«Գրողն այնպիսի բաների մասին է խոսում, որ բոլորը գիտեն, սակայն չգիտեն, որ գիտեն»։
Օրհան Փամուկ
Դերասանուհի, արձակագիր ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ` «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին արժանացած «Անհետացում» վեպը վերջերս տպագրեց «Գասպրինտ» հրատարակչությունը։ Վեպն իր անհավանական, հոգեբանական, քաղաքական աշխույժ և համարձակ երանգներով գրավեց հանրության տարբեր խավերի ուշադրությունը: Ինքնին հետաքրքիր է, որ թատերական աշխարհից «անհետացած» դերասանուհին վերադարձել էր` կերպարներ ստեղծելու գրականության հարթակում, պատմվածքներով, հետո արդեն վեպով` փորձելով գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ ու առաջադրելով բազմաթիվ հարցեր: Գրականագետների կարծիքով, մեր գրականության մեջ կնոջ այդ տիպը պակասում էր, ինչը և ներմուծվեց նրա շնորհիվ: Անահիտ Թոփչյանն ընթերցողին ծանոթ է նաև «Lady S.D.F.», «Հայելի» գրքերով: Եթե «Հայելի»-ն կարող էինք համարել դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանի առաջին («Lady S.D.F.») գրքի շարունակությունը, ապա «Անհետացումը» բոլորովին այլ տարածք է ենթադրում: Վեպում հավասարաչափ ներկա են դերասանուհին, գրողն ու կինը: «Հիմա ինձ զրկել են ինձնից: Ինչպե՞ս կարող է կինն ապրել առանց հայելու: Կնոջ ծնունդը Ադամի կողից չեղավ, այլ տուն մտած հայելուց…», ասվում է գրքում: Հակադրվում են իրականն ու անիրականը: Երազանքն ու աներազ աշխարհը: Մարդ արարածն իր կյանքի ճանապարհին շարունակ կորցնում է ապրելու իմաստը և շարունակ փնտրում այն: Կատարելության ձգտումը, մահվանն ու ժամանակի հզոր ուժին հակառակվելը ներքին մղում են: Արվեստագետն անկարող է անցնելու դրա կողքով: Գոնե փորձում է այս ամենին տալ իր լուծումը: Ինչ-որ բանաձև գտնել կամ չգտնել: Անհետացում` մարդկային որոնումների ճանապարհն այսպես է բնորոշում Անահիտ Թոփչյանն իր նույնանուն վեպում: Սկզբից ևեթ իրադարձություններն անկանխատեսելի են, լարված ու դրամատիկ: Անահիտ Թոփչյանը նորից իր դերի մեջ է: Նա խաղում է… Գլխավոր դերում հռչակավոր դերասանուհի Անահիտ Թոփչյանն է: Բայց չես հասցնում ինքնակենսագրական որակել վեպը, երբ հանդիպում ես անհավանական դրվագների: Ընթերցողը, խաղով տարված, կորցնում է իրականության ու անիրականի եզրագիծը: Եվ կարևոր էլ չէ: «Ես ինքս անհետացել եմ իմ մեջ…», ասվում է գրքում:
Հայտնի դերասանուհի Ա. Թ.-ն «Ցյուրիխ-Երևան» երթուղու օդանավի թռիչքից հաշված րոպեներ առաջ անհետանում է: Օդանավը մեկնում է առանց նրա` մտահոգություն պատճառելով Շվեյցարիայի իրավապահ մարմիններին: Եվ դա սովորական անհետացում չէ: Վիրաբույժ դոկտոր Տեսիեի առաջարկով հերոսուհին կերպարանափոխվում է, երիտասարդանում տասը-տասնհինգ տարով: Համարձակ այդ որոշումն արդարացվում է, երբ «կորած եք համարում ոչ միայն ապրված, այլև ապրելիք տարիները»: «Հապա անցյալս, ժառանգականությունս, սերերս ու ատելությունները, երկիրս, ազգս... Այս ամենի հետ ի՞նչ է լինելու... Դրանք ևս պիտի փոխվե՞ն, անհետանան…»: Իրականությունից, ինքն իրենից լրիվ հեռանալու հնարավորություն չունի դերասանուհին, գուցե պետք էլ չէ: «Պիտի կյանքում խաղայի այն, ինչը չկարողացա խաղալ բեմում»: Ամենաիսկական արկածախնդրությունն առջևում է: «Անհետ կորած» դերասանուհին հայրենիք է գալիս դոկտորի կնոջ փոխարեն, իբրև Եվրոպայի ներկայացուցիչ` հայրենիքում կատարվող քաղաքական խնդիրներին լուծում տալու, իսկ խնդիրների կենտրոնում նրա ամուսինն է: «Այստեղ նայեք, ո՞վ կասի, որ այս ռեստորանը, վերջապես ֆեոդալական այս շքեղաշուք դղյակը կառուցվել է մի երկրում, որտեղ բնակչության կեսից ավելին համոզված չէ, թե վաղը կուշտ փորով հաց կուտի...»… Սոցիալական խնդիրներ, քաղաքական կեղտոտ խաղեր, սիրող ամուսնու սովորական դավաճանություն, ընտանեկան անսովոր վեճեր, հին ու նոր Երևան, նոր բարքեր, օտարության ցավ… Կենդանի խաղի պես բացելով մերօրյա կյանքի դիմագիծը` արձակագիրը նմանեցնում է այն աբսուրդի թատրոնի: Այնուամենայնիվ, վեպն ավելի շատ կյանքի փիլիսոփայություն է, քան ժամանակի վավերագրություն: Որոնումները չեն ավարտվում: Հետ բերված ջահելությունը չի դանդաղեցնում ժամանակի անպայման ընթացքը: «Որքա՜ն քիչ ժամանակ է մնում նոր կյանքի համար…», ասում է հերոսուհին ու, չնայած այդ գիտակցմանը, գնում դեպի սկզբից ևեթ նախասահմանված անհետացումը… «Չգիտեմ, թե ուր պիտի գնամ, ուստի, առանց մտածելու, նստում եմ առաջին պատահած գնացքը, որն անմիջապես շարժվում է տեղից, ասես ինձ էր սպասում, և որը չգիտեմ, թե ինչ ուղղությամբ է ընթանալու...»: Թվում է, ավելի համոզիչ չէր կարող լինել վերջաբանը, որը սակայն ենթադրում է նոր ասելիք, նոր որոնում, նոր հոգեվիճակ: Անհետացումը շարունակվում է…
-Ձեր ներկայությունն այս գրքում այնքան ակնհայտ է, որ երբեմն թվում է` Ձեր կյանքի պատմությունն ենք կարդում: Սա կարելի՞ է համարել անկեղծ զրույց ընթերցողի հետ, Ձեր պարագայում` նաև հանդիսատեսի, որը չի հասցրել ճանաչել իր դերասանուհուն:
-Կանխատեսելով նման հարցերը, ես որպես բնաբան դրեցի Էդմոն Գոնկուրի հետևյալ միտքը. «Պատմությունը մի վեպ է, որ տեղի է ունեցել, վեպը պատմություն է, որ կարող էր տեղի ունենալ…»: Այո, վեպում նկարագրվածը կարող էր ինձ հետ պատահել, սակայն իրականում չի պատահել: Այդ ամենը գրողի երևակայության պտուղն է, հորինվածք, գեղարվեստական գրականություն, վերջապես… Գրողը այսպես թե այնպես միշտ էլ ներկա է իր ստեղծագործության մեջ, ներկա է իր հայացքով, վերաբերմունքով նկարագրվածի հանդեպ: Սակայն ես հանդգնեցի ավելի հեռուն գնալ. որոշեցի պերսոնաժ դառնալ, այսինքն` ներկա լինել վեպում նաև ֆիզիկապես: Այնուամենայնիվ, իրականի և անիրականի սահմանագծին: Ահա թե ինչու է Ձեր մեջ այդ տպավորությունը ստեղծվել: Ես, որպես հեղինակ, տվել եմ իմ հերոսուհուն՝ Դերասանուհի Ա. Թ.-ին այն դերը, որը նա խաղում է վեպում: Մեր միայն մասնագիտությունն ու մասամբ բնավորությունն են ընդհանուր: Մեկ էլ սկզբնատառերը. Ա. Թ.: Ի միջի այլոց, ինչ տառեր էլ ընտրեի, միևնույն է, պիտի կասկածեին, որ ես եմ: Ընթերցողը շատ է սիրում նույնացնել հեղինակին իր ստեղծած հերոսների հետ: Հետաքրքիր է, եթե այդ բոլորը ես եմ, ապա ո՞վ եմ ես: Մնացյալը, ինչ կատարվում է վեպում, կարող էր լինել… Մնացյալը ճշմարտանման է, բայց ոչ փաստագրված իրողություն, կամ եթե կուզեք՝ վավերագրություն: Արդյոք պե՞տք է ասել, որ ամուսինս պատգամավոր չի եղել, քաղբանտարկյալ չի եղել, ես պլաստիկ վիրահատության չեմ ենթարկվել, ուրիշի անձնագրով Հայաստան չեմ եկել, վերջապես չեմ անհետացել և այլն: Եվ հետո դա չէ կարևորը՝ ես եմ, թե ոչ, այլ թե ինչի մասին է վեպը, ինչու է գրվել և ինչ նպատակ է հետապնդում, վերջապես հեղինակը հանուն ինչի է գեղարվեստական նման հնարանքի դիմել, և արդարացվե՞լ է արդյոք այդ հանդուգն ձեռնարկումը…
-Ընթերցողն իսկապես հակված է հեղինակին նույնացնելու նրա ստեղծած պերսոնաժների հետ: Բայց համաձայնեք, որ Ձեր դեպքում դա, կարծես, ուրիշ բնույթ է ընդունել:
- Ի՞նչը նկատի ունեք:
-Այն, որ Ձեր բոլոր գրքերի վրա Ձեր լուսանկարն է: Դրանով, փաստորեն, իրավունք եք տալիս ընթերցողին Ձեզ նույնացնելու Ձեր ստեղծած հերոսների հետ, ինչ-որ առումով Ձեր գրականությունն ընկալելու որպես ինքնակենսագրական, կամ նույնիսկ խոստովանական: Իսկ վեպում Դուք ավելի հեռուն եք գնացել. ոչ միայն Ձեր լուսանկարն է շապկի առաջին և վերջին էջերին, այլև հենց առաջին իսկ տողերից խոսվում է հանրահայտ դերասանուհի Ա. Թ.-ի մասին, ուստի հետագա բոլոր նկարագրություններն ընթերցողը, ուզի-չուզի, ուղղակիորեն կապելու է Ձեր անձի, Ձեր կենսագրության հետ… Համաձայն չե՞ք, որ սա նման է գեղարվեստական սադրանքի, և եթե այդպես է, ապա միտումնավո՞ր է դա, և ի՞նչ նպատակ է հետապնդում:
-Այո, կան բաներ, որ միտումնավոր են, լիովին գիտակցված. օրինակ՝ կիսված դեմքը շապկի առաջին և վերջին էջերին… Դա խորհրդանշում է իմ և տարբեր հանգամանքների բերումով հայրենիքից հեռացած միլիոնուկես մարդկանց կիսված ճակատագրերը… Դա նաև իմ վեպի պատկերազարդումն է. հերոսուհին պլաստիկ գործողությունից առաջ և հետո: Եվ, ընդհանրապես, այո, նախորդ երկու գրքերիս շապիկները ևս իմ լուսանկարն էին կրում: Դա նարցիսիզմ չէ, այլ գեղարվեստական որոշակի իմաստ ունի: Եվ հետո, անկախ ամեն ինչից, ես մնում եմ դերասանուհի, գրականությունն ինձ համար դառնում է բեմի շարունակությունը, և եթե մինչ այդ խաղում էի համաշխարհային դասականների պերսոնաժներ, ապա այժմ, տեքստի տարածքում, գրչով՝ իմ հորինած ճակատագրերն եմ «խաղում», որոնք գուցե ինչ-որ բանով ինձ նման են, բայց որոնք, այնուամենայնիվ, ես չեմ: Իսկ սադրա՞նք, իրավացի եք, կա… Ինչո՞ւ ոչ, քսաներորդ դարի արվեստն ամբողջովին սադրանքի վրա է հիմնված՝ ֆուտուրիստները, դադաիստները, սյուրռեալիստները, արդի ավանգարդը… Կարող եք ասել, որ թվարկված արվեստագետների գեղարվեստական սադրանքը սոցիալական, նույնիսկ քաղաքական լուրջ դրդապատճառներ ուներ, այնինչ ի՞մը… Դրդապատճառները, կարող եմ ասել, նույնն են. թե՛ հասարակական, թե՛ նույնիսկ քաղաքական: Իսկ սադրանքը բնականից է ստացվել, ես հատուկ չէի մտադրվել գրգռել պատվարժան հասարակությանը: Գեղարվեստական ամեն մի նոր գործ, եթե հաջողված է, եթե գրված է լուրջ մտահոգությամբ, մաքուր խղճով, վերջապես, եթե այն գործն է, որը չէիր կարող չգրել, այսպես թե այնպես դառնալու է սադրանք, նույնիսկ հանցանք՝ հասարակության որոշակի խավի, «պղտոր ջրի», ճահճային անդորրի սիրահարների համար: Որովհետև նպատակ ունի ահազանգ հնչեցնելու, ցնցելու հասարակությունը, արթնացնելու թմբիրից, ուշադրություն հրավիրելու անհետաձգելի խնդիրների վրա:
-Խնդրում եմ թվարկեք այն խնդիրները, որոնք Ձեզ ստիպեցին այս վեպը գրել, անշուշտ, չարակամներից զատ:
-Օ՜, դրանք շատ են… Նախ և առաջ արտագաղթը, մի հսկայական նյութ, որին մեր գրականությունը, ըստ էության, դեռ չի անդրադարձել, Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը և, վերջապես, անհետացումը, այո՛, չարակամները, հետինները, որ դիվական վիճակախաղով առաջիններ դարձան և կատաղի մոլուցքով ոչնչացնում են այն ամենը, ինչն իրենք չեն ստեղծել, քանզի նրանք՝ այդ տաղանդազուրկները, ստեղծել չեն կարող… Եվ ուրիշ շատ բաներ, որոնք ես փորձել եմ ցույց տալ մեկ ճակատագրի միջոցով: Հերոսուհուս և անձամբ ինձ համար դա ողբերգություն է, որովհետև այդ ամենի մեջ նա իր լուման ուներ դրած… Նա, փաստորեն, իր մահն է տեսնում, քանզի մարդուն, մանավանդ ստեղծագործողին, իր վաստակից զրկելը սպանության պես մի բան է:
-«Զուր ժամանակ եք ծախսելու, դերերն արդեն բաժանված են, շահողը` որոշված, մնացածը թատրոն է, ապաշնորհ, լպիրշ, գռեհիկ, բացահայտ...»: Սա կյանքի մասին է, քաղաքական աշխարհի: Իսկ եթե խոսենք հենց թատրոնի՞ մասին… Թատերական կյանքի (հետնաբեմի) նկատմամբ սերն ու հիացմո՞ւնքն են ավելի շատ, թե՞ հիասթափությունը…
-«Ոչինչ չի մեռել իմ մեջ, պատրանքներից բացի», - սա «Լեդի»-ի բնաբանն է, որ գրել եմ դեռևս տասնհինգ տարի առաջ: Արթուր Միլլերից եմ վերցրել: Սիրով կստորագրեի դրա տակ: Թատերական կյանքը ստեղծում են մարդիկ… ոմանցից գուցե և հիասթափվել եմ… Սակայն նրանք, այնուամենայնիվ, չափազանց չնչին են, որ կարողանան սպանել իմ մեջ այն հսկա սերը, որ տածում եմ իսկական թատրոնի և բեմի հանդեպ: «Թատրոն» հասկացությունը հավերժ է, մինչդեռ նրանք՝ անցողիկ…
-Ի դեպ, «Լեդին»: Ասես մի աներևույթ թել կա, որ «Անհետացում»-ի հերոսուհուն օրգանապես կապում է Ձեր առաջին գրքի, մասնավորապես «Լեդի բոմժ» մոնոդրամի հերոսուհու հետ: Կարո՞ղ ենք ասել, որ դա գրական նույն պերսոնաժն է՝ տասնհինգ տարի անց:
-Նույնը չէ, բայց նմանություն, ավելի ճիշտ, հարազատություն շատ կա: Գուցե այսպես բնորոշենք. վեպի հերոսուհին Լեդին է, արդեն ինտեգրված եվրոպական հասարակության մեջ: Այո, ինտեգրվել է, բայց չի կորցրել իր ինքնությունը, իր ազգային արժանապատվությունը: Ավելին, Եվրոպայում անցկացրած տասնհինգ տարիները համարում է կորած, չնայած այդ ընթացքում հսկայական գործ է արել: Հիշենք, թե Լեդին ինչ էր ասում. «Էմիգրացիան ինքնասպանություն է: Եվ ինչ պատիվների էլ արժանանաս դրսում, միևնույն է, հայացքդ դեպի Հայրենիք է լինելու: Եվ անբավարարության զգացումը երբեք քեզ չի լքի, եթե մարդ ես, անշուշտ»: Գրեթե նույնպիսին է իմ Դերասանուհու հոգեվիճակը: Քանզի, ինչպես Վ. Նաբոկովն է գրել 20-ական թվականներին, «Հայրենիքում տաղանդն էլ չի փրկում, օտարության մեջ փրկում է միայն տաղանդը»: Այո, փրկում է, սակայն հոգիդ միշտ ցավելու է, հայացքդ միշտ Հայրենիքի կողմն է լինելու… Կրկնում եմ՝ եթե մարդ ես, անշուշտ…
-Իսկ Ձեր հերոսուհու դիմափոխությունը ի՞նչ խորհուրդ ունի:
-Հերոսուհուս «նոր դեմքը»` New look-ը` միայն կանացի քմահաճույք չէ, այլև յուրատեսակ այլաբանություն. դա օտար միջավայրի կնիքն է անխաթար պահպանված նրա ինքնության վրա՝ արտաքնապես նոր, ներքնապես նույնը: Երկար բացակայությունից հետո հայրենիք վերադառնալով` ուզում է ամբողջանալ, դրանով իսկ փրկել այն տասնհինգ տարիները, որ կորած էր համարում, սակայն ահավոր իրողության՝ կրկնակի կորստի առջև է հայտնվում. անհետանում են ոչ միայն դրսում, այլև հայրենիքում անցկացրած ստեղծագործ տարիները, այն ամենը, ինչից բաղկացած էր նա… Ըստ էության, նա այլևս գոյություն չունի: Սա մի ողբերգություն է, որը կարող է հասկանալ միայն նա, ով կյանքում գոնե մեկ օգտակար գործ է արել: Անդառնալի կորստով լցված մի լուռ ողբերգություն…
-«Շնորհակալ եմ իմ բարեկամներին և հատկապես չարակամներին, որ ստիպեցին ինձ գրելու այս վեպը…»: Կարելի՞ է ենթադրել, որ գրական կյանքում նույնպես անհանդուրժող ու չարակամ վերաբերմունքից զերծ չեք մնում:
-Նրանք էլ մա՜րդ են… Իսկ մարդկությունը, ցավոք, հիմնականում վարակված է նախանձով և չարակամությամբ… Վերջինն անբուժելի է, դա քաղցկեղի այն փուլն է, երբ մետաստազներն անտեսանելի քայքայում են մարդու օրգանիզմը ներսից և ոչնչացնում: Եվ ոչ միայն մարդուն, նաև հասարակությունը: Բարեբախտաբար, գրականությունը, ի տարբերություն թատրոնի, անհատական արվեստ է, և ոչ ոք չի կարող գրիչն իմ ձեռքից խլել: Իսկ ինչ վերաբերում է թատրոնին, ոչ թե բեմն ինձնից խլեցին, այլ, ինչպես մի երիտասարդ լրագրող ասաց. «Ձեզ խլեցին բեմից և մեզնից»: Քանի որ ես շարունակում եմ խաղալ իմ մոնոդրամները տարբեր բեմերում, տարբեր երկրներում: Եվ, այդուհանդերձ, ես հավատում եմ առողջ բանականությանը, հավատում եմ, որ մարդ արարածը վճռական պահերին սթափվում և խելքի է գալիս, հասկանալով, որ արժանավորին չգնահատելն ինքնանսեմացում է, ինքնաքայքայում և նույնիսկ ինքնասպանություն, որովհետև մեղք է գործում նախ և առաջ Արդարության և Աստծո դեմ: Չէ՞ որ իսկական տաղանդը Աստծո պարգև է:
-Ըստ Ձեզ` ո՞ւր է գնում աշխարհը… «ուր Աստծո օրենսգիրքը հնացել է և այն պետք է ծայրեծայր վերանայել, հարմարացնել արդի աշխարհին»:
-Ինքնաոչնչացման, կործանման: Եթե մարդկությունը խելքի չգա… Չնայած ասում են, որ չարիքն ինքն իրեն կուտի, կոչնչացնի, և պետք չէ նրա դեմ պայքարել… Բայց որքա՜ն բարիք կհասցնի «անհետացնել» այդ ընթացքում: Կարծում եմ, պետք չէ անտարբեր սպասել, թե երբ իրար կհոշոտեն, երբ չարիքը կպատժվի նաև Աստծո կողմից՝ հանդերձյալ աշխարհում: Մենք պետք է օգնենք նրան. ամեն ինչ չթողնենք Աստծո վրա: Չարիքը պիտի պատժվի այս կյանքում և մարդու ձեռքով… Այլ կերպ անկարելի է…
-Կա համոզմունք, որ խաղացած դերերը դառնում են իրականություն: Գրականությունը նույնպես, ասում են, իրականություն է դառնում: Սրանում ճշմարտություն տեսնո՞ւմ եք:
-Երանի այդպես դյուրին լիներ… Այդ դեպքում կկարողանայինք ծրագրավորել և՛ մարդուն, և՛ կյանքը: Ես դերասաններ եմ ճանաչել, որ դրական, ռոմանտիկ հերոսներ էին խաղում, սակայն կյանքում ողորմելի մարդիկ էին: Գրողներ էլ կան, որ վսեմ բաներից են խոսում իրենց գրականության մեջ, բայց արատավոր կյանքով են ապրում: Բացասական կերպար ստեղծողն էլ բնավ ոճրագործ չի դառնում… Սակայն արվեստը և գրականությունը մեծ ազդեցություն ունեն մարդու կազմավորման վրա, հատկապես, երբ նա դեռ ձևավորված չէ: Ահա թե ինչու հարկավոր է շատ զգույշ լինել և ամեն մի աղբ էկրան չհանել: Չէ՞ որ բոլորն իմունիտետ չունեն գռեհկության դեմ:
-«Ինձ թվում է յուրաքանչյուր էակի բազմաթիվ այլ կյանքեր են հարկավոր». Արթյուր Ռեմբոյի խոսքերն են: Ձեր վեպում էլ, կարծես, նմանատիպ ցանկություն կա և ափսոսանք` մեկ անգամ տրվող կյանքի համար:
-Օ, այո՛… Եվ եթե անգամ հրաշքով «նոր կյանքի» հնարավորություն ես ստանում, միևնույն է, այն տեղավորվում է քեզ տրված միակ երկրային կյանքի մեջ, ինչպես իմ վեպում: Ավա՜ղ… Այո, բազմաթիվ կյանքեր են հարկավոր… Որպեսզի մեր հաջորդ կյանքերում կարողանանք կատարելության հասնել և իրականացնել մեր բոլոր իղձերն ու ցանկությունները, որ չկարողացանք իրագործել այս կյանքում… Չնայած, ինչ իմանաս, թե ինչ որակի կյանքեր են դրանք լինելու… և արդյոք չե՞ն հայտնվի դարձյալ մարդիկ, որոնք կաշխատեն «անհետացնել» քեզ և քո ստեղծածը:
-«Քանի՜ հոյակապ դերեր չխաղացի, և գիտեմ, որ այլևս չեմ խաղա...»: Գրականությունը լրացնո՞ւմ է այդ բացը: Ի վերջո, դա քո տարածքն է, կարող ես անել այն, ինչ ուզում ես:
-Ոչ, չի լրացնում… Բեմը հիվանդություն է: Անբուժելի: Տարերք է: Ոչ մի գրական աշխատանք չի կարող փոխարինել դերասանի կենդանի շփմանը հանդիսականի հետ: Էներգիա ես տալիս և, միաժամանակ, ստանում: Դրանք երջանիկ պահեր են: Երբ տեսնում ես դահլիճում ոգևորված, փայլող աչքեր, իսկույն հասկանում ես, որ մեծ գործ արեցիր… Մինչդեռ գրողի ճանապարհը դեպի ընթերցողի հոգին շատ ավելի երկար է… մանավանդ մեր այսօրվա գրքազերծ միջավայրում:
-Կարծեմ Սարոյանն է ասել` «Չսխալվելն էլ է երբեմն սխալ»… Երբ հետադարձ հայացք եք գցում անցած ճանապարհի վրա, ինչ-որ բան ջնջելու, շտկելու ցանկություն չե՞ք ունենում:
-Ոչ ոք անսխալական չէ: ՈՒրիշ բան, երբ սխալից ճիշտ հետևություններ չես անում: Ջնջե՞լ, շտկե՞լ… Չեմ կարող ասել, ապրածդ կյանքը պիտի ամբողջությամբ ստանձնես: Մեր ապրած տարիները միայն հաջողություններից չեն կազմված, և եթե մի հրաշքով կարողանաս սխալներդ ջնջել, ապա տեղը դատարկություն կմնա: Աշխատենք մեր կյանքի մնացած մասը ճիշտ ու արդար ապրել: Դա էլ հենց կլինի սխալի սրբագրումը: Սակայն այս ամենը, անշուշտ, հանրաճանաչ իմաստություն է: Ինչ վերաբերում է ինձ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ չեմ մտաբերում որևէ լուրջ սխալ, ստեղծագործական կամ բարոյական որևէ կոմպրոմիս, որի համար այսօր զղջայի: Եվ ինչպես Էդիտ Պիաֆն է ասում. «Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում…»:
-Գրականություն, թատրոն. այս երկու աշխարհներն ավելի շատ խանգարո՞ւմ են իրար, թե՞ օգնում:
-Չեն խանգարում, հակառակը՝ օգնում են: ՈՒրիշ բան, որ երկուսն էլ լրիվ նվիրում են պահանջում, և ժամանակ գրեթե չի մնում մյուսի համար:
-Ինչպե՞ս է ապրում այսօր Անահիտ Թոփչյանը` ուրախ, տխուր, հանդարտ, ստեղծագործական…
-Ստեղծագործական, բայց ոչ հանդարտ…
-Թարգմանվե՞լ են Ձեր գործերը, և ո՞ր լեզուներով կցանկանայիք թարգմանված տեսնել:
-Իմ պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն և, անշուշտ, ռուսերեն, որն ինքս եմ իրականացնում և դժվարանում եմ թարգմանություն անվանել. դա ավելի շուտ տարբերակ է: Կուզեի «Անհետացում» վեպս թարգմանված տեսնել այդ նույն լեզուներով…
-Ծրագրերի մասին…
-Ավարտեցի «Անհետացում» վեպիս ռուսերեն տարբերակը: Եվ մի նոր վեպ եմ սկսել… Բայց այդ մասին հաջորդ անգամ…
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ