Ապացուցելու կարիք չունի այն միտքը‚ որ ցանկացած պատերազմ լուրջ կատալիզատորի դեր է խաղում շատ գործընթացներում‚ բացահայտում է տվյալ հասարակության‚ ժողովրդի զարգացման իրական միտումները‚ մոտիվները՝ զտելով հասարակության մասին պատկերացումները և ի հայտ բերելով հասարակության իրական ներուժը‚ ռեսուրսներն ու հեռանկարը։ Այս առումով ընթացող պատերազմը‚ թերևս‚ բացառություն չէ։ Եվ արդեն իսկ անցած մեկ ամսվա ընթացքում շատ բաներ ի հայտ են եկել‚ միմյանցից տարանջատվել են ձևականն ու իրականը։
Առաջին եզրակացություններից մեկը‚ որ մենք կարող ենք արձանագրել‚ հասարակության բավականին ստվար զանգվածի կոնֆորմիզմն է։ Մասնավորապես‚ հասարակության մի մեծ հատված պատերազմի ընթացքում դեմ չէ ինքնախաբվելու‚ դեմ չէ‚ որ իրեն մատուցեն մի ինֆորմացիա‚ որը թեև շատ հեռու է ճշմարտությունից‚ սակայն իր համար հաճելի է։ Հասարակության այդ հատվածը ցանկանում է լսել այն‚ որը իրեն առանձնապես մեծ անհանգստություն չի պատճառում և չի հանում իրեն սովորական դարձած հարմարավետության գոտուց։ Եթե խաղաղ ժամանակ դա վերաբերում է համեմատաբար անշառ թեմաների‚ որոնք առանձնապես կենսական և ճակատագրական հետևանքներ չեն ունենում‚ ապա պատերազմական իրավիճակում կարող են օրհասական լինել տվյալ հասարակության համար։
Այս համատեքստում դիտարկենք‚ թե ինչպես իրեն պահեց հասարակությունն անցած օրերի ընթացքում։
Հասկանալի է‚ որ պատերազմի ժամանակ տեղեկատվական որոշակի սահմանափակումներ պետք է արվեն‚ որպեսզի հասարակությունը չընկնի անիմաստ խուճապի մեջ կամ չտարվի էյֆորիայով‚ ապատեղեկատվության և միտումնավոր մանիպուլյացիաների ազդեցությանը չենթարկվի‚ որոշակի ինֆորմացիա ժամանակից շուտ կամա-ակամա չբացահայտի և թշնամու ջրաղացին ջուր չլցնի և այլն։ Ինֆորմացիայի դոզավորման և թշնամու տեղեկատվական աղբյուրների սահմանափակման քաղաքականությունը պատերազմի ժամանակ բնական է։ Այլ հարց է‚ թե որքանով են տեղեկատվական հոսքերը‚ չափաբաժինները կառավարվում իշխանությունների կողմից։ Եթե ինֆորմացիան ճիշտ չդոզավորվի‚ ժամանակին տեղ չհասցվի‚ որոշակի վակուում կարող է առաջացնել‚ ինչը հասարակության մի հատվածի կարող է դրդել տեղեկություններ հայթայթելու ամենատարբեր աղբյուրներից՝ օգտագործելով տեխնոլոգիական հնարավորությունները‚ սեփական աղբյուրները։ Այսպիսով՝ իշխանությունը‚ համապատասխան ինֆորմացիա չտրամադրելով հանրությանը‚ կարող է բացասական արդյունքներ գրանցել՝ հասարակությանը մղելով թշնամու կամ պրոքսի թշնամու աղբյուրներից ինֆորմացիա ստանալուն։
Պատերազմի ընթացքում հայկական հասարակության զգալի մասը երկար ժամանակ հասկանում էր‚ որ իրեն տրվող տեղեկությունը ոչ միշտ է ամբողջական‚ սակայն գերադասում էր լինել կիսախաբված։ Ցանկանում էր լսել‚ որ ամեն ինչ վերահսկողության ներքո է‚ և ձևացնում էր‚ թե հավատում է‚ որ իսկապես այդպես է։ Մարդիկ պատում են իրենց պատրանքներով‚ որովհետև իրենց այդպես հարմար է։ Եվ եթե որևէ մեկը հանկարծ հանդգնում էր կասկածներ հայտնել‚ անմիջապես պիտակավորվում էր՝ մեղադրվելով‚ թե նման կասկածներ հայտնելու անպատեհ պահ է‚ դրա ժամանակը չէ և այլն։
Սակայն Հայաստանը փոքր երկիր է. յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվության սեփական աղբյուրը‚ և մարդիկ հիմնականում պատկերացնում էին‚ թե ինչ է իրականում կատարվում‚ որտեղով է անցնում ռազմաճակատի գիծը‚ ինչ խնդիրներ կան և այլն։
Եվ հետաքրքիր է‚ որ մեկ ամսվա ընթացքում գրանցվեցին մի քանի դրվագներ‚ որոնց ընթացքում կոնֆորմիստ զանգվածը հանկարծ պայթեց՝ իբր զարմանալով իրական վիճակից։ Ռազմական գործողություններից մոտ 25 օր անց‚ երբ ցույց տրվեց ռազմաճակատի քարտեզը‚ մարդիկ իբրև թե հանկարծակիի եկան՝ տեսնելով ճակատում գրանցված անհաջողություններն ու թշնամու վերահսկողության տակ անցած տարածքները։
Երկրորդ իբրև թե անսպասելի բացահայտումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն էր‚ որի ընթացքում նա հայտարարեց‚ որ Հայաստանին կրիտիկական ընտրության առջև են կանգնեցրել. ընտրություն կատարել ցավոտ փոխզիջման և կապիտուլյացիայի միջև։ Այս հայտարարությունը կոնֆորմիստ հասարակության համար իբր թե երկրորդ բացահայտումն էր‚ որն անմիջապես հակադարձեց՝ ի՞նչ զիջումների մասին է խոսքը‚ թեև բոլորն էլ հասկանում էին‚ որ ռազմաճականում և դիվանագիտական դաշտում մեզ համար ոչ բարենպաստ ֆոնին մեր առջև դրված էին մեզ համար ոչ շահավետ տարբերակներ։ ՈՒ հետաքրքիր է‚ որ այս թեմայի շուրջ հասարակական հիստերիային‚ ծայրահեղ դրսևորումներին իր ելույթով նպաստեց վարչապետը‚ դեռ հետո էլ ժողովրդին մեղադրեց անթասիբ լինելու մեջ։ Երկրի ղեկավարի այս վարքագիծը առանձնապես չի զարմացնում‚ նույնիսկ էմոցիա չի առաջացնում‚ քանի որ երկուսուկես տարվա մեջ մենք շատ բաներ ենք տեսել։
Փաստորեն‚ հասարակությունը ոչ թե պատերազմի մասնակից է‚ այլ թամաշա է անում‚ որոշ դեպքերում՝ ֆեյսբուքյան մենամարտեր։ Նույն հայրենասիրության մասին խոսողները‚ կարգախոսներով հանդես եկողները կարող են դիվային խրախճանք կազմակերպել‚ երբ որևէ հայ‚ ասենք‚ իրենց քաղաքական հայացքները չկիսող քաղաքական գործիչ է մահանում կորոնավիրուսից։ Եվ ֆեյսբուքում պարապ ժամանակ գլորող զանգվածը կարող է աղմուկ բարձրացնել ու հարձակվել հարցեր բարձրաձայնող գիտակից մարդկանց վրա՝ «հիմա դրա ժամանակը չէ» հերթապահ ձևակերպմամբ։ Ինչ-որ մարդիկ‚ որ իրական կյանքում իրենցից ոչինչ չեն ներկայացնում‚ իսկ սոցցանցերում հայտնի են իրենց բարոյախրատական ճառերով‚ դասեր են տալիս‚ որպեսզի ոչ ոք չհամարձակվի կասկածի տակ դնել գործող կառավարության արդյունավետությունը։
Կոնֆորմիստ զանգվածի ևս մեկ ոչ ադեկվատ արձագանքը գրանցվեց‚ երբ անկախ Հայաստանի հիմնադիրներից մեկը՝ ՀՀ նախկին վարչապետ‚ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը‚ որի պաշտոնավարման օրոք (1993-1994 թթ.) բեկում մտցվեց Արցախյան պատերազմում‚ արձագանքեց վարչապետի ուղիղ եթերին և արձանագրեց‚ որ օրհասական այս պահին ճիշտ կլինի‚ որպեսզի գործող կառավարությունը հեռանա‚ իշխանությունը հանձնի զինվորականությանը‚ ստեղծվի պետական պաշտպանության կոմիտե‚ որը կզբաղվի երկրի պաշտպանության‚ տնտեսական‚ արտաքին քաղաքական հարցերով։ Պարապ գունդն այս անգամ էլ իր հարձակումները սկսեց Վազգեն Մանուկյանի դեմ՝ նրան անվանելով դավաճան‚ նորից հիշելով «հիմա դրա ժամանակը չէ» հերթապահ նախադասությունը։
Իսկ իրականում դրա ժամանա՞կն է‚ թե՞ դրա ժամանակը չէ։ Եթե մենք շարժվենք «հիմա դրա ժամանակը չէ» տրամաբանությամբ‚ ապա պետք է նաև հարցնենք գործող իշխանությանը՝ պատերազմի ժամանակ ինչու՞ հանկարծ փոխեցին ԱԱԾ տնօրենին‚ ԱԱԾ հակահետախուզության կամ սահմանապահ զորքերի ղեկավարին։ Նշանակում է այդ համակարգը արդյունավետ չի աշխատում‚ փոփոխությունների անհրաժեշտություն է ծագում‚ և պետք չէ սպասել‚ մինչև ամեն ինչ փոշիանա‚ նոր միայն սկսել գործել։ Սովորաբար խաղի կեսից էլ են խաղացողներին կամ մարզիչներին փոխում։ Ինչպես ֆուտբոլում‚ եթե որևէ թիմ անընդհատ պարտվում է‚ ապա ոչ ոք մինչև սեզոնի վերջը չի սպասում‚ մարզչին փոխում են‚ ինչից հետո‚ որպես կանոն‚ հոգեբանական շարժ է տեղի ունենում‚ և թիմը մի քանի խաղ կամ չի պարտվում‚ կամ էլ հաղթում է։ Եթե իշխանությունը փոփոխություններ կատարում է‚ ապա ինչու՞ հասարակությունը կամ հասարակության էլիտան չի կարող առաջարկել փոխել ոչ էֆեկտիվ իշխանությունը և երկիրը չհասցնել վերջնական տապալման‚ նոր միայն քայլեր ձեռնարկել։ Այս առումով Վազգեն Մանուկյանի առաջարկը և տարբեր գործիչների կողմից նրան սատարումը շատ տրամաբանական են։ Առավել ևս, որ նրա առաջարկած գաղափարը նորություն չէր. մոտ 2 շաբաթ առաջ մեկ տասնյակից ավելի կուսակցություններ գրեթե նմանատիպ առաջարկով էին հանդես եկել։ Գուցե երկու շաբաթ առաջ իրավիճակն այնքան օրհասական չէր‚ ինչպես այժմ։ Սակայն այստեղ էլ կոնֆորմիստական ֆեյսբուքյան թևը միանգամից միացավ ու սկսեց բարոյախրատական ճառեր ժամանակի‚ միասնականության և այլ թեմաներով‚ անվանելով նրան դավաճան‚ ԱԱԾ-ին‚ այն ԱԱԾ-ին‚ որ այժմ մեծ փոփոխությունների փուլում է‚ կոչ անելով զբաղվել երկրի կայացման ակունքներում կանգնած այդ մարդով։
Հասարակության արձագանքը պատերազմական պայմաններում ոչ մի բանով չի տարբերվում խաղաղ պայմաններում թամաշա ռեակցիայից։ Սա ցույց է տալիս‚ որ այն‚ ինչ դաստիարակել են թե՛ նախկինները‚ թե՛ առավել ևս ներկաները‚ պիտանի չէ ոչ խաղաղ պայմաններում ստեղծագործ աշխատանքի‚ ոչ էլ առավել ևս պատերազմական պայմաններում պայքարելու‚ քանի որ չեն ցանկանում դիսկոմֆորտի գոտուց դուրս գալ և ցանկանում են մշտապես լինել ամբոխի մեջ։ Այս խմբի միակ նպատակը‚ խնդիրն ու երազանքն է՝ սպասել‚ տեսնել‚ թե ով է հաղթում արտաքին պայքարում և ներքին քաղաքական դաշտում‚ որպեսզի միանգամից հարձակվի պարտվողի վրա ու խժռի նրան։ Այս զանգվածը բնավ էլ Նիկոլ Փաշինյանի պաշտպանական գունդը չէ‚ այս զանգվածն առաջինն է հարձակվելու Փաշինյանի վրա։ Այս անդեմ‚ տարբեր տեխնոլոգիաներով ստեղծված մասսան նրա համար է‚ որ պատերազմի ժամանակ ապահովի երկրի պարտությունը։ Նրանք հատուկ են դրա համար ստեղծվել‚ և վերջիններս իրենց այդ գործառույթը‚ առաքելությունը անկախ իրենցից‚ կամա-ակամա կատարում են. թուլացնելով թիկունքը՝ թուլացնում են նաև բանակը։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ