38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես փոքրիկ Հայաստան եմ օտար հողի վրա»

«Ես փոքրիկ Հայաստան եմ օտար հողի վրա»
04.07.2008 | 00:00

ՍՈՆԱ ՎԱՆ։ Բանաստեղծ, բժիշկ-հոգեբան։ Ծնվել է Երևանում։ Ապրում է ԱՄՆ-ում պատանեկան տարիքից։ Ստեղծագործում է հայերեն։ Հայ ընթերցողը նրան ճանաչում է «Փշրանքներ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում» ժողովածուներով, մամուլից, հեռուստաելույթներից և վերջին երկու տարիներին Հայաստանում հրատարակվող «Նարցիս» մշակութային պարբերականի էջերից, որի հովանավորն է նաև։ Չնայած երկարատև պանդխտության տարիներին, Սոնա Վանի պոեզիան շրջանցում է կարոտախտի չարչրկված թեման՝ ընթերցողին տանելով դեպի կնոջ առավել ընդհանրական կերպարին բնորոշ հույզի, ցավի ու ինտուիցիայի տարածք։
-Իսկ ինչպե՞ս է հաջողվում չտրվել կարոտի երգի գայթակղությանը, կարոտախտին։
-Կարոտի երգն ու կարոտախտը տարբեր են։ Ցանկացած երգ կարոտի երգ է, որովհետև փորձում է վերադարձնել կորած մի երազ, մի բան անցյալից կամ սեփական ներաշխարհից։ Մինչդեռ կարոտախտը հիվանդագին վիճակ է և ենթադրում է կորուստ՝ առանց վերադարձի հնարավորության։ Թվում է, թե ինձ հաջողվել է շրջանցել կորստի այդպիսի ձևը, բաժանման ողբերգականությունը։ Թեև հիշեցնեմ, որ կամքիս հակառակ եմ հայտնվել օտար ափերում, ու թվում է, թե հենց իմ երգն առավել հակված պիտի լիներ բողոքի ու կարոտի շեշտադրության. պարզվում է՝ հայրենիքն աննկատ լուծվել էր արդեն արյանս մեջ և ինձ հետ էլ արտագաղթել... մասամբ։ Ես փոքրիկ Հայաստան եմ օտար հողի վրա, ե՛ս եմ Հայաստանը, ու դժվար է ինքդ քեզ կարոտելը։ Եթե անգամ թախծում եմ երբեմն, դա իմ երազների՛ հայրենիքի կարոտն է. գրողի ուտոպիան, որն առկա է ամեն գրողի մեջ՝ անկախ աշխարհագրությունից։ Այլապես հայրենիքն ինձ համար մշտական տոն է, ընթացք, կենդանություն և երբեք չի կապակցվում ողբերգական տարածքի հետ։ Չգիտեմ ինչու... չի կապակցվում..., իսկ հայրենաբաղձության երգն այսպիսի կապակցությունից է ծնվում։
-Հաճախ եք այցելում Հայաստան, որտեղ գրողը, արվեստագետն իրենց լավ չեն զգում դեռևս։ Այս իրավիճակը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ մի օր «խռովեք» հայրենիքից։ Եվ ինչպիսի՞ն է Ձեր ուտոպիայի հայրենիքը։
-«Այցելում» բառն անհարիր է իմ շարժմանը։ Իմը դարձի՛ ճանապարհ է, ու ես պարզապես վերադառնում եմ։ Ամուսնացած աղջկա նման, որը ժամանակ առ ժամանակ վերադառնում է հայրական տուն։ Երբեմն բարկացած եմ գալիս՝ այլևս չվերադառնալու գաղտնի մտադրությամբ, երբեմն գալիս եմ՝ ծնողներիս գաղտնի օգնելու ցանկությամբ, երբեմն պարզապես բողոքելու-պարպվելու ու հետ վերադառնալու շտապողականությամբ՝ (նախքան երեխայի արթնանալը), երբեմն պատժելու համար երկրորդ ամուսնուս (օտարությանը), որին ես պարտավոր եմ հարգել, եթե անգամ չեմ սիրում։ Նրանից է կախված զավակներիս ճակատագիրը։
Իմ ուտոպիայի հայրենիքը զավակներիս առաջին և հոգևոր հայրն է՝ հոգևոր Հայաստանը, որի հիմքում ազգային ու բարոյական արժեքներն են, և որտեղ արժանապատիվ ու պաշտպանված է զգում իրեն ցանկացած մարդ։ Այն Հայաստանը, որտեղ հայերենը՝ որպես ազգի մտածողության հայելի, պահպանվում է պետականորեն, ինչպես Ֆրանսիայում էր, օրինակ։ Որտեղ հայ մշակույթը տարածելն ու պահպանելը պետական ապահովության խնդիրներից է։ Որտեղ պետական պաշտոնյան ուղղորդվում է համընդհանուրի շահով, և օրենքը ծառայում է բոլորին, որտեղից ոչ թե հեռանում է արժանապատիվ հայը, այլ որտեղ նա երազում է վերադառնալ։ Որտեղ գրողն իրեն լավ է զգում, չի օտարվում։ Ամերիկան գուցե շատ առումներով անընդունելի է բանաստեղծի սրտի համար, բայց սա այն երկիրն է նաև, որի մեծագույն խնդիրը անօրինական եկվորներին իր սահմաններից դուրս պահելն է։ Ցանկալի տարածք, որի համար մարդը պատրաստ է զոհաբերության։ Իմ ուտոպիայի Հայաստանն այսպիսի ձգողականություն ունեցող Հայաստանն է։ Հայը երազ է ունեցել ու երազի երգ այն ժամանակ, երբ դեռ չէր հայտնագործվել Ամերիկան։ Արժանապատվորեն մայր հողի վրա ապրելու «հայկական երազը» «ամերիկյան երազից» ավելին ու առավել մատչելի չլինելու իրավունք չունի։ Չու-նի։
-Գրողը ժողովրդի հոգևոր առաջնորդն է, բայց վերջին շրջանում կարծես թե կորցրել էր դերը։ Այսօր իրավիճակի առողջացման հարցում ո՞րն է գրողի դերը։
-Կորստի համար և ժամանակներն են հանցավոր, և ինքը՝ գրողը։ Ժամանակներին շահաբեր թվաց գրողին լուծարելը՝ ժողովրդին գլխատելու թուրքական նույն մտածողությամբ։ Անգլուխ ժողովրդին առավել հեշտ է ղեկավարելը։ Ոմանք փորձեցին հասկանալ իրենց ձայնի արժեքը շուկայական նոր օրերում։ Վատ օրեր էին, շատ վատ։ Բայց ճշմարիտ գրողը ժողովրդի ձայնալարն է, նրա խոսափողը, նրա ենթագիտակցության ու գիտակցության, տառապանքի ու երազի խտացումը։ Արժեզրկել գրողին՝ նշանակում է արժեզրկել ժողովրդի մտածող ու զգացող հատվածին՝ հարցերի լուծումը՝ թողնելով բնազդներով շարժվող հատվածի՝ ամբոխի վրա։ Խոսքս այն ամբոխի մասին է, որի ընտրությանը վստահել չի կարելի, այն ամբոխի մասին, որը Բարաբային ընտրեց, հիշո՞ւմ եք։ Առաջինը բանն էր, ու բանը բառն էր։ Կա՞ բառը կարևորող առավել մեծ ճշմարտություն. ճշմարիտ գրողը այդպիսի բառի կրողն է։ Գրողի խոսքը պետք է ավելի մեծ լինի, քան ինքը, որպեսզի այն կարողանա առաջնորդել նախ հենց իրեն՝ գրողին, ապա մյուսներին։
-Ի՞նչ է պոետիկ ճշմարտությունը։ Գեղեցիկը կամ, որ նույնն է, արվեստը, ի զորո՞ւ է փրկելու աշխարհը։
-Պոետիկ ճշմարտությունը գրողի տվյալ պահի ճշմարտությունն է, որը ենթարկվում է միայն տվյալ գործի տրամաբանությանը և երբևէ հավակնություն չունի բացարձակ ճշմարտության, մինչև իսկ գրողի վերջնական հավատամքի հետ նույնանալու։ Այն ավելի շատ հակված է հարմարվելու գործի ձևաչափին ու տրամադրությանը և մի պարտականություն ունի լոկ՝ լինել գեղագիտորեն ճշգրիտ։ Նա գեղեցիկի այն տեսակն է, որը վեր է ածական լինելուց և ընդունակ է վեհացման ու հրճվանքի զգացողություն պարգևելու, փրկելու մարդու հոգին։ Մարդն արվեստի միջոցով փրկվել է շատ վաղուց, երբ դեռևս չէր հայտնաբերվել կրոնը։ Քարանձավի պատկերները, ծիսական, ռիթմիկ արարողությունը, որսի վայրենի «ակտը» խոնարհումով, նախշով ու փետուրով փոխլրացնող ծեսը... Արվեստը հոգին սնում ու վեհացնում է հաճույքի ճանապարհով, ի տարբերություն կրոնի, որը նախընտրեց մեղքի ճանապարհը։ Սրանք նույն հոգու փրկությանը ծառայող երկու տարբեր ճանապարհներ են, և արվեստը փրկության ճանապարհից հաճույքի առարկայի իջեցնելը երևի թե մարդկության ընդհանրական մտածողության մեծագույն սխալներից մեկն է։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 6958

Մեկնաբանություններ