38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանին են փորձում դատի տալ Հաագայում»

«Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանին են փորձում դատի տալ Հաագայում»
18.07.2008 | 00:00

«ԻՐԱՎՈՒՆՔ de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Համոզված եմ, որ այն ամենը, ինչ ներկայացվում է այսօր մամուլում՝ առկա քաղաքական գործընթացների առնչությամբ, ինչ-որ տեղ դուրս է թե՛ ժամանակի, թե՛ ներկա իրադարձությունների տրամաբանությունից»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, գրող-հրապարակախոս ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ։
Ո՞րն է նման համոզմունքի հիմնավորումը։ Հիմնականում այն, որ Համաժողովրդական շարժումն «այլևս ոչ մի վտանգ չի ներկայացնում այս իշխանության համար»։ «Տարիներ շարունակ ընդդիմությունն այն տեսակետն էր փորձում առաջ տանել, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն մարդն են։ Այս ընտրապայքարն էլ տարվում էր այն շեշտադրմամբ, թե նոր իշխանության հրապարակ գալով ոչինչ չի փոխվելու, սակայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած հարյուր օրերը, ինչպես նաև ողջ ընտրարշավը ցույց տվեցին, որ նա ու Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տարբեր մարդիկ են, այլև տարբեր են երեկվա ու այսօրվա իշխանությունները։ Տարբեր են հենց թեկուզ նրանով, որ, ինչպես հայտարարեց Քոչարյանը, եթե ինքը լիներ իշխանության գլուխ, Լևոն Տեր-Պետրոսյանը ճաղերի հետևում կլիներ, Աբդուլահ Գյուլն էլ չէր հրավիրվի Հայաստան։ Տարբերությունն ակնհայտ էր նախ նախընտրական պայքարի փուլում, երբ, ի տարբերություն առաջին ու երկրորդ նախագահների, Սերժ Սարգսյանը հուսադրվեց Աստծուն, նա իր համակիրներին առաջնորդեց դեպի տաճար, և սա խորհրդանշական այն իմաստն ուներ, որ աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը տաճարից բացի այլ ճանապարհ չունի։ Իր հոգևոր, բարոյական արմատներին վերադարձից բացի այլ ճանապարհ չունի։ Սա փաստ է, և մենք սա տեսանք։ Ավելին, նոր նախագահը փորձեց իրագործել քրիստոնեության ամենակարևոր պատվիրաններից մեկը՝ «Կատարիր, եթե խոստացել ես»։ Եթե հիշում եք, նա ասում էր, թե բարեփոխումները շատերի համար ցավոտ են լինելու, և այսօր դա իրողություն է։ Որևէ մեկը չի կարող ժխտել այն, ինչ տեսնում եք այսօր հարկային, մաքսային, ուժային և իրավապահ ոլորտներում»,- ասաց Ստեփան Զաքարյանը՝ յուրովի ամփոփելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հարյուր օրը և հանգելով այն եզրակացության, թե հանրապետության երրորդ նախագահի համար ոչ թե Համաժողովրդական շարժումն է իրական վտանգ ներկայացնում, այլ հարյուրավոր այն չինովնիկները, որոնք սովոր են օրենքից դուրս աշխատել և կաշառակերությունն էլ դարձրել են նույնքան սովորական ու ընդունելի աշխատաոճ։
«Պետք է ասեմ, որ Համաժողովրդական շարժումը, որքան էլ տարօրինակ է, այսօր ինչ-որ տեղ օգնում է Սերժ Սարգսյանին։ Օգնում է այն առումով, որ չինովնիկներից շատերը մտածում են, թե կաշառակերության ու կոռուպցիայի դեմ սկսված այս պայքարն ինչ-որ ժամանակավոր ալիք է և պայմանավորված է Համաժողովրդական շարժման գոյությամբ։ Այս իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումն օգնում է Սերժ Սարգսյանին ժամանակ շահել և նվաճել հասարակության վստահությունը»,- կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավորը՝ հընթացս եզրակացնելով, թե առողջ հասարակությունը չի կարող դեմ լինել կաշառակերության ու կոռուպցիայի դեմ իշխանությունների ձեռնարկած քայլերին։
Անդրադառնալով Աբդուլահ Գյուլին Հայաստան հրավիրելու և «կարդաշ»-պաշտոնակիցների պես «ջան ասել-ջան լսելով» Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը միասին դիտելու Սերժ Սարգսյանի մտադրությանը, Ստեփան Զաքարյանը տեսակետ հնչեցրեց, թե այդ քայլով հանրապետության երրորդ նախագահն արտաքին հարաբերությունների ոլորտում էլ է «հողը խլում» առաջին նախագահի ոտքի տակից, քանի որ վերջինս առիթը բաց չի թողնում «երեսով տալու», թե իշխանությունների մտքով չի անցնում կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն ու վերջապես բացել էդ անտեր սահմանը։
«Այս հարցը շատ է շահարկվում, թեև անձամբ ես այն կարծիքին չեմ, թե Գյուլի գալով ինչ-որ բան է փոխվելու։ Ընդամենը Սերժ Սարգսյանը Գյուլին կարող է հարցնել. ժամանակին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստանում էր, որ կհասնի հայ-թուրքական սահմանի բացմանը՝ ինչի՞ դիմաց էր խոստանում»,- երրորդ նախագահին «գլխի գցեց» բանախոսը՝ հարցի տողատակն ընթերցելու «գլխացավանքը» թողնելով լրագրողներին։
Ամփոփելով՝ Ստեփան Զաքարյանը կրկին «կազմաքանդեց» Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգի» անքակտելիության շուրջ հյուսված «առասպելը», շեշտելով, թե «Սերժ Սարգսյանի իշխանությունն այլ իշխանություն է, և պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանին են փորձում այսօր դատի տալ Հաագայում»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 7008

Մեկնաբանություններ