Չի բացառվում, որ Իրանի ու Ռուսաստանի արանքով մոտ ապագայում «սև կատու» անցնի, և Հայաստանն էլ հերթական անգամ հայտնվի երկու քարի կամ, եթե կուզեք, երկու կրակի արանքում։
Ժողովրդական այն խոսքը, թե որքան էլ պարանը խճճվի, միևնույն է, վաղ թե ուշ ծայրը երևալու է, օրերս մարմնավորում ստացավ ռուս-իրանական հարաբերություններում։ Ռուսները շատ ճարպկորեն և ոչ առանց շահի ոլորեցին Թեհրանի Ս-300 համալիրի մատակարարման «պարանը». մեկ պնդեցին, թե, չլինելով հարձակողական, այդ զենքը չի ընկնում միջազգային պատժամիջոցների տակ, մեկ, ի հաճույս «միջազգային ընկերակցության» և հատկապես Վաշինգտոնի, հետաձգեցին մատակարարումները, մեկ էլ փորձագիտական մակարդակով արտահոսք թույլ տվեցին, թե Իրանի համար պատրաստված, և ամենագլխավորը, արդեն վճարված կայանքները Ադրբեջան կտեղափոխվեն ինչ-որ կարծեցյալ սպառնալիքը կանխելու համար։ Եվ ահա, վերջապես, այդ հարցում պարզություն մտավ. Իրանին հակաօդային Ս-300 համալիրների մատակարարումից Ռուսաստանի հրաժարումը կատարվեց բավական բարձրագոչ. և՛ զինվորականները հայտարարություններ արեցին, և՛ հրապարակվեց նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագիրը, մի խոսքով` ամեն ինչ արվեց, որպեսզի այդ որոշումը բոլորի կողմից ընդունվի որպես ռազմավարական քայլ։ Այսպես, օրինակ, Պետական դումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, որը դեռ վերջերս ասում էր, թե Ս-300-ն Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ չի ընկնում, հանկարծ հայտարարեց, թե ամեն ինչ ճիշտ է արվել, և միջազգային գործակցությունը փողից թանկ է։ Շատ փորձագետներ ու վեհապետական քաղաքական գործիչներ սկսել են խոսել Կրեմլի պարտվողական դիրքորոշման և Ռուսաստանի կողմից աշխարհաքաղաքական կարգավիճակի կորստյան մասին, սակայն զարմանալիորեն նրանց զայրալից ձայները խլացան կենցաղային դժվարություններից հոգնած բնակչության համընդհանուր անտարբերության մեջ։ Սակայն փորձենք գլուխ հանել, թե ռուսական իշխանությունների համար ինչն է եղել ձգձգված պատմությանը վերջակետ դնելու գլխավոր խթանը։
Հիշեցնենք, որ մոտ 800 մլն դոլար արժողությամբ Ս-300 ԶՀՀ հինգ դիվիզիոն մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը Թեհրանի ու Մոսկվայի միջև կնքվել էր 2007-ին։ Իրանին արդիական զենք չմատակարարելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշումը, ինչպես և ենթադրվում էր, լայնորեն ողջունվեց Արևմուտքում` որակվելով Ռուսաստանի հետ հարաբերություններում Օբամայի վարչակազմի «փոխաբեռնման» քաղաքականության պտուղ։ ՈՒ թեև ԱՄՆ-ի վարչակազմը Կրեմլին բացահայտորեն ոչ մի ծառայություն չի առաջարկել մատակարարումներից հրաժարվելու դիմաց, ակնհայտ է, որ Մոսկվան Վաշինգտոնից պատասխան քայլեր է սպասելու, զգուշորեն սեղմելով Օբամայի մեկնած ձեռքը։ Շատ հետաքրքրական է նաև այն, որ արևմտյան շատ «կրեմլագետներ» Ռուսաստանի այդ որոշումը գնահատել են որպես Մեդվեդևի անձնական նախաձեռնություն, իսկ Սպիտակ տունը գովաբանել է այդ քայլը, այն անվանելով «նոր արշալույս ամերիկա-ռուսական հարաբերություններում» և կարևոր միջոցառում պաշարման մեջ գտնվող թեհրանյան վարչակարգի հետագա մեկուսացման ուղղությամբ։ Ամերիկյան վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ հայտարարել է, թե Ս-300 ԶՀՀ-ների և այլ արդիական սպառազինությունների մատակարարումներից Մոսկվայի հրաժարումը ծայրաստիճան կարևոր որոշում է, քանի որ Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի վրա ավելի թանկ կնստի, քան Միացյալ Նահանգների։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ռուսները վերջապես որոշեցին հրթիռների մատակարարման համաձայնագիրը չեղարկել երկար բանավեճերից ու Վաշինգտոնի պահանջներից հետո, վարչակարգի ներկայացուցիչը ենթադրեց, որ հիմա Ռուսաստանն ունի այն, ինչ իրեն պետք է, և որ նա հիմա հավատում է իրեն օգնելու ԱՄՆ-ի պատրաստակամությանը։ Ռուսաստանը ձգտում է հասնել այն բանին, որ ԱՄՆ-ն առավելագույնս աջակցի իրեն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու և, ամենագլխավորը, արդիականացման հարցերում օժանդակելու գործում։ Բայց Օբամայի վարչակազմը Ռուսաստանից ծառայություններ չի խնդրում և ինքն էլ ի պատասխան այդպիսիք չի մատուցում, բացատրել է նա։ Խնդիրն այն է, որ ամերիկա-ռուսական հարաբերություններն ավելի արժեքավոր են դարձել ռուսների համար, քան Իրանի հետ հարաբերությունները, և երկու երկրներն էլ այդ առումով պետք է գործեն, ելնելով սեփական շահերից։ Սակայն որոշ հոռետեսներ այնքան էլ վստահ չեն, թե Մոսկվան Իրանից երես թեքելու ռազմավարական և վերջնական որոշում է ընդունել և ընդառաջելու է Միացյալ Նահանգներին։ «Եկեք մի քիչ էլ սպասենք և դեռ շամպայն չբացենք»,- ասել է Դևիդ Կրամերը, որը Բուշի վարչակազմում աշխատում էր որպես ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի գծով տեղակալ։ Նա պատշաճն է մատուցել Օբամայի վարչակազմին, որը կարողացել է հասնել Ս-300-ի մատակարարումներից ռուսների հրաժարմանը, սակայն նշել է, որ Մոսկվան շարունակում է գործակցել Իրանի հետ Բուշերի ատոմակայանի հարցում, որ նա ռուսական «Լուկօյլ» ընկերության միջոցով կարող է ձախողել ԱՄՆ-ի էներգետիկ պատժամիջոցները։ Բացի այդ, մի շարք ամերիկացի փորձագետներ նշում են, որ Ս-300-ի մատակարարումներից հրաժարվելու որոշման մեջ կա մի դրույթ, որտեղ մատնանշված է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է չեղարկել իր արգելքը։ Դա նշանակում է, որ եթե Սպիտակ տունն ուզում է շարունակել «վերաբեռնման» գործընթացը, ապա նա հարկադրված է այսուհետ ևս զիջումներ կատարել Մոսկվային։ «Չպետք է ակնկալել, որ նրանց վարքագիծը կփոխվի անմիջապես և հանկարծակի, որ նրանք կսկսեն գործել կառուցողական ու քաղաքակիրթ եղանակով միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգներն արտաբերել է «վերաբեռնում» բառը` Ռուսաստանը մնում է Ռուսաստան»,- ասում է «Հանուն ամերիկյան առաջադիմության» կենտրոնի գիտաշխատող Սեմուել Չարապը։
Բայց ինչ էլ լինի, այսօր պարզորոշ է մեկ բան. Միացյալ Նահանգները և Ռուսաստանն առաջվանից ավելի սերտորեն են գործակցում այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին Իրանն է, և որ Օբամայի թիմը Մոսկվայի հետ իր գործակցության մեջ առաջադրել է Թեհրանին զինամատակարարումների թեման որպես առաջնային, և հաջողության է հասել։
Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա առայժմ տեղի ունեցածի հանդեպ արձագանքը համեմատաբար զուսպ է և իրանական քաղաքներում, ինչպես անցյալ տարի եղավ, «Մա՛հ Ռուսաստանին» կարգախոսներով հանրահավաքների ալիք չի բարձրացել։ Այդուամենայնիվ, պաշտոնական Թեհրանն արդեն հայտարարել է, որ կարող է դատարան դիմել այն դեպքում, եթե Ռուսաստանը չկատարի Ս-300 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է իրանական գործակալությունը, վկայակոչելով խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորոնջերդիի հայտարարությունը։ Բորոնջերդիի ասելով, եթե պայմանագիրը ձախողվի, ապա Իրանը կդիմի Ռուսաստանի վրա ներգործելու իրավաբանական միջոցների և փոխհատուցում կպահանջի։ Պատգամավորը նշել է, որ հույս ունի Բուշերի ատոմակայանի շինարարության հետ կապված իրավիճակի կրկնության, որն անընդհատ տարբեր պատճառներով հետաձգվում էր, այդ թվում նաև` քաղաքական բնույթի, սակայն, այնուամենայնիվ, ավարտին հասցվեց։ Նշենք, որ Իրանը կարող է Ռուսաստանից մինչև 200 մլն դոլարի հատուցում պահանջել զինամատակարարումների գծով պայմանագրային պարտավորությունները խախտելու դիմաց։ Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, պայմանագրերը միակողմանիորեն չեղարկելու պատժաչափերը կազմում են դրանց արժեքի 5-10 տոկոսը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2010-ի հունիսի 9-ի N 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրի ստորագրման պահի դրությամբ Թեհրանի հետ իրացման փուլում էր գտնվում ևս մի քանի ծրագիր։ Առկա տվյալների համաձայն, 24 հատ ՍՈՒ-24 տիպի ինքնաթիռների (300 մլն դոլար) արդիականացման պայմանագիրը մտնում էր 2005-ի դեկտեմբերին ստորագրված 1,4 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրի փաթեթի մեջ։ Այդ ծրագրի իրականացման աշխատանքների հիմնական ծավալը նախատեսվում էր կատարել 2009-2010 թվականներին։ Ենթադրաբար, այդ ծրագիրն ընթացիկ պահին իրացվել է 50 տոկոսով։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, հաշվի առնելով այդ ծրագրով նախատեսված աշխատանքների կրճատումը, պատժաչափերը կարող են կազմել մինչև 15 մլն դոլար, գրում է զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնը։
Բացի այդ, արդեն համալիրների մատակարարումների հետաձգման պատճառով Իրանը 2010-ի փետրվարին հայտարարեց սեփական ԶՀՀ-ների ստեղծման աշխատանքներ սկսելու մասին։ Իրանի հեռուստատեսությամբ պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին քննադատեց ռուսական իշխանությունների որոշումն Իրանին Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումներն արգելելու վերաբերյալ։ Ավելին, նա այդ արգելքն անտրամաբանական համարեց. ցանկության դեպքում Իրանը կարող է ինքնուրույն նման համակարգեր ստեղծել, և ոչ մի հրաժարում ու արգելք նրան չի խանգարի գործադրելու դրանք։ «Նման տեխնիկայի ստեղծման աշխատանքներն օրակարգում են, և մենք մեր համալիրները կստեղծենք։ Առաջ մենք հենց այդպես էլ վարվում էինք. ցանկացած տեխնիկայի փոխարեն, որ մեզ չէին տրամադրում, մենք ստեղծում էինք շատ ավելի լավը, և այսօր այդ ամբողջ տեխնիկան գտնվում է Իրանի սպառազինության մեջ»,- ասել է Վահիդին։
Այո՜, կենացները, ինչպես ընդունված է ասել, գնալով «քաղցրանում» են։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ