Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Լեռնային Ղարաբաղ՝ կարո՞ղ է դրական դեր խաղալ Վաշինգտոնը

Լեռնային Ղարաբաղ՝ կարո՞ղ է դրական դեր խաղալ Վաշինգտոնը
19.10.2020 | 10:27

Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները՝ չնայած Բաքվի ու Երևանի միջև Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնությանը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց, որ շարունակվող բախումների պատճառով իր աշխատակիցները չեն կարող գերիների փոխանակում սկսել և հավաքել դիերը կոնֆլիկտի գոտում: Հրադադարի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ջանքերով էր, իհարկե, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներին: Հանդիպումը ընդհանրապես կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդական ջանքերի շնորհիվ: Այնուհանդերձ, ռազմական կոնֆլիկտը սրվում է, կողմերը միմյանց են մեղադրում մարդասիրական հրադադարը խախտելու մեջ. Բաքվի ու Երևանի դիրքորոշումները դառնում են ավելի կոշտ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողության հաստատումը և փախստականների վերադարձը տարածաշրջան: Նրա խոսքով՝ նպատակին հասնելու համար իր երկիրը «գնալու է մինչև վերջ», երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Ադրբեջանը պնդում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների փոխանցմանը (7 շրջաններ, որ Հայաստանի վերահսկողության տակ են)՝ խաղաղության պահպանման դիմաց՝ ոչինչ չխոսելով անկլավի կարգավիճակի մասին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Երևանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մերժմանը և շարունակում է կոչ անել միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Միով բանիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախկինում համաձայնեցված խաղաղ կարգավորման սկզբունքները նետված են զամբյուղը, և ոչ ոք չգիտի՝ ինչ անել հետո, թեպետ բոլորը հասկանում են, որ նախ պետք է կանգնեցնել պատերազմը:

Բայց ինչպե՞ս և ո՞վ կարող է դա անել: Խորվաթիայի Advance-ը գտնում է, որ ԱՄՆ-ը հրադադարի մոսկովյան համաձայնության ձախողումից հետո «կարող դադարեցնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում, բայց չի անում, հավսարապես՝ ինչպես Թուրքիան, բայց դա անում են տարբեր կերպ»: Ամերիկացիների դիրքորոշումը այս պատերազմին մանրամասն վերլուծություն է պահանջում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ստորագրությունը դրեց Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների ստորագրության հետ Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարության տակ, որ խաղաղության կոչ էր անում: Դա հաստատեց և պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտարարելով, որ «կոնֆլիկտի կարգավորումը պետք է կատարվի բանակցությունների ճանապարհով և խաղաղ քննարկումների, ոչ թե զինված առճակատման ճանապարհով»: Վաշինգտոնը, ինչպես Փարիզն ու Մոսկվան, հատկապես ընդգծում է, որ ամեն ինչ պետք է վճռվի «առանց երրորդ երկրների մասնակցության»՝ նկատի ունենալով Անկարային, որ Պոմպեոյի խոսքով՝ «առաջարկում է կրակի հզորություն մի իրավիճակում, որ առանց այդ էլ վառոդի տակառ է հիշեցնում»: Բայց սրանք միայն կոչեր են՝ առանց կոնկրետ գործողությունների, որ կարող էին զսպել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակցին Վաշինգտոնի փորձագետները գտնում են, որ «չնայած ամերիկացիների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա սահմանափակ է, ԱՄՆ-ը կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա Սիրիյաի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի միջոցով, համոզել, որ ևս մեկ կոնֆլիկտին մասնակցությունը չի ծառայում իր շահերին»: Բայց դրանք ակադեմիական դատողություններ են, այդ պատճառով ստեղծվում է տպավորություն, որ Վաշինգտոնն ու Փարիզը կարծես թե տեստավորում են Մոսկվային Անդրկովկասում՝ դրդելով կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին աջակցելու կոնկրետ որոշման, թեպետ Ռուսաստանը հիմա ձգտում է կանխել լարումը ու պատերազմի ընդլայնումը: Ընդ որում՝ բացահայտ պարտադրում են Թուրքիային կամ իբրև գործընկեր, կամ թշնամի Անդրկովկասում, մինչդեռ ԱՄՆ-ը իրեն ներկայացնում է իբրև կոնֆլիկտի երկրորդական խաղացող: Ճիշտ է՝ դեռ ի վիճակի է զարմացնել Պոմպեոն: Նա հանկարծ բացահայտ դատապարտեց Անկարային Ադրբեջանի կողմից պատերազմի մեջ ներգրավելու համար՝ հայտարարելով. «Մենք հույս ունենք, որ հայերը կարող են պաշտպանել իրենց այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները»: Հայաստանը պաշտպանված է ՀԱՊԿ-ով, Պոմպեոն դա գիտի, նշանակում է՝ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հայերին: Ղարաբաղյան կոնֆլիկտը նա մեկնաբանեց ոչ թե ադրբեջանական-թուրքական ոգով, այլ անվանեց «իրապես պատմական ու բարդ խնդիրների հանգույց»: Դա ստիպում է մտածել, որ որոշակի պայմաններում ու հանգամանքներում ԱՄՆ-ը կարող է հայտարարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, որ կփակի Թուրքիայի ու Ադրբեջանի պատերազմը շարունակելու ախորժակը: Այսինքն՝ ԱՄՆ-ը կարող է և կարգավորել կոնֆլիկտը, և սրել: Ճիշտ է՝ ոմանք Պոմպեոյի հայտարարությունը համարում են ընտրարշավի մաս և բավականին բազմամարդ ու ազդեցիկ հայկական համայնքի աջակցության համար արված, որ ակտիվ է պատերազմի առաջին օրից: Մինչև Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան իրադարձությունների հետագա զարգացումների սպասման մեջ են, ոչ ոք չգիտի՝ ո՞վ ու ինչպե՞ս կարող է դադարեցնել արյունահեղությունը:.
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Փաստացի՝ բոլորը գիտեն, բայց Ստանիսլավ Տարասովը չգիտի կամ հարկ չի համարում հիշատակել, որ հոկտեմբերի 17-ին հայտարարվել է երկրորդ զինադադարը՝ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Եվ Ադրբեջանն ու Թուրքիան խախտում են արդեն երկրորդ համաձայնությունը: Նա նաև չգիտի, որ Լավրովը արդեն Թուրքիային Ռուսաստանի ռազմավարական դաշնակից չի համարում, այլ՝ գործընկեր: Իմա՝ նախագահի, ԱԳ ու ՊՆ նախարարների ջանքերը ոչինչ չեն տալիս Էրդողանի համառության դիմաց: Իսկ ո՞վ բացեց Էրդողանի առաջ Կովկասի դռները, եթե ոչ Ռուսաստանը՝ համբերատար սպասելով, որ Էրդողանը կատարի իր պարտավորությունները Սիրիայում, որոնք բնավ մտադիր չէր կատարել ու չի կատարում՝ բուծելով նորանոր մոջահեդների: Ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա՝ Աստանայի ձևաչափ ստեղծելով Թուրքիայի հետ Սիրիայի հարցում՝ Մոսկվան շատ լավ գիտեր, որ ահաբեկիչը ահաբեկչության դեմ չի պայքարելու: Բայց հանդուրժում էր: Իսկ հիմա Մոսկվան լռում է Ֆրանսիայի միջնորդության մասին և լռելյայն ընդունում, որ հարցը կարող է լուծել միայն Վաշինգտոնը: Ու՝ նորից թուրքերն ու ռուսները հարաբերություններ են պարզում Հայաստանի ու հայերի հաշվին՝ 100 տարի առաջ, 100 տարի հետո:

Ու սա վերջ չունի՞: Ինչքա՞ն պիտի ռուսները սխալվեն ու հետագայում ընդունեն սխալները՝ նորից նույն սխալն անելու համար: Հայկական բանակը այսօր միակ գործոնն է, որ դիմակայում է ահաբեկչությանը ոչ միայն տարածաշրջանում, այլև փակում է ահաբեկչության մուտքը Եվրոպա: Ռուսաստանը ե՞րբ պետք է ուժով խոսի Թուրքիայի հետ: Սա է հարցը, որի պատասխանին սպասում է Վաշինգտոնը: Այն Վաշինգտոնը, որի մուտքը տարածաշրջան Ռուսաստանը փակել է մշտապես՝ քաղաքական, ռազմական, ֆինանսական, տնտեսական ներկայությունը զրոյացնելու քաղաքականությամբ, իսկ հիմա՝ Թուրքիայի սպառնալիքի առաջ, հիշում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որ ԱՄՆ-ը կարող է կանգնեցնել Թուրքիային: Փաստացի՝ մենք ոչ միայն Ռուսաստան-Թուրքիա, այլև՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բախման կետում ենք: Եվ արձանագրենք, որ առանց հայկական բանակի տարածաշրջանում այլևս ոչինչ չի որոշվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ