ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԼև ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ՈՒՆԻ»

«ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԼև ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ՈՒՆԻ»
14.01.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Ինչպե՞ս դիմավորեցիք Նապաստակին, Ձեր ականջին ի՞նչ ասաց:
-Իմ ականջին` ոչինչ, երեխաներիս ասաց:
-ՈՒրբաթախո՞ս էր Ձեր Նապաստակը:
-Այո, համ էլ` ռեալիստ: Կարծում եմ` շատ ծանր տարի է սպասում բոլորիս:
-Ինչո՞ւ որոշեցիք, որ 2011-ը ծանր է լինելու:
-Ես կառանձնացնեմ երեք բնագավառ, Դուք գնահատեք: Առաջինը` սոցիալական, երկրորդը` տնտեսական, երրորդը` քաղաքական: Այս երեքն էլ միահյուսված են միմյանց, իսկ ծանր լինելու հիմքը 2010-ն էր, հաստատված բյուջեն, որը որևէ առումով չի թեթևացնելու մեր վիճակը, գործող քաղաքական կուրսն է, որը լավատեսության տեղ չի թողնում:
-Եթե սոցիալականն ու տնտեսականը միավորենք, ամենածանր հետևանքը արտագաղթն է, որի (ինչ տվյալներ էլ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնի կամ չներկայացնի), վերջին տարիների ամենահզոր ալիքը 2010-ն էր, երբ հեռանում էին ընտանիքներով:
-Ամբողջովին համաձայն եմ, բայց ընդունեք, որ արտագաղթը ոչ միայն սոցիալական ու տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ ունի: Այս հարցը ոչ հրապարակային կողմեր ունի և ազգային անվտանգությանն է վերաբերում, բայց դա չի նշանակում, որ, որպես քաղաքացի, մեր մտահոգությունը չենք կարող հայտնել: Սա իսկապես ամենաակնառու արդյունքն է և գնահատականը վարվող տնտեսական, սոցիալական, քաղաքական քայլերի: Առանց պաշտոնական տվյալների էլ ակնառու է, որ արտագաղթը աննախադեպ ծավալներ է ընդունել և, դժբախտաբար, բոլորս էլ մեր ընկերների, բարեկամների, ծանոթների մեջ ունենք Հայաստանից հեռացածներ:
-Ամենավտանգավորը` գնում են երիտասարդները:
-Գնում են կայացած մարդիկ, որոնք հեռանկար չեն տեսնում, իմ սերնդակիցները: Իմ ընկերներից, օրինակ, Հայաստանից հեռացան մի բավականին հաջողակ գործարար և մի լավ բժիշկ` որակյալ մասնագետներ, որոնք անմիջականորեն պետք է նպաստեին մեր պետության զարգացմանը... Ընդհանրապես հարյուրավոր գործարարներ, որ փոքր ու միջին բիզնեսն էին պահում, երկրից հեռացան անցյալ տարի` տարբեր երկրներում իրենց օգտակար գործունեությունը ծավալելու: Այդ թվում` հարևան Վրաստանում:
-Ամենազարմանալին` որ Հայաստանից Վրաստան են գնում:
-Ինչո՞ւ զարմանալին, օրինաչափը: Վրաստանում փոքր ու միջին ձեռնարկատերը, տեղական ու պետական իշխանությունների հետ շփվող քաղաքացին շատ արագ լուծում է իր խնդիրները` առանց քաշքշուկի, առանց նյարդայնանալու: Այս պահին հայ գործարարի համար ամենամատչելի շուկան Վրաստանն է: Թուրքիան կարծես թե մնում է փակ, Իրանը բարեկամական երկիր է, բայց որոշակի խնդիրներ կան: Մնում է Վրաստանը, որը և՛ մենթալ առումով է մոտ, և՛ գայթակղիչ է տնտեսական առումով: Ցանկության դեպքում շատ հանգիստ Հայաստանում էլ կարող էին լինել այն պայմանները, որոնք Վրաստանի իշխանությունները ստեղծում են ներդրումների և բիզնեսի զարգացման համար: Չմոռանանք, որ մինչև նախագահ Միխայիլ Սաակաշվիլու իշխանության գալը, Վրաստանում, ըստ էության, կենտրոնական իշխանություն չկար, Էդուարդ Շևարդնաձեն վերահսկում էր Թբիլիսին... Իսկ այսօր բոլորովին այլ վիճակ է: Կրկնում եմ` հեռացողները սոցիալապես որոշակիորեն ապահովված մարդիկ են, իրենց ոլորտներում կայացած, այն մարդիկ, որոնք պիտի իրականացնեին բարեփոխումները: Բարեփոխումներ կատարողները փոքր ու միջին բիզնեսի մարդիկ են, ես չեմ կարծում, որ օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները բարեփոխումների մեծ ցանկություն ունեն, նույնը` իշխանությունների ներկայացուցիչները: Հազիվ թե նրանք ցանկություն ունեն փոխելու այն համակարգը, որ այսքան տարում ստեղծել են: Իսկ հետևանքն աշխատատեղերի կրճատումն է, որովհետև հիմնական աշխատատեղերը ստեղծվում են փոքր ու միջին բիզնեսում, իրենք էլ հարկային բեռի մեծ մասն են կրում: Պաշտոնական տվյալներն էլ հաստատում են, որ խոշոր բիզնեսը նվազ հարկեր է մուծում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից: Արդեն չեմ խոսում ստվերային տնտեսության մասին, որ լավ էլ իր տեղն ունի արևի տակ:
-Ի՞նչ է հետևում Ձեր ուրվագծած պատկերից:
-Կարճ ժամանակահատվածում այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի, որ արտագաղթածների գոնե մի մասը վերադառնա, կանխվի նրանց հեռանալը, ովքեր Հայաստանում աշխատանք ու արդարություն են որոնում դեռևս: Սա է խնդիրը, որ իշխանությունները պետք է լուծեն: Բարեփոխումներն արդեն անխուսափելի անհրաժեշտություն են:
-Դուք հավատո՞ւմ եք, որ խնդիրը բարեփոխումներով հնարավոր է լուծել:
-Բարեփոխումները կարող են և հեղափոխական լինել: Ճիշտ է, իշխանություններն այդ բառից սարսափահար են լինում, հատկապես վարչապետը, բայց մեր դեպքում արդեն հեղափոխական բարեփոխումների ժամանակն է հասել, որովհետև եթե աստիճանական բարեփոխումները ԱՊՊԱ-ի նման գործընթացներն են, որի հիմքում ոչ թե իրական տնտեսության զարգացման ցանկությունն է, ոչ թե քաղաքացու շահը սպասարկելը, այլ ընդամենը քաղաքացուց հերթական անգամ գումարներ հավաքելը` օրենքներով, օրենքներից դուրս մեխանիզմներով, մենք գնում ենք ոչ մի տեղ:
-Ինչո՞ւ եք դեմ ապահովագրական մեխանիզմի ստեղծմանը, որ արդյունավետ գործում է այլ երկրներում:
-Ապահովագրական մեխանիզմը, որ արդյունավետ գործում է այլ երկրներում, ոչ մի կապ չունի այն գործընթացի հետ, որ օրենքի ուժով ծավալվում է Հայաստանում: Կարո՞ղ եք բացատրել, ինչո՞ւ տաքսի ծառայությունների հետ պայմանագրերը ոչ թե 1 տարով, այլ 3 ամսով են կնքվում: Իրականում լուծվում է ոչ թե ավտոմեքենաների ապահովագրման, քաղաքացուն սպասարկելու ու ծառայություն մատուցելու խնդիր, այլ իշխանություններն օրինական ձևով կողոպտում են քաղաքացուն: Միայն այն փաստը, որ պաշտոնական տվյալներով գնաճն 8 տոկոսի է հասել, իսկ ոչ պաշտոնական` իրական տվյալներով, ավելի մեծ է, արդեն խոսում է տնտեսության վիճակի ու կենսամակարդակի մասին: Եթե այս է մեր ընտրած ճանապարհը, քաղաքացին հիասթափվելու է և ինքն է փորձելու ճանապարհ գտնել` նաև արտագաղթելով: Մենք Վրաստանից խոսեցինք, գիտե՞ք, որ այնտեղ ավտոմեքենաների տեխզննումները դադարեցվել են: Կարծում եք` մեքենաների անվտանգությունը նվազե՞ց: Ոչ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում այդ տեխզննումներն ընդամենը քաղաքացուց գումար գանձելու, օրինականացված կողոպուտի ձև են: Բոլոր մեքենատերերն էլ կվկայեն, որ տեխզննումը ձևական է, երբ մի քանի տասնյակ հազար դրամ վճարելով` վկայական են գնում, որը մեքենայի տեխնիկական վիճակի հետ կապ չունի: Եթե իշխանություններն ուզում էին քաղաքացու խնդիրը լուծել, պիտի վերացնեին մոնոպոլ վիճակում գտնվող տեխզննումը, փոխարենը չմտցնելով հարկադրական ապահովագրումը: Բայց եղավ հակառակը: Նույնն է քաղաքական գործընթացներում: Ես չեմ տեսնում այն դրական տեղաշարժը, որը կարող է բերել որակական փոփոխություններ: Երբ խնդիրները մնում են չլուծված, և առաջանում են նոր խնդիրներ, ձևավորվում է հեղափոխական իրավիճակ:
-Դա Հայաստանի՞ դեպքն է, հեղափոխություն անողները Հայաստանից մեկ առ մեկ հեռանում են:
-Այո, ակտիվ քաղաքացիների թիվը նվազում է, բայց դա իշխանությունների համար դրական գործընթաց չէ. եթե իշխանությունը պետական կառավարման համակարգի կարևորագույն խնդիրները չի լուծում, ի՞նչ իշխանություն է: Առանց քաղաքացիների պետական կառավարման համակարգ չի լինում: Աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ գլոբալ փոփոխություններ են եղել, բայց տվյալ պահի իշխանությունը, օլիգարխիկ հատվածը չի կորցրել իր ունեցվածքի գոնե մի մասը: Եթե դու իրական բարեփոխումներ ես ուզում, չի կարող օլիգարխիկ համակարգը հարկային դաշտ չմտնել, իշխանության այլընտրանքային ուժեր չլինել չեն կարող. սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Հայաստանի իշխանությունները չեն կարող իրական բարեփոխումներ կատարել` առանց առողջ մրցակցության ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ քաղաքականության: Իմիտացիոն գործընթացները խարխուլ տնակի եվրանորոգում են, որն արդյունք չի տալու:
-Տասնամյակներ իշխել է այն ընկալումը, որ մինչև Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, ժողովրդավարության հաստատման հարցը մղվում է երկրորդ պլան։ Չե՞ք կարծում, որ անցած տասնամյակները բավականին ժամանակ էին հասկանալու համար, որ քանի դեռ ժողովրդավարության հարցը ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում լուծված չէ, ԼՂ հարցի որևէ լուծում չի լինելու ո՛չ տևական, ո՛չ ընկալելի, ո՛չ էլ հնարավոր:
-Ես համոզված եմ, որ այդպես է և միջազգային բազում հանդիպումներում այդ ասել եմ: Ժամանակին ձևավորված կարծիքը, որ եթե որոշակիորեն բռնապետական ռեժիմներ լինեն, հարցը հեշտ կլուծվի, սխալ է: Փաստ է, որ միայն ժողովրդավարական իշխանությունները կարող են հասարակությունների համար ընկալելի լուծում առաջարկել` ունենալով վստահության քվե, սա մեկ, և երկրորդ` միայն ժողովրդավարական երկրներում իշխանությունը չի ցանկանա ունենալ ԼՂ խնդիր, որպեսզի անընդհատ այդ խաղաքարտը խաղարկելով իշխանությունը պահի, այլ հակառակը, այդպիսի երկրում ղեկավարությունն ինքը կփորձի խնդիրը լուծել, որովհետև իր իշխանության լինել-չլինելը կապված չի լինի ԼՂ խնդրի հետ: Ես միանշանակ համոզված եմ, որ ԼՂ խնդիրը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ժողովրդավարության հաստատմանը: Ի վերջո, եթե այս ճանապարհով ենք ընթանալու, եթե շարունակվելու է արտագաղթը, արդյոք այդ իրավիճակը նպաստավոր կարո՞ղ է լինել ԼՂ խնդրի լուծման համար: Մենք պետք է սթափ և սառը գնահատենք վիճակը և ապագայի հեռանկարները: Այս ընթացքով ԼՂ հարցի հայանպաստ լուծումը հարցականի տակ է, ուստի արդեն իսկ հեղափոխական բարեփոխումները ժամանակի պահանջ են, եթե ուշացած չեն: Չեմ կարծում, թե մենք այն իրավիճակում ենք, որ սահուն, դանդաղ բարեփոխումներ իրականացնենք, ժամանակը շատ արագ է անցնում, և եթե բարեփոխումները նպատակային ու իրական չլինեն, չենք կարողանա լուծել կուտակված խնդիրները` թե՛ արտաքին, թե՛ ներքին: Մեծ կասկածներ ունեմ, որ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, ոչ թե հեղափոխական բարեփոխումների ժամանակը կգա, այլ կա՛մ հեղափոխության, կա՛մ պետականության կորստի:
-Լավ էլ դառն է եղել Ձեր ականջին Նապաստակի ասածը:
-Որպես օրենք` դեղերը դառն են լինում, բայց ստիպված ես խմել, որ ապաքինվես: Նապաստակը մեղավոր չէ: Մի քանի օր առաջ եմ եկել պապական գյուղից` Ձորագլխից, գյուղում ամուսնանալու տարիքի մի 30 երիտասարդ կա, բայց Ապարանի ամենագեղեցիկ գյուղը հարս չի գալիս, որովհետև ճանապարհ չկա, գազ չկա, սոցիալական ծանր վիճակ է:
-Գուցե տղամարդիկ նախաձեռնող չեն:
-Տղամարդիկ փնտրտուքի մեջ են: Գյուղերում ընդհանրապես դժվար է կյանքը: Պապս ինձ ծանր հարց տվեց` չե՞ն ուզում, որ գյուղերում մարդ մնա... Գյուղացին այսօր գոյատևելու միջոցներ չունի` նրա աշխատանքը եկամուտ չի բերում: Գյուղացին մենակ է մնացել իր ծանր սոցիալական խնդիրների հետ, և նա էլ է արտագաղթի ճանապարհը բռնել:
-2011-ը նախընտրական է, որոշակի փոփոխություններ չե՞ք սպասում:
-Քաղաքական տրամաբանությունն է ասում, որ փոփոխություններ պետք է լինեն:
-Դե, գոնե ճանապարհներ կկառուցվեն ապագա հարսների համար:
-Ճանապարհներ` հազիվ թե, որովհետև մի քանի անգամ խոստացել ու չեն կառուցել, բայց քաղաքական վերջնական վերադասավորումներ կլինեն, քաղաքական ուժերն իրենց տեղը, ուղղությունը, գործընկերներին մինչև տարեվերջ պետք է ճշգրտած լինեն և աշխատեն արդեն հանրային ընկալման համար: Վերադասավորումները պետք է բովանդակային լինեն, եթե խնդիրը նոր ուժեր ի հայտ բերելն է կամ իշխանությունից դուրս գալով ընդդիմություն խաղալը, դա չի կարող արդյունք տալ: Միանշանակ բովանդակային փոփոխությունների ժամանակ է: Որևէ իմիտացիոն գործընթաց այլևս արդյունք տալ չի կարող: Համագործակցության դաշտերը, որ կձևավորվեն, պետք է բովանդակային խնդիրների շուրջ լինեն: Միայն այդ պարագայում կունենանք իրական քաղաքական դաշտ և խնդիրների իրական լուծում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ