Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը
08.09.2009 | 00:00

ՉԿԱՂԱՊԱՐՎԱԾ ՀԱՅԱՑՔ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ-4
«Բարիներին, արդարամիտներին, աստվածասերներին, իմ սիրելի եղբորն ու աթոռակցին՝ Աղվանից կաթողիկոս տեր Աբասին, Բաղասատի եպիսկոպոս Մովսեսին, Կապաղակի եպիսկոպոս Գրիգորին, Ամարասի եպիսկոպոս Հռոմիկին, Բաղասականի եպիսկոպոս Տիմոթեոսին, Շաքիի եպիսկոպոս Ամբակումին, Գարդմանա եպիսկոպոս Հովհաննիկին, Մեծկողմանց եպիսկոպոս Ղևոնդին»:
Հասցեատեր յոթ եպիսկոպոսներից 4-ը Կուրի աջափնյակից են, երեքը՝ ձախափնյակից՝ Կապաղակից, Շաքիից ու Բաղասականից:
Աղվանից աշխարհի համար պակաս անմխիթարական չսկսվեց նաև 7-րդ դարը: Շարունակվում էին պարսկա-բյուզանդական ավերիչ պատերազմները Աղվանքում, իրենց ավերածություններն ու գերեվարումներն էին կատարում իրար փոխարինող խազարներն ու հոները, երկիրը մատնված էր կատարյալ անտերության: Այս պայմաններում քաղաքական ասպարեզ է իջնում Աղվանք թափանցած Միհրանյան տոհմը:
Ներկայացնելով Ջիվանշիրի կառավարման տարիները՝ Աղվանից աշխարհի պատմության հեղինակը նշում է, որ Ջիվանշիրն «իր անձով ամբողջ Աղվանքն էր ներկայացնում»: Արդեն մայրամուտ ապրող Սասանյան տերությունից ապստամբած Ջիվանշիրը պարսկական զորքերին ջարդում է Կամբեճանում և Աղվանք թափանցած խազարների զորքերին Աղվանքից քշում դեպի Չող: Վերջապես Ջիվանշիրի կառավարման ժամանակ է, որ Աղվանքի կաթողիկոս է ընտրվում Շաքիի եպիսկոպոս Եղիազարը (683-689):
Ամբողջ Անդրկովկասի հետ Աղվանից աշխարհը ևս դարի 40-ական թվականներից ենթակա է արաբական տիրակալությանը: Այժմ էլ բորբոքվում են արաբա-բյուզանդական հակամարտությունները: Պատմիչն ինչքան գովեստներ է շռայլում Աղվանից իշխան Ջիվանշիրի հասցեին, միաժամանակ նշում է, որ նա հարկատու է երեք տիրողների՝ արաբներին, հոներին ու բյուզանդացիներին, իսկ նրան փոխարինած Վարազ-Տրդատին իր որդիների հետ տեսնում ենք բյուզանդական գերության, վերջինիս փոխարինած Շերո իշխանին էլ` արաբական գերության մեջ: Քաղաքական նման պայմաններում Աղվանքի ներքին կյանքի մասին տեղեկություն ենք իմանում դարձալ հոգևոր-եկեղեցական տեղաշարժերից:
Դարի վերջերին դարձյալ գլուխ է բարձրացնում դավանաբանական խառնակչությունը: Այս անգամ արդեն բյուզանդական գերության մեջ գտնվող Վարազ-Տրդատի կին Սպրամն է դառնում քաղկեդոնականություն բորբոքողը: Նրա աջակցությամբ քաղկեդոնիկ Ներսես Բակուրը դառնում է Աղվանից կաթողիկոս և հալածանք սկսում լուսավորչական հավատի հետևորդների դեմ: Աղվանից հոգևորականներն ու իշխանները ստիպված դիմում են հայոց կաթողիկոս Եղիայի օգնությանը: Վերջինս դիմում է Պարտավի արաբ ոստիկան Աբդլմելիք Ամիրմոմնիին, և պատժում են հերձվածողներին: Այդ ներազգային բուռն ընդհարմանը հավասարապես մասնակցում են Աղվանքի՝ Կուրով բաժանված երկու հատվածների հոգևորականներն ու իշխանները, և Կուրի ձախափնյակից հականե-հանվանե հիշատակվում են Կապաղակի, Հոշո, Աղածոբի հոգևոր պետերն ու Աղբերդի (նախկինում` Քաղադաշտ, հետագայում` Արեշ-Աղդաշ), Կապաղակի, Կամբեճանի իշխանները:
Միաժամանակ արաբ ոստիկանը կազմում է Աղվանքի իշխանների ցուցակը, և հերձվածողների դատաստանին հաջորդում է Աղվանից իշխանների աքսորը Ասորիք: «Սրանից հետո Աղվանքի իշխան Շերոյին ազնվականների հետ տարան Տարոն, իսկ այնտեղից էլ՝ Ասորիք: Այս ժամանակ հայոց հարյուր հիսուներեք (705) թիվն էր»:
Վրա հասած 8-րդ դարն ամբողջությամբ և 9-րդ դարի առաջին տասնամյակները բնութագրվում են մեկը մյուսին փոխարինող արաբ ոստիկանների կատարած ավար-ավերումներով ու գերեվարումներով ամբողջ Անդրկովկաս-Արմինիայով մեկ և արաբական տիրապետության դեմ ծավալված անընդմեջ ընդվզումներով: Այդ երկարատև վայրիվերումների ընթացքում արաբ տիրողները ստեղծել էին Դերբենդի, Շիրվանի ու Շաքիի վարչատարածքային միավորները, որոնք Արևելյան Անդրկովկասի հետագա դարերի պատմության ուղեկիցներն էին դառնալու ընդհուպ մինչև ռուսական տիրապետության տակ անցնելը: Իրենց տիրապետությունն ամրապնդելու, նվաճված երկրների կողոպուտն ավելի արդյունավետ դարձնելու նպատակ հետապնդող այդ վայրիվերումների ընթացքում Աղվանից աշխարհին առնչվող մի վկայության ենք հանդիպում ժամանակի պատմիչ Ղևոնդի մոտ, որը վերաբերում է 760-ական թվականներին:
Արմինիայի ոստիկան Եզիտը, կամենալով ազատվել խազարների անվերջ ասպատակություններից, ամուսնանում է խազարաց Խաքանի աղջկա հետ: Սակայն կարճ ժամանակ հետո Խաթունը մահանում է, և խազարները, համարելով դա դավի արդյունք, վերսկսում են իրենց ասպատակությունները: Պատմիչը նշում է. «Ասպատակ սփռելով Կուր կոչված հզոր գետի հյուսիսային կողմերում, առան բազում գավառներ՝ Հեջար, Քաղա, Ոստան-Մարզպան, Հաբանդ, Գեղավու, Շաքե, Բեխ, Խեյնի, Կամբեճան, Խողմազ: Այս գավառները Աղվանից աշխարհում են...Հավաքելով գերիների բազմությունը և բազում ավար՝ դարձան իրենց բնակավայրերը»:
8-րդ դարից մի վկայություն էլ հաղորդում է արաբ պատմիչ Բալաձորին 748 թվի ապստամբության առիթով. «Շամախու շրջանում արաբների դեմ պայքարը գլխավորում էր հայազգի Միքայելը»։
Բայց արաբական տիրակալները միաժամանակ անհրաժեշտության դեպքում օգտագործում էին խազարներին` Անդրկովկասն իրենց ենթակայության տակ ճզմված պահելու համար: 9-րդ դարի կեսերին, երբ անկասելի թափ էր ստացել ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ, խազարներին տեսնում ենք արաբ տիրողներին աջակցողի դերում: Այդ առումով ուշագրավ է Կաղանկատվացու մի վկայությունը. «Եկավ խազր Փատգոսը, բայց նույն տարին մեռավ, իսկ նրա որդին եկավ ու գրավեց Աղվանքը սրով ու գերությամբ և բազմաթիվ եկեղեցիներ այրեց ու գնաց Բաղդադ: Ապա այնտեղից արքունի հրամանով վերադարձավ և փողով Արշակաշեն գավառում 295 (847) թվականին կառուցեց Գանձակ քաղաքը»: Գանձակ քաղաքն էլ դառնում է արաբ ոստիկանի նոր նստավայրը` Պարտավի փոխարեն:
9-րդ դարի Արմինիա փոխարքայության պատմությունը բնութագրվում է ազգային-ազատագրական պայքարի բուռն վերելքով, և այդ պայքարում բնավ էլ երկրորդական չէր Աղվանից աշխարհի հայության դերը: Ճիշտ է, նոսրացել էին Կուր-Արաքսյան հարթավայրի հայ բնակչության շարքերը, արաբները հայ իշխաններից խլել էին Պարտավ մայրաքաղաքը, նախորդ դարերի պես այլևս չէին հիշատակվում արտաքին ներխուժումների ժամանակ դաշտավայրային բնակչության՝ լեռնային շրջաններում ապաստանելու փաստեր, բայց լեռնային ամուր շրջաններում ապրում էր մի հոծ հայկական զանգված, որի հերոսական պայքարն արաբ նվաճողների դեմ, ի վերջո, պսակվելու էր հաղթանակով:
9-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած՝ Աղվանից աշխարհի Առանշահիկ իշխանական տները փայլուն էջեր են գրում հայոց ազատագրական պայքարի պատմության մեջ: Եթե Աղվանից իշխաններից Եսայի Աբու Մուսեն հաղթական մարտեր էր մղում Բաբեկի, ապա Բուղայի հրոսակների դեմ երկրի հարավային շրջաններում, զուգահեռաբար ավելի բախտորոշ իրադարձություններ էին ծավալվում հյուսիսային շրջաններում:
Դեռևս 8-րդ դարի սկզբներին արաբ ոստիկան Աբդլմելիք Ամիրմոմնիի պահանջած Աղվանից աշխարհի իշխանների ցուցակից երևում է, որ Առանշահիկ իշխանական տները դեռևս դրության տերն էին: Ահա այդ իշխաններից մեկը՝ «արքաների զարմից Պատրիկ Քորոյանը, որի տոհմը միևնույն Վաչագան արքայի հրամանով բնակվեց Աղբերդ գավառում (հետագայում` Արեշ-Աղդաշ), սրա նախնիները քաջ Վաչագանն ու Վաչեն էին»:
Իշխանական այդ տան շառավիղներից էր 9-րդ դարի ազատագրական պայքարի կազմակերպիչներից մեկը՝ Շաքիի տեր Սահլ Սմբատյանը: Այդ մասին տեղեկանում ենք Թովմա Արծրունու «Պատմությունից», ուր արաբ զորավար Բուղայի գերեվարած հայ իշխանների ցանկում հիշատակվում է նաև «Սմբատի որդի Սահղը՝ Շաքիի տերը, որ ձերբակալեց Բաբանին»:
Կաղանկատվացին Սահլ Սմբատյան Եռանշահիկ իշխանին առաջին անգամ հիշատակում է 822 թվականի իրադարձությունների նկարագրության մեջ: «Իսկ երբ լրացավ հայոց 270 (822) թիվը, Պարտավից գաղտնի դուրս եկան արաբ ընտիր մարդիկ, ավարի ենթարկեցին Ամարաս գավառը և, մոտ հազար հոգի գերեվարելով, ամրացան Մեծիրանքի սահմանում մի տեղ, որ կոչվում է Շիկաքար: Այդ ժամանակ քաջ ու շքեղատեսք Սահղի Սմբատյան Եռանշահիկ իշխանը և իր քաջազոր եղբայրներն իրենց զորքերով լուսադեմին վրա տվին... և ինչպես առյուծի ժանիքներից, գերիներին խլեցին»:
Երկրորդ անգամ Սահլ Սմբատյանը 838 թվին ջարդում է Աղվանք ներխուժած արաբական 12-հազարանոց զորքը, «նույն տարին միևնույն իշխան Սահղի Սմբատյանը ձերբակալում է ապստամբ Բաբանին... և հանձնում է Ամիրմոմնիի ձեռքը: Իր վաստակների դիմաց արքունիքից մեծ վարձատրություն է ստանում, իրավունք է ստանում Հայաստանի, Վրաստանի ու Աղվանքի վրա՝ բոլորին տիրելու արքայական իշխանությամբ»:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ