Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հապաղելու ժամանակ չունենք

Հապաղելու ժամանակ չունենք
23.05.2017 | 00:51

Հայաստանում առավելապես վերջին շրջանում ներքաղաքական դասավորությունները և առավելապես արտաքին քաղաքական, դիվանագիտական ու ռազմական բացթողումները հասարակության մեջ տագնապի ալիք էին բարձրացրել, հուսահատության էր հասցրել երկրում որևէ բան փոխել չկարողանալը:


Բայց անսպասելի հույսի թեթևակի նշույլներ ի հայտ եկան։
Նոր վարչապետը։ Չեմ ուզում և չեմ կարող բացել հույսի նշույլի փակագծերը: Բայց մի բան հստակ է, որ այդ «հույսի նշույլը» հին իշխանության «բարեփոխվելու» հետ չի կապվում։ Հայաստանում, անկախության տարիներից սկսած, ոչ մի կերպ չի հաջողվում քաղաքական և տնտեսական դաշտերը կարգավորել: Պատճառները քաղաքական չեն, այլ բարոյական։ Իշխանության լծակներին տիրապետող անձինք պատրաստ չէին կրելու պետականապահպան, պետականաստեղծ բեռն ու պատասխանատվությունը: Հայաստանում անորոշության քաոս է անկախության առաջին իսկ տարիներից: Աշխարհում նույնպես ամենուրեք խառնաշփոթ է` փախստականներ սեփական երկրից և օտար փախստականներ` սեփական երկրում։ Կարծես ամեն ազգ մնացել է մենակ իր հոգսերի ու դժբախտությունների հետ։ Մենք` հայերս, վաղուց ենք մենակ։ Վաղուց ենք մենակ, որովհետև մեր շահը, ավելի ճիշտ, աշխարհի շահը երբեք չի համընկել մեր ազգային շահերին, քանի որ երկար դարեր կորցրել ենք մեր պետականությունը և կարծես այնքան ենք խորթացել մեր սեփական պետությունն ունենալու մտքից, որ մեր առջև դարերով դրել ենք միայն գոյատևման խնդիր, ոչ պետականության վերականգնում: Իսկ գոյատևման խնդիր լուծող ազգերը մշտապես հայտնվել են հզոր և հզորության ձգտող ազգերի հրահրած պատերազմներում, որի պատճառով հող ու հայրենիք են կորցնում և մարդկային կորուստներ են ունենում։ Մենք այդ ազգերից մեկն ենք: Ինչո՞ւ չի համընկել մեր շահը աշխարհի շահին. որովհետև մենք հիմնականում պահպանել ու պաշտպանել ենք մեր հայրենիքը, իսկ մեր հարևան ազգերը ծավալապաշտական և ավարառության նկրտումներով են առաջնորդվել: Այսօր էլ ծավալապաշտական նկրտումներով առաջնորդվող աշխարհը խրվել է մեծ ու փոքր պետություններ քանդելու գործի մեջ։


Սիրտս ցավում է պատերազմների մեջ արյունլվա աշխարհի համար, կարծես խաղաղության բարեխոս աղավնին մոլորվել է և տեղ չի հասնում:
Սիրտս ցավում է իմ ժողովրդի համար, որ այս էլ քանի դար ոգորում է և անբանակ կռիվ է տվել աշխարհի չարի դեմ:
Սիրտս ցավում է հայրենիքիս համար, որ հազար ու ավելի տարիներ անց մեր կորցրած պետականությունը վերականգնելուց հետո, իշխանության ղեկին դրսից դրվեցին պետական մտածողությունից զուրկ, ազգային հոգեկերտվածքին և հոգեբանությանը խորթ մարդիկ, որոնց հարստանալու նպատակը և մեր երկրի թշնամիների՝ մեր պետականությունը վերացնելու ծրագրերը համընկել են:
Իսկ այդ ամենի հետևանքը եղան մեր հայրենիքի ու պետության թուլացումը և ժողովրդի արտագաղթը։
Սա է իրողությունը:
Ի՞նչ անել, ձևացնել, թե իբր ոչինչ էլ չի եղել, և այն, որ մեր ռազմավարական դաշնակիցը, խախտելով դաշնակից պետությունների մասին միջազգային օրենքը, խախտելով Մինսկի խմբի` որպես միջնորդ համանախագահ երկրի` հակամարտությունը վերահսկելու պարտականությունները, զենք է վաճառում թշնամի դարձած պետություններին: Եթե դաշնակիցդ թշնամիներիդ դաշնակիցն է դարձել, ապա հայտնի չէ, թե դաշնակցիդ ռազմաբազան քո երկրում ի վերջո ում դեմ կգործի։ ՈՒ միամտորեն, ո՛չ, թմբիրի մեջ ընկած մարդու նման հույս ենք փայփայում, դե՛, մեր դաշնակիցը չի կարող մեզ դավաճանել, մանավանդ որ մենք նրան պետք ենք: Մենք նրան պետք էինք, երբ մեր թշնամին նաև իր թշնամին էր, որը ներքուստ թշնամի էլ մնում է այսօր, իսկ հիմա խաղում են մի անիմաստ և խաբուսիկ խաղ. թե իբր չկան հավերժական բարեկամներ, չկան հավերժական թշնամիներ, կան մշտական շահեր: Սակայն այս մտայնությունը քաղաքական մեծ սխալ է:


Եթե ժողովուրդն ու պետությունը անընդհատ մի քաղաքական շահից ու հետաքրքրությունից մյուսն են շրջվում` առանց նկատի առնելու իրենց մշտական ռազմավարական թշնամիներին և բնական դաշնակիցներին, ապա կգա քաղաքական մի իրավիճակ, երբ կկորցնեն երկու կողմերից ակնկալվող շահն ու հետաքրքրությունները` որպես քաղաքականապես անկայուն և անվստահելի պետություն և ազգ: Բրիտանական կայսրությունը դրա վառ ապացույցն է. ո՞ւր են օվկիանոսից օվկիանոս ձգվող նրա Միացյալ Թագավորության սահմանները, թեև դեռևս պահպանվում է այդ լայնածավալ կայսրության ձևական հիշողության խորհրդանիշը` դրոշը, որի վրա աշխարհագրորեն գծված են արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ, հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք ուղղությունները: Ըստ նրանց ծրագրի` այս բոլորը Բրիտանիա է կամ կարող է դառնալ Բրիտանիա: Քաղաքական երազանքը սովորաբար, քաղաքական երազախաբություն է դառնում, եթե երկրի քաղաքական վերնախավը ղեկավարվում է միայն ծավալապաշտական նկրտումներով: Ռուսաստանին նույն երազախաբությունն է սպասում այսօր` ի դեմս Թուրքիայի` որպես դաշնակից տեսնելը։ Ոչ վաղ անցյալում` 20-րդ դարի քսանական թվականներին, բոլշևիկյան Ռուսաստանի հաշվարկները Թուրքիան ի դերև հանեց` խոստանալով, բայց չկատարելով Արևելքի երկրներում սոցիալիստական հեղափոխությունը տարածելու «առաքելությունը»: Բայց դրա դիմաց նախապես` որպես պարգևատրում, ստացավ Հայոց հողերը: Հիմա ի՞նչ է անում Ռուսաստանը։ Ռուսերեն մի արտահայտություն կա, որ շատ բնութագրական է`«в чашки-ложки» է խաղում Թուրքիայի հետ։ Իսկ մենք` հայերս, ասես ոչ մի բանից դասեր չենք քաղում և շարունակում ենք հավատալ, որ, այնուամենայնիվ, կան հավերժական բարեկամներ, ու հենց մենք ենք այդ բարեկամը Ռուսաստանի համար։ Ո՛չ, մենք Ռուսաստանի համար բարեկամ չենք ընկալվում, Ռուսաստանն էլ մեզ բարեկամ չէ: Մենք նրա համար անգամ քաղաքական շահ ու հետաքրքրություն չենք, որովհետև այս տխմար բանաձևի շրջանակներում այլ քաղաքական շահ ու հետաքրքրություն չենք փնտրում, որ նա իմանա, որ մեզ կարող է կորցնել: Մինչդեռ դաշնակից ընտրելիս պետք է առաջնորդվել անխախտ մի սկզբունքով` ընտրել բնական դաշնակից, որի հետ ունես քաղաքական, տնտեսական և քաղաքակրթական ընդհանրություններ և ընդհանուր թշնամի: Մեր քաղաքական վերնախավի հավկուրությունը վարակել է նաև ժողովրդին, ու մենք մտածում ենք, չէ՛, համոզված ենք, որ ռուսը կամ Եվրոպան մի բան կանեն, հո չե՞ն թողնի, որ Ադրբեջանի հետ կռիվը շարունակվի ու բորբոքվի կամ նոր կռիվ սկսվի:


Կթողնեն, քանի որ զենք արտադրելն ու զենք վաճառելը շահութաբեր են և հարստացնում են զենք արտադրող հարուստ անհատներին ու պետություններին: Իսկ մեզ պես զենք գնող պետությունները չեն հարստանում, որովհետև զենքի վրա ծախսված միլիոնները կամ միլիարդները, դրված թնդանոթի բերանին, շաղ են գալիս մարդ սպանող երկաթի բեկորների տեսքով։ ՈՒրեմն զենք վաճառողները անընդհատ կրակը թեժ կպահեն, որպեսզի իրենց զենքը վաճառվի, կրակելով` պակասի, որպեսզի նորը գնեն կռվող կողմերը: Այս կախյալ պատերազմը վտանգում է մեր պետականությունը, մեր ազգի` իր երկիր-պետության մեջ ապահով և անվտանգ ապրելու իրավունքը, հետևաբար, քանի որ առայժմ ստիպված ենք զենքին ապավինել, ուրեմն պետք է նախ արագ, հնարավորինս արագ ու կազմակերպված հզորագույն զինատեսակներ ձեռք բերենք մեր երկրում ապրող փողատերերի՝ ազգային տուրքի ձևով հավաքված միջոցներով, այլ ոչ թե աշխատավարձերից հավաքած հազարական դրամով կուտակված գումարներով: Ես դեմ չեմ «Ազգ-բանակ» գաղափարին. երբ մարդը որոշակի ներդրում է կատարում որևէ գործի մեջ, մանավանդ հայրենիքի պաշտպանության գործում, սրտացավ է լինում և պահանջատեր: Հազար դրամը մեծ փող չէ անհատի համար` ամեն ամիս ազգային տուրքի ձևով մուծելու, պարզապես արդյունքն է աննշան: Այլ բան է, եթե Հայաստանի բնակիչներս լինեինք գոնե հինգ-վեց միլիոն։ Մինչդեռ այդ տուրքը պիտի լինի ոչ թե միանվագ մի քանի հազար դոլարի նվիրատվություն որևէ մեծահարուստ անհատի կողմից, այլ պարտավորություն` մի քանի միլիոն դոլար, որովհետև մեր փողատերերի մի մասի ունեցվածքը հաշվվում է յոթանիշ թվերով, ոմանցը` վեցանիշ: ՈՒրեմն միլիարդատերը թող միլիոններ տա, միլիոնատերը` հարյուրհազարներ։ Սա կլինի արդար, որովհետև ոչինչ չանելը զինվորի ու բանակի համար, բայց նրանց կողմից պաշտպանված լինելը և՛ անարդար է, և՛ անբարո։


Մեր պետությունը, ի դեմս արդեն նոր կառավարության (եթե, իհարկե, նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո կառավարությունում փոփոխություններ չլինեն), արտաքին քաղաքական դաշտում ոչ միայն դիվանագիտական ճկունություն, այլև հանդգնություն պետք է դրսևորի: Նոր ընտրված Ազգային ժողովը, կառավարության հետ մեկտեղ, պարտավոր է շատ սեղմ ժամկետներում ստեղծել ժողովրդի կյանքի համար անվտանգ պայմաններ, անհապաղ տեղադրել Հայաստանի և Արցախի` Ադրբեջանի հետ ունեցած բոլոր սահմանների անվտանգությունն ապահովող էլեկտրոնային սարքեր, սահմանը պահող զինվորներին ապահովել ժամանակակից հզոր զենքերով ու բարձրորակ սննդով, սահմանամերձ գյուղերը պետք է համարվեն առաջնագիծ, պետք է ապահովվի բնակիչների անվտանգությունը: Պետության ունեցվածքի ու հարկերը չվճարելու հաշվին հարստացածները, նախագահներից սկսած, նաև հարստացած ու պաշտոնյա դարձած մարդիկ հոժարակամ պետք է վերադարձնեն իրենց միլիոնները՝ բանակը հզորացնելու, տնտեսությունը ոտքի հանելու համար: Այս գործին անմասն չպիտի մնան նաև սփյուռքում ապրող մեր մեծահարուստ հայրենակիցները:


Վերջապես մենք պիտի սթափվենք ու զգաստանանք: Մեր երկիրը ոչ միայն պատերազմի մեջ է, այլև ֆինանսական շանտաժի ճիրաններում է հայտնվել: Սա ֆինանսաքաղաքական մի ծրագիր է հայերիս դեմ, սա ցեղասպանությունից հետո մեր վերապրելու ոգորումների պատասխանն է նույն ուժերի կողմից, որ կազմակերպեցին ցեղասպանությունը, հայրենազրկումը և թալանը: Սա անցյալ դարի ցեղասպանության շարունակությունն է: Լևոն Հայրապետյանի դեմ դատական ֆարսը պատահական չէր:


ՈՒմ են պետք քո միլիոններն ու միլիարդները, եթե պիտի ցեղասպանվի ազգդ, կործանվի հայրենիքդ, կորցնես պետականությունը, և ազգդ դարձյալ ու վերստին դառնա տարագիր....
Այո՛, զենքը միջոց է սոսկ, հաղթողը Ոգին է, բայց երբ մեր զինվորի Ոգուն միանում է նաև հզոր զենքը, հիրավի նա դառնում է անպարտելի: Մենք պիտի ունենանք մեր զինվորի Ոգուն համարժեք զենք: Կարող ենք և պարտավոր ենք զինվել առավել, քան մեր թշնամիներն են զինվում: Չմոռանանք նաև, որ մեր բնատուր տաղանդն ու ընդունակությունները անհամեմատելի են չարաբաստիկ հարևան դարձած երկու ժողովուրդների մտավոր կարողությունների հետ: Մենք կարող ենք և վաղուց պետք է ստեղծեինք մեր ռազմարդյունաբերությունը՝ իր նորագույն, հզորագույն զինատեսակներով:
Եվ հիշենք՝ ոչ ոքի զենք չենք վաճառելու: Սա պետք է լինի մեր ազգային հավատամքը. մենք զենք ենք արտադրելու պարզապես ինքներս մեզ պաշտպանելու համար, այլ ոչ ուրիշներին դրդելու մարդասպանության:


Այսօր մենք պիտի ապավինենք մեր ժողովրդի առողջ ուժերին. Հայաստանի քաղաքական դաշտը, ցավոք, ապականված է եղել. ընդդիմություն կոչվածը, ըստ էության, իշխանության աստառն է եղել` ժամանակակից դերձակության հնարքով կարված. որ երեսին էլ շրջես` միայն գույնը կփոխվի, բայց ոչ ձևը: Հայաստանի քաղաքական դաշտը նույնպես շատ արագ պիտի մաքրենք: Որոշ մարդիկ զգուշավոր հարցնում են՝ բա ո՞վ կգա սրանց տեղը, փոխարինողն այս ընդդիմությո՞ւնը պիտի լինի: Ո՛չ, այս ընդդիմությունն այլևս չի լինի, սա այն ընդդիմությունն է, որը վերջին 10-15 տարիներին քաղաքական թատերաբեմում խաղաց ապիկար և անգամ դավադիր դեր՝ փոշիացնելով ժողովրդի հարյուր հազարավոր քվեները՝ հիսաթափության և անզորության զգացում պարտադրելով։ Մեր աչքի առաջ ընդդիմությունը ինքնաոչնչացման գնաց` Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, վերջացրած մյուս «խաղացողներով»։ Դրանց ի սկզբանե, մինչև այս ընտրություններն էլ, չէր կարելի այլևս վստահել, որովհետև այդ հավաքական ընդդիմությունը վաղուց էր դարձել քաղաքական դիակ: Ազգային ժողովի ընտրություններն ապացուցեցին, որ ժողովուրդը ընդդիմության երեսն էլ, աստառն էլ տեսավ։
Հայաստանում կա՛ն երիտասարդ ուժեր՝ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով, գիտության ու քաղաքականության մեջ գիտակ ու վարժ, լեզուների գերազանց իմացությամբ և, ամենակարևորը, հայրենասեր ու պետական մտածողությամբ երիտասարդներ: Անկախության առաջին տարիների դժվարություններն ապրած ու հարաբերական խաղաղության պարգևած նոր, ազատամիտ մթնոլորտը վայելած, սովետական աքսորների սարսափից անտեղյակ մեր երիտասարդները պատրաստ են կառուցելու իսկական ազգային պետություն՝ ազգի ու ժողովրդի համար: Անկախության այս սերունդը շատ բան սովորեց այս տարիների բոլոր ապիկար ու ապականված իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականությունից, հասկացավ, թե ինչպես չպետք է երկիրը կառավարել, և թե ինչու չի կարելի հանուն փողի դառնալ քաղաքական խամաճիկներ օտարերկրյա պետությունների ձեռքին: Հենց այսպիսի երիտասարդների պետք է քաղաքական դաշտ բերել: Մինչդեռ նոր ընտրությունները եթե որևէ փոփոխություն չեն բերելու երկրին ու ժողովրդին, «նոր դեմքերը» հին դեմքերի աստառն են լինելու միայն և շարունակելու են հների գործը, ապա, մեր իմաստուն ժողովրդի բնորոշմամբ՝ գողը մնում է գող, հագուստը կփոխի, թե մազերը կխուզի, ումից էլ գողանա` «տնից, թե հարևանից, մեկ է, գողություն է արածը»:
Եվ բնական է, որ պետության ու ժողովրդի հաշվին հարստություն դիզած մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները դրսում ընկալվում են որպես «գող»: Հետևաբար, վերաբերմունքն էլ մեր պետության ու նրա քաղաքական խնդիրների հանդեպ՝ ի դեմս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, հարգալից չէ։ Մինչդեռ տուժում են մեր պետությունն ու մեր ազգային հետաքրքրությունները միջազգային ասպարեզում: Տուժում է մեր ազգը՝ հայրենիքում ապրելով սոցիալապես անապահով, իսկ արտագաղթի դիմած մարդիկ օտարության մեջ ենթարկվում են և՛ ֆիզիկական, և՛ բարոյական, և՛ ֆինանսական բռնությունների։ Փաստերը շատ են և ահազանգող:


Իմ այս խոհերն ու խորհրդածությունները բնավ հայտնագործություն չեն. ցանկացած հայ` Հայաստանում, թե ճակատագրի կամ երկրի սխալ կառավարման պատճառով Հայաստանից հեռու ապրող, կլրացնի այս մեկնաբանությունը:
Վստահ եմ, որ մեզանում կան շատ մարդիկ, որոնք համամիտ կլինեն, որ այսօր մեր համազգային առաջնահերթ գործը պետք է լինեն Հայաստանի ներքաղաքական դաշտը մաքրելը, տնտեսական համահայկական դաշտ ստեղծելը, բանակը հզորացնելը և գերժամանակակից ու գերհզոր զենքերով զինվելը, արտագաղթը կասեցնելը և ներգաղթ-հայրենադարձություն վերսկսելը: Մնացածը ժամանակի խնդիր է։
Մենք տաղանդավոր և ստեղծագործ ժողովուրդ ենք։ Կարո՛ղ ենք:
Հապաղելու ժամանակ այլևս չունենք։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 24823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ