ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆՑ, ՈՐ ՔԱՂՑՆ ՈՒ ԾԱՐԱՎՆ ՈՒՆԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ՊԻՏԻ ՀԱԳԵՆԱՆ

ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆՑ, ՈՐ ՔԱՂՑՆ ՈՒ ԾԱՐԱՎՆ ՈՒՆԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ՊԻՏԻ ՀԱԳԵՆԱՆ
29.10.2010 | 00:00

Այն, որ ողորմությունը նշանակում է բարիք գործել դիմացինի հանդեպ, շատերս գիտենք, բայց որ ողորմությունը առավել բարիք է անողի համար, այդ մասին գիտենք քչերս։ ՈՒ հենց այս մասին պետք է հիմա խոսենք ու Ամենաողորմած Աստծո խոսքով՝ Աստվածաշնչով ապացուցենք ասելիքը։
Նախ իմանանք` ինչ է նշանակում ողորմություն։ Ըստ Աստծո խոսքի` այն մարդկային հոգու կենդանության ամենահատկանշական կնիքն է, որովհետև արարվածներից միայն մարդուն է բնորոշ ողորմություն անելը, որովհետև ո՛չ կենդանական աշխարհը, ո՛չ էլ բնաշխարհը այդ հատկությունը չունեն. նրանք բոլորն էլ շնչավոր ու բնազդական կյանքով են ապրում, ոչնչացնելով միմյանց՝ իրենց տեսակը պահպանելով ու շարունակելով։ Իսկ մարդ արարածը, բացի դրանից, ունի մեկ այլ՝ ամենահիմնական առաքելությունը, այսինքն՝ պատրաստվել միայն իր տեսակին ընձեռված հավիտենական կյանքին։ Ահա այդ նախապատրաստության շրջանում, այսինքն` մեր այս ապրած երկրային կյանքի ընթացքում մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք այն մյուս՝ վերերկրային կյանքին։ Իսկ թե ինչպես է դա լինում, ամբողջ Աստվածաշունչը հենց այդ մասին է պատմում, սկսած Ծննդոց գրքից, վերջացրած Հայտնությամբ։
Թեմայից չշեղվելու համար մեջբերենք դրանցից ամենահիմնականները. դրանք կոչվում են ավետարանական երանիներ, որոնք Հիսուս Քրիստոսի անսուտն շուրթերը խոսեցին.
ա) Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
բ) Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
գ) Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
դ) Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
ե) Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
զ) Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
է) Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
ը) Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
թ) Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ (Ղուկ. 6. 20-23)
Հիմա պիտի խոսենք չորրորդ երանիի՝ ողորմության մասին, որի կատարողը ինքն էլ պետք է Աստծուց ողորմության արժանանա։
Մենք ինքներս երբեմն ընկնելով դժվարին կացությունների մեջ և հարաբերվելով դաժան ու բիրտ մարդկանց հետ, որոնցից կախված է եղել նույնիսկ մեր կյանքի լինել-չլինելը, փափագել ենք ողորմություն գտնել այդ դիմացինից, բայց շատ ժամանակ չենք հիշել, որ մենք էլ ենք շատ հաճախ ուրիշների հանդեպ անողորմ եղել։
Ավետարանական այս առակը, որ Հիսուսն ասաց, կօգնի մեզ լուսաբանելու վերն ասվածը. «Այսպես, երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որ կամեցավ ծառաների հետ իր հաշիվները կարգադրել:
Եվ երբ սկսեց հաշիվն ընդունել, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան: Եվ քանի որ նա վճարելու բան չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին և այն ամենը, ինչ նա ուներ, և պարտքը հատուցել: Եվ ծառան գետնին ընկնելով՝ երկրպագում էր նրան և ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ»: Այդ ծառայի տերը, գթալով, արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց: Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտավ իր ծառայակիցներից մեկին, որ իրեն հարյուր դահեկան պարտք էր: Եվ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»: Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան և ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և կվճարեմ քեզ»: Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տվեց, մինչև որ պարտքը վճարեր: Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին և եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամենը, ինչ եղել էր: Այն ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. «Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. իսկ պետք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես էլ քեզ գթացի»: Եվ նրա տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև որ հատուցեր բոլոր պարտքերը»:
Ինչպես նկատեցիք, առակում խոսքը գթության և անգթության մասին էր, քանզի ողորմության մայրը գթությունն է. չկա գթություն արածդ ողորմության մեջ, ուրեմն այն անձիդ հպարտությունից է գալիս, կամ մարդկանց առջև փառավորվելու նպատակով է արվել։ Երկու դեպքում էլ այն Աստծո առջև անարժեք է, երբեմն էլ վնասակար մեր իսկ հոգուն, քանզի գրված է. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկաս 6.36)։
Ասածս բացատրելու համար իմ տեսած դեպքի մասին պատմեմ։ Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ կանգնած զրուցում էինք, իսկ մեր կողքին մի ծեր ու աղքատ մարդ էր կանգնած։ Մինչ այդ նրան մեր կարողության չափով օգնել էինք։ Այդ պահին երիտասարդ տղա մոտեցավ ու գրպանից հանեց մի հարյուրանոց թղթադրամ (այն տարիներին հարյուր դրամը դեռ թղթադրամով էր) ու մեկնեց այս ծերունուն։ Մտածեցի, որ լավ է, որ երիտասարդն այդ տարիքից ողորմած է մեծերի հանդեպ։ Բայց երբ ծերունին ձեռքը մեկնեց, որ վերցնի թղթադրամը, տղան այն հետ քաշեց։ Ծերունին շվարած մնաց, ու տղան նորից փողը մեկնեց նրան, ծերունին երկրորդ անգամ ձեռքը մեկնեց, որ վերցնի, նա նորից հետ քաշեց թղթադրամը։ Երբ նա երրորդ անգամ նույն բանն արեց, իմ մեջ բարկության ալիք բարձրացավ և ուզում էի միջամտել ու այդ լակոտին մի ապտակ տալ, բայց քանի որ եկեղեցու բակում էինք, ինձ զսպեցի։ Խեղճ ու աղքատ ծերունին երևի վաղուց հարյուր դրամ չէր ստացել (այդ թվերին սով ու թշվառություն էր տիրում Հայաստանում), համբերատար սպասում էր, թե տղան երբ կտա դրամը։ Նա, ի վերջո, ձանձրանալով իր «խաղից», լպիրշ խնդալով, դրամը գցեց ծերունուն, և իրենից գոհ հեռացավ։
Ես այդ պահին խորհեցի` տղան չնայած հարյուր դրամ տվեց աղքատին, բայց Աստծո առջև ինքը ոչ միայն ողորմություն չգտավ, այլև հակառակը՝ Աստծո բարկությունը շարժեց, քանզի ողորմությունն առանց գթության՝ անողորմություն է տվողի հոգուն և հակառակ աստվածային բնությանը. «Քանի որ Տէրը բազմագութ է և ողորմած» (Հակոբոս 5.11):
Որպեսզի ողորմության կարևորության մասին հոգեշահ իմացություն ունենանք, դիմենք սրբերին, որոնք գործով են ապացուցել այն։
«Հարանց վարք»-ում մի զարմանալի պատմություն կա. «Պատմում են, որ հնում, արևելքի եկեղեցիներից մեկում, մի սրբակյաց եպիսկոպոս էր հովվում Տիրոջ բանավոր հոտը։ Այդ քաղաքի շրջապատում սարակինոսներ (անհավատ ու վայրենաբարո հեթանոսներ) էին բնակվում, որոնք երբեմն-երբեմն քրիստոնյաներ էին առևանգում ու մեծ գին պահանջում դրանց համար, հակառակ դեպքում ստրկության էին վաճառում։ Ահա մի օր էլ մի որբևայրի կնոջ միակ զավակին են դրանք առևանգում ու լուր տալիս նրա մորը, թե այսքան գումար կբերես՝ տղայիդ կստանաս։ Սա էլ աղքատ լինելով, օրվա հացի ապրուստ նույնիսկ չուներ։ Հուսահատ ու լացով նա գնում է եպիսկոպոսի մոտ ու ասում. «Ահա քո հոտի գառներից մեկին՝ մինուճար տղայիս, գայլերը փախցրել են. տես ինչ կարող ես անել, որ ազատես, չէ՞ որ դու Աստծուց հովիվ ես կարգված մեր վրա»։ Եպիսկոպոսը մի պահ խորհում է, ապա ասում. «Հիմա եկեղեցու գանձանակում փող չկա, որ փրկագնենք տղայիդ, բայց գնա առևանգողներին ասա. համաձա՞յն են արդյոք այդ 16 տարեկան տղային փոխելու քառասուն տարեկան առողջ տղամարդու հետ»։ Որբևայրին գնում և հայտնում է այս մասին, ու նրանք համաձայնում են։ Երբ մայրն ուրախացած գալիս է, ու ասում, որ համաձայնել են փոխանակելու, եպիսկոպոսը հանում է իր շուրջառը և հագնում սովորական հագուստներ և ասում որբևայրուն. «Հիմա գնանք միասին ու տղայիդ հետ փոխանակիր ինձ»։ Երբ կատարվում է փոխանակությունը, մայրը ուրախացած որդու հետ տուն է վերադառնում, հավատալով, որ Տերը Իր ծառային չի թողնի հեթանոսների ստրկության մեջ։
Այդպես էլ լինում է։ Անցնում են տարիներ, և նա ջանադրաբար ծառայելով այդ սարակինոսի այգում, իմաստուն ու առաքինի մարդու համբավ է հանում և Տերն էլ առատացնում է տանտիրոջ բարիքները։ Մի օր էլ այդ հարուստի եղբայրն է գալիս այցելության ու հանկարծ տեսնելով գերի մշակին, զարմացած հարցնում է` ո՞վ է այդ մարդը։ Նա էլ պատասխանում է, որ մի տղայի հետ փոխանակված գերի է, լավ ու բանիմաց մշակ։ Նրա եղբայրն ասում է. «Այս գիշեր երազում տեսա մի մարդու, որը փայլուն իշխանական զգեստներ էր հագել ու բարձր գահին նստել, և շատ մեծ իշխանություն ուներ Բարձրյալից։ Այդ գահին նստող ահեղ իշխանը շատ նման էր քո այգու մշակին, ու կարծես հենց ինքը լինի»։ Հարուստը վախեցած կանչում է իր մշակին ու ասում. «Երդվեցնում եմ քո պաշտած Աստծո անունով, որ ասես` ո՞վ ես դու»։ Նա էլ հասկանալով, որ եկել է Աստծո միջամտության ժամանակը, պատասխանում է. «Ես այս քաղաքի եպիսկոպոսն եմ, ու իմ հոտի գերված գառան համար ինձ գերության վաճառեցի, քանի որ Տերն ինձանից պիտի պահանջեր նրա հոգին»։ Սարսափած ու զարմացած եղբայրներն ասում են. «Հիմա այսքան տարվա ծառայության վարձքդ ասա ինչ ես գնահատում, տա՛նք, որ քո Տեր Աստվածը չբարկանա մեզ վրա»։ Եպիսկոպոսը պատասխանում է. «Վարձքի փոխարեն ազատեք ձեր իրավասության տակ գտնվող իմ բոլոր գերված գառներին, և ուրիշ ոչինչ չեմ ուզում»։ Նրանք էլ ուրախությամբ ու վախով կատարում են նրա խնդրածն ու բազում քրիստոնյաների ազատում անլուր և տանջալի գերությունից»։
Ահա մի պատմություն, որի մեջ ոչ միայն ողորմություն կար, այլև գթասրտություն, որն Աստծո ստորոգելիներից մեկն է, ինչպես վերը կարդացինք. «Տէրը բազմագութ է և ողորմած»։ Այդ քաղաքի եպիսկոպոսը սովորել էր իր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից, քանզի Նա, սիրելով մարդկանց, Իր անձը մահվան մատնեց, այն էլ Խաչի անարգ ու դաժան մահվան, որ փրկի սատանայի գերության մեջ գտնվող ադամորդիներիս, ըստ այն խոսքի, որ. «Ինքն էլ (Հիսուսը) մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց (ադամորդիներիս), որպեսզի Իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, որ, մահվան երկյուղով, միշտ գերության վիճակում էին» (Եբրայեցիներին 2.14)։
Իսկ հայոց մեծերից կարող ենք բազում վկայություններից երկու օրինակ բերել։ Աշոտ Բագրատունի հայոց արքան Ողորմած անունը ստացավ իր թագավորական պատվի վրա, որը նրան առավել դարձրեց մյուս թագավորներից ոչ իր քաջությամբ, որովհետև նա, ինչպես Ասողիկ պատմիչն է վկայում. «Խոնարհությամբ ու ողորմությամբ գերազանցեց ամենքին», շինելով հիվանդանոցներ, բորոտանոցներ, որոնց մեջ շատ անգամ ինքն էլ անձամբ սպասավորում էր ախտավոր այդ հիվանդներին։ Նույնիսկ պատմում են, որ նա կաղերին, կույրերին ու անդամալույծներին հավաքում էր իր պալատը և իրեն սեղանակից էր անում ու իր արքայական բաժակով նրանց ըմպելիք էր մատուցում, ու վերջում գավաթի տակ մնացածը ինքն էր ըմպում։
Աստված էլ նրա գահակալության ժամանակ թշնամիների հանդեպ հաղթություն էր պարգևում և խաղաղ տարիներ ապահովում։
Իսկ նրա մահից հետո արքայական գանձարանում դրամ չէր մնացել, նույնիսկ իր անձնական զարդերը դրամի վերածելով բաշխել էր աղքատներին։ Այդ պատճառով մեր առաքելական եկեղեցում Աշոտ Ողորմածը դասվում է տոնելի սրբերի շարքին (մայիսի 20)։
Իսկ Ներսես Մեծ կաթողիկոսը այդ Մեծ մակդիրին արժանացավ, որ, բացի արժանահիշատակ եկեղեցաշեն բարենորոգություններից, նաև մեծ աղքատասեր էր, և ըստ Փավստոս Բուզանդ պատմիչի, նա երբեք սեղան չէր նստում, մինչև սեղանի շուրջը չհավաքվեին աղքատներ ու հիվանդներ. և նա ինքն իր ձեռքերով լվանում էր նրանց ոտքերն ու վերքերը, և ապա նոր նրանց հետ ճաշկերույթի էր նստում։
Ողորմության բարիքների մասին խոսելիս չմոռանանք փաստել, որ ողորմության միջոցով մենք նաև մեր մեղքերի քավություն կարող ենք ստանալ։ Այս են ապացուցում և՛ Աստծո խոսքը, և՛ Տիրոջ ընտիր ծառաները։
- «Ողորմությունն ու հավատքը մաքրում են մեղքերից» (Աստվածաշունչ, Առակաց 15.27)
- «Ջուրը հանգցնում է բորբոքված կրակը, և ողորմությունը քավում է մեղքերը։ Ով բարիք է տալիս, պիտի հիշվի հետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի» (Աստվածաշունչ, Սիրաք 3.33):
- «Թող իմ խորհուրդը հաճելի թվա քեզ, քո մեղքերը քավիր ողորմությամբ և քո անօրենությունները աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանդեպ» (Աստվածաշունչ, Դանիել 4.24):
- «Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2.13):
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ