Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աֆրիկայից Եվրոպա գաղթականների ներխուժումը ամերիկացի միլիարդատերերն են սարքել

Աֆրիկայից Եվրոպա գաղթականների ներխուժումը ամերիկացի միլիարդատերերն են սարքել
24.10.2017 | 09:48

«Комсомольская правда»-ի հատուկ թղթակից Դարյա Ասլամովան եղել է Իտալիայում, ուր աֆրիկյան մայր ցամաքից հարյուր հազարներով գաղթականներ են բերում։ Ովքե՞ր են նրանք` կենդանի ապրանքի նոր վաճառականները. լիբիացի մաքսանենգնե՞ր, ամերիկացի հաստաքսակնե՞ր, թե՞ սիցիլիական մաֆիան։


-Դու կեցցես, որ չվախեցար։ Իսկ ես վախեցա, երբ մեզ վրա եկավ ջարդարարների այդ խուժան ամբոխը` տիպիկ ցածր խավի մաֆիականներ։ Ես սիցիլիացի եմ։ Մաֆիան ես հոտառությամբ եմ զգում։ Փախստականներին Իտալիա փոխադրող այդ բոլոր «մարդասիրական ոչկառավարական կազմակերպությունները» Սիցիլիայում ելուզակներ են վարձում լրագրողներից պաշտպանվելու համար։ Նրանք ատում են լրագրողներին, որոնք փորփրում են իրենց կեղտոտ գործերը։ Իսկ ես վախկոտ եմ։ Ես վախենում եմ մաֆիայից, կատուներից, շներից, սերտ հարաբերություններից, բորբոսնած պանրից։ Ես կամազուրկ արարած եմ։
Իմ թարգմանիչ Ջուզեպպեն (անունը փոխված է) լրիվ նվաղել է։
-Վախենալը նորմալ բան է,- ասում եմ ես։- Հլա էս պահապանի ռեխին մտիկ։ Ասես «Կնքահայրը» ֆիլմի Լուկա Բրազին լինի։ Բա ինչ ցավո՜տ է կճմթում։ Հիմա ամեն տեղս կապտելու է։ Ոչի՜նչ, նրանք պատասխան են տալու այս ամենի համար։ Մենք լուսանկարներ ու տեսագրություններ ունենք։ Հիմա թող իտալական կառավարությունը պարզի, թե ինչ «մարդասերներ» են հայտնվել Կաստել-ՈՒմբերտոյում, որոնք հարձակվում են լրագրողների վրա։

ԴՐԱԽՏՈՒՄ ԷԼ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆՈՒՄ
Կաստել-ՈՒմբերտոն ասես երկնակամարին կպած սիցիլիական մի փոքրիկ քաղաքավան է։ Այստեղ հասնելու համար անծանոթ մարդը պիտի ամուր նյարդեր ունենա։ Նեղ ու ոլորապտույտ ճանապարհը, որտեղով երկու մեքենա չի անցնի, ուղիղ ամպերն է տանում։ ՈՒղեցույց սարքը լկտիաբար խաբում է, և ինչ-որ մի պահ ես հայտնվում եմ անդնդի եզրին, անիվները պտտվում են օդում, ու ես սարսափից ճչում եմ։ Հավիտենությունից երկու քայլի վրա ծեփված է մի փոքրիկ տնակ, որի շեմին նստած տարեց գյուղացին անշտապ սպագետտի է ուտում, վրայից գինի խմում հենց լիտրանոց շշից։ Հետևիցս կպած գալիս է մի փոքր «Ֆիատ»` ուղեցույց սարքի մեկ այլ զոհ։ Մենք բոլորս իջնում ենք, աղմուկով ու շարժումներով փորձում հասկացնել, թե ոնց գտնենք ճանապարհը։ Գյուղացու հեչ պետքն էլ չէ։ Պարզապես բոլորի համար մեկական կում կապույտ թանաքագույն գինի է լցնում և բաց անում իր դարպասը, որ կարողանանք անցնել։ Դա նրա համար, հաստատ, սովորական «արարողություն» էր։
Կաստել-ՈՒմբերտոն համեմատաբար նորաստեղծ ավան է, 19-րդ դարի։ Բայց մարդիկ այստեղ բնակվել են հին ժամանակներից, անվտանգության նկատառումներով։ Սիցիլիա կղզին, այդ համեղ պատառը, միշտ զավթիչների զոհ է եղել։ Միայն լեռները կարող էին պաշտպանել հորդաների ներխուժումից, որոնք գերեվարում էին մարդկանց, քշում տանում էին անասունները, ոտնակոխ անում ցանքսերը։ Եվ ամեն ինչ լավ էր ընթանում այս հովվերգական վայրերում, քանի դեռ չէին սկսել գիշերները ավտոբուսներով ծածուկ բերել լցնել օտարերկրացիներին, ինչպես տեղի քաղաքագլուխն է ասում, «միջուկային թափոնների» նման։
Կոմունայի ղեկավարին առավոտյան հեռախոսազանգով էին տեղեկացնում, որ գիշերը հիսուն երիտասարդ, առանց փաստաթղթերի, նեգրեր են բերել ավան և տեղավորել դատարկ հյուրանոցում։


-Սա իսկական ներխուժում է,- զայրանում է քաղաքապետ Լեոնետտո Չիվան։- Ոչ ոք կոմունայի բնակիչներին չի հարցրել` նրանք ուզու՞մ են ապրել օտարականների կողքին, թե՞ ոչ։ Մեզ ուղղակի փաստի առաջ են կանգնեցրել։ Մենք չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, որ երկրներից են։ Բոլոր 50 օտարերկրացիներն էլ միանգամից փաստաթղթերը տանն են «մոռացել»։ Մենք չենք ճանաչում նաև նրանցով զբաղվող կամավորներին։ Մենք առհասարակ ոչինչ չգիտենք։ Եվ սա նշանակում է ինտեգրու՞մ։ Կաստել-ՈՒմբերտոյում ահավոր գործազրկություն է։ Մի ժամանակ մենք հիանալի կաթնամթերք էինք արտադրում, բայց ճգնաժամի ու գլոբալացման պատճառով բոլոր ձեռնարկությունները փակվեցին։ Մենք նույնիսկ ստիպված ենք կաթ գնել այլ երկրներից։ Անմտություն է։ Եվ ինչպե՞ս պիտի վարվենք այս սևամորթ տղաների հետ։
-Բայց չէ՞ որ պետությունը պետք է փող վճարի նրանց ապրուստի ծախսերը հոգալու համար,- նկատում եմ ես։- Գուցե կոմունան կարողանա նրանց հաշվին փո՞ղ էլ աշխատել։
-Չէ, հա՜,- քմծիծաղ է տալիս քաղաքապետը։- Պետությունը փող չի տալիս ինքնակառավարման մարմիններին, փոխարենը շռայլորեն վճարում է մասնավոր միավորումներին, ոչկառավարական կազմակերպություններին, կամավորականներին։ Մեզ ոչինչ չի հասնում։

ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ՍԵՂՄԱԾ «ՄԱՐԴԱՍԵՐՆԵՐԸ»
«Փախստականների հյուրանոցի» բակում երիտասարդ սևամորթ տղաները տաքացած ֆուտբոլ են խաղում։ Նրանցից մեկն ինձ ուրախ ձեռքով է անում և ձայնում` «Չա՜ո»։ Շենքի վրա չգիտես ինչու գեյ-դրոշ է փողփողում։ Մեր ճամփան փակում է մի հաստավիզ տղամարդ, մի ճարպագունդ` մսոտ քթով, հաստ շուրթերով ու դեմքի արհամարհական արտահայտությամբ։ Ես ներկայանում եմ ու ցույց տալիս փաստաթղթերս։
-Կորե՛ք այստեղից,- գոռում է նա։
-Իսկ ի՞նչ իրավունքով եք դուք այստեղ տերուտնօրինություն անում,- զայրացած ասում եմ ես։- Ես լրագրող եմ։ Իսկ այ Դու՞ք ով եք։
-Ռադներդ քաշեք,- ճչում է այդ անտաշն ու փորձում է ինձ վայր գլորել սանդուղքներից։
-Հլա մի քեզ քաշիր թաթերդ, հաստավիզ սրիկա,- գոռում եմ ես։
Հանկարծ հյուրանոցից դուրս է վազում կիրթ արտաքինով, քառասուն աստիճանի շոգին շարֆը վզին մի երիտասարդ։ Նա ձեռքի նշանով զսպում է իր կապը կտրած թազուն։ Ես նորից եմ ներկայանում։ Հանգիստ բացատրում եմ, որ նյութ եմ գրում փախստականների մասին։
-Դուք իրավունք չունեք նկարելու նրանց,- հայտարարում է երիտասարդը։- Սրանք քաղաքական փախստականներ են։
Ես զարմացած նայում եմ պատանեկան կլորավուն սև դեմքերին։ ՄԵծ մասը քսան տարեկան էլ չկա։ Քաղաքական փախստականնե՞ր։ Ախր դրանք լսած անգամ չկան «քաղաքականություն» բառը։
-Թող այդպես լինի,- ասում եմ,- բայց ուզում եմ իմանալ, թե, ըստ էության, ովքե՞ր եք դուք։ Ո՞ր կազմակերպությունից։ Ես կարո՞ղ եմ հարցազրույց անել ձեզ հետ։ Դուք ուղղակի պարտավոր եք ներկայանալ։
-Հեռացեք, այլապես ես կկանչեմ կարաբինավորներին,- զայրացկոտ ասում է այդ «կամավորականը»։
-Կանչեք ում ուզում եք,- հայտարարում եմ ես։- Դուք թաքցնելու բա՞ն ունեք։ Ես չունեմ։ Եթե ես իրավունք չունեմ նկարահանելու փախստականներին, ապա փոխարենը ձեզ լիովին իրավունք ունեմ, եթե դուք չեք ուզում ներկայանալ և խոչընդոտում եք լրագրողների գործունեությանը։
Ես միացնում եմ խցիկը, և այստեղ նրանք երկուսով հարձակվում են վրաս։ «Կամավորականն» ուզում է կոտրել խցիկս, իսկ նրա ջարդարար օգնականը ոլորում է ձեռքերս։ ՈՒժերը բացահայտորեն անհավասար են։ Իմ թարգմանիչ Ջուզեպպեն վախեցած մի կողմ է փախչում։ Մեզ դուրս են քշում հյուրանոցից, և մենք ծլկում ենք դիմացի ռեստորան։ Հիանալի դիտահարթակ է։ Հսկայական սրահում ոչ մի հաճախորդ չկա։ Նախասրահում սիցիլիացի մռայլ պապիկը թուղթ է խաղում հնգամյա թոռնուհու հետ։ Տերերը քնած են։ Հետճաշյա հանգիստ է` սիեստա։
Մոտենում եմ պատուհանին, և շունչս քիչ է մնում կտրվի։ Խելագարվելու տեսարան է լեռնային անդունդի վրա բացված։ Թվում է` ամբողջ աշխարհն է ոտքերիդ տակ։ Հեռվում ինչ-որ տեղ փայլփլում է կապուտակ ծովը։ Արթնացած տիրուհին սեղանին սիցիլիական զարմանահրաշ ուտեստներ է շարում։
-Ինչ հրաշալի ռեստորան է,- ասում եմ ես։- Իսկ ու՞ր են հաճախորդները։
-Է՜, որտեղի՞ց լինեն,- տրտնջում է տիրուհին։- Մանավանդ երբ այսպիսի «հարևաններ» են հայտնվել մեզ մոտ։
-Բայց, ախր, դա ձեռնտու է։ Հիսուն մարդու մի բան պիտի կերցնեն, չէ՞։ Անշուշտ, ձեզ մոտ պիտի նրանք ուտելիք պատվիրեն։ Չէ՞ որ դուք երկու քայլի վրա եք։
-Երևում է, դուք տեղի գործերին ծանոթ չեք,- զարմանում է տիրուհին։- Նրանց համար ուտելիք են պատվիրում էստեղից 30 կիլոմետր հեռու, և պատվերներ ստացողները հասարակ մարդիկ չեն։ Ինքներդ եք հասկանում ինչպես։ Իսկ մենք երբեք փող չենք աշխատի։ Փախստականները հսկայական բիզնես են, և փոքր մարդիկ դրանում բաժին չունեն։

ՓՐԿԵԼ ԵՎՐՈՊԱՆ
Կատանիա։ Սիցիլիական նավահանգիստ-քաղաք։ Փախստականների ժամանման գլխավոր վայր։ Արևն այրում է անխնա։ Ես և գերմանացի ակտիվիստ Սիմոն Կաուպեռլը (անօրինական ներգաղթի դեմ պայքարի մարտիկ), համբերատար քրտինք ենք քամում փախստականների համար նախատեսված պարուսինածածկ տաղավարում։
-Հիմա այս տաղավարները դատարկ են,- բացատրում է Սիմոնը։- Փախստականներին սովորաբար գիշերն են բերում։ Այստեղ նրանց հաշվառում են, կերակրում, առաջին բուժօգնություն են ցուցաբերում։ Իտալացի զինվորականները նավահանգիստ են գալիս ու արգելափակում են լրագրողների մուտքը։ Իսկ գիշերները գալիս են ավտոբուսները և փախստականներին ցրում ամբողջ Սիցիլիայի հատուկ կենտրոններում։ Հետաքննությունների շնորհիվ մենք` ակտիվիստներս, ծանոթ ենք գաղթականներին Իտալիա փոխադրելու ամբողջ ինդուստրիային։ Նրանց մեծ մասը նույնիսկ լիբիացի չէ, ինչպես և 2015 թվականին, բալկանյան երթուղով հիմնականում գնում էին ոչ սիրիացիները։ Ամբողջ Աֆրիկայից գաղթականները ժամանում են Լիբիա։ Նրանց մի մասն ամենևին էլ աղքատ չէ։ Եվրոպա հասցնելն արժե առնվազն տասը հազար դոլար։ Հաճախ ամբողջ գյուղը փող է հավաքում երկու-երեք տղա ուղարկելու համար, հուսալով, որ նրանցից գոնե մեկը կհասնի Գերմանիա, Ավստրիա կամ Ֆրանսիա։ Նա ցեղակիցներին լիովին կվերադարձնի փողերը, միաժամանակ նաև ընտանիքների վերամիավորման օրենքի շնորհիվ կկարողանա իր մոտ տանել մորը, հորը, եղբայրներին ու քույրերին, մի խոսքով` ամբողջ ընտանիքը։ Գերմանիայում քաղաքական փախստականն ստանում է ամսական 837 եվրո, անվճար բնակարան ու սնունդ։
Ինչպե՞ս է իրականացվում մարդկանց անօրինական թրաֆիկը (հոսքը, տեղափոխումը, փոխադրումը- խմբ.)։ Լիբիայից հեռու է, և առաջ միայն ամենահանդուգն խիզախներն էին համարձակվում նստել խարխուլ նավակն ու փորձել հասնել իտալական ամենամոտ Լամպեդուզա կղզին։ Շատերը շնչահեղձ էին լինում նավամբարներում` նեղվածքից, խեղդվում ծովում։ Հիմա թրաֆիկը լայն հիմքի վրա է դրված։


Միջազգային ոչկառավարական կազմակերպությունների նավերն սպասում են լիբիական ափից տասներկու մղոն հեռավորության վրա։ Նրանք աշխատում են մաքսանենգների հետ ձեռք ձեռքի տված։ Կարծես ոչ ուղղակիորեն, բայց ի՞նչ իմանաս։ Նրանք լուսային ու ռադիոազդանշաններ են տալիս։ Իբր, մենք այստեղ ենք։ Եվ մաքսանենգները գիտեն, որ գաղթականներով լի ռետինե նավակներն առանց դժվարության կհասնեն նավերին։ SOS ազդանշան կարձակեն և, խեղդվողներին փրկելու մասին ծովային օրենքի համաձայն, նրանց կվերցնեն։ «Փրկվածների» 80 տոկոսին նավ են բարձրացրել լիբիական Զուվար քաղաքից ոչ հեռու (դա Տրիպոլիից արևմուտք է)։ Ոչկառավարական կազմակերպություններն իրենց գործողությունները հիմնավորում են նրանով, թե Լիբիան չկայացած պետություն է։ Դա ճիշտ է։ Բայց ո՞վ է այն դարձրել չկայացած։ Ամերիկյան ու եվրոպական զավթիչները Լիբիան հողին հավասարեցրին, ինչպես Իրաքը։ Այո, Լիբիան վտանգավոր երկիր է, բայց ոչ ամբողջ Աֆրիկայից հեռացող գաղթականների համար։
2016-ին Եվրամիությունը համաձայնության եկավ Թուրքիայի հետ, և Էրդողանը երեք միլիարդ դոլար փառահեղ կաշառքի դիմաց փակեց բալկանյան երթուղին։ Իսպանիան ևս փակեց փախստականների հոսքը Ջիբրալթարով։ Բայց միջազգային ոչկառավարական կազմակերպությունները նոր ուղի գտան` միջերկրածովյանը։ Հասարակության աչքում գաղթի հետ կապված 2015 թ. բալկանյան ճգնաժամը և 2017 թ. միջերկրածովյան ճգնաժամը երկու տարբեր իրադարձություն են։ Իրականում դա մեկ գործընթաց է։ Մենք ապացույցներ ունենք, որ երկու ոչկառավարական կազմակերպություններ, որոնք առաջ զբաղվում էին Թուրքիայից Լեսբոս կղզի մարդկանց թրաֆիկով, ուղղակի տեղափոխվել են Իտալիա։ Նրանց բյուջեները տպավորիչ են։


Sea Warch` մեկուկես միլիոն եվրո։ MOAS (ամենախոշորն ու ամենաակտիվը)` 6 միլիոն եվրո։ Երկու նավ ու թռչող սարքեր։ SEA EYE` կես միլիոն եվրո։ Մեկ այլ ոչկառավարական կազմակերպության հետ համատեղ ունի նավ։ PROACTIVA OPEN ARMS` 2,5 միլիոն եվրո։ YOUTH SAVES` 480000 եվրո։ SOS MEDITERRANEE` առնվազն 4 միլիոն եվրո։ Եվ սա այսբերգի գագաթն է միայն։
-Բայց սրանք հսկայական փողեր են։ Ովքե՞ր են կանգնած սրա հետևում,- հարցնում եմ ես։
-Գլխավոր հովանավորներից մեկը Սորոսն է։ Նա չի էլ թաքցնում դա։ Բայց ոչ միայն նա։ Ամերիկյան ֆինանսական վերնախավը, խոշոր ձեռնարկատերեր, որոնց նպատակը Եվրոպայի թուլացումն է, ապակայունացումն ու քաոսը։ Ինչպես նաև միջազգային քաղաքական վերնախավը, որի բարձրագույն գաղափարական նպատակն ունիվերսալ մարդկության ստեղծումն է։ Չկան սահմաններ` չկան ազգեր։ Մայր ցամաքը դարձնել ընդհանուր` մշակույթով, լեզվով (իհարկե` անգլերեն), մաշկի գույնով, սպառմամբ։ Կառավարող դասակարգերն ատում են այն մարդկանց, ովքեր պաշտպանում են իրենց ինքնությունը։ Չկան գերմանացիներ, շվեդներ, հույներ, հունգարներ։ Կա ընդհանուր մարդ, որն ուտում է համբուրգեր, պոմիդոր է գնում Նիդերլանդներից և կաթ` Ֆրանսիայից, հագուստ` Չինաստանից։ Ահա սրա համար էլ պետք է գաղթականների հոսքը, որպեսզի Եվրոպան դարձվի «բազմամշակութային»։ Գերմանական համալսարաններում արդեն սկսել են պատրաստել մասնագետներ, որոնք պետք է աշխատեն փախստականների հետ։ Կամաց-կամաց դա դառնում է մասնագիտություն։ Ահա թե ինչու ենք մենք` տարբեր երկրների ակտիվիստներս, կոչ արձակել ու փող հավաքել սեփական նավի համար։
Գերմանացի, ավստրիացի, իտալացի ու ֆրանսիացի երիտասարդները կազմակերպություն ստեղծեցին «Defend Europe» («Պաշտպանենք Եվրոպան») հպարտ անվանմամբ և համացանցի միջոցով 75 հազար եվրո հավաքեցին մոնղոլական մի նավ վարձակալելու համար, նպատակ ունենալով հետաքննել ոչկառավարական կազմակերպությունների գործունեությունը Միջերկրական ծովում։ Նրանց անմիջապես հռչակեցին ֆաշիստներ ու ռասիստներ։ Ճանապարհին նավը շրջափակում էին բոլոր նավահանգիստներում, մեղադրում զենք փոխադրելու, նույնիսկ ծովահենության մեջ, իսկ Կատանիայի քաղաքապետն առհասարակ արգելեց նավի մուտքը նավահանգիստ։ Սակայն մեկ շաբաթ առաջ ես ուրախ լուր ստացա տղաներից այն մասին, որ իրենք հաղթահարել են բոլոր բյուրոկրատական խոչընդոտներն ու հիմա ընթանում են դեպի Լիբիայի ափ։
-Մեր նպատակն է ոչկառավարական կազմակերպությունների հանցանքների, մարդկանց անօրինական թրաֆիկին նրանց մասնակցության ապացույցներ հավաքել,- ինձ բացատրում է իտալացի գեղեցկուհի Էլեոնորան։- Մենք չենք կարողանում նրանց դեմն առնել միայնակ, բայց նրանք ստիպված կլինեն արդարանալ ու պաշտպանվել։

ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԴԱՏԱԽԱԶԻ ԲԵՐԱՆԸ
Սիցիլիան, դե, Սիցիլիան է։ Ինչքան էլ աքլորը ծուղրուղուն առաջինը կանչած լինի, միևնույն է, հայտնվելու է սուպի մեջ։ Այս տարվա փետրվարին Կատանիա քաղաքի քաջարի դատախազ Կարմելլո Զուքքարոն հայտարարեց, որ ինքը միջազգային ոչկառավարական կազմակերպությունների ու լիբիացի մաքսանենգների անմիջական կապերի ապացույցներ ունի։ Ավելին, նա ասաց, որ «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) ներկայացուցիչների ու «փրկարարների» հեռախոսային խոսակցություններ կան իրենց ձեռքին։ Դատախազին պաշտպանեց արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, հայտարարելով, որ ինքը «հարյուր տոկոսով» համաձայն է դատախազի դիրքորոշմանը։ Իտալիան ուղղակի շնչահեղձ է լինում ներգաղթյալների ճնշման տակ։ Միայն մարտին 85 հազար մարդ է մուտք գործել։ Իսկ ընդհանուր առմամբ սպասվում է 250 հազար, ինչը 20 տոկոսով ավելի է անցած տարվանից։
Միջազգային ոչկառավարական կազմակերպությունները վայրենի ոռնոց դրեցին, ու պարզվեց, որ նրանք շատ ուժեղ են իտալական կառավարությունից։ Արդարադատության նախարարությունում քաղաքական խորհրդականի պաշտոնում նշանակվեց ոմն Կոստանզա Հերմանին, որը մինչ այդ բարձր դիրք էր զբաղեցնում Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամում։ Տիկին Հերմանինն անմիջապես մի հոդված հրապարակեց «The Huffinton Post»-ում, հայտարարելով, որ ոչկառավարական կազմակերպությունների գործունեությունը Միջերկրական ծովով գաղթականների փոխադրման ուղղությամբ արտասահմանում մոգոնված կեղծիք է։ Դատախազ Զուքքարոյին խորհուրդ տվեցին սսկվել։ Օրերս նա հայտարարություն արեց, թե ինքը ոչկառավարական կազմակերպությունների ու մաքսանենգների կապերի ապացույցներ չունի։ Նրա կարիերայի վերջը եկել է։
(շարունակելի)


Դարյա ԱՍԼԱՄՈՎԱ
«Комсомольская правда»
Թարգմանությունը`
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 17086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ