2010
Մարդիկ ծիծաղելի սովորություն ունեն` ամեն ինչ դասդասել, անվանել ու համարակալել։ Ընդունված է կարծել, որ այդպես իրերն ու երևույթներն ընկալելի են դառնում, կանխատեսելի, կառավարելի: Գաբրիել Գարսիա Մարկեսը 100 տարվա մենությունից հետո վկայում էր, որ Մակոնդոյի բնակիչներն իրերի վրա գրել էին անունները, որ չմոռանան, իսկ գլխավոր փողոցի վրա մեծ պաստառ էր փողփողում, որի վրա գրված էր «Աստված կա»: Այսինքն` այդ սովորությունը գուցե այնքան էլ ծիծաղելի չէ, եթե հեշտացնում է կյանքն ու հիշեցնում, որ Աստված կա:
Որքան էլ փորձենք հետևել Մակոնդոյի բնակիչներին, առանձնապես անվանելու իրադարձություններ 2010-ին չեղան: Արևը շարունակեց ծագել արևելքից ու մայր մտնել արևմուտքում, իսկ եթե երբեմն առանձին օրեր արևն արևմուտքից էր ծագում ու արևելքում մայր մտնում, օրենքը հաստատող բացառություն էր ընդամենը:
Քաղաքական համակարգային փոփոխություններ չեղան. Հայաստանի երրորդ Հանրապետությունը նշեց 19-ամյակը և դրական գնահատեց անցած ու անցնելիք ճանապարհը: Տնտեսական դարակազմիկ փոփոխություններ չեղան. պաշտոնապես հայտարարվեց, որ գլոբալ ֆինանսատնտեսականը հաղթահարված է, բայց ճգնաժամը Համլետի հոր ուրվականի պես շրջում է երկրում: Սոցիալական տեղաշարժեր առանձնապես չեղան. համենայն դեպս, կենսամակարդակը չարձանագրեց: Բարոյահոգեբանական մթնոլորտը տեկտոնիկ շարժումներ չգրանցեց, մշակութային ասպարեզն էլ Տղմուտ գետափի Ավարայրի դաշտի պես տեղ-տեղ բարոյական հաղթանակներ ունեցավ:
Եթե դիտարկման մասշտաբները նվազեցնենք ու խնդիրները կոնկրետացնենք, 2010-ը բարեհաջող, անցումային տարի էր, «ոսկե հնարավորություններ» ու «բաց պատուհաններ» չկային, չեղան բացված սահմաններ: Մեծ աշխարհում էլ մեծ փոփոխություններ չեղան: Հայաստանում` ոնց Հայաստանում. գնացողը գնաց, մնացողը ջանում է օրվա խնդիրները լուծել և միայն ժամանակ առ ժամանակ զգում է, որ, ոտքի տակի հողից բացի, գլխի վերևում երկինք կա:
Վագրը սովորական գիշատիչ էր` ոչ պասիվ, ոչ ագրեսիվ, եթե ոմանց ատամներ ցույց տվեց, թող պատճառն իրենց մեջ գտնեն, եթե ոմանց էլ մեջքին առավ, թող պատճառն իրենց արժանիքները չհամարեն:
2011
Տարին Հայաստանում նախընտրական է, թեև դա պայմանական է, որովհետև քաղաքական կյանքում «նախ» ու «հետ» չի լինում, ընտրությունը միշտ է: Եվ որովհետև տարին նախընտրական է, բերելու է անխուսափելի փոփոխություններ: Քաղաքական յուրաքանչյուր ուժ իր պատկերացումների և ունակությունների սահմաններում կարեցածն անելու է հնարավորությունները բազմապատկելու համար, և, որովհետև ընտրախավն ըստ քաղաքական ուժերի ցանկությունների չի բազմապատկվում ու բաժանվում, փորձելու են սեփականը պահելով` ուրիշներինը սեփականել: Չարլզ Դարվինը դեռ 19-րդ դարում է գրել գոյության պայքարի և ուժեղի հաղթելու պայմանների մասին: Բնության օրենքները համարյա նույնությամբ պրոյեկտվում են հասարակական կյանքում:
Իսկ դա նշանակում է, որ այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում բացվում են նոր հնարավորությունների դռներ: Մասնավորապես` ներկուսակցական, ընդհանրապես միջկուսակցական, առանձնապես ոչկուսակցական կյանքում: Նրանք, ովքեր իշխանություն են, կարող են ամրապնդել իրենց իշխանությունն ավելի կամ կորցնել: Նրանք, ովքեր ընդդիմադիր են, կարող են իշխանության գալ կամ ամրապնդել իրենց ընդդիմադիր դիրքերը:
Նրանց համար, ովքեր ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն, պարզապես Հայաստան աշխարհի ժողովուրդն են, որ 4-5 տարին մեկ ընտրազանգված է դառնում, իսկ մնացած ժամանակ նորմալ կյանք է ակնկալում, կարևորը խաղաղությունն է, ապրելու, աշխատելու, հանգստանալու հնարավորությունը:
Բոլորին պետք է հաղթանակ, թեկուզ փոքր, թեկուզ անձնական մասշտաբի, բայց սեփական փոքրիկ ուրախություն, ինքնահաստատումի ու հեռանկարի հստակություն, կորուստ-ձեռքբերումների հանրագումարի դրական տարբերություն:
2011-ի տարեվերջին վերջնական խմբագրումները կարվեն, բայց ակներևաբար 2011-ին.
. ոչ մի շրջադարձային փոփոխություն չի լինելու Լեռնային Ղարաբաղի հարցում` ստատուս քվոն պահպանվելու է դեյուրե ու դեֆակտո,
. Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը` օրումեջ սպառնալու է պատերազմով և հրճվելու է ինքն իրենով,
. նույն շրջագծում են մնալու հայ-թուրքական հարաբերությունները,
. Եվրամիությունն արևելյան հարևանության կիսաքայլեր է անելու, ներկայացնելու է պահանջներ, ֆինանսավորելու ծրագրեր, թվալու է շատ հետևողական, բայց լինելու է պահեստային խաղացող,
. ԱՄՆ-ը ժողովրդավարության, խաղաղության, բարեկեցության իր գծակարգով է շարժվելու, որը Հարավային Կովկասի իրական քարտեզին հաճախ չի համապատասխանում,
. Ռուսաստանն իր ավանդական շահերի ոլորտ համարելով տարածաշրջանը` ձգտելու է ուժերի գործող համամասնությունը չխախտել որևէ ոլորտում` քաղաքականից ռազմական, տնտեսականից մշակութային,
. համակարգային փոփոխություններ և արտահերթ ընտրություններ չեն լինելու,
. ներիշխանական պարզաբանումներն ընթանալու են մի նշանաբանով` ոչ մի ձայն ընդդիմությանը,
. ՀՀԿ-ն չի ասելու, բայց անելու է, ԲՀԿ-ն ասելու է, բայց չի անելու, ՕԵԿ-ն ասածն անելու է, բայց չի ասելու,
. ՀՅԴ-ն փորձելու է մնալ կառուցողական ընդդիմություն, բայց շատ կառուցողական լինելով` թվալու է իշխանություն, շատ ընդդիմադիր լինելով` թվալու է մերձիշխանություն,
. ՀԱԿ-ը շարունակելու է ինքն իր մեջ ոգևորության աղբյուրներ որոնել, միտինգ առ միտինգ հիշելու է ժողովրդին, միջակայքում` որ ինքը հաղթել է, բայց իշխում են «ավազակապետերը»,
. հրաժարականներ ու պաշտոնազրկումներ լինելու են, բայց նշանակություն ունենալու են միայն պաշտոնը կորցրածի ու պաշտոն ստացածի համար, համակարգը գործելու է նորաթուխներին իրեն հարմարեցնելու մեխանիզմով,
. ժողովուրդը` Հայաստանում ու Հայաստանից դուրս, մտածելու է, որ լավ է այնտեղ, ուր ինքը չկա, և շարունակելու է իր ներսում որոնել այն խենթուխելառին, որ ճշգրիտ պրագմատիզմը մի կողմ թողած` վճռական մենակի համառությամբ գալու ու ի հեճուկս հաղթելու է,
. 2012-ից առաջ տարին ամփոփելիս քննադատության պակաս չի լինելու, որովհետև ընտրության նախօրեին բոլորը գիտեն ինչ անել, բայց պարզվում է` ընտրությունից հետո ոչ ոք չգիտի ինչպես անել:
2010-ին ու 2011-ին մեզնից հեռացան մարդիկ, որոնք, բացի իրենց հարազատների ու մտերիմների անհրաժեշտությունը լինելուց, մեր կողքին էին, ապրում էին մեր ու իրենց հայրենիքի կյանքով: Մեզնից յուրաքանչյուրն անկրկնելի է, ու մեզնից յուրաքանչյուրն անփոխարինելի է` հաստատեցին նրանք, և տա Աստված` մենք դա հասկանանք: Երբևէ:
Գաբրիել Գարսիա Մարկեսը 100 տարվա մենությունից հետո վկայում էր, որ Աստված կա:
Եթե Մարկեսին չեք հավատում, հավատացեք Աստծուն:
Կատվանապաստակը խոստումներ չի տալու, բայց կարեցածն անելու է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ