որ հույսեր են փայփայում, թե Մոսկվան Հայաստանը կմիացնի ՌԴ-ին, ու մենք «կազատվենք» պետություն պահելու՝ բանակ ու սահմաններ պահելու, տնտեսություն զարգացնելու, որոշումներ ընդունելու ու իրականացնելու հոգսից, մոլորված են:
Մենք թանկ բեռ ենք Մոսկվայի համար՝ մի քանի միլիարդ դոլարի տարեկան հավելյալ ծախս, առանց որի էլ Մոսկվան Հայաստանից ու Արցախից ստանում է ցանկացածը: Ի՞նչ պիտի անի Վազգեն Մանուկյանը: Այս պայմաններում՝ ոչինչ: Ինքն էլ գիտի: «Մենք երբեք չենք հաշտվի այն եռակողմ համաձայնագրի հետ, որ ձևակերպված է որպես հայտարարություն, բայց դա աշխատում է դեֆակտո, և չենք կարող փոխել և հրաժարվել դրանից»՝ ասել է վարչապետի միասնական թեկնածուն Ազատության հրապարակում ներկայացնելով նոր կառավարության հակաճգնաժամային քայլերը։ Եթե չենք փոխում ու չենք հրաժարվում, որի քաղաքական ու իրավական հիմքերը կան, բայց չկա ռազմական հնարավորություն, Վազգեն Մանուկյանը փաստացի դեֆոլտի եզրին հասած երկրում հարկադրված է լինելու անել այն քայլերը, որի ֆինանսական հնարավորությունները կան: Իսկ ֆինանսներ չկան: Ներդրումներ՝ նույնպես: Հույսը միլիարդատեր հայերն են, որ ապրում են Ռուսաստանում, մեկ էլ Գագիկ Ծառուկյանի շեյխերը, որ հիմա ոչ միայն ջինսով ու հեռախոսով, այլև հեռուստացույցով կարող են գալ Հայաստան բանակցությունների ու կստանան՝ ինչ ու որտեղ ցանկանան:
Բնավ փաստ չէ, որ իշխանության գալուց մեկ տարի հետո Հայաստանում ֆինանսներ ներդրածները կցանկանան, որ Վազգեն Մանուկյանը հեռանա կամ արտահերթ ընտրություններ կազմակերպի՝ վտանգելով իրենց փողերը, իմա՝ հաղթահարված համարվի քաղաքական ճգնաժամը, հակառակը՝ հարկ կլինի ժամանակ տալ վարչապետին՝ տնտեսական ճգնաժամը լիովին հաղթահարելու: Եթե վարչապետ Վազգեն Մանուկյանը հանկարծ հիշի, որ ինքը, այնուամենայնիվ, Հայաստանի անկախ հանրապետության ԱՌԱՋԻՆ վարչապետն է, Մոսկվան արդեն նախապատրաստում է պահեստային տարբերակը՝ ռուսական կապիտալով նոր կուսակցություն է ստեղծվում, որը թափ կհավաքի, եթե հարկ լինի: Օրինակ՝ 17+-ը չկարողանա միասնությունը պահել, ու Վազգեն Մանուկյանը հարկադրված լինի իր կյանքի հերթական հրաժարականը տալ: Սա երկրորդ սցենարն է՝ երրորդ-չորրորդի զարգացումների հեռանկարով:
Հերթական արտահերթ ընտրությունները կանենք, թե 2023-ի հերթական ընտրություններին կհասնենք՝ խորհրդարանում ուժերի վերադասավորումով, օրախնդիր են Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության փոփոխությունները: Դեֆակտո կյանքը ցույց տվեց, որ 2015-ին (15 թիվը մեր կյանքում չի ստացվում) սահմանադրական փոփոխությունները սխալ էին՝ Հայաստանը պատրաստ չէր խորհրդարանական մոդելի, որի համար անշրջելի, ոչ թե ձևական ժողովրդավարություն է պետք, Հայաստանում պետք է լինի նախագահական կառավարում: Եթե հայ ժողովուրդը չի ցանկանում տասնամյակներ գլորել՝ շագրենի կաշվի պես նվազող երկրում, 5-10000-ով ձայն վաճառել, տարեկան 50-100000-ով արտագաղթել, երկիրը վերածել ճանապարհ կառուցող սպասարկման ոլորտի ու հարևան պետությունների սպասարկուի, հենց այստեղ ու հիմա պետք է իր մեջ ուժ գտնի ու դադարի ինքն իրեն սպառելը, փակի ինքնասպանության էջն ու հաշտություն հայտարարելով ինքն իր հետ, վերադառնա իր խնդիրները իր ձեռքով լուծելու տարբերակին: Այլ ելք չկա: Եթե ուզում ենք, որ մեզ համարեն պետություն, ոչ թե տարածք, որի նկատմամբ շուրջբոլորն ինչ-որ հավակնություններ ունեն, որոնց առանցքն է 19-րդ դարից եկող բանաձևը՝ «Հայաստանն՝ առանց հայերի»: ՈՒ մեր խորհրդարանը մենք պետք է ընտրենք, մեր նախագահին մենք պետք է ընտրենք, լսելով թեկնածուների ծրագրերը, ոչ թե մերժելով հերթական նախորդին ու իշխանության բերելով հերթականին, որին գահընկեց ենք անելու փողոցում: Դա, իսկապես, դժոխքի ճանապարհն է: Բայց մեր ճանապարհը չէ, որ ուզում ենք ապրել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 5, թե 15 տարի կմնան խաղաղապահները տարածաշրջանում, Հայաստանն ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը: ՈՒրեմն՝ մեզ բանակ է պետք: Մեզ բանակ է պետք, ուրեմն՝ մեզ տնտեսություն է պետք, որ աշխատատեղեր ստեղծվեն ու Հայաստանից չարտագաղթեն վերարտադրության տարիքում գտնվող, աշխատունակ ու մտածող մարդիկ: Մեզ պետք են բանակ, կրթություն ու հեռանկար: Երկրորդ աշխարհամարտում ատոմային ռումբի հարվածներ կրած ու ջախջախված Ճապոնիան ողջ ներուժը դրեց կրթության վրա ու պետականորեն արգելեց կամիկաձեների հիշատակումը: Ինչ երկիր դարձավ Ճապոնիան, որ պատերազմի մեջ է դեռ, որովհետև խաղաղության պայմանագիր չի կնքել Ռուսաստանի հետ ու փորձում է կղզիները վերադարձնել, դատեք ինքներդ: Վաղ թե ուշ վերսկսվելու են բանակցությունները Արցախի Հանրապետության (այն ամենի՝ ինչ մնաց) կարգավիճակի վերաբերյալ, մենք այլևս ոչինչ կորցնելու իրավունք չունենք, ազգի գոյության ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔ չի մնում, ուրեմն ինչ կթելադրի Մոսկվան, ինչ կցանկանան Փարիզն ու Վաշինգտոնը, իրենց խնդիրն է, մեր խնդիրն է մեր ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ ձևակերպել ու պաշտպանելու ուժ հավաքել: Պետության ու ժողովրդի գոյության համար դեյուրե էական չէ, թե ով կանի, դեֆակտո պատմությունը գրում են անհատները: Ֆրանսիացիներն ասում են՝ Նապոլեոնը Ֆրանսիայի պատմությունն է: Մեր պատմության հարցը չպիտի լինի «Բա այսքան պարտություն կրես, հաղթել չսովորե՞ս (Հրանտ Մաթևոսյան): Մեր պատմության պատասխանը տվել է Վազգեն Սարգսյանը՝ 21-րդ դարը մերն է լինելու: Ողջ լերուք: