ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԼԻԿԲԵԶ ԱՆԿԱԽԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԼԻԿԲԵԶ ԱՆԿԱԽԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
12.03.2010 | 00:00

Հայ հասարակությունը 2008-2009 թթ. սահմանագծին, այսինքն` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր նախագծի իրագործմանը մոտեցավ կիսագրագետ իրավիճակում և տեղի ունեցող քաղաքական գործընթացներից լիովին ապակողմնորոշված։ Հայաստանի ղեկավարությունը, իհարկե, չէր կարող չհասկանալ, որ այդ նախագիծը նախաձեռնել է ԱՄՆ-ը, սակայն բացարձակապես վստահ էր, որ այդ գործընթացը տեղի է ունենում առավելապես հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում, ու ավելի քան համոզված էր, որ Թուրքիան ձգտում է կարգավորել պրոբլեմները Հայաստանի հետ, ինչն իբր շատ որոշակի ու առաջնահերթ արտաքին քաղաքական խնդիր է։
Թուրքիայի շարժառիթները Երևանում դիտարկվում էին իբրև Հայաստանի հետ պետական սահմանի ճանաչման պրոբլեմի վերացում և Թուրքիայի նկատմամբ բոլոր տեսակի պահանջների չեզոքացում` կապված ցեղասպանության հետևանքների և տարածքների հետ։ ԱՄՆ-ի նպատակները դիտարկվում էին իբրև ցեղասպանության խնդիրն ամերիկյան արտաքին քաղաքականության պրոբլեմների շարքից ջնջելու հնարավորություն։ Քաջ հայտնի է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումներ կայացնող խիստ նեղ շրջանակն իր դատողությունները կառուցում և «կարգավորման» խնդիրը դիտարկում էր հենց այդպես և ոչ թե այլ կերպ։ Հայաստանի քաղաքական ղեկավարության այսքան պարզունակ դիրքորոշմանը զուգահեռ, ընդդիմադիր խմբավորումները, որոնք երկար ժամանակ համագործակցել էին իշխանությունների հետ, սպասվող «աղետի» կապակցությամբ իրար խառնված, նույնպես իրենց դատողությունները կառուցում էին այս տրամաբանությունից ելնելով։ Այսինքն, որ ԱՄՆ-ի նպատակն է օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Թուրքիան խնդիր է դրել չեզոքացնելու «հայկական հարցը» որպես այդպիսին և զրոյացնել բոլոր տեսակի տարածքային պահանջների քննարկումը, նույնիսկ հասարակական բանավեճի ռեժիմում։ Հայաստանի քաղաքական ղեկավարության բոլոր ջանքերը նպատակաուղղված էին սահմանի բացմանը և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը` որպես ինքնաբավ խնդիր, որը կարող է լուծում ստանալ, քանի որ դա, իբր, բոլոր շահագրգիռ կողմերի նպատակն է։ Հայկական պաշտոնական շրջանակներն իսկապես հավատացած էին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր է հենց այդպիսի արդյունքի հասնել և դրա հետ էին կապում իրենց նոր իմիջի ապահովումը և կառավարող ռեժիմի «լեգիտիմության» ճանաչումն ԱՄՆ-ի ու արևմտյան հանրության կողմից։ Ինչ կասկածներ էլ արտահայտվեցին, ինչպիսի խորհրդատվություններ ու երաշխավորություններ էլ ներկայացվեցին Հայաստանի իշխանություններին, այդ ամենն ուղղակի խեղդվեց ամերիկյան ղեկավարների հայտարարությունների և ԱՄՆ-ի հեղինակության առջև ունեցած թրթռուն ակնածանքի մեջ։
Սակայն Հայաստանի իշխանությունները, անկասկած, ավելի նախընտրելի դիրքերում էին, քան ընդդիմադիր խմբավորումները, որոնք հարկադրված էին նախաձեռնել լայն հասարակական բողոքավոր գործունեություն։ Ընդդիմության առաջնորդները միանգամայն լուրջ էին ընդունում ԱՄՆ-ի ու Թուրքիայի հռչակած քաղաքականությունը, հանդես գալիս ցյուրիխյան «արձանագրությունների» ստորագրման և, առհասարակ, հարաբերությունների կարգավորման դեմ, որ կարող է հանգեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի տապալման։ Կարելի էր ենթադրել, որ ընդդիմության կողմից եղել է որոշակի խաղ, եթե բողոքի գործողությունները սահմանափակվեին հանրահավաքներով։ Սակայն Հայաստանում, հատկապես ընդդիմության կողմից բանակցությունների տապալմանն ուղղվեցին մեծ ջանքեր, ԶԼՄ-ներով կազմակերպվեց լայն բանավեճ` ամեն տեսակի գործիչների ելույթներով, որոնք հավակնում են ինտելեկտի և վերլուծական կարողությունների դրսևորման։ Բանը հասավ այնտեղ, որ ընդդիմության առաջնորդներն ու ընդդիմադիր մեկնաբանները, իրենց բացառիկ ինտելեկտով վախեցնելով իշխանավորներին, հայտարարել և հայտարարում են, թե սկզբունքորեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կախված է ղարաբաղյան հիմնախնդրից, ինչը կա՛մ չափազանց մեծ միամտություն է, կա՛մ էլ դիտավորյալ կիրառվող դեմագոգիա։
Որոշ հիշեցումներն այն մասին, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նպատակներն ու խնդիրները բոլորովին այլ են, վերոնշյալ իրադարձություններն ունեն բացարձակ հակառակ ուղղվածություն, ինչը բխում է ամերիկա-թուրքական սկզբունքորեն նոր հարաբերությունների ձևավորման պայմաններից, և այս գործընթացն ամենևին էլ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չէ, բացարձակապես ուշադրության չարժանացան։ Այն քաղաքական ծրագրավորողները, ովքեր մշակել են հայ-թուրքական կարգավորման նախագիծը, հավանաբար, ժպիտով էին հետևում Երևանում ու սփյուռքում տեղի ունեցող ծաղրածուությանը։ Եվ անկասկած, հետևություններ են արել հայ հասարակության պահվածքով միանգամայն հաջողությամբ մանիպուլյացիա անելու իրենց հետագա հնարավորությունների մասին։ Մենք չենք կարող պնդել, թե մեզ հայտնի են այս նախագիծը մշակողների բոլոր անունները և բնութագրերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, հայտնի են նախագծի սկզբնական և հիմնական առանցքային հանձնարարականները, լավ հայտնի է, թե ինչպես են գնահատել և արձագանքել այս ծրագրին ամերիկյան և բրիտանական տարբեր փորձագետներ։ Նախագիծը մշակողների թիվը բավականին սահմանափակ է եղել, նրանք ավելի շուտ Կովկասի կամ Թուրքիայի գծով մասնագետներ չեն, թեպետ այդպիսիք էլ մասնակցություն են ունեցել այս գործընթացում։ Առաջատար ծրագրավորողներն ավելի մասշտաբային խնդիրների շուրջ են մասնագիտացած, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի անվտանգության բազային հիմնահարցերին։ Ձևավորվել է «հին թիմ», որը զբաղվել է իր համար որոշակիորեն յուրահատուկ պրոբլեմներով, սակայն տրված հանձնարարությունը կատարվել է ոչ միայն փայլուն ձևով, այլև հանգեցրել հետևյալ արդյունքին։
«Հայկական հարցը» կամ «հայկական գործոնը» դուրս բերվեց անէությունից, գաղափարախոսական ու կազմակերպական ճգնաժամից, և ձևավորվեց «հայկական գործոնի» նոր կառուցվածք։ Հայկական հասարակությունն անաբիոզի դեմ ուժեղ ներարկում ստացավ, որպեսզի չեզոքացվի նրա հոռետեսությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման բովանդակության առումով։ Հայ-թուրքական հարաբերությունները պարզապես թեժացել են և հիմա լարված են ավելի, քան վերջին 20 տարիների ընթացքում, ի հայտ է եկել առարկայական հակադրություն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները մտան փոխադարձ պահանջների հարթություն։ «Հայկական գործոնն» այժմ ձեռք է բերել ոչ միայն միջազգային, այլև ներթուրքական նշանակություն, սկսել է ներգործել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրա, դարձել ռեսուրս Թուրքիայի առաջատար քաղաքական կուսակցությունների համար` դրանով իսկ ուժգնացնելով հակամարտությունը թուրքական քաղաքական դասակարգի ներսում։ Միանգամայն հավանական կարելի է համարել, որ հայ-թուրքական հակադրության ուժեղացումը խախտեց Ռուսաստանի որոշակի ծրագրերը, քանի որ հենց Մոսկվան էր փորձում ստանձնել երկու երկրներին «հաշտեցնողի» դերը, բնականաբար, ռուսական վերահսկողության ներքո։ Եվ ամենակարևորը. «հայկական գործոնն» իր ամբողջական բովանդակությամբ դարձավ ավելի կարևոր և ուժեղ` Թուրքիայի քաղաքականությունը սահմանափակելու ԱՄՆ-ի ու Եվրամիության ռազմավարության մեջ, զսպելու Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան, թուլացնելով նրա պահանջները արևմտյան հանրության նկատմամբ, զրոյացնելով Անկարայի բազմաթիվ փաստարկներն Արևմուտքի հետ երկխոսության մեջ։
Այսպիսով, հայկական իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված էին գլուխը պատին խփելով, փոխանակ արևմտյան հանրությունից պահանջեին, որ նա զիջումներ կատարի Թուրքիային այն հարցերում, որը նա դիտարկում է իբրև սկզբունքային` իր անվտանգության և պատմական հեռանկարի առումով։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տապալումը բոլորովին էլ պայմանավորված չէ «ղարաբաղյան հիմնախնդրով», որն առաջնահերթ չէ և, առհասարակ, որևէ կարևորություն չունի Թուրքիայի համար։ Դա հետևանք է Արևմուտքի կողմից պատասխանների բացակայության` Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում առաջնահերթ խնդիրների և այդ համատեքստում «հայկական գործոնի» դերակատարության վերաբերյալ։ Այսինքն, «հայկական գործոնն» այլևս չի կարող հանդես գալ իբրև արդիական խնդիր միջազգային քաղաքականության բեմահարթակում և պետք է բացառվի ոչ միայն փաստացիորեն, այլև ինչ-որ իմաստով պաշտոնական ձևակերպմամբ։ Արևմուտքն էլ պետք է դրական արձագանքի Թուրքիային` Եվրամիություն մտնելու նրա հավակնությունների առումով։
Այսպիսիք են դատողությունները և պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Սակայն Արևմուտքն ամենևին չի պատրաստվում դա անել, որովհետև այդպիսի զարգացումները բոլորովին չեն համապատասխանում նրա շահերին։ Այդ իմաստով հետաքրքրական է ԱՄՆ-ի վերաբերմունքը ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լույսի ներքո։ Եթե ԱՄՆ-ը ձգտեր հրահրել մեծ «խժդժություն» Հարավային Կովկասում և հակված լիներ «հայկական գործոնի» հետ կապված ունիվերսալ որոշումների պարտադրման` այդ գործոնը վերջնականապես սպառելու առումով, այդ դեպքում Վաշինգտոնը չէր տարաբաժանի հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կնշանակեր իսկապես փլուզման իրադրության ստեղծում Հայաստանի համար, երբ Հայաստանը կկորցներ իր դիրքերն ու գործառույթները իբրև քաղաքական ռեսուրս ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Անշուշտ, թուրքական քաղաքական վերնախավում կան առանձին գործիչներ, ովքեր ենթադրում էին, թե անկախ ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերից, իրենք կկարողանան զրոյացնել հայ-թուրքական հակասությունները և դրանով իսկ Արևմուտքին կանգնեցնել կատարված փաստի առջև։ Բայց այդ դիրքորոշումը կամ ցանկությունը շատ շուտով դարձավ անիրագործելի, քանի որ Թուրքիան չկարողացավ լուծել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում կուտակված խնդիրներից և ոչ մեկը։
Միևնույն ժամանակ բոլոր այս սյուժեներն արդեն անցյալում են։ Հայ հասարակությունը շատ ուսանելի դաս ստացավ, և հիմա այլևս չկա որևէ հայ քաղաքագետ կամ մեկնաբան, ով «խփեր զանգերը», ինչն առկա էր ոչ թե հայ-թուրքական, այլ ամերիկա-թուրքական և թուրք-եվրոպական հարաբերությունների կարգավորման այս ողջ գործընթացում։ Այս քաղաքական դասերը հնարավոր դարձան ոչ թե տասը տարի առաջ, այլ հատկապես հիմա, երբ «ԱՄՆ-ը դուրս բերեց Հայաստանն իր քաղաքականության ռեզերվից և դարձրեց այն արդիական ու գործունակ ռեսուրս քաղաքական գործընթացներում» (ստուգողական հարց` ո՞ւմ է պատկանում չակերտների մեջ վերցված այս արտահայտությունը, որ ասվել է ապագայի կտրվածքով դեռևս 11 տարի առաջ)։ Անշուշտ, առաջանում է հարց, թե ի՞նչ է սպասվում հեռանկարում, ի՞նչ կերպ կզարգանան իրադարձությունները, և ի՞նչ տվեցին հայերին 2008 և 2009 թվականների դասերը։
ԱՄՆ-ը, ինչպես և ցանկացած այլ պետություն, կարիք չունի և շահագրգռված չէ մեկ այլ ուժեղ պետության առաջացմամբ, որը կարող է թշնամաբար տրամադրված լինել և կառուցել այնպիսի քաղաքականություն, որն ահռելի վնաս կհասցնի ամերիկյան շահերին։ Միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան շարունակելու է մնալ պետություն, որն ունի ԱՄՆ-ի շահերին բացարձակապես չհամապատասխանող հավակնություններ։ Թուրքիան հասել է տնտեսական, ռազմական և սոցիալական զարգացման որոշակի մակարդակի, որն այլևս թույլ չի տալիս սահմանափակել իր շահերը։ Անկախ քաղաքական ռեժիմից, այս երկիրը շարունակելու է իրագործել էքսպանսիա տարբեր ուղղություններով, ընդ որում, ավելի ու ավելի դուրս գալով ԱՄՆ-ի և արևմտյան հանրության վերահսկողությունից ընդհանուր առմամբ։ Թուրքիայի այս արտաքին քաղաքական դոկտրինը շարունակելու է զարգանալ` ահռելի վնասներ հասցնելով ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Մինչդեռ ԱՄՆ-ի դաշնակիցների պարագայում պետք է հասկանալ ոչ միայն եվրոպական պետություններին և Իսրայելին, այլև արաբական պետությունների մեծամասնությանը, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին, ինչպես նաև Իրանին, որն այսօր լռելյայն, բայց հաջողությամբ օգտվում է ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացումից։ «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածքում Թուրքիային զսպելու նպատակով դաշինքներ ստեղծելու համար կարիք չկա մեծ ջանքեր գործադրելու և իրականացնելու ինչ-որ նոր քաղաքական-կազմակերպական աշխատանք։ Այս տարածաշրջանների պետությունների մեծամասնությունն այս կամ այն չափով զգում է Թուրքիայից բխող սպառնալիքները և պատրաստ է միավորվելու ինչպես միմյանց, այնպես էլ ԱՄՆ-ի հետ` Թուրքիային զսպելու նպատակադրումով։ Թուրքիայում հակաամերիկանիզմը չի կարող դիտարկվել իբրև գաղափարախոսական ու քաղաքական «փարոս», դեպի ուր կկողմնորոշվեին տարածաշրջանի պետությունները։ Թուրքական հակաամերիկանիզմը թեկուզ և ձեռնտու է տարածաշրջանի երկրներին, միաժամանակ չափազանց ազգային է և կապակցված Թուրքիայի բուն շահերին, որը հույս ունի, թե այդ տրամադրությունները զուտ ազգայինից կվերաճեն տարածաշրջանայինի։ Սակայն դրա համար բացարձակ հիմքեր չկան։ Մերձավոր Արևելքում և ընդհանուր առմամբ ողջ իսլամական աշխարհում հակաամերիկանիզմն աշխատում է` ելնելով տեղական առանձնահատկություններից ու ենթակա չէ ունիվերսալացման, իսկ թուրք-ամերիկյան հակասությունները շատ լուրջ հիմքեր ունեն։ Եթե նույնիսկ ուշադրություն չդարձնենք Թուրքիայում իսլամական քաղաքական տրամադրությունների, ինչպես նաև ազգայնական հավակնությունների աճին, միևնույն է, գոյություն ունի պրագմատիկ շահերի շատ էական մի դաշտ, որն առնչվում է արտաքին քաղաքական ու տնտեսական էքսպանսիային։ ԱՄՆ-ն ու նրա մերձավոր դաշնակիցները Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում, այս կամ այն հնարքների օգտագործումով, փորձում են սահմանափակել Թուրքիայի դերն էներգետիկ կոմունիկացիաների կառուցման, մերձավորարևելյան և կենտրոնասիական շուկաների յուրացման, Թուրքիային ժամանակակից զինատեսակների ու տեխնոլոգիաների տրամադրման, մերձավոր և հեռավոր տարածաշրջաններում նրա քաղաքական էքսպանսիայի զսպման, միջազգային ֆինանսական կազմակերպություններում Անկարային խոշոր վարկերի տրամադրումը կանխելու առումով։ Այսինքն` ամերիկացիները միանգամայն ակնհայտորեն պայքարում են, որ Թուրքիան չվերածվի տարածաշրջանային տերության։ Իրանի արտաքին քաղաքական ծրագրերին ու նպատակներին, որի «միջուկային ծրագիրը» գլխացավանք է դարձել Վաշինգտոնի համար, ամերիկացիները վերաբերվում են շատ ավելի հանգիստ և առանց հատուկ զգուշության, քան Թուրքիային, որը ՆԱՏՕ-ում իրենց վաղեմի դաշնակիցն է։ Թուրքիային զսպելու խնդիրը ենթադրում է համակարգային միջոցառումների ձեռնարկում տասնամյակների կտրվածքով, ինչը իր մեծ ազդեցությունն է թողնելու ամբողջ տարածաշրջանի և միջազգային հարաբերությունների վրա ընդհանուր առմամբ։
Այս պայմաններն ու հեռանկարը նկատի ունենալով` ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է տարածաշրջաններում «երկրորդ» և «երրորդ իսրայելներ» ձևավորելով, որոնք կոչված են ապահովելու «փոքր հրապարակներ»` Թուրքիայի էքսպանսիան զսպելու համար։ Ժամանակ առ ժամանակ Թուրքիան կփորձի այլ համաշխարհային ուժային կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և արաբական աշխարհի հետ դաշինքներ կնքել։ Բայց այդ ամենն արդեն եղել է, և Թուրքիայի այդպիսի փորձերը, որպես կանոն, տապալվել են, ու նա շարունակել է մնալ մեկուսացման մեջ։ Այդպես կլինի և ապագայում, քանի որ Թուրքիան առայժմ չափազանց ուժեղ է և հավակնոտ, որպեսզի տարածաշրջանի մեկ այլ պետություն շահագրգռված լինի նրա ուժեղացմամբ։ Վստահությամբ կարելի է պնդել, որ կծնվեն հակադրության նոր պահեր տարածաշրջանում նրան մոտ գտնվող պետությունների ու Թուրքիայի միջև։ Հայաստանը չի կարող հուսալ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ էլ Ռուսաստանից բխող որևէ նախաձեռնության շրջանակներում։ Այդ ուժային կենտրոնները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ բնավ շահագրգռված չեն։ Հայաստանի առջև կանգնած է կարևոր ու ծավալուն խնդիր` ստեղծել նոր ենթակառուցվածքներ, մրցակցության ունակ նոր տնտեսություն, հասնել նոր մակարդակի զինված ուժերի և անվտանգության համակարգի կառուցման, ինչը և թույլ կտար սեփական կամ Թուրքիայի նախաձեռնությամբ մտնել նրա հետ բանակցությունների մեջ։ Տարածաշրջանային և միջազգային մեկուսացման պայմաններում, որը մի քանի տարի հետո Թուրքիայի համար սպառնալից չափեր կընդունի, Անկարան, այսպես թե այնպես, ավելի զիջող կդառնա տարածաշրջանի պետությունների հետ իր հարաբերությունների կարգավորման առումով։ Ներկայումս Թուրքիան չափազանց ոգևորված է հույսերով ու պատրանքներով, չափազանց հուսադրված է իր նախորդ և ներկայիս հաջողություններով, որպեսզի լիարժեք կարողանար իմաստավորել իր խոցելի դրությունը։
Հայկական հասարակությունը պետք է ճիշտ հետևություններ անի տեղի ունեցող իրադարձություններից և կարողանա տեսնել իր առավելությունները գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի պայմաններում։ Լիկբեզն անցավ հաջող, թեկուզ և կատակերգական դրսևորումներով, երևանյան ծաղրածուության պայմաններում։ Բայց օբյեկտիվ լինենք և խոստովանենք, որ այս փուլը քաղաքական իրողությունների իմաստավորման տեսանկյունից հայ հասարակության համար իզուր չանցավ և ապացուցեց, որ գոյություն չունեն գերխնդիրներ, կան բարդ, բայց միանգամայն լուծելի հարցեր։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ