Բանակը կռվում է, ԱԳ նախարարը բանակցում է, վարչապետը կոչեր ու ուղերձներ է հղում՝ այս կարուսելի մեջ անհասկանալի է մնում, թե, ի վերջո, մենք ո՞ր տարբերակն ենք ընտրել՝ կռվե՞լ՝ ինչքան ու ինչպես կարող ենք, բանակցե՞լ Ադրբեջանի ու համանախագահների հետ Մադրիդյան սկզբունքների շուրջ, պահանջել Արցախի ճանաչու՞մը: Ո՞րն է մեր պաշտոնական տարբերակը, թե՞ այդ տարբերակն էլ փոխվում է՝ կախված ռազմաճակատի վիճակից:
Եվ սա միակ հարցը չէ: Փաստացի մեկ ամսից ավելի Թուրքիան պնդում է, որ ինքը, ինչպես Ռուսաստանը բոլոր իրավունքներն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու: Թվում է՝ Թե Մոսկվան, թե Փարիզը, թե Վաշինգտոնը ձևաչափի փոփոխությունը բացառում են և հարցի լուծումը տեսնում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ բանակցություններում: Բայց մի քանի օր առաջ «Վալդայ» ակումբում, երեկ VTB Capital-ի «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի լիագումար նիստում Պուտինը նորից խոսում էր ձևաչափի փոփոխությունից, փորձագետներն արդեն ավելի ու ավելի շատ են խոսում նոր ձևաչափի մասին՝ Թուրքիա-Ռուսաստան, որը բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար: Թուրքիան պատերազմող, ահաբեկիչ, ագրեսոր ու բացահայտ կողմնակալ լինելով՝ չի կարող դառնալ բանակցության մասնակից: Իսկ Պուտինը երեկ նորից անում էր հավուր պատշաճի և հռետորական հարցադրումներ՝ խուսափելով խոսել հրադադարի կայուն մեխանիզմների մշակումից ու հրադադարը խախտողին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունից: Փաստացի՝ այս պարագայում Ռուսաստանը հնարավորինս փորձում է իրեն չեզոք դիրքավորել: Ուրեմն՝ ո՞վ պիտի պաշտպանի հայկական կողմի շահերը:
Կա նաև երկրորդ նոնսենսը՝ ինքն իրեն միջնորդական առաքելությամբ է օժտել հարևան Իրանը, և՝ նույնպես Թուրքիայի մասնակցությամբ: Շնորհակալություն հոգածության համար: Նախ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հետո ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեցին Իրանի ծրագրի մասին: ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին գնաց Բաքու, ապա Մոսկվա, իսկ երեկ Երևանում էր՝ ներկայացնելու Իրանի առաջարկները: Մոսկվայում Արակչին մասամբ բացել էր փակագծերը:
Փաստացի՝ Իրանը ևս, ինչպես Անկարան ու Բաքուն, գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տասնամյակներով ոչնչի չի հասել: «Մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը»,- Մոսկվայի օդանավակայանում ասել է Արաքչին՝ պնդելով, թե «Մինսկի խումբը գործունեության 30 տարիներին այդպես էլ չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծումը գտնել»։ Թեհրանը իր ծրագիրը որակում է «Իրատեսություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով»: Նա արդեն այդ ծրագիրը ներկայացրել է Իլհամ Ալիւին, Ջեյհուն Բայրամովին, Ռուսաստանի ԱԳ փոխնախարարների՝ Անդրեյ Ռուդենկոյին և Սերգեյ Ռյաբկովին։ Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ, «Արաքչին մեկ օրում հինգ կարևոր ու կառուցողական հանդիպում է ունեցել, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի ու ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»։ Արաքչին Մոսկվայում ասել է, թե Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը տևել է մեկուկես ժամ, և Բաքուն դրական է գնահատել իրենց առաջարկները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում գրել է, թե բանակցությունները «շատ արգասաբեր» էին: Ռուսական արձագանքները երեկ դեռ չկային: Արաքչին համարում է, որ Թեհրանի ծրագիրն իրատեսական է. «Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները: Ծրագիրը ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, մարդու իրավունքներն ու փոքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։
Դատելով այս ժլատ տեղեկությունից՝ մադրիդյան սկզբունքների պարոդիան է՝ առանց նույնիսկ ազգերի ինքնորոշման իրավունքի արձանագրման:
Հասկանալի է, որ Իրանը անհանգստացած է իր սահմանների մոտ պատերազմից, որի արկերն ու անօդաչուները պարբերաբար հայտնվում էին իր տարածքում՝ Ադրբեջանի թեթև ձեռքով: Թեհրանը օրը մեկ հայտարարություն էր անում, որ իր տարածքի նկատմամբ ոտնձգություն չի հանդուրժի, և այլն, և այլն, սահմանի մոտ զորավարժություններ սկսեց, զինտեխնիկա ու զորք կուտակեց: Այդ ամենը հասկանալի և բնական է: Իրանը ևս ունի իր կարմիր գծերը՝ տարածաշրջանում երրորդ կողմի մտնելը, առավելևս Թուրքիայի փոխադրած մոջահեդների հնարավոր հայտնությունը իր սահմանի մոտ՝ հակամարտության գոտի տեղափոխված գրոհայինները։
Փաստացի, այդ խմբերը տարիներ շարունակ Սիրիայում Թեհրանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի դեմ են կռվել, իսկ այսօր հայտնվել են Իրանի սահմանների մոտ։ Հոկտեմբերի սկզբին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր. «Մեզ համար անընդունելի է, որ որոշ երկրներ ուզում են Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին մեր սահմանների մոտ տեղակայել»։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին զգուշացրել էր. «Եթե ծայրահեղականներին Ղարաբաղ տեղափոխելու լուրերը հաստատվեն, բոլոր նրանք, ովքեր կանգնած են դրա ետևում, պատասխան կտան»։ «Այս պատերազմը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չէ, որ վերաբերում է, մենք շատ լուրջ հետևանքներ ենք տեսնում նաև ողջ տարածաշրջանի համար», - ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությանն ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Եվ այսքանից հետո նման «ծրագիր» ներկայացնելը նույնքան նոնսենս է, որքան նոնսենս է ընդհանրապես Իրանի միջնորդական առաքելությունը: Երեկ Աբաս Արաքչին հանդիպում էր Զոհրաբ Մնացականյանի հետ, ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է. «Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ են մտքեր փոխանակել Հայաստանի ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանը և աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արակչին երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար»:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ, և կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: Իրանի ԱԳ փոխնախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն և նրան տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին: Փաստացի՝ արդեն իսկ Իրանի ծրագրում «օկուպացված հողեր», Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում բառերն այդ ծրագիրը դարձնում են անընդունելի, ինչպես և ոչ իրատեսական: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ու դա ոչ թե խաղաղություն է «տարածաշրջանի երկրների ուժերով»՝ ինչպես Թեհրանը բնորոշում է իր ծրագիրը, այլ՝ Արցախի բնաջնջում նույն ուժերով: Պատահական չէ, որ Ադրբեջանում Արակչիի առաջարկները հավանություն են ստացել, ու նույնքան պատահական չէ, որ նա հենց Բաքվից է սկսել վոյաժը, հետո մեկնել Մոսկվա՝ ստանալու Կրեմլի համաձայնությունը, որ երեկ կողմնակի հաստատեց Պուտինը, ու նոր միայն եկել է Երևան: Թերևս Անկարա մեկնելու կարիք արդեն չկա: Նույնքան պատահական չէ, որ երեկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոչ միայն կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, այլև «Մենք բոլոր արտաքին ուժերին կոչ ենք անում զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ ձգտելով կողմերին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների»:
Այսօր ԱԳ նախարարը մեկնում է Ժնև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցելու: «Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- երեկ ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այս օրակարգով է Զոհրաբ Մնացականյանը մեկնում Ժնև` մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հետ հանդիպմանը:
Ուստի ՝բնական է հարցը՝ հիմա մենք ի՞նչ ենք ուզում ու ինչպե՞ս ենք տեսնում Արցախի հարցի լուծումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հիմա էլ Թվիեթերում գրառումները: «Ադրբեջանական ուժերը՝ Թուրքիայի գլխավորությամբ և ահաբեկիչների հետ միասին շարունակում են ակտիվ ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Արցախի խաղաղ բնակավայրերում: Նրանց նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է»։ Գուցե այս դեգերումները չլինեն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ավելի լուրջ կվերաբերվեն Արցախի ճանաչմանը: