Ձերբազատվե՞նք պատերազմից, ձերբազատվե՞նք Ղարաբաղից... Ինչպե՞ս, եթե դա արդեն մի ամբողջ սերնդի կյանք ու պատմություն է՝ պսակված տասնյակ հազարավոր զոհերի արյամբ և հիշողությամբ, հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիր և կյանքի նպատակ: Հանուն ինչի՞, եթե մեր պատմության մեջ երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, քան այսօր:
Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Պատերազմը շարունակվում է: Գուցե վերջին շաբաթը: Իսկ գուցե՝ ոչ: ՈՒ մենք հաղթում ենք, որովհետև չենք պարտվում: Այլ պայմաններում այս նախադասությունը կհնչեր որպես տավտոլոգիա: Բայց այս խելագար պատերազմում ճշմարտություն է՝ 80-միլիոնանոց Թուրքիան ու 10-միլիոնանոց Ադրբեջանը կռվում են մեր դեմ՝ իրենց քաղաքական, տնտեսական, ռազմական, ահաբեկչական ներուժով, մենք խրվել ենք մեր խրամատներում ու չենք պարտվում՝ մեր 10-միլիոնանոց ներուժով՝ Արցախ-Հայաստան-սփյուռք: Սա պարադոքս է, որ աշխարհին ստիպում է մեզ հարգել: Ինչ-ինչ, արժանապատվության հարցում մեզ աշխարհը բացահայտորեն տանուլ է տալիս:
Պարադոքսներն այս պատերազմում արդեն դարձել են առօրյա: Պարադոքս է, որ Ադրբեջանը գնդակոծում է խաղաղ բնակավայրերը, որտեղ չկան ռազմական օբյեկտներ, հետո մեզ հայտարարում ռազմական հանցագործ: Պարադոքս է, որ Ալիևը հայտարարում է, թե հայերն են իրենց եկեղեցին հրթիռակոծել: Պարադոքս է, որ Ալիևն ու Էրդողանը պնդում են, թե Սիրիայից ու Լիբիայից մոջահեդներ չեն բերել, երբ տասնյակ տեսագրություններ ու հեռախոսային խոսակցություններ կան, երբ տասնյակ դիակներ են վերադարձվել Սիրիա, տասնյակներն էլ չեն հավաքվել կռվի դաշտից: Պարադոքս է, որ Ալիևը հայտարում է, թե Արցախն է հարձակվել Ադրբեջանի վրա, ու ստիպված են պաշտպանվել: Մարազմի գագաթնակետ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները մատուցում են իրենց ժողովուրդներին իբրև վերին ատյանի ճշմարտություններ: Իսկ նրանք վաղուց դադարել են մտածել, եթե ոմանք էլ մտածում են, գերադասում են լռել: Խոսում են նրանք, որ պատերազմից իրենց բաժին դագաղն են ստացել: Բայց ի՞նչ են խոսում: ՈՒ ի՞նչ կարող են խոսել 30 տարի թույն ու ատելություն շնչածները: Ալլահը նրանց պատժել է՝ Ալիևի պես նախագահ տալով Ադրբեջանին, Էրդողանի պես՝ Թուրքիային:
Մենք, ինչպես մեր պատմության շրջադարձային պահերին, նորից բողոքում ենք աշխարհին: Ցասումով թվարկում ենք այն երկրները, որ դեմ են Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին, որ մեզ չեն հասկանում, որ չեն լսում մեզ: Կամ լսում են, հասկանում են, ու՝ ոչինչ չեն անում: Ավելի վատը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից են: Մենք ճիշտ ենք արժեքները դավանելու մեր պահանջի մեջ, բայց փաստը մնում է փաստ, որ արժեքներով փոր չես կշտացնի՝ կան շահեր: Մենք 30 տարի ի՞նչ ենք արել, որ աշխարհի հզորները այստեղ ունենային իրենց շահերը ու իրենց շահերը պաշտպանելով՝ պաշտպանեին մեզ՝ ինչպես հիմա Թուրքիային ու Ադրբեջանին: Նավթ ու գազ չունենք, բնական հանածոներ ունենք: Հերոսաբար ու զենքով Ամուլսարի հանքավայրի մուտքը փակողներից քանի՞սն է այսօր կռվում Արցախում: Եթե Ամուլսարը աշխատեր, դառնալու էր այն գումարը, որով հայոց բանակը գնելու էր 5-րդ սերնդի պատերազմի սպառազինություն: Վարձավճարով «հայրենասեր», կեղծ «բնապահպանները» հիմա ասելիք ունե՞ն: Ինչու՞ միայն Ամուլսարը: Երբ տարիներ առաջ մերժում էինք ֆրանսիացիների՝ Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու առաջարկը, չէի՞նք հասկանում, որ միայն էներգետիկ անկախություն չէ, կապիտալի ներհոսք է Հայաստան, որ ապահովում է Ֆրանսիայի՝ Հայաստանին պաշտպանությունը այլ հարցերում: Այսօր, մեղմ ասած, «չենք հասկանում» Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Իսպանիային ու մյուս պետություններին, որ միլիարդների ներդրումներ են արել Ադրբեջանում, միլիարդների առևտրաշրջանառություն ունեն Թուրքիայի հետ, հազարավոր թուրքերի են ընդունել ու ինտեգրել պետական կառավարման մեջ: Մենք ու՞ր էինք 30 տարի: Եթե 2013-ին մերժած չլինեինք ԵՄ-ին, այսօր ԵՄ-ն մեզ չէր մերժի: Բումերանգը վերադառնում է ու հետհարվածում:
Երբ սեփական տնտեսության մեջ շեշտադրում ես սպասարկման ոլորտն ու շինարարությունը, երբ չես մեծացնում արտադրական հզորություններդ, աշխատատեղեր չես ստեղծում, արժանապատիվ կյանքը այլ երկրներում որոնողների հաշվին ես ապրում, բումերանգը վերադառնում է: ՈՒ ուզես-չուզես, վերադառնում ես ինքնիշխանությանը՝ քաղաքական ու տնտեսական: ՈՒզես-չուզես, վերադառնում ես արտաքին քաղաքականությանդ, որ եղել է երկրորդ ալիքի` պատասխանել ես մարտահրավերներին, ինքդ երբեք առաջինը չես եղել: ՈՒզես-չուզես վերադառնում ես գերակայություններիդ՝ 1915-ի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էր կարևո՞ր, թե Արցախի Հանրապետության: Եթե 1994-ից այս հարցի պատասխանը լիներ՝ «Արցախի Հանրապետության», այսօր պատերազմ կլինե՞ր: ՈՒզես-չուզես՝ հիմա ֆորս մաժորում ես, որովհետև ապրել ես ընթացիկ խնդիրներ լուծելով: Որովհետև տնտեսության դիվերսիֆիկացման ու արտասահմանյան կապիտալ երկիր բերելու համար նախ պիտի ինքնիշխան լինեիր, հետո՝ կոռուպցիան չծաղկեր, քաղաքական ճակատագիրդ կապեիր քո երկրի, ոչ թե արտաքին միջամտության հետ: Այնքան խելամիտ լինեիր, որ հասկանայիր՝ պատերազմը չի ավարտվել: ՈՒ՝ այսքան տարի պարտության վրեժը սրտում հարևան ունես, որ զինվում է ու օրը մեջ Արցախը ուզում, Զանգեզուրը, Երևանը: Նավթատարներ է կառուցում ու նավթադոլարներով, խավիարային դիվանագիտությամբ քթիդ տակից տանում է քո անգամ բնական դաշնակիցներին: Իսկ դու շարունակում ես դավանել բարձրագույն արժեքներ ու սպասել համաշխարհային արդարության պայծառ հաղթանակին, քեզ համոզել ես, որ աշխարհում կա միայն մեկ պետություն, արևը ծագում ու մայր է մտնում այդ պետությունում՝ ամբողջ օրը լուսավորելով ու ջերմացնելով քեզ: Երբ Ֆրանսիայի ԱԺ ու Սենատ, ԱՄՆ Կոնգրես է մտցվում Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծ, ՌԴ Պետդուման կամ Դաշնության խորհուրդը նույնիսկ չեն քննարկում Անկարայի ու Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը: Այդ պետությունը այսօր քննարկում է՝ ի՞նչ ունենք մենք, եթե պաշտպանում ենք Հայաստանին, եթե պաշտպանում ենք Ադրբեջանին, եթե պաշտպանում ենք Թուրքիային: Իմա՝ քեզ ու քո թշնամիներին դնում է կշեռքի ՀԱՎԱՍԱՐ նժարների ու կշռում է գրամ-գրամ: Շատ ճիշտ է անում՝ իր շահը դա է պահանջում, դա էլ անում է: Իրականության մեջ չկան դաշնակիցներ, կան շահեր: Մենք դա հասկանում ենք, բայց… չենք հասկացել: Դաշնակիցը այսօր Ադրբեջանի համար Թուրքիան է, ԱՄՆ-ի համար Իսրայելն է: Ոչ այն պատճառով, որ Էրդողանը սիրում է Ալիևին, Թրամփն էլ առանց Նեթանյահուի չի ապրի: Էրդողանը ժամանակին նույնքան սիրում էր Բաշար Ասադին… Նրան պետք է ոչ թե Ալիևը, այլ Ադրբեջանի նավթագազամուղները: Նրան պետք է վերահսկողությունը խողովակների փականի վրա, որ երբ ուզի, շանտաժ անի՝ Իսրայելին, Իտալիային, Գերմանիային ու այլ երկրների. կուզեմ՝ փականը կբացեմ, չեմ ուզի՝ կփակեմ: Ալիևը չի համարձակվի ձայն հանել «բարեկամ» Թուրքիայի դեմ: Ձայն հանեց՝ մոջահեդները կան ու կան: Ասադի օրինակը՝ վկա: Թրամփին, ԱՄՆ նախորդ ու հաջորդ նախագահներին էլ Իսրայելը պետք է տարածաշրջանում վերահսկողությունը պահելու համար, ու նախ և առաջ Իրանի դեմ: Մենք համակերպված լուռ էինք, երբ մեր մյուս հարևանի տնտեսությունն էլ համարյա ձեռքից վերցրին ու թողեցին վրացական ավանդական պարծենկոտությունը՝ մենք չեզոք ենք: Բումերանգը վերադառնում է: ՈՒ վերադառնում է միշտ: Նաև՝ նրանց է վերադառնալու կողմնակալ «չեզոքությամբ»՝ մի գեղեցիկ, լուսավոր առավոտ: Հարցը ժամանակն է, իսկ մենք ժամանակ չունենք:
Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդական ջանքերը Անկարան մերժեց: Պարադոքս է, որ Զոհրաբ Մնացականյանին զուգահեռ Վաշինգտոն է մեկնում Ջեյհուն Բայրամովը, ոչ թե Մևլութ Չավուշօղլուն: Թերևս ԱՄՆ-ը ցանկանում է պահել կեղծ պատկերը, որ Ադրբեջանում որևէ պաշտոնյա ներկայացնում է իր երկրի շահը: Ի՞նչ սպասել ԱՄՆ-ի երրորդ փորձից: Իրավիճակն այնպիսին է, որ Վաշինգտոնում կարող են կայացնել իրարամերժ որոշումներ: Եթե դատենք հայտարարություններից, այլ երկրների հետ ԱՄՆ հարաբերություններից, մեծ սպասելիք չկա: Տրամաբանական կլինի, եթե Վաշինգտոնը հայտարարի, որ միանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին ու գործադրած ջանքերին՝ պատերազմը դադարեցնելու, բանակցային սեղան վերադառնալու և քննարկելու մադրիդյան սկզբունքները: Համենայն դեպս՝ Մոսկվայից դա են շշնջում Թրամփի ու նաև Մակրոնի ականջին: Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որ ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն է վարում, ու Մակրոնին պետք է ինքնահաստատվել որպես Եվրոպայի առաջին դեմք՝ հեռացող Մերկելից հետո, նրա որոշումներն անկախ են: Հնարավոր է, որ ընտրություններից առաջ Թրամփը որոշի, որ իր նախագահական կարիերայի հերթական անակնկալն է հասունացել, և ԱՄՆ-ը ճանաչի Արցախի Հանրապետությունը: 9 նահանգ վաղուց ճանաչել են: Նա այն նախագահն է, որ անցած 4 տարիներին կողմ է եղել դեֆակտո քաղաքականությանը: Պահն է նաև բազում դավաճանությունների համար Էրդողանին տեղը դնելու: Ոչ հանուն հայերի, այլ պահելով ԱՄՆ-ի՝ իբրև ժողովրդավարության պաշտպանի իմիջը և շահը այն երկրներում, ուր իր հավակնություններն է ներկայացնում Էրդողանը՝ իբրև մուսուլմանների առաջնորդ: ԱՄՆ-ը մշտապես ունի պատժամիջոցների գործիքը, որ կքանդի Թուրքիայի տնտեսությունը, կամ զենքի ու տեխնոլոգիաների վաճառքի էմբարգոն, որ կկանգնեցնի ռազմարդյունաբերությունը:
Ի՞նչ պիտի անենք մենք: Քանի դեռ մեր զինվորը կռվում է ու դիվանագետներին հնարավորություն տալիս իրենց մարտը վարելու, անկախ որ երկիրն ինչ դիրքորոշում ունի, Երևանում ու սփյուռքում պարտավոր ենք ամենօրյա ռեժիմով թակել բոլոր դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների դռները՝ պահանջելով ճանաչել Արցախը՝ ստեղծված փակուղում այլևս դրված է ժողովրդի բնաջնջման կամ գոյության հարցը: Հայ ժողովրդի: Սա պետք է հասցնենք խուլ, կույր ու համր աշխարհին: Առանց նահանջի՝ ինչպես խրամատից չի նահանջում զինվորը: Այո, ռուս ու գերմանացի պատգամավորները կարող են գնալ Արցախ, զարմանալ ու զայրանալ թուրք-ադրբեջանական հորդայի բարբարոսությունից ու մարդկության դեմ հանցանքներից: Այո, մենք պիտի նրանց խիզախությանը արժանին մատուցենք և գնահատենք ազնվությունը, բայց մեզ պետք է, որ դա պաշտոնապես ասեն Մոսկվայից, Բեռլինից, Փարիզից. Աթենքից, Վաշինգտոնից, Հռոմից, Մադրիդից, Լոնդոնից, Թեհրանից, մեծ ու փոքր մայրաքաղաքներից: Ինչ չենք արել 30 տարի, պիտի անենք հիմա՝ ֆորսմաժորային ու անընդմեջ: Պիտի հասնենք նրան, որ ՄԱԿ-ը, երկու անգամ հարցը քննարկելով, անհոդաբաշխ որոշումներ չկայացնի: Որ ՆԱՏՕ-ն իր անդամին արգելի ահաբեկչություն հովանավորել ու տարածել՝ արատավորելով կառույցի պատիվն ու առաքելությունը: Խուլ են, կույր ու համր, պետք է ստիպել բացել աչքերն ու ականջները, բերանը՝ ներկայացնելով ոչ թե մեր պահանջը, այլ իրենց շահը՝ խուլ, կույր ու համր չլինելու: Իսկ շահեր միշտ կան: Էրդողանը արդեն հայտարարել է, որ Անկարան օգնության ձեռք է մեկնում բոլորին, որ դիմում են աջակցության համար՝ «Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից՝ Աֆրիկա, ու դա շարունակական է»: Սա պիտի հասկանան նրանք, որ մեզ «չեն հասկանում»: Այդպես են հաղթում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատերազմի այս շաբաթներին մենք հասունացանք իբրև պետություն, որ այլևս իրավունք ու ժամանակ չունի սխալվելու: ՄԵՆՔ հիմա ավելին ենք, քան մենք էինք: ՈՒ դա ևս տավտոլոգիա է, եթե համարժեք չլիներ իրավիճակին: Էրդողանները, ալիևները գնալու են ու թողնելու են ավերակներ իրենց երկրներում՝ մարսելու թույնի, ատելության, պատերազմի, ահաբեկչության, կեղծ ազգայնականության, պոպուլիզմի քաղցրադառն ու մահ տարածող կոկտեյլը: Իսկ մենք ապրելու ենք ու հաղթելու ենք մեր աղբյուրների մի կում մաքուր ջրով: ՈՒ՝ մի վարակվեք ու մի վարակեք: Մենք պիտի հաղթենք երկու պատերազմում էլ: Հիշեք Վազգենի խոսքերը՝ «Իմ աչքերը ձեզ վրա են, տղերք»: Մենք հաղթելու ենք, նահանջի տեղ չունենք: Ողջ լերուք: