Ծանրամարտն այն մարզաձևն է, որի ներկայացուցիչները մրցաշրջանի ընթացքում ամենաշատ մեդալներն են պարգևում մեր երկրին: 2010-ի մրցաշրջանը դեռևս չի ավարտվել, սակայն երկաթախաղի հայ վարպետներն արդեն մի քանի տասնյակ մեդալների են տիրացել: Թե ինչ ակնկալիքներ կան առաջիկայում, խնդրեցինք ներկայացնել ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:
-Հայաստանի 20 և 23 տարեկանների հավաքականների ծանրորդներն ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում Աբովյանում և Ծաղկաձորում: 28 մարզիկ պարապում է Աբովյանում, տասը` Ծաղկաձորում: Պարզապես, մարզվողների թիվը մեծ է, այդ է պատճառը, որ նրանք երկու մասի են բաժանվել: Նույն տարիքի ծանրորդուհիներն ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում Գյումրիում: Բոլորն էլ նախապատրաստվում են մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է նոյեմբերի 20-27-ին` Կիպրոսում:
-Այդ ստուգատեսներին Հայաստանից քանի՞ մարզիկ-մարզուհիներ կմասնակցեն:
-Շուրջ երկու տասնյակ: Մինչև 20 տարեկանների առաջնությունում ուժերը կչափի 6-7 մարզուհի, նույնքան էլ` մարզիկ: Հայաստանի առնվազն 8 ներկայացուցիչ էլ հանդես կգա բարձր տարիքի երիտասարդների առաջնությունում: Սպասելիքները մեծ են: Ընդ որում, թիմերի կազմերում ընդգրկվել են հեռանկարային նոր ծանրորդներ: Կփորձենք ապացուցել, որ ոչ միայն մեծահասակների, այլև երիտասարդների ուժեղ թիմեր ունենք:
-Մեր անվանի մարզիկ-մարզուհիներից կընդգրկվե՞ն հավաքականների կազմերում:
-Մրցահարթակ դուրս կգան Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, փորձառու ծանրորդուհիներ Էլեն Գրիգորյանը, Քրիստինե Պետրոսյանը: Իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն կստանան 2010-ի Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Աղասի Աղասյանը, պատանեկան օլիմպիադայի մրցանակակիր Սմբատ Մարգարյանը, ուրիշներ: Ստուգատեսին կմասնակցի նաև լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին` Նորիկը: Նա նախկինում հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականի կազմում` 94 կգ քաշային կարգում: Երիտասարդ մարզիկը բարձր կիլոգրամներ է սանձում: Նախապատրաստվում է նաև օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի եղբորորդին` Արայիկ Միրզոյանը: Ի դեպ, երիտասարդ նոր մարզիկներ ունենք, որոնք ծանր քաշերում են մրցելույթներ ունենալու:
-Ովքե՞ր են մեր ծանրորդներին նախապատրաստում առաջիկա փորձություններին:
- Երիտասարդների հավաքականը մարզում է Աշոտ Դանիելյանը, իսկ աղջիկներինը` Արտաշես Ներսիսյանը:
-Ծանրամարտի սիրահարներին հետաքրքրում է, թե ինչ վիճակում է Արա Խաչատրյանը, որը ձեռքի վնասվածք էր ստացել Թուրքիայում վերջերս անցկացված աշխարհի առաջնությունում:
-Նա ներկայումս Մոսկվայում է, շարունակում է վերականգնվել, ապաքինվել: Վիրաբուժական միջամտության կարիք չկա: Պարզապես, ժամանակակից մեթոդներով նա լազերային բուժում է ստանում Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական վնասվածքաբանական հիվանդանոցում: Նախատեսված է, որ նա մասնակցելու է ապրիլին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
-Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան ի՞նչ որոշում է կայացրել աշխարհի առաջնությունում անհաջողության մատնված մարզիկների մասին: Ինչպիսի՞ն է լինելու նրանց հետագա ճակատագիրը:
-Աշխարհի առաջնությունից առաջ Գևորգ Դավթյանն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը առողջական խնդիրներ չեն ունեցել, չեն դժգոհել, որ կարող է վնասվածքը խանգարել իրենց: ՈՒստի բոլորիս համար անսպասելի էր այն ամենը, ինչ կատարվեց մրցավայրում: Դավթյանը և Մարտիրոսյանը, եթե ցանկություն ունեն մարզումները շարունակելու, ապա փետրվարին կարող են մասնակցել Հայաստանի առաջնությանը: Եթե նրանք բարձր արդյունքներ ցույց տան, և դրանք գոհացնող լինեն, ապա այդ մարզիկները կընդգրկվեն մեր երկրի ազգային հավաքականի կազմում և կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
-Կարելի՞ է ենթադրել, որ այդ ծանրորդներն այլևս թոշակ չեն ստանալու:
-Թոշակը տրամադրվում է այն մարզիկներին, ովքեր բարձր արդյունքներ են ցույց տալիս: Այդ մասին համապատասխան կարգ է սահմանված: Եթե մարզիկն արդյունք ցույց չի տվել, ապա խոսք չի կարող լինել ֆինանսավորման մասին:
-Շատ է խոսվել այն մասին, թե ով կարող է լինել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Այդ առնչությամբ վերջնական վճիռ կայացվե՞լ է:
-Որոշվել է հավաքականի ղեկը վստահել Պողոս Պողոսյանին: Նա մեր ընտրանին կնախապատրաստի օլիմպիական խաղերին: Պողոսյանն օգնել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի վաղամեռիկ մարզիչ Աշոտ Մխիթարյանին, ծանոթ է այն մեթոդներին, որոնցով մեր երկրի ընտրանին նախկինում մարզվել է: Շատ ենք մտածել այդ մասին: Մեկուկես տարի է մնացել Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին, և այժմ կտրուկ քայլերը չեն կարող ցանկալի արդյունք ապահովել: Հնարավոր է` դրանք ճակատագրական սխալի հանգեցնեն: Ինքս այդպես եմ կարծում:
-Իսկ ինչպիսի՞ն են հեռահար ծրագրերը:
-Հայտնի է, որ օլիմպիական խաղերում Հայաստանի մասնակիցների թիվը որոշվելու է 2011-ին` Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո: Խնդիր է դրված օլիմպիական խաղերում ունենալ 5 ծանրորդ և 4 ծանրորդուհի: Ինչքանո՞վ է դա իրատեսական: Մարզուհիները` 90 տոկոսով, մարզիկները 99 տոկոսով կկատարեն առաջադրանքը:
-Հայաստանի հավաքականը կարիք չունի՞ դրսից նոր մարզիկներ հրավիրելու:
-Դրա անհրաժեշտությունը չկա: Նոյեմբերին կայանալիք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո մարզասերները կհամոզվեն, որ հեռանկարային ծանրորդներ ունենք: Ընդ որում, չպետք է բացառել, որ այդ երիտասարդներից մի քանիսը կմասնակցեն նաև առաջիկա օլիմպիական խաղերին:
-Մեր ծանրքաշային հսկա Ռուբեն Ալեքսանյանն այժմ ինչո՞վ է զբաղված:
-Նա պարապում է, լավ մարզավիճակում է, սակայն Ալեքսանյանը բաց կթողնի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Բանն այն է, որ 2011-ին նա երեք խոշոր ստուգատեսի է մասնակցելու` Եվրոպայի երիտասարդների առաջնություն, աշխարհի ուսանողական առաջնություն և աշխարհի մեծահասակների առաջնություն:
-Ծանրամարտի երկիր լինելով` Հայաստանում այս մարզաձևից ոչ մի խոշոր ստուգատես չի կազմակերպվում: Փաստորեն, մեր մարզասերները կարոտ են բարձր մակարդակի կենդանի ծանրամարտի մրցումների: Հնարավո՞ր է, հաջորդ տարի միջազգային որևէ խոշոր ստուգատես անցկացվի մեր երկրում:
-Ոչ, բայց եթե պետությունը համապատասխան ֆինանսավորում ապահովի, ապա հաջորդ տարի հնարավոր կլինի Երևանում մեկ-երկու միջազգային մրցաշար կազմակերպել:
-Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չի՞ աջակցում:
-Միջազգային ֆեդերացիան կարող է աջակցել միայն մեթոդական, կազմակերպական հարցերում, այսօր օգնում է, որ որակյալ ծանրաձողեր ձեռք բերենք, սակայն միջազգային բարձրակարգ մրցումներ անցկացնելու համար ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ, ցուցատախտակներ են անհրաժեշտ, համակարգչային տեխնիկա և այլն: Այդ ամենը թանկ արժե: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան միայն իր ուժերով չի կարող նման խնդիրներ կարգավորել, այդուամենայնիվ, մտածում ենք այդ ուղղությամբ։ Տեսնենք` ինչ կստացվի:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ