ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՆԿԱՐԱՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ ԵՆ

ԱՆԿԱՐԱՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ ԵՆ
18.06.2010 | 00:00

Ռուսաստանի իսլամական կոմիտեի ոչ անհայտ նախագահ Հեյդար Ջեմալը, որն աչքի է ընկնում համաիսլամականության, համաթուրքականության վերաբերյալ իր հայտարարություններով և հայերի ու Հայաստանի նկատմամբ առանձնակի ատելությամբ, մեղմ ասած, շատ տարօրինակ հայտարարություն է արել այն մասին, որ հրեական ու հայկական լոբբիի միավորման դեպքում հայկական սփյուռքին «քաղաքական վախճան» է սպասում։ Նրա համոզմամբ` «աշխարհում հայկական և հրեական լոբբիի ջանքերի միավորումը ո՛չ ակնհայտ փաստ է, ո՛չ էլ կայացած», սակայն հայկական սփյուռքը «մինչ օրս շահել է միայն որպես հրեական սփյուռքին հակադրվող գործոն»։ Ջեմալը, ում կարիերան սովորաբար կապում են հատուկ ծառայությունների գործունեության հետ, սրտի մեծ ցավով ընդունելով աշխարհասփյուռ հայության հաղթանակները, հարձակումներ է սկսել Իսրայելի հասցեին` անվանելով այս երկիրը «դատապարտված պետություն, որը զրկված է աշխարհի աջակցությունից»։ Նրա կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը «մեծ խելամտություն» է հանդես բերել, պաշտպանելով Անկարային, և այդ քայլը, նրա հավաստմամբ, «Ադրբեջանը դասում է համաշխարհային քաղաքական ասպարեզում անկախ խաղացողների թվին` այս հանգամանքից բխող բոլոր առավելություններով»։ Ակնհայտ է, որ Հեյդար Ջեմալն իր այս հեքիաթներով փորձել է հանգստացնել Բաքվին, որը հայտարարություններ է արել ընդդեմ Թել Ավիվի, հետո վախեցել իր իսկ համարձակությունից և, իր սովորության համաձայն, սկսել է «պոչ խաղացնել»։ Այդուամենայնիվ, Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններն ավելի ու ավելի բացասական երանգներ են ստանում։ Այսպես, այն բանից հետո, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն ԱՄՆ-ում հայտարարեց, թե Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներն անշրջելի բնույթ են կրում, երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ «Իսրայելը ներողություն չի խնդրի «Ազատության տորմիղի» վրա հարձակման համար, ընդհակառակը, ներողություն պիտի հայցեն ծովային այդ արշավի կազմակերպիչները։ Ավելին, թեև Իսրայելի մեկուսացման թեման հիմա բոլոր նոր օսմանների սիրած «երգն» է, սակայն ԱՄՆ-ի վարչակազմը վստահություն է հայտնել, որ Իսրայելն ընդունակ է «անկանխակալ և արժանահավատ» հետաքննություն անցկացնելու տորմիղի հետ պատահած միջադեպի առնչությամբ, փաստորեն, պաշտպանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը ցանկանում է իրադարձությունների սեփական հետաքննություն անցկացնել։ Այսպիսով, իրականությանը մոտ է ոչ միայն վաղուց արդեն թուրքական քարոզիչ դարձած Ջեմալը, այլև մի ամբողջ շարք թուրք փորձագետներ, որոնք կարծում են, թե Վաշինգտոնը խորապես հիասթափված է Անկարայի դիրքորոշումից», և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «վարչակազմը կարող է Կոնգրեսում անցկացնել տալ հայերի Ցեղասպանության և քրդական հարցի հետ կապված բանաձևերը»։ Այսպես, թուրքական «Posta» թերթի վերլուծաբան Հաքան Չելիքը կարծում է. «Եթե Օբաման չկարողանա դիմակայել ճնշմանն ու փոխի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, ապա իրավիճակը տարածաշրջանում ավելի քան աղետալի կդառնա»։
Ինչ վերաբերում է հայկական և հրեական սփյուռքի փոխհարաբերություններին, մասնավորապես, ցեղասպանության հարցում, ապա, եթե համաշխարհային հրեական կառույցների չեզոք դիրքորոշումն անգամ Անկարային ու Բաքվին հիստերիայի մեջ գցել, ուրեմն ի՞նչ կարող է տեղի ունենալ հայերի ու հրեաների փոխգործակցության դեպքում։
Հենց դրա համար էլ վերջին ժամանակներս թուրքական, ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցներում սկսել են կանոնավորապես հոդվածներ երևալ Ցեղասպանության հարցի «հրեական շահարկման» մասին։ Նկատենք, բոլոր երկրները մշտապես (և դա բնական նորմ է) աշխատում են ցանկացած գործոն ու իրադարձություն օգտագործել, առաջին հերթին, ի շահ իրենց, ուստի հայերը նույնպես չպետք է սադրանքի ենթարկվեն և «նեղանան» «Իսրայելի եսասիրությունից», այլ իրավիճակն օգտագործեն հօգուտ իրենց։ Դրա հետ մեկտեղ լրատվամիջոցներում երևացել են հետաքրքիր հաղորդումներ այն մասին, թե Իսրայելի քաղաքացիները խանութներից գնում և այրում են Թուրքիայի դրոշները։ Ընդ որում, ի հայտ է եկել նաև մեկ այլ միտում` մասնավոր քաղաքացիներն իրենց տների պատերին իսրայելական դրոշներ են կախում, իսկ կողքին` հայկական։ Հնարավոր է` բացառապես Թուրքիայի «ջգրու»։ Համենայն դեպս, սա արդեն պետական քաղաքականություն չէ, այլ մտածելակերպի փոփոխություն, ինչը շատ ավելի կարևոր է ու մնայուն։
Ս. ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ