38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երկխոսություն բիզնեսի և բարձր տեխնոլոգիաների միջև

Երկխոսություն բիզնեսի և բարձր տեխնոլոգիաների միջև
20.06.2008 | 00:00

Հունիսի 26-ին և 27-ին Երևանում տեղի կունենա DigiTec Business համաժողովը, որն անցկացվելու է «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսությունե նշանաբանի ներքո։ Նշենք, որ 2007-ին DigiTec ցուցահանդեսի ընթացքում ամերիկյան խորհրդատվական ընկերության անցկացրած հարցումները պարզեցին, որ ցուցահանդեսի այցելուների շուրջ 20 տոկոսը ձեռնարկությունների ղեկավարներ են, ովքեր հետաքրքրված են համակարգչային, ծրագրային, հեռահաղորդակցական և այլ տիպի լուծումներով` սեփական ձեռնարկությունում կիրառելու համար։
Միջազգային կառույցների հետազոտությունները ցույց են տվել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մակարդակով Հայաստանն աշխարհում գտնվում է 106-րդ տեղում` ամեն տարի իր դիրքերը զիջելով մոտ 10 հորիզոնականով և իրենից հետո թողնելով 10-15 աֆրիկյան պետությունների։ Այսպիսով` մի կողմից կա հայաստանյան ձեռնարկատերերի պահանջարկը, մյուս կողմից` անկախ փորձագետների ոչ մխիթարական գնահատականը։ ՈՒստի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը որոշեց կազմակերպել հատուկ բիզնես-ֆորում, որը բաց կլինի ձեռնարկությունների ղեկավարների, ՏՏ գծով պատասխանատուների, հաշվապահների, ֆինանսական տնօրենների համար։ Այսինքն` այն մարդկանց համար, ովքեր ուղղակիորեն հետաքրքրված են, որպեսզի կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումները` բարձրացնեն իրենց ձեռնարկության աշխատանքի արդյունավետությունը և մրցունակությունը։
Ֆորումը նպատակ ունի աջակցելու տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության տարբեր ասպարեզներում, ներկայացնելու բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական հնարավորությունները։ Միևնույն ժամանակ DigiTec բիզնես-ֆորումը կոչված է նպաստելու գործարար միջավայրի զարգացմանը և նոր գործարար կապերի ձևավորմանը։
Գործարար միջավայրում գործունեություն ծավալողները գիտակցում են, որ տնտեսական զարգացման հիմքը պետք է լինի ակտիվ տեմպերով արտադրողականության և մրցունակության բարձրացումը, այլապես միջազգային շուկայում դիմակայելը և մրցունակ լինելը բավականին դժվար է։ Իսկ շուկայական մրցակցությանը դիմանալու առաջին նախադրյալներից մեկը տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է, ինչը կհանգեցնի կառավարման արդյունավետության, բիզնեսում թափանցիկության բարձրացմանը։
Միջոցառմանը կմասնակցեն տարբեր ոլորտների գործարարներ, արտադրական և ֆինանսական ծառայությունների, ՏՀՏ կազմակերպությունների ղեկավարներ և մասնագետներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում են աշխարհահռչակ Intel, Hewlett Packard, IBM ընկերությունները, ինչպես նաև տեղական շուկայում քաջ հայտնի կազմակերպություններ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով Հայաստանը մեծ ներուժ և մարդկային հարուստ ռեսուրսներ ունեցող երկիր է, սակայն բավական հետ է մնում համաշխարհային միտումներից, և, ոլորտի մասնագետների համոզմամբ, միայն թիմային գործակցության շնորհիվ կարող է հասնել համեմատաբար դրական արդյունքների:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 13331

Մեկնաբանություններ