Ադրբեջանը և Թուրքիան քաջ գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրենց ռազմական դաշինքի կամ իրենցից թեկուզ մեկի ագրեսիայի դեպքում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի բազմակողմ, այդ թվում նաև ռազմական անմիջական միջամտությունը լինելու է անխուսափելի: Բավական է միայն, որ Հայաստանն այդ դեպքում դիմի Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, իսկ որ կդիմի, կասկած չկա:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին ու շրջակա մի քանի գյուղերին վերջերս Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանիով և ԱԹՍ-ներով հասցված հարվածներից հետո Հայաստանն օգնության խնդրանքով չդիմեց ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, քանի որ ոչ մեծամասշտաբ այդ ագրեսիան չհամարեց իր ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ լուրջ սպառնալիք:
Հայաստանը ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին նույն նկատառմամբ չդիմեց նաև իր տարածքին Ադրբեջանի զինված ուժերի մի շարք այլ հարվածներից, ինչպես Թուրքիայի F-16 բազմանպատակային կործանիչի կողմից մեր ՌՕՈՒ-ի հձ-25 գրոհայինի ոչնչացումից հետո: Դժվար թե դիմի նաև հոկտեմբերի 14-ի հայտնի միջադեպերից հետո: Ինչո՞ւ… Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի զինված ուժերի դեմ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի թեկուզ ոչ մեծ ռազմական քայլը նման կլինի վառոդի տակառին մոտեցվող լուցկու, այսինքն` դրանից հետո թուրք-ադրբեջանական դաշինքի հետ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի լայնածավալ ռազմական բախումը կլինի անխուսափելի, ինչը մի շարք առումներով Ռուսաստանի համար ոչ միայն խիստ անցանկալի, այլև խիստ վտանգավոր է (դեռ կհիմնավորենք, թե ինչու):
Ներկայիս պատերազմի հիմնական նպատակը հենց այն է, որ Ռուսաստանը ստիպված լինի պատերազմի մեջ մտնել Թուրքիայի հետ, իսկ դրա համար բավական է, որ Հայաստանը լայնածավալ հարձակման ենթարկվի: Իրադարձությունները կարող են զարգանալ հետևյալ հավանական սցենարով.
Ադրբեջանի զինված ուժերը միջազգային ահաբեկիչների մի քանի հազարանոց հրոսակախմբի և Թուրքիայի զինված ուժերի հետ միասին, առնվազն` Թուրքիայի բազմակողմ ռազմական աջակցությամբ կարող են լայնամասշտաբ հարձակում սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Այդ դեպքում Ռուսաստանի ԶՈՒ-ն և ՀԱՊԿ-ը ՀՀ համապատասխան դիմումներից հետո ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի ենթարկված մեր երկրին, ներառյալ` մասնակից դառնալով Հայաստանի վրա հարձակվողներին մեր կողմից հասցվող պատասխան հարվածներին:
Տրամաբանական ու սպասելի է, որ Թուրքիան վերոնշյալ իրադարձություններից հետո արդեն լայնամասշտաբ կերպով կընդգրկվի պատերազմում, հարվածներ կհասցնի ոչ միայն Արցախին և Հայաստանին, այլև մեզ օգնության հասած ՌԴ զինված ուժերին և ՀԱՊԿ-ի զորախմբին: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքների վրա կսկսվի ռուս-թուրքական նոր պատերազմ, ինչը և Թուրքիայի մասնատումը, աշխարհի քաղաքական քարտեզից Թուրքիայի վերանալն իրենց մարգարեություններում կանխատեսել են հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների որոշ սրբեր: Ինչո՞ւ միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքների վրա…
Ռուսաստանի զինված ուժերը, ՀԱՊԿ զորախումբը դժվար թե հարվածներ հասցնեն Թուրքիայի զինված ուժերին Թուրքիայի տարածքում, առավել ևս չեն հարվածի նրա բնակավայրերին: Բոլոր դեպքերում, Թուրքիայի տարածքում ՀՀ-ի դեմ գործադրված համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին, հրետանուն ու տանկերին կհասցնեն ոչ թե կանխարգելիչ, այլ միմիայն պատասխան հարվածներ` շատ լավ հասկանալով, որ հակառակ դեպքում կգործի ՆԱՏՕ-ի պայմանագիրը և Թուրքիային, որպես ագրեսիայի ենթարկված երկրի, օգնելու համար պատերազմում կընդգրկվեն ՆԱՏՕ-ի զինված ուժերը, ինչն արդեն հղի է այդ պատերազմը Երրորդ համաշխարհայինի և ամբողջ մոլորակի համար կործանարար միջուկային պատերազմի վերածելու իրական սպառնալիքով:
Թուրքիան նույնպես ՌԴ-ի զինված ուժերին և բնակավայրերին հարվածներ չի հասցնի Ռուսաստանի տարածքում` գիտակցելով, որ այդ դեպքում ստանալու է Ռուսաստանի համարժեք պատասխանը, իսկ դրանից հետո պատերազմին արդեն խառնվելու է ՆԱՏՕ-ն, և այն վերածվելու է Երրորդ համաշխարհայինի: Այսինքն` թե Ռուսաստանը, թե Թուրքիան չեն գնա ինքնասպանության, պատերազմը կծավալվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքներում:
Ինչ վերաբերում է պատերազմի վերոնշյալ սցենարի դեպքում ՆԱՏՕ-ի մասնակցությանը, ապա միանգամայն սպասելի է, որ ՆԱՏՕ-ն կամ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու սովոր Արևմուտքը Թուրքիային կօգնի ֆինանսապես, զենքով, զինամթերքով, ռազմական տեխնիկայով, մասնագետներով, հետախուզական տեղեկություններով, վիրավոր թուրք զինծառայողներին բուժելով և այլ կերպ, բայց պատերազմում հասկանալի պատճառներով անմիջականորեն չի ներգրավվի:
Իսկ, ո՞ր դեպքում է հնարավոր, որ Հայաստանը ենթարկվի Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը… Կարծում ենք, այդ հարձակումը միանգամայն հավանական կամ գրեթե անխուսափելի կդառնա ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուց, Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելուց և այդ ամենից բխող գործողություններից հետո: Ադրբեջանը կհամարի ու կհայտարարի, թե քանի որ ՀՀ-ն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ուրեմն այլևս բանակցելու ոչինչ չկա, և իր համար խնդրի միակ լուծումը մնում է ռազմականը:
Ինչպես հայտնի է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եթե իրենք առաջիկա 1-2 օրում էլ չզգան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի պատրաստակամությունը, դիմելու է, առաջին հերթին, Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, նաև` միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին:
Ադրբեջանը Մոսկվայում հոկտեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն առայսօր էլ խախտում է, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, հրետանիով, տանկերով, ԱԹՍ-ներով հարվածներ հասցնում ինչպես Արցախի բնակավայրերին, քաղաքացիական խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ ԱՀ Պաշտպանության բանակին: Հոկտեմբերի 10-ին և 14-ին սադրիչ հարվածներ է հասցրել նույնիսկ Հայաստանին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»:
ՈՒշադրությունից դուրս չթողնենք նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները և քննարկումները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Դատելով ամենից, եթե Ադրբեջանը շատ կարճ ժամանակաընթացքում չդադարեցնի հրադադարի պայմանավորվածության խախտումը, ապա մոտ է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Կարծում ենք, արդեն հասկանալի է, թե ինչ կհաջորդի դրան:
Սակայն ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը չէ միայն, որ կարող է տեղիք տալ Հայաստանի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի: Ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական դաշինքն անշեղորեն իրականացնելով իր հետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի նախորոշած ծրագիրը, հոկտեմբերի 14-ին դիմել է հերթական սադրանքին` նպատակ ունենալով պատերազմի մեջ ներքաշել, նախ, Հայաստանի Հանրապետությանը, ապա և Ռուսաստանի Դաշնությանը: Ադրբեջանի վերոնշյալ քայլի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության նույն օրվա հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածելու Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։
Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
Կարծում ենք, տրամաբանական և վերլուծական առանձնակի կարողություններ պետք չեն հասկանալու համար, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նույն տրամաբանությամբ (ընդամենը ենթադրությունների հիման վրա…) կամ, թեկուզ, լիովին բավարար հիմքեր ունենալով, թիրախավորեն ու վտանգի աղբյուրները չեզոքացնելու նպատակով կանխարգելիչ հարվածներ հասցնեն Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտի կամ ռազմական տեղաշարժի։
Այնուհանդերձ, նրանց համար, ովքեր չեն կարող այդ հետևությունն ինքնուրույն անել, բացատրենք. միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի ռազմական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն այդ դեպքում շատ արագորեն կվերածվի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի, որում Թուրքիան անմիջական և առավել լայն ընդգրկում կունենա, քան մինչև այժմ: Կասկածից դուրս է, որ Հայաստանն իր նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում, ինչպես արդեն նշեցինք, օգնության խնդրանքով կդիմի Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, և վերջիններս չուզենալով հանդերձ, ստիպված կլինեն ընդգրկվել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմում:
Հոկտեմբերի 10-ի ասուլիսում Արայիկ Հարությունյանը շատ պարզորոշ ասաց, որ եթե Ադրբեջանի, միջազգային ահաբեկիչների և Թուրքիայի կազմած ռազմական դաշինքը շարունակի խախտել հրադադարի պայմանավորվածությունը, ապա դա ևս հերթական ապացույցը կլինի նրա, որ այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի և նաև ինչ-որ տեղ Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ այժմ կատարվող իրադարձությունների հետևում թաքնված են շատ ավելի ծանր ու մարդկությանը վտանգ սպառնացող ծրագրեր:
Միանգամայն ճիշտ է ԱՀ նախագահի հիշյալ դիտարկումը կամ հետևությունը: Դա հենց այն է, ինչի մասին վերևում նշեցինք ` Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմը, որի նպատակը Ռուսաստանը հյուծելը, ջլատելը, արնաքամ անելն է, ՌԴ-ում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ և էական վատացումը, դրա, ինչպես նաև ռուս զինվորների ու սպաների շրջանում մեծաթիվ զոհերի հետևանքով Ռուսաստանում դժգոհության, զայրույթի այնպիսի մեծ պոռթկման, ըմբոստության հասնելը, որ Պուտինն ու նրա վարչախումբը տապալվեն (նվազագույն նպատակ) և Ռուսաստանի հարցերը հիմնովին լուծվեն (առավելագույն նպատակ):
Կասկածից դուրս է նաև այն, որ Ռուսաստանում 5-րդ շարասյուն համարվող ընդդիմությունն իր համար այսպիսի հրաշալի առիթ ու հնարավորություն ստանալով, ամբողջ կարողությամբ ոտքի կելնի, բնակչության լայն զանգվածների ըմբոստությունն օգտագործելով, կփորձի հեղաշրջում իրականացնել: Եվ ոչ միայն ընդդիմությունը… Նույն նպատակին կձգտեն նաև Ռուսաստանում ապրող ադրբեջանական 1,5-2 միլիոնանոց համայնքի քաղաքական, հասարակական, հոգևոր ղեկավարները, իշխանությունների դեմ ըմբոստության և հեղաշրջման իրականացման մեջ կներգրավեն նաև Ռուսաստանի բազմամիլիոնանոց մուսուլմանական համայնքի թեկուզ մի մասը: Ահա թե ինչու է Ռուսաստանն ամեն կերպ խուսափում Թուրքիայի հետ պատերազմից ու փորձում է հասնել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կամ քաղաքական լուծմանը:
Աշխարհի գրավման ճանապարհին Թուրքիայի, Ադրբեջանի, նրանց ու ներկայիս պատերազմի հետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի համար հիմնական թիրախը Ռուսաստանն է, և եթե Ռուսաստանի հարցերը լուծեցին, Չինաստանի և Իրանի հարցերը համարեք լուծված:
Ինչո՞ւ են նշված պետությունները և ուժերը հնարավոր համարում ռուս-թուրքական պատերազմում իրենց վերոնշյալ նպատակների իրականացումը: Նրանք հաշվարկել են, որ Ռուսաստանը Սիրիայում վարած պատերազմի արդյունքում որոշ չափով թուլացել է` ունեցել է ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի, ֆինանսական միջոցների կորուստներ, ինչպես նաև կորուստներ սպաների և զինվորների շրջանում: Դրանից հետո ֆինանսական ու տնտեսական առումներով մեծապես տուժել ու շարունակում է տուժել նաև կորոնավիրուսային համավարակի հետևանքով: Եվ, ահա, այս իրավիճակում եթե ռուս-թուրքական պատերազմ բռնկվի, ապա, ըստ նրանց, պատերազմի համար հարկադրաբար ահռելի ծախսեր կատարող Ռուսաստանի բյուջեն չի դիմանա, կպայթի, իսկ զինված ուժերի մարդկային կորուստները` շատուշատ ավելին, քան Սիրիական պատերազմի դեպքում, Ռուսաստանի բնակչության լայն զանգվածներին ոտքի կհանեն իշխանությունների դեմ, ու հեղաշրջումը կդառնա իրականություն:
Վերոնշյալի առումով վտանգն, իրոք, բավականին մեծ է: Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես աշխարհի ցանկացած երկրի, Ռուսաստանի բնակիչներից էլ ոչ բոլորն են հայրենասեր, ոչ բոլորը գիտեն, թե Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան իրենցից ինչ են ներկայացնում, «պանթյուրքիզմ», «պանիսլամիզմ» «աշխարհաքաղաքականություն» հասկացություններն ինչ են նշանակում: Բավական է նրանց գրպանին կամ ստամոքսին լրջորեն կպչել, ու նրանք իշխանությունների դեմ ոտքի կելնեն, առավել ևս, որ նշվածին կգումարվի նաև զոհերի խնդիրը, կասեն` Պուտինն ինչո՞ւ հայերի համար տարավ, մեր որդիների, եղբայրների, հայրերի գլուխը կերավ:
Մյուսը, որ Թուրքիան ու նրա հետևում կանգնած ուժերը հաշվարկել են, այն է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի կարող միջուկային հարված հասցնել Թուրքիային` գիտակցելով, որ դրանից հետո ստանալու է ՆԱՏՕ-ի միջուկային պատասխանը: Հետևաբար պատերազմը երկուստեք մղվելու է սովորական սպառազինությամբ, իսկ այդ առումով Թուրքիան թեև ոչ Ռուսաստանին համարժեք, բայց նույնպես լավ է զինված` ունի ժամանակակից և արդյունավետ հարվածային ԱԹՍ-ներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի, տանկեր, ավիացիա, մեծ հեռահարության (200 կմ) SOM թևավոր հրթիռներ և այլն: Բացի ժամանակակից զենքեր և ռազմական տեխնիկա ունենալուց, Թուրքիան զինվորների ու սպաների թվակազմով ՆԱՏՕ-ում 2-րդ բանակն ունի, այդ առումով Թուրքիայի բանակն աշխարհի բանակների 1-ին հնգյակում Է:
Եթե Սիրիայում Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունն ունեցող ԻՊ-ի դեմ Ռուսաստանի զինված ուժերի պայքարն այդքան երկարատև ու դժվարին եղավ, ապա պարզ է, որ թուրքական բանակի դեմ պատերազմն ավելի դժվարին է լինելու, խլելու է ավելի մեծաթիվ զոհեր, պատճառելու է ռազմական տեխնիկայի ավելի մեծ կորուստներ, պահանջելու է ավելի մեծ ֆինանսական ծախսեր:
Ընդհանրապես, պատերազմի յուրաքանչյուր օրը պատերազմող կողմերից պահանջում և այս դեպքում էլ կպահանջի ահռելի ծախսեր, կպատճառի մեծ կորուստներ, եթե նրանք տվյալ օրվա ընթացքում չունենան ինքնաթիռի, տանկի և ռազմական այլ տեխնիկայի նույնիսկ մեկ կորուստ: Արձակվող հրթիռների, արկերի, փամփուշտների, զինվորների և ռազմական տեխնիկայի շարժի համար ծախսվող վառելիքի և մյուս անհրաժեշտությունների գումարն արդեն իսկ շատ մեծ կլինի: Ահա հենց այս ամենն է, որ հաշվարկել են նրանք:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ