ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՍԻՐՈ ՄԵՋ ՄԱՐԴԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ»

«ՍԻՐՈ ՄԵՋ ՄԱՐԴԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ»
18.12.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Դա մի քանի տարի առաջ էր։ Բոլորը պատրաստվում էին տոնելու Քրիստոսի ծննդյան օրը, զարդարում էին տոնածառը և ընծաներ պատրաստում։ Իսկ ես մենակ էի օտար երկրում` ո՛չ ընտանիք, ո՛չ բարեկամ, ու ինձ թվում էր, որ բոլոր մարդկանցից լքված ու մոռացված եմ։ Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար։ Հեռավոր քաղաք, օտար մարդիկ, գթազուրկ սրտեր։ Եվ ահա ես` թախծոտ ու վհատված, հանկարծ հիշեցի հին նամակների կապոցի մասին, որն ինձ հաջողվել էր պահպանել մեր սև օրերի բոլոր փորձությունների բովում։ Ես հանեցի այն ճամպրուկի միջից և գտա այս նամակը։ Դա հանգուցյալ մորս նամակն էր, որը նա գրել էր սրանից քսանյոթ տարի առաջ։ Ի՜նչ երջանկություն, որ հիշեցի այն։ Վերապատմել այդ նամակը հնարավոր չէ, դրա համար ներկայացնում եմ այն ամբողջովին։
«Թանկագին զավակս։ Դու գանգատվում ես, որ մենակ ես, ու եթե իմանայիր, թե ինչ տխուր ու ցավալի է լսել քեզնից այդ խոսքերը։ Ինչքան ուրախ կլինեի գալ քեզ մոտ և համոզել, որ դու մենակ չես և չես էլ կարող լինել միայնակ։ Բայց դու գիտես, որ ես չեմ կարող լքել հայրիկիդ` նա շատ է տառապում, և իմ խնամքը կարող է անհրաժեշտ լինել նրան ամեն վայրկյան։ Իսկ քեզ պետք է պատրաստվել քննություններին և ավարտել համալսարանը։ Թույլ տուր պատմել քեզ, թե ինչու ես երբեք ինձ մենակ չեմ զգում։ Գիտե՞ս, մարդը միայնակ է զգում իրեն այն պահին, երբ ոչ մեկին չի սիրում։ Որովհետև սերը թելի է նման, որը կապում է մեզ սիրելի մարդու հետ։ Հենց այդպես էլ մենք ծաղկեփունջ ենք պատրաստում։ Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղիկները ծաղկեփնջում չեն կարող լինել միայնակ։ ՈՒ եթե ծաղիկը բացվում է և սկսում անուշ բուրել, այդ պահին է, որ այգեպանը դնում է նրան ծաղկեփնջի մեջ։ Այդպես էլ մեզ հետ է` մարդկանց հետ։ Ով սիրում է, նրա սիրտը սկսում է ծաղկել և բուրմունք արձակել, և նա նվիրում է իր սերը հենց այնպես, ինչպես ծաղիկն իր բուրմունքը։ Եվ այդ ժամանակ նա արդեն մենակ չէ, քանզի իր սիրտը նրա մոտ է, ում սիրում է։ Նա մտածում է, հոգ է տանում նրա մասին, ուրախանում նրա ուրախությամբ և տառապում նրա տառապանքներով։ Նա ժամանակ էլ չունի, որ զգա իրեն միայնակ կամ խորհի` մենա՞կ է, թե՞ ոչ։ Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն. նա ապրում է ուրիշների հետ, նա ապրում է ուրիշների մեջ։ Իսկ դա էլ հենց սերն է։ Ես արդեն տեսնում եմ քո հարցական, կապույտ աչքերը և լսում եմ քո ցածրաձայն առարկությունը, որ դա միայն երջանկության կեսն է, որ ամբողջական երջանկությունը ոչ միայն այն է, որ սիրես, այլ որ քեզ սիրեն։ Բայց այստեղ կա մի փոքրիկ գաղտնիք, որ ես ականջիկիդ կասեմ. ով, իրոք, սիրում է, նա հարցապնդում չի անում և չի ժլատանում։ Չի կարելի անընդհատ հաշվարկել ու հարցուփորձել` իսկ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, իսկ սպասո՞ւմ է ինձ արդյոք փոխադարձ համակրանքը։ Կարո՞ղ է պատահել, որ ես սիրեմ ավելի, քան սիրում են ինձ։ Եվ արդյոք արժե՞ տրվել այդ սիրուն։ Այդ բոլորը սխալ է և ոչ պետքական։ Այդ ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ արդեն չկա (մեռել է)։ Այդ զգուշավոր չափ ու կշիռն ընդհատում է սիրո կենդանի շիթը, որը հոսում է սրտի միջից ու կասեցնում այն։ Մարդը, ով չափում է ու կշռում, չի սիրում։ Այդ ժամանակ նրա շուրջը դատարկություն է առաջանում, որի մեջ չեն թափանցում իր սրտի շողերը, և որը չի ջերմացվում իր սրտի շողերով։ Մարդիկ միանգամից զգում են դա։ Նրանք զգում են, որ իրենց շուրջը դատարկ է, սառը և խիստ, ու երես են դարձնում նրանից և արդեն չեն ակնկալում նրանից ջերմություն։ Դա ավելի շատ է սառեցնում մարդուն, և ահա նա նստում է կատարյալ մենակության մեջ` շրջանցված և դժբախտ։ Ո՛չ, թանկագինս, պետք է սերն ազատ հոսի սրտի միջից, ու պետք չէ անհանգստանալ փոխադարձ համակրանքի համար։ Հարկավոր է արթնացնել մարդկանց սեփական սիրով, հարկավոր է սիրել նրանց ու դրանով իսկ սեր արթնացնել նրանց մեջ։ Սիրելը երջանկության կեսը չէ, այլ մի ամբողջական երջանկություն։ Միայն ընդունիր դա, և կսկսվի հրաշքը։ Տրվի՛ր քո սրտի հեղեղին, ազատ արձակի՛ր քո սերը, թող լույս արձակեն նրա շողերը և ջերմացնեն ամեն ինչ քո շուրջը։ Այդ ժամանակ դու կզգաս, թե ինչպես են ամեն կողմից դեպի քեզ հոսում պատասխան սիրո հոսանքները։ Ինչո՞ւ։ Որովհետև քո անմիջական, չկանխատեսված բարությունը, քո չընդհատվող և անշահախնդիր սերը կսկսի մարդկանց մեջ աննկատ առաջացնել բարություն և սեր։ Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ պատասխան, հետադարձ հոսանքը, ոչ որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջում էիր և ձգտում ձեռք բերել, այլ որպես ոչ թե վաստակած, այլ շնորհված երկրային երանություն, որի մեջ հայտնվելով` քո սիրտը կծաղկի ու կխնդա։ Թանկագի՜ն զավակս։ Մտածիր այս մասին և հիշիր իմ խոսքերը, երբ նորից միայնակ կզգաս քեզ։ Եվ հատկապես այն ժամանակ, երբ ես չեմ լինի երկրի վրա։ Եղի՛ր հանգիստ և բարեհույս, որովհետև Տերն է մեր այգեպանը, իսկ մեր սրտերը` ծաղիկներ Իր պարտեզում։
Ես և հայրիկդ քնքշորեն գրկում ենք քեզ։
Քո մայրիկ»։
Շնորհակալ եմ, մայրիկ։ Շնորհակալություն սիրո և մխիթարության համար։ Գիտե՞ս, ես միշտ քո նամակը կարդալն ավարտում եմ արցունքն աչքերիս։ ՈՒ այն պահին, երբ ես վերջացրի ընթերցումը, լսվեց զանգի ղողանջը, որը կանչում էր երեկոյան ժամերգության։
Օ՜, երկրայի՜ն երանություն, որը շնորհվում է մեզ` անարժաններիս։
Թարգմանեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ