…Մեծագույն հաճույքով պիտի գրեի, որ կորոնավիրուսի պանդեմիան Հայաստանի Հանրապետությունում հմուտ կառավարման ու բժիշկների ջանքերով հաղթահարված է, վարակի շղթաները՝ հատված, մնում են միայն լոկալ դեպքեր: Հպարտություն պիտի ապրեի մեր բժիշկների համար, որ կարողացան մարդկանց կյանք վերադարձնել, ու չունեցանք հազարն անց մեր կորոնագերեզմանոցը կամ ունեցանք մի քանի շիրիմով միայն: Շնորհակալ ու լավատես պիտի գրեի, թե ինչպես ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կատարված քայլերով՝ իշխանությունը, ի դեմս պարետատան, կարողացավ կորոնաճգնաժամը դարձնել զարգացման շանս ու տնտեսության հնարավորինս արագ վերականգնման խթան: Բայց, հատուկ դրությունից կարանտինի անցման այս շրջանում, հազիվ թե գտնվի մի լրագրող, որ կարող է առանց ստելու դրվատել առողջապահության նախարարության ու կառավարության աշխատանքը կորոնաճգնաժամի շրջանում՝ հաշվի առնելով կատարված սխալներն ու կորոնամահաթիվը, կորոնավարակի տարածման մասշտաբները, կարանտինի, լոկդաունի, տնտեսությունը վերագործարկելու փուլերի ու բոլոր մանրամասների հաջորդականությունը, որի միջով անցանք ու անցնում ենք: Եվ ամենակարևորը՝ անորոշությունը, որի մեջ ապրում ենք: Անժամկետ անորոշությունը: Ինձ կառարկեն, որ աշխարհի ոչ մի երկրում կառավարությունն ու առողջապահության նախարարությունը կատարյալ չեն գործել, պատրաստ չեն եղել այս մասշտաբի ու այս մակարդակի պանդեմիայի, և ոչ ոք ոչ մի տեղ չգիտի՝ երբ է Covid-19-ը հեռանալու: Գուցե համեմատականներ բերեն, որոնք հավաստեն՝ Հայաստանում դրախտ է՝ այլ երկրների դժոխքի համեմատ: Չեմ բացառում: Բայց դա չի նշանակում, որ մենք վատերի մեջ պիտի լինենք լավագույնը, երբ կարող ենք լավերի լավագույնը լինել՝ հաշվի առնելով կատարված ծախսերը ու ներկա պատկերը: Եվ դա չի նշանակում, որ մենք, գործելով իրավիճակային լուծումների տրամաբանությամբ, հանգել ենք այն կետին, երբ սկսվում են հաջողությունները: Կորոնավարակն ու կորոնաճգնաժամը դարձան դաժան հայելի՝ տեսնելու մեր անկարողությունը՝ կառավարել առողջապահության համակարգը ու տնտեսությունը ֆորս մաժորների ժամանակ ոչ թե այն պատճառով, որ այլ ելք չկար, այլ՝ մինչ օրս հրապարակային պատճառաբանություն չստացած, չփաստարկված, կամայական քայլերի, իրավիճակի սխալ գնահատականի, հետևաբար սխալ եզրահանգումների ու այն չարդարացվող համառության, որով, առանց մասնագետների օգնությանը դիմելու, հանձն են առել ճգնաժամի կառավարումը մի վարչապետ, մի պարետ ու մի նախարար՝ խաղալով ժողովրդի ու պետության ճակատագրի հետ: Մինչդեռ աշխարհի հզորագույն ու հարստագույն պետությունները ստեղծել են կորոնավիրուսի դեմ պայքարի ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ և ապավինում են դրանց: Մենք՝ ոչ: Մենք նույնիսկ այս ամբողջ ընթացքում ի զորու չեղանք կորոնավիրուսից մահացածների համար դիահերձարան ունենալ: Թերևս հետագա դատական գործընթացներից խուսափելու համար միայն: Այո, ես չեմ ուզում հուսահատություն սփռել ու անելքության ափերին ծփծփալ, ես ուզում եմ լավատես լինել ու լավատեսորեն հավաստել, որ բոլոր համաճարակները ավարտվում են, ու կյանքը շարունակվում է: Բայց՝ ի՞նչ գնով: ՈՒ այս հարցը տալու համար պետք չէ լրագրող լինել, հերիք է փաստերը համադրել, ու եզրակացություններն իրենց գինը իրենք կտան: Հայաստանում, որպես կանոն, եզրակացություններն արհամարհված ժանր են, կամ արգելված, որովհետև հետո պիտի փոփոխություններ լինեն: Իսկ փոփոխությունների մենք կամ ունակ չենք, կամ կարողունակ, իմա՝ չգիտենք ինչ անել:
Երջանիկ կլինեի ոչ միայն ես, եթե էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտարարեր, որ քաղաքական որոշում է կայացվել պետական մասնաբաժնով վերագործարկել «Նաիրիտը», ու ծրագրում նաև այլ ձեռնարկություններ են, նպատակը աշխատատեղերի ստեղծումն է ու մրցունակ արտադրանք համաշխարհային շուկա հանելը: Հեռանկարում՝ մեծ քիմիայի վերադարձը և ատոմային էներգետիկայի զարգացումը: Որովհետև ատոմային էներգետիկան ամենամաքուրն է ու ամենաէժանը, իսկ ուրանի ճեղքումից առաջացած թափոնները հնարավոր է օգտագործել նեյտրոնային ռեակտորներում: ՈՒ՝ Հայաստանում սկսվում է երկրորդ ատոմակայանի կառուցումը, որից հետո Մեծամորի ԱԷԿ-ը կդառնա թանգարան-ինստիտուտ՝ ատոմային էնեգետիկայի նախարարությանը կից: Որովհետև, եթե ուզում ես զարգանալ, պիտի գիտությունը աշխատի տնտեսության, տնտեսությունը՝ գիտության համար: Դա է ճանապարհը, ոչ թե ճանապարհ կառուցելով տնտեսություն պահելը:
Մեծագույն հաճույքով ու շողացող հպարտությամբ պիտի գրեի, որ ԿԳՄՍ նախարարությունը հասարակական ու մասնագիտական քննարկման ներկայացրեց կրթության նոր չափորոշիչներ, որոնք հաստատում են հայ ինքնության հազարամյա արժեքները՝ կենտրոնում ունենալով ուսման որակն ու աշակերտի՝ որպես կյանքին պատրաստ անհատի ձևավորումը: Գիտելիքը՝ ունենալով առանցք ու աշակերտի մտածելու կարողության զարգացումը: Պիտի դրվատեի խելամիտ ընտրված մասնագիտական խմբի տքնաջան աշխատանքը, որ փոխել է տասնամյակների պատկերացումները՝ 21-րդ դարի պահանջներին ու տեխնոլոգիաներին համապատասխան, ու հետայսու հայ աշակերտը լինելու է հայ այն ուսանողը, որ սովորելու է համաշխարհային մակարդակի բուհերի լավագույն հարյուրյակում բարձրակարգ տեղերում գտնվող հայկական համալսարաններում ու մրցունակ է լինելու գիտելիքահեն տնտեսության մեջ աշխատատեղ գտնելու համար: Իրապես պիտի շնորհակալ լինեի կառավարությանը, որ մտածում է պետության ապագայի մասին՝ կրթության ու գիտության զարգացումը դնելով գործունեության առանցքում: Փոխարենը՝ ամեն օր լսում եմ քրեական ու քաղաքական մեղադրանքներ չափորոշիչների թեմայով, որ կապ չունեն կրթության բովանդակության հետ, եթե նպատակը ապազգային կոնգլոմերատի մասսայական արտադրությունը չէ, որտեղ ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Փոխարենը՝ տրամաբանական ու մարդկային ձանձրույթ է հորդում, երբ ուզում ես գրել, թե ինչ է անում ԿԳՄՍ նախարարը, որովհետև նա կամ ոչինչ չի անում կամ ինչ անում է, միայն իրեն է հասկանալի, մեկ էլ՝ վարչապետին, որ չի կարող ընկերոջը գործից հանել: ՈՒ արդեն նույնիսկ անիմաստ է հարցնել՝ ինչու՞ է լռում կամ ի՞նչ է անում խորհրդարանը: Որովհետև, նույնիսկ եթե ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, անգամ ՔՊ-ն որոշեն անվստահություն հայտնել առողջապահության, ԿԳՄՍ կամ որևէ այլ նախարարի ու գործընթացը սկսեն, կողմ քվեարկեն, ավարտեն, վարչապետն է որոշում՝ պաշտոնանկել, թե ոչ: Իմա՝ փաստացի խորհրդարանը լծակ չունի կառավարության աշխատանքը վերահսկելու: Իսկ Նիկոլ Փաշինյանից բացի՝ մյուս՝ համարյա 3 միլիոն վարչապետները, որ ամեն օր քնում ու արթնանում են իբրև ՀՀ միակ ու իսկական իշխանությու՞ն: Իմա՝ հանրությունը, իմա՝ ժողովուրդը, իմա՝ փողոցը: Նրանք այլևս գործոն չեն, երբեք էլ գործոն չեն եղել: Եվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամեն օր դա ապացուցում է՝ ընդունելով ու խորհրդարանում անարգել վավերացնելով օրենքներ, որոնց ՕԳԳ-ն միայն իր իշխանության գոյատևմանն է նպաստում, իսկ ժողովուրդը դուրս է գալիս փողոց ու ոստիկանության «օգնությամբ» վերադառնում տուն, կամ էլ՝ առանց ոստիկանների, բայց նաև առանց արդյունքի: Փաստացի՝ բոլոր մակարդակների իշխանություններն այսօր աշխատում են միայն մեկ սկզբունքով՝ ինչպես վերջին լուման հանել մարդկանց գրպանից: Ինչ տեսքով ուզում է՝ լինի: «Ասում են՝ կառավարությունը գույքահարկն ավելացրել ա. գույքահարկը, առաջին հերթին, այս ճանապարհն է դառնալու,- Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։- Ձեր մանկապարտեզն է դառնալու։ Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե, որովհետև դա դառնում է ճանապարհ։ Այդ գույքահարկը, որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու։ Ոչ, ձեր հոր տունն է մտնելու, ձեր հայրական տների ճանապարհն է այդ գույքահարկը, մանկապարտեզը, դպրոցն է այդ գույքահարկը»: Այս մակարդակի կառավարում է Հայաստանում, ուրեմն՝ ի՞նչ ակնկալել: Իրապես շնորհակալ պիտի լինել, որ չի ասվում՝ հաց քիչ կերեք, ջուր քիչ խմեք, լույսն էլ երեկոյան մի վառեք, լողացեք շաբաթը մեկ, հագուստ-կոշիկ ունեցեք մեկ օրինակից՝ «ոչ մի բան չի լինի», «ձեր գրպանն է մտնում, հորս տուն չեմ տանում»: Հա, ու երբ տանը ձեզ հաց են տալիս, լավ կլինի ՀԴՄ կտրոն տաք, նույնը՝ երբ լվանում են ձեր հագուստ-մագուստը, տուն-մունն են մաքրում՝ ՀԴՄ տվեք, որ իմանանք ձեր իրական եկամուտները: Բոլորդ հայտարարագրեք ձեր եկամուտները, չէ որ դուք կոռուպցիոներ եք, գող եք, եթե ձեռքներդ գրպանն եք տանում, միանշանակ՝ պետության գրպանն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ընդհանրական մեղավորության կանխավարկածը՝ դուք պիտի ապացուցեք, որ մեղավոր չեք, ոչ թե պետությունը՝ որ մեղավոր եք: Եվ գիտակցության այս դարակազմիկ հեղափոխությունից հետո լրագրությունը վերանում է, որովհետև կամ պիտի աչքերդ փակես ու փառաբանես կառավարությանը՝ աշխարհի միակ ու աննախադեպ, հզոր ու արժանապատիվ, արդար ու հանճարեղ, կամ աչքերդ փակես ու դատափետես նույն այդ կառավարությանը՝ համարյա նույն պատճառով, բայց հոմանիշների հականիշներով, որ նույնքան ու ավելի ճիշտ են: Որովհետև գիտակցության վերասերման կամ այլասերման այս մակարդակում այլևս ոչ մեկին պետք չէ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, պահանջարկը մեկն է՝ կամ հիացմունք, կամ հայհոյանք արտանետող մեքենա պիտի լինես: Եթե հանդգնում ես անաչառ լինել, վերլուծել, լավին՝ լավ, վատին՝ վատ գնահատել ու չեզոք մնալ, կամ կարդացող չկա, կամ՝ հրապարակող ու եթեր տվող: Միջին վիճակագրական հայը, որ ոչ սև է, ոչ սպիտակ, ապրում է իր կյանքի լավագույն ժամանակը՝ ոչ ակնկալիք ունի, ոչ տալիք: Նա ոչ մեկին պետք չէ, նա դուրս է քաղաքականությունից, սոցիումից ու ապրում է իր ապատիկ կյանքը՝ մի կտոր հացի ու չոր տանիքի համար: ՈՒ՝ խորապես թքած ունի, թե ով է իրեն անվերջ սիրում ու ով է իր առաջ անկանգ խորնարհվում, որովհետև նրա վրա չեն ներգործում բառերը, նա ռեալ կյանքում սիրո, խոնարհումի կարիք չունի, պարզապես ՄԱՐԴԱՎԱՅԵԼ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊՐԵԼ Է ՈՒԶՈՒՄ: Իր միակ կյանքը, որ խիստ սահմանափակ է տարիների մեջ, ու իր մեղքը չէ, որ իր կյանքը համընկել է տարերային աղետների, հեղափոխությունների, հեղաշրջումների, պատերազմների, պանդեմիաների հետ, ինքն ապրել է ուզում, ու ծնվելուց առաջ ոչ ոք իրեն չի հարցրել՝ որտե՞ղ ու ե՞րբ ես ուզում լույս աշխարհ գալ: ՈՒրեմն՝ ո՞վ սպանեց քեզ: Ո՞վ կոտրեց քո դիմադրունակությունը, ո՞վ կյանքը դարձրեց ինքնըստինքյան գործողությունների շղթայական ռեակցիա՝ առանց պատճառահետևանքային կապի: Պարզապես ապրիր՝ մինչև մեռնես: Որովհետև տանն ես, թե փողոցում, լռում ես, թե բողոքում, քո ՁԱՅՆԸ լսելի չէ: Ընդհանրական աղմուկի մեջ քո ՁԱՅՆԸ ոչ մեկին չի հետաքրքրում, իսկ եթե հետաքրքրում է՝ իբրև գործիք, որ տեղ հասցնեն իրենց ԱՂՄՈՒԿԸ: ՈՒ դա կոչվում է մեծ քաղաքականություն՝ փոքր երկրում, որ ինքն իրեն չի հասկանում, չի սիրում ու չի արժևորում, կառչել է իր կիսամաշ պատկերացումներից ու ապրում է իր կիսատ-պռատ գոյությունը՝ մերժելով Աստծուն ու հերքելով սատանային:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրապես երջանիկ պիտի լինեի ու ներդաշնակ հոգու-սրտի-մտքի հետ, եթե կարողանայի գտնել այն բառերը, որ սպանեին այս անիմաստ պոպուլիզմի հոսքը, դեմագոգիայի ու անմտած բառահոսքի հորձանքը: Կամ գտնեի երջանկության այլ տարբերակ՝ չեմ լսում, չեմ տեսնում, չեմ հասկանում ու չեմ խոսում, ապրեի խոտի կյանքով, որ ասֆալտի տակից ձգվում է երկինք ու կենսատու հյութեր քամում հողից ու արևից: Բայց մարդը խոտ չէ: Նույնիսկ` մոլախոտ: Դուք եք ընտրում՝ ապրե՞լ, թե՞ պարզել՝ ո՞վ և ինչու՞, ինչպե՞ս ձեզ սպանեց՝ լավագույն ցանկությունների ու իրականության խաչմերուկում, որտեղ չկան լուսացույցներ: Անգամ կառավարություն ու վարչապետ չկա, դուք եք ու Աստված: Ողջ լերուք: