ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
28.09.2010 | 00:00

Արդի քաղաքական գրականության մեջ, ինչպես նաև քաղաքական գործիչների ու փորձագետների հայտարարություններում և ելույթներում, ավելի քան հաճախ, օգտագործվում են «ռազմավարություն», «ռազմավարական գործընկերություն», «ռազմավարական հարաբերություններ» բառակապակցությունները։ Ընդ որում, «ռազմավարական» տերմինին միանգամայն ազատ բովանդակություն է տրվում։ Դրա պատճառն ամենևին էլ այդ հասկացության իմաստը չհասկանալը չէ, այլ պետությունների քաղաքական և ռազմաքաղաքական հարաբերությունների ու պարտավորությունների սահմանափակումը։ Ժամանակակից աշխարհում բավական դժվարացել է երկարաժամկետ, պարտավորեցնող հարաբերություններ հաստատելը, հատկապես երբ խոսքը պաշտպանության և անվտանգության հավաքական ձևերի վերաբերյալ որոշում ընդունելու մասին է լինում։ Դրա հետ մեկտեղ, եթե ներկա երկու գերտերությունները, այսինքն` ԱՄՆ-ը և Չինաստանը, իրենց քաղաքականությունը կառուցում են ռազմավարական հեռանկարով, ապա մյուս խոշոր պետություններն արդեն ի վիճակի չեն այդպիսի մոդելներ կիրառելու հեռանկարային պլանավորման գործում։ Ռուսաստանը մի երկիր է, որը գերտերության կարգավիճակից «սահուն անցում է կատարում» խոշոր, ազդեցիկ պետության վիճակի, բացի անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունից նաև քաղաքական ու սոցիալական խոր ճգնաժամ է ապրում, ինչը սահմանափակում է նրա վերնախավի կողմից ռազմավարական մտադրությունների և ծրագրերի ըմբռնումը։ Անտարակույս, ռուսական քաղաքական ղեկավարությունը, առանձին վերնախավային խմբեր, պաշտպանության ու անվտանգության կառույցները ձգտում են որոշակի ծրագրեր և ռազմավարական մոտեցումներ մշակել, բայց դա բախվում է «հասարակական-քաղաքական պատվերի» բացակայությանը, հասարակության հոգևոր անտարբերությանը, մասնագետների ցածր որակավորմանը, կոռուպցիայի լայն տարածմանը, ինչպես նաև ընչամոլությանը։ Այդ քաղաքական հնարքները, նախ և առաջ, անդրադառնում են ինչպես հակառակորդների, այնպես էլ գործընկերների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա և, իհարկե, առավել ակնհայտությամբ դրսևորվում են տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Ռուսական քաղաքական գործիչների, քաղաքական նախագծողների ու վերլուծաբանների պատկերացումներում «ռազմավարական հարաբերություններ» հասկացությունը ժամանակային առումով սահմանափակվում է մի քանի ամսից մինչև երկու-երեք տարվա շրջանակներում, ոչ ավելի։ ՈՒստի, Ռուսաստանի հետ ամեն կարգի պայմանավորվածությունները, որոնք ենթադրում են երկարաժամկետ համագործակցություն, ընկալել որպես ռազմավարական` իմաստ չունի։
Հարավային ռազմավարական ուղղության առնչությամբ Ռուսաստանն արել է մի շարք հետևություններ, որոնք հաշվի են առնվում օրախնդիր արտաքին քաղաքականության մեջ։ Ռուսները հասկանում են, որ Հարավային Կովկասում քիչ թե շատ կայուն վիճակի կարելի է հասնել այստեղ պաշտպանության և անվտանգության հուսալի առաջավոր գծի ստեղծման պայմանով։ Հարավային Կովկասում տիրող իրավիճակից է կախված իրադրությունը նաև Սև ծովում և Կենտրոնական Ասիայում։ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքորոշումից են կախված` ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իրանի հետ երկխոսությունում առավելություննե՞ր կլինեն, թե՞ վնասներ։
Ռուսաստանը հասկանում է Հայաստանի կարևորությունն ու անփոխարինելիությունը որպես տարածաշրջանային գործընկերոջ, բայց հասկանում է նաև, որ շեշտը միայն Հայաստանի վրա դնելը վնաս կտա ռուսական դիրքերին։ Ամերիկացիներն այն աստիճան են ներկլանել Վրաստանը, որ անգամ ամերիկա-ռուսական հարաբերությունների կարգավորման և որոշ համաձայնությունների կայացման դեպքում Ռուսաստանն ի վիճակի չի լինի որևէ գործնական մշակում կիրառել Վրաստանի նկատմամբ։ Աբխազիան և Հարավային Օսիան արագորեն վերածվում են Ռուսաստանի ռազմակայանների, ուր սպառազինությունների արդիական համակարգեր են տեղաբաշխվում։ Բայց այս իրավիճակում Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում նոր դիրքերի ձեռքբերումը լուծվելու է Ադրբեջանում, որը կարող է շատ հարմար գործընկեր դառնալ Ռուսաստանի համար։ Որոշակի իմաստով, եթե նկատի առնենք աշխարհատնտեսական առաջնայնությունները, ապա Ադրբեջանը կոշտ «շաղկապված է» ԱՄՆ-ի քաղաքականությանն ու շահերին։ Հնարավոր է սա այնքան էլ ընկալելի չէ բուն Ադրբեջանի հասարակական լայն խավերին, բայց վերնախավը հասկանում է։ Միաժամանակ, ռուս քաղաքական գործիչները միանգամայն հիմնավորված կարծում են, որ որոշակի հնարավորություններ կան Ադրբեջանին «վերահավաքագրելու», այդ երկիրը, թեկուզ մասնակիորեն, հասարակական-քաղաքական ուղեծիր ներքաշելու համար։ Դա հիմնավորվում է նրանով, որ ԱՄՆ-ը նկատելի չափով կորցրել է հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ և անգամ սկսել է նրան խոչընդոտ համարել իր քաղաքականության իրականացման ճանապարհին։ Առավելագույնս ապաքաղաքականացվել է նավթային և հաղորդակցական համալիրի նշանակությունը, ինչպես նաև որոշ չափով նվազել է ռազմական տարանցման նշանակությունը։ Այս կապակցությամբ հույսեր են արթնացել ոչ միայն Ռուսաստանում, այլև Իրանում, առավել ևս, որ, չնայած բազմաթիվ հայտարարություններին և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական նշանակության պայմանագրին, այդ երկու երկրների միջև առաջ են եկել ոչ միայն անվստահություն, այլև լուրջ հակասություններ։ Բաքվում հասկանում են, որ Ռուսաստանից ստացվող «այլընտրանքային» առաջարկությունները կարող են հնարավորություն ստեղծել, վերջապես, իրականացնելու բազմավեկտոր քաղաքականություն, ինչին արդեն երկար ժամանակ ձգտում է հասնել Ադրբեջանը։ Բայց, միաժամանակ, Ռուսաստանի հետ չափից ավելի մերձեցումը կարող է անշտկելի հետևանքների հանգեցնել, առավել ևս, որ Թուրքիան հետագայում ավելի ու ավելի քիչ հնարավորություն կունենա հանդես գալու որպես Վաշինգտոնի մոտ բաքվեցի քաղաքական երազկոտների «փաստաբան»։ Ադրբեջանը, հույսը դնելով իր բնական պաշարների վրա, փորձում է ճեղքում կատարել արտաքին քաղաքականության մեջ և դառնալ առանցքային պետություն Հարավային Կովկասում, ինչը ամենևին ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ, երևի, Թուրքիային։ Այս իրավիճակում Մոսկվան զգում է, որ պետք է շտապել, և աշխատում է արդյունավետ քաղաքական քայլ անել, քանի դեռ քաղաքական իրավիճակը վերստին չի փոխվել։ Ռուսաստանը նպատակ ունի սահմանափակել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն Ադրբեջանում, կփորձի իրենով անել բնական գազի մատակարարումների առյուծի բաժինը, ապահովել զգալի և մշտական զինամատակարարումներ` տիրելով սպառազինությունների ոլորտին, ինչպես նաև քիչ թե շատ հաստատուն պարտավորություն ստանալ ՆԱՏՕ-ին Ադրբեջանի չանդամակցելու վերաբերյալ։ Այս խնդիրները չեն կարող լուծվել միանգամից, և ռուսները փորձում են, բացի Ադրբեջանի հետ ունեցած ներկա պայմանավորվածություններից, աշխատել Ղարաբաղը վերադարձնել Բաքվի վերահսկողության ներքո։
Հարավային Կովկասում իր ներկա դիրքերը պահպանելու համար Ռուսաստանին լիովին բավարար է Հայաստանի Հանրապետության տարածքը, և նա կարծում է, որ Ղարաբաղը միանգամայն ավելորդ հոգս է, որից պետք է հնարավորինս շուտ ազատվել։ Ռուսաստանի համար այդ խնդրի լուծման և ռուս-ադրբեջանական հարաբերություններից ղարաբաղյան խնդրի բացառման առավել արագ և նախընտրելի եղանակը պատերազմն է, որտեղ Հայաստանը կործանարար պարտություն կրի։ Այդ պատերազմի հետևանքով Հայաստանը կամ լրիվ պիտի կորցնի Ղարաբաղը, կամ իրավիճակն այնպես դասավորվի, որ Ղարաբաղը պահելն անիմաստ դառնա Հայաստանի համար։ Ռուսներն արդեն ուսումնասիրել են Ադրբեջանում Ս-300 ԶՀՀ-ի մատակարարման շուրջ Հայաստանում ծավալված բանավեճը և հասկանում են, որ, փաստորեն, բոլոր քաղաքական կուսակցությունները, ԶԼՄ-ները և փորձագետների ու մեկնաբանների նշանակալի մասը «հավանություն են տվել» Ադրբեջանն ուժեղացնելու Ռուսաստանի այդ մտադրությանը։ Ռուսները վստահ են, որ Հայաստանի կողմից Ղարաբաղը կորցնելու իրենց կառուցած նախագիծը ոչ մի կերպ չի խաթարի Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքը, և նա կշարունակի գերիշխել Հայաստանում ու հիմա արդեն վերջինս կվերածի ձևական պետական կազմավորման։ Ցավոք, հայ հասարակությունը ցույց չտվեց Ռուսաստանին, որ նա վտանգավոր թշնամի է ձեռք բերում ի դեմս հայկական ցանցային կառուցվածքի, որի գործունեությունն ընդդեմ Ռուսաստանի ավելի արդյունավետ կդառնա, քան ժամանակին եղել է հրեական միջազգային կազմակերպությունների գործունեությունը։ Թեև առայժմ ամեն ինչ չէ, որ կորսված է, բայց այսօրվա դրությամբ նման ակնկալիքներ դեռևս չկան։ Ռուսները երկու-երեք տարուց հեռու տեսնելու ընդունակություն չունեն և հույս ունեն, որ երախտապարտ Ադրբեջանը երկար կմնա ռուսական քաղաքականության հունում։ Ռուսական այս նախագծում, որը մանրավաճառ խանութպանի տրամաբանություն է հիշեցնում, հաշվի առնված չէ մի հանգամանք. իրականում ինչպես կավարտվի ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքորոշումն այդ պատերազմից հետո։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը հարկադրված կլինեն զսպելու Թուրքիային, որպեսզի սա քիթը չխոթի այս պատերազմի մեջ, և եթե պատերազմական գործողությունների շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը լիովին կամ մասամբ կորցնի իրադարձությունների ընթացքին միջամտելու ընդունակությունը, և հայ զինվորականները համապատասխան որոշում ընդունեն, ապա ադրբեջանական բանակը կկազմալուծվի և կջախջախվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Եթե անգամ Թուրքիան ինքը նախաձեռնի հայ-ադրբեջանական պատերազմը, միևնույն է, Ադրբեջանը ստիպված է լինելու Հայաստանի հետ կռվել միայնակ։ Նկատելիորեն կփոխվի նաև հայկական քաղաքական դաշտը։ Քաղաքական ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունները և մեկնաբանները, որոնք հայ ժողովրդին անելանելիության և Ռուսաստանին ենթարկվելու պարտադրության զգացողություն են ներշնչում, ավելի շուտ ազգայնականների կողմից «կսրբվեն» և դեն կնետվեն։ Այդ պայմաններում Ռուսաստանը չի կարող հույսեր կապել իր վաղեմի երազանքի կատարման հետ, այն է` խաղաղարարների անվան տակ զորքեր մտցնել հակամարտության գոտի։ Իսկ ամերիկացիները բոլոր հիմքերը կունենան ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակիցներից պահանջելու դաշինքի մեջ ընդունել, առնվազն, Հայաստանն ու Վրաստանը, հետո նաև Ադրբեջանը, ինչը, իհարկե, կպաշտպանի Թուրքիան։ Դա իրողություն կդառնա, առավել ևս, այն պատճառով, որ ԱՄՆ-ում մեծանում է հանրապետական կուսակցության ազդեցությունը։ Կարող է մտացածին համադրություն ծագել, թե, իբր, վրաց-ռուսական հակամարտության հետևանքով Վրաստանը կորցրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Բայց Վրաստանը ճզմվեց, իսկ ինչպիսի՞ն կլինի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքը։ Եվ հետո, վաղ թե ուշ ՆԱՏՕ-ն կվերադառնա Բալկանների և Կովկասի պետություններն իր կազմի մեջ ընդունելու խնդրի քննարկմանը, ինչը եվրատլանտյան ընկերակցության համար անվտանգություն կապահովի ամբողջ արտաքին «շրջանով մեկ»։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի, որպես Եվրոպայից տարածական առումով կտրված հարավկովկասյան միակ պետության, ընդունումն այնքան էլ հաջող աշխարհաքաղաքական սխեմա չէ։ Այլ բան է, եթե ՆԱՏՕ-ի մեջ առնեն առնվազն երկու կովկասյան պետություն։
Բայց դառնանք ռուսական սցենարին։ Հաղթանակած Ադրբեջանը, Թուրքիայի հովանու ներքո, կսկսի իր կամքը թելադրել ամբողջ Հարավային Կովկասում, իր ազդեցությունը տարածել Հյուսիսային Կովկասում, կսկսի ինքնուրույն որոշել էներգետիկ հաղորդուղիները, լուրջ սպառնալիք կդառնա Իրանի համար` հյուսիսարևմտյան Իրանում հրահրելով թուրքախոս բնակչության հուզումներ և ապստամբություն։ Վրաստանը, իհարկե, առավելություններ կստանա այդ իրավիճակում, և կներգրավվի թուրք-ադրբեջանական դաշինքի մեջ։ Այդպիսի Ադրբեջանն իդեալական գործընկեր կդառնա ԱՄՆ-ի համար, և այդ դեպքում Հարավային Կովկասում Ռուսաստանից միայն հուշեր կմնան Ս-300 ԶՀՀ-ների մասին։
2010 թ. սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի Բաքու կատարած այցը ցուցադրեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների սահմանափակությունը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից առաջարկվող ծրագրերի անավարտությունը։ Ռուսները մեկ անգամ ևս զգացին Հարավային Կովկասում այնպիսի համապարփակ լուծումների բացակայությունը, որոնք թույլ տային արագորեն ու արդյունավետորեն գլուխ բերել տարածաշրջանի ներկլանման գործը։ Մոսկվան սկսում է հասկանալ, որ իրենից ակնկալում են ոչ թե խոստումներ, այլ միանգամայն հստակ որոշումներ Ղարաբաղն Ադրբեջանին «հանձնելու» առումով։ Իսկ Ռուսաստանը լավագույնը, որ կարող է առաջարկել, հայ-ադրբեջանական նոր պատերազմն է, երբ Ռուսաստանը ոչնչով չաջակցի Հայաստանին։ Իրականում, Ադրբեջանն իր քաղաքականության ծիրում պահելու համար Ռուսաստանը շատ լծակներ ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտում։ Ռուսաստանին դա քիչ թվաց, և նա ընտրեց առաջնային խնդիրների քաղաքականությունը, Ադրբեջանն անվանելով իր ռազմավարական գործընկեր։
Տարիներ ի վեր հայ հասարակությանը ներ-շնչվում է այն միտքը, թե Ռուսաստանը հուսալի գործընկեր է և Հայաստանին բավարար զենք է տրամադրում։ Միաժամանակ այդպես էլ գնահատական չի տրվում, թե ինչ զենք և ինչ քանակությամբ է Ռուսաստանը մատակարարում Հայաստանին։ Որքանով է այդ սպառազինությունը որակապես ու քանակապես համապատասխանում ժամանակակից պատերազմի պահանջներին։ Պնդում են, թե Հայաստանը Ռուսաստանից սպառազինությունը ձեռք է բերում «ներքին», այսինքն` ինչ-որ արտոնյալ գներով, բայց այդպես էլ չի բացատրվում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ գները, ինչով են տարբերվում մյուս այն երկրներին վաճառքի գներից, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն։ Արդյունքում պարզվում է, որ Ադրբեջանն առավելություն ունի սպառազինությունների հարցում, բայց դա մեկ օրում չի եղել, դա տարիների ընթացքում է կատարվել։ Հասկանալի է, որ ռուս-հայկական փոխօգնության պայմանագրի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գաղափարը փուչ է դուրս եկել։ Այդ պայմանագիրը, որի մասին խոսում ենք որպես բոլոր սպառնալիքներից պաշտպանող զրահի, ինչպես նաև ՀԱՊԿ-ը դարձել են Ադրբեջանի ուժեղացման կարևոր պայման։ Վերջինս զենք է ձեռք բերել այդ «բլոկի» երկրներից, իսկ Հայաստանը չի կարողացել օգտվել այն առավելություններից, որ ստացել են պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցող պետությունները։
Մեծ չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ անգամ այդ բարդ իրավիճակում Հայաստանի պաշտպանության և անվտանգության գլխավոր գործոնը մեր ժողովրդի, մեր հասարակության կամքն է։ Այսպես կոչված հայկական վերնախավը շատ է ինքնավստահ, և դրանում նրան ոգևորում է ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Մարդիկ պառակտված են, չունեն քաղաքական ու սոցիալական կողմնորոշիչներ, չունեն անհրաժեշտ տեղեկություններ։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է ամեն անգամ արթնանում մեր ժողովուրդն արտաքին քաղաքականության մեջ ճգնաժամային վիճակներ առաջանալիս, երբ մարդիկ իրական սպառնալիք են զգում։ Այժմ արտաքին քաղաքական ոլորտը «վնասով է աշխատում», մենք բաց ենք թողել ժամանակը և կորցրել ենք քաղաքական ռեսուրսները, Հայաստանը ներքաշված է եղել մի գործընթացի մեջ, որը տանում է դեպի ազգային աղետ, և հիմա բանավեճն այդ աղետը սոսկ նվազագույնի հասցնելու մասին է, ոչ թե այն հաղթահարելու։ Պետք է ասել, որ հայ հասարակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում այլընտրանքային քաղաքականության գաղափարներ է մտմտում, երբ հասարակությունը պետք է լուծի այն խնդիրները, որ ի վիճակի չէ լուծելու պետությունը։ Եվ որքան արագ են մոտենում սպառնալիքները, այնքան արագ են դրանց արձագանքում հայրենասերների տարբեր խմբեր։ Նպատակը պետք է լինի ոչ թե մարտահրավերներին արձագանքելը, այլ ադրբեջանական պետության վերացման խնդիրը լուծելը, համենայն դեպս, Ադրբեջանն այնպիսին, ինչպիսին է հիմա, գոյություն չպետք է ունենա։ Բայց գլխավոր խնդիրը ժողովրդին հաղթական պատերազմի նախապատրաստելն է։ Բոլոր նրանք, ովքեր սկզբունքորեն այլ դիրք են գրավում, պետք է համապատասխան կոշտ վերաբերմունքի արժանանան։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ