ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ՈՐՏԵՂ ՉԿԱ ՀԵԶՈՒԹՅՈՒՆ, ԱՅՆՏԵՂ ՉԿԱ ՍԵՐ»

«ՈՐՏԵՂ ՉԿԱ ՀԵԶՈՒԹՅՈՒՆ, ԱՅՆՏԵՂ ՉԿԱ ՍԵՐ»
21.01.2011 | 00:00

Ամբողջ Ավետարանը լցված է մերկացումներով, ու մերկացնում է Նա, Ով ամենից շատ էր սիրում։
Մենք պետք է փնտրենք մեր մեջ, դաստիարակենք, վաստակենք սերը, աղոթենք նրա համար օր ու գիշեր, սակայն այդ ամենը պետք է սկսենք խոնարհությունից, զգալով կամ գիտակցելով այն, որ մենք արժանի ենք ամեն տեսակի դատապարտման, մինչև իսկ անարդար, չխոսելով արդեն արդարի մասին։
Սուրբ Հայրերը համառորեն, ամենուրեք կրկնում են. «Սիրո նախակարապետը հեզությունն է», «Որտեղ չկա հեզություն, այնտեղ չկա սեր»։ Առանց դրա, առանց պարսավանքն ընդունելու պատրաստակամության մեր սերը կնմանվի այդ միստեր Չեդբենդի (Չ. Դիկենսի «Սառը տուն» վեպի գործող անձ) սիրուն, որը, կարծեմ, այսպես էր ասում. «Կատարենք դա հանուն սիրո»։
Ես միշտ անկեղծորեն ասել եմ քեզ ու ինքս ինձ. «Մեր մեջ ահավոր քիչ է սերը»։ Ես արդեն ամեն ինչ բաց եմ թողել, իսկ դու դեռ հնարավորություն ունես բաց թողածն աստիճանաբար լրացնելու։ Սիրո համար մեզնից ո՛չ վեպեր, ո՛չ էլ աստվածաբանական հոդվածներ են պահանջվում, այլ ամենօրյա հարաբերություններ կենդանի մարդկանց հետ։
Սակայն սիրո ջերմությունը հենց առօրյայում, ոչ թե հոդվածներում և դատողություններում պահպանելն անհավատալիորեն դժվար է, ինչն էլ ապացուցում է սիրո բարձրահարգ ոսկի լինելը։ Միշտ պարտավոր ես կարգի բերել ինքդ քեզ։ Ահա դու գրում ես մետրոյի մասին, որ քո կողքով «քայլում են ռոբոտները», ու մեկ էլ, որ ավելի թունդ է, քո մենակության սարսափի մասին դրանց մեջ։ Չի՛ կարելի այդպես մտածել, հասկացի՛ր, սիրելիս։ Ես չեմ խոսի Աստծու կերպարանքի մասին, որի ճառագայթը չի հանգչում մարդու մեջ մինչև Աստծո վերջին դատաստանը։ (Իսկ ի՜նչ զարմանալի է զգալ մետրոյում այդ պայծառ և անապական շողը։ Ինչպիսի՜ ուրախություն ես զգում այդ պահին։) Ես կհիշեմ հայր Նիկոլայ Գոլուբցովի խոսքերը։ Նա ինձ ասաց. «Եթե ցանկանում եք ինչ-որ ձևով կարգավորել ձեր հոգևոր հարաբերությունները մարդկանց հետ, երբեմն կրկնեք ինչ-որ մեկի այս խոսքերը. «Բոլորը սուրբ են, բացի ինձնից»»։
Դրա մեջ կա պարադոքս, բայց խոր և իմաստուն պարադոքս, որի մեջ կա փակ դռների ինչ-որ բանալի։
Ես սիրում եմ կյանքը, և սիրում եմ մեծ ու անհաղթահարելի սիրով, որովհետև գիտեմ, որ այս կյանքը չի ավարտվում գերեզմանով։ Կյանքն ինձ համար գանձ է, որը տրվել է ինձ հավիտյան։ Ինչպես պահպանել այն իմ և երեխաներիս մեջ` դրան են ուղղված բոլոր ուժերս։ Եթե դա լիներ ինչ-որ մի այլ գանձ, գուցե ավելի պարզ ու հասարակ լիներ։ Բայց այդ գանձը հենց Կյանքն է, այսինքն` այն, ինչը մանրագույն կաթիլներով լցնում է ամբողջ գոյությունը, ամեն մի բառ, յուրաքանչյուր արարք, ամեն հառաչանք։ Այստեղ չկան մանրուքներ, և չի կարող լինել երկու կյանք։ Կյանքի միօրինակ օրերը նույնպես կյանք են։ Այստեղից է իմ պահանջկոտությունը, որը երբեմն կարող է լինել անտանելի։ Սակայն չեմ ուզում չափազանցել։ Գիտեմ` կյանքը նույնպես պահանջում է, որ քայլես ամուր, սովորես, ապրուստ վաստակես, լինես հմուտ։ Մենք ապրում ենք այնպես, որ ամեն ինչում լինենք իմաստուն։ Սակայն այդ իմաստությունը պետք է զուգակցվի պարզության, կյանքը մանկական մաքրությամբ ընկալելու հետ ոչ միայն սրտով, այլև մտքով։ Ինչպե՞ս դա զուգակցեմ իմ և երեխաներիս մեջ։ Դա է մշտական հոգսս։
Կարծում եմ, որ մարդը կարող է ամբողջ կյանքում չկարդալ ոչ մի գրված պատվիրան, որը պահանջում է այս կամ այն բարոյական մաքրությունը, բայց միևնույն ժամանակ իմանալ դրանք։ Նա միայն կարող է ձևացնել, թե չգիտի դրանք։ Իսկ նրանք, ովքեր կարդացել են, կրկնակի երանելի են։
Հավատը դատարկ հնչյուն է, եթե նրանից սեր չի հոսում։ Միայն «վիրավոր» հավատն է, այսինքն` որից սերն է հոսում, ճշմարիտ։ Այլապես նա մեռած է, իսկ ամեն մի մեռած մարմին սարսափելի է կենդանության բացակայության պատճառով։ Մեռած հավատը և մեռած հավատով մարդիկ ամենասարսափելին են։ Եվ ընդհակառակը, կան մարդիկ, որոնց համար հավատը սիրո անդադրում շարժում է։ Սերը հենց այն պատճառով է սեր, որ շարժվում է դեպի ուրիշները, անդադրում շարժման մեջ է, այսինքն` այն բանի, ինչը հակառակ է մահվանը։
Կյանքում գոյություն ունեն ինչ-որ համակենտրոն շրջաններ. ինչքան մոտ են ելման կետին, այնքան ուժեղ են և հստակ։ Հոգին ակամա ձգտում է այդ ելման կենտրոնին, որպես իր սկզբին և անդորրությանը։
Այդ պատճառով գրքերից հեռանալն օրինաչափ և ճշմարիտ է այն ժամանակ, երբ կատարվում է ոչ թե մեծամտությունից, այլ կատարյալ գոյություն գտնելու տենչից, անիմաստ շարժումից հեռանալու ցանկությունից դեպի անպատմելի անդորրը` ամեն մի արարման աղբյուրը, այն ժամանակ, երբ մարդը գտնում է Աստծո Խոսքը (Բանը) և սկսում է հասկանալ, որ կյանքն իր մեջ առաջին անգամ Կյանք է և առաջին անգամ` Երանություն։
Ի միջի այլոց, չդատել ամենևին չի նշանակում համաձայնել կամ հավանություն տալ։ Դա նշանակում է միայն մահվան դատավճիռ չկայացնել կամ, պարզ ասած, լինել ներողամիտ, իսկ ներողամիտ լինելը չի նշանակում հրաժարվել սեփական կարծիքից։
Աստծու խենթերը բացառիկ հոգևոր ազնվության տեր մարդիկ էին, և հավատը նրանց համար դատարկ բաներով զբաղվել չէր։ Նրանց ինքնախոշտանգումը սարսափելի չէ, հասկանալի է։ Նախ, դա մեծ չափով պայմանավորված էր ոչ թե հենց նրանցով, այլ նրանց շրջապատող մարդկանցով։ Նրանց չէին հասկանում, հաճախ վռնդում և համարյա միշտ նեղացնում էին։ Դժվար թե վաճառականը, որին նա դիմակազերծել էր, համակրանք զգար նրա նկատմամբ։ Նրանց վրա ծիծաղում էին նույնիսկ այն մարդիկ, ովքեր լավ էին հասկանում նրանց։ Ստացվում է ոչ թե ինքնախարազանում, այլ խարազանում դրսից։ Երկրորդ, ճշմարիտ հավատը փնտրում է խաչը։ Իհարկե, փնտրել այնտեղ, որտեղ նրանք էին փնտրում, այսինքն` նույնիսկ սաստիկ սառնամանիքին, կարող էին միայն նրանք։ Դրա մեջ էին նրանք փնտրում մարդկային դիմացկունության սահմանը։ Նրանց հոգևոր արիությունը մարտահրավեր էր նետում բնության սովորական օրենքներին, նրանք, ասես, կուզենային հասնել այդ բնության վերջնակետին և նայել ավելի հեռուն։ Սակայն նրանց համար ամենաատելի բանը կեղծավորությունն է։ Նրանցից մեկը երբեմն մտնում էր տաճար արարողության ժամանակ, բարձրանում էր բեմ և այնտեղից կաղին շպրտում աղոթողների վրա կամ, հավանորեն, նրա վրա, ով, ինչպես նա գիտեր, կեղծելով էր աղոթում։ Խաչը փնտրել նշանակում է չմոռանալ նրա մասին, այն միշտ կրել սրտում և իրենից չվանել, երբ նա շոշափելի է դառնում վշտի կամ ծանր բեռի տեսքով։
Յուրաքանչյուր մարդ կյանքում պետք է լինի զինվոր, մեն և միակ իմաստով, որ նա չպետք է դասալիք դառնա կյանքի հանդեպ, պետք է լինի առնական և կյանքին հավատարիմ մինչև վերջ։ Իսկ հավատը կյանքի նկատմամբ այն է, որ, բացի կյանքի տառապանքից, կա կյանքի այնպիսի այգեստան, մարդկային կյանքի, մարդկային հարաբերությունների, բնության, արվեստի, մարդկային սրտի այնպիսի երանելի բուրմունք, «որը կանխապես հաղթանակ է տոնում մահվան հանդեպ»։
Ստեղծագործելը կյանքում նույնն է, ինչ արվեստում։ Եթե ես Պուշկինից ցածր եմ, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ չեմ կարողանում բանաստեղծություններ գրել, այլ այն, որ չեմ ցանկանում հասնել այն իմաստությանը, պարզությանը և անդորրին, որոնք ինչ-որ չափով կային Պուշկինի մեջ։ Իսկ եթե ուզում ու հասնում եմ, ապա նրան նախանձելու պատճառ չունեմ, ինչպես նա ինձ։
Կարևոր է, հետևաբար, ոչ թե «գրելու» ունակությունը, այլ ապրելու հմտությունը։ Եթե ես կարողանում եմ «գրել», բայց չեմ կարողանում «ապրել», ապա ես ոչնչություն եմ։ Եվ այսպես, դժբախտաբար, շատ գրողներ միայն «գրում էին», իսկ գրելն ամենից հեշտն է։
Ի միջի այլոց, սա, այսպես ասած, փակագծերում. նկատիր մի շատ հետաքրքիր բան. տղամարդիկ շատ են սիրում արվեստը, իսկ կանայք` ոչ կամ շատ ավելի քիչ։ Եվ ես կարծում եմ, որ դա ոչ թե այն պատճառով է, որ տղամարդը, որպես ստեղծագործող, փնտրում է իր ստեղծագործության համար դրսևորման ձևեր, այլ այն պատճառով, որ կինը տղամարդուց ավելի խոր, ավելի ուժեղ է սիրում կյանքը և ուզում է, որ տղամարդը լինի արարող հենց այս կյանքում, հենց կյանքի մեջ, այլ ոչ թե մտքերի, նախազգացումների մեջ։ Կինը ցանկանում է, որ տղամարդը լինի ռազմիկ, ոչ թե պոետ, քանզի ռազմիկը հաղթում է կյանքին։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ