ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ԴԱՎՈՍՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԴՈՐՐ Է

ԴԱՎՈՍՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԴՈՐՐ Է
27.01.2012 | 00:00

Աշխարհի հզոր երկրները կրկին Դավոսում են և կրկին` գլոբալ ճգնաժամի առջև։
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը Դավոսում հայտարարեց ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության մասին։ Նրա խոսքից հետո միջազգային ֆինանսական կառույցները, հատկապես բանկերը, խիստ անհանգստացած են, իսկ գործարար աշխարհը շունչը պահած հետևում է հետագա գործընթացներին, ինչը միանգամայն բնական է. նրանք դեռ ուշքի չեն եկել նախորդ ճգնաժամից, և կրկին անխուսափելի է դառնում նորը։ Միջազգային հանրությունը սպասման մեջ է, թե ինչ որոշումներ կընդունվեն Դավոսում։ Սպասումների և անհանգստության մեջ են նաև եվրոպական գերզարգացած երկրները, քանի որ եվրոյի ճակատագիրը ճգնաժամի պատճառով տարեցտարի վտանգվում է։
Հիշեցնենք, որ եվրոն լույս աշխարհ եկավ ի հակակշիռ ամերիկյան դոլարի։ Այսինքն, այդ կերպ եվրոպական երկրները փորձեցին նվազեցնել իրենց ֆինանսատնտեսական կախվածությունն ԱՄՆ-ից, քանի որ դոլարը գնալով հզորանում էր ամբողջ աշխարհում։ Այժմ եվրաերկրներն անհանգստացած են, որ իրենց «ծնածը» կարող է փրկություն չլինել իրենց համար։ Պետք է նկատենք, որ անհանգստություն ունի ոչ միայն Եվրոպան, այլև ԱՄՆ-ը, քանի որ նույն ճգնաժամը չոքել է ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի դռանը։ Ճգնաժամ, որի արդյունքում գնալով մեծանում է տարբեր երկրների արտաքին պարտքը։ Եվ եթե սրան հավելենք օրեցօր ավելացող սոցիալական դժգոհությունը (դրա ապացույցն է նաև Դավոսում բողոքող մարդկանց առկայությունը), ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ զարգացած երկրներում։
Այս համապատկերում հետաքրքիր է ուսումնասիրել հայրենի կառավարության քաղաքականությունը։ Դեռ անցած տարվա նոյեմբերին, երբ միջազգային ֆինանսական կառույցները խոսեցին հնարավոր ճգնաժամի երկրորդ ալիքի մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը կկարողանա դիմակայել ճգնաժամի նոր ալիքին։ Որքանո՞վ է այս կանխատեսումն իրատեսական, և իրատեսակա՞ն է արդյոք... Հիշեցնենք, որ 2008-ին, երբ ճգնաժամը ներխուժել էր Եվրոպա և ԱՄՆ, վարչապետ Տիգրան Սարգսյանը կանխատեսեց, որ ճգնաժամը մուտք չի գործի Հայաստան։ Սակայն հայ ժողովուրդը, սկսած գործազուրկից մինչև խոշոր գործարար, իր մաշկի վրա զգաց ճգնաժամի հարվածները։ Ավելին, 2009-ից սկսած, երբ գործնականում տնտեսության բոլոր ոլորտներում սկսեցին նվազել գործընթացները և արձանագրվեց ՀՆԱ-ի հետընթաց, տնտեսական աճի երկնիշ թվերը կտրուկ նվազեցին, կառավարությունը հայտարարեց, որ դա ոչ թե գործադիրի վատ աշխատանքի, այլ գլոբալ ճգնաժամի հետևանք է։ Բոլորովին միտում չունենալով պնդելու, թե հետընթացը գործադիրի աշխատանքի արդյունքն է, ուզում ենք մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ճգնաժամը, իսկապես, բացասական ազդեցություն ունեցավ սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում։ Մինչև հիմա էլ տնտեսության մեջ գլոբալ ճգնաժամի հետևանքները խիստ նկատելի են։ Թե ի՞նչ տարբերակով է Հայաստանը դիմակայելու ճգնաժամի երկրորդ ալիքին, անհասկանալի է, քանի որ ստեղծված չէ ճգնաժամը հաղթահարելու այն ամուր պլատֆորմը, որը կարող է հակազդել սպասվող ալիքին։ Այս պարագայում ինքնին հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված մեր կառավարության լավատեսությունը։
Երևի թե Հայաստանը միակ երկիրն է, որն ինքնավստահ հայտարարում է, թե կարող է դիմակայել ճգնաժամին։ Մեր այս լավատեսությանը կարող են նախանձել աշխարհի հզորներն անգամ. ՌԴ ԿԲ-ի ղեկավարությունը, օրինակ, «չամաչեց» օրերս իր մտահոգությունն արտահայտելուց և չբացառեց հետագայում հնարավոր դժվարությունները։ Եվ սա այն դեպքում, երբ ՌԴ տնտեսական ցուցանիշները շատ ավելի բարձր են ՀՀ տնտեսական ցուցանիշներից։ Հայաստանի լավատեսությունը զարմացնում է աշխարհին։ Գուցե սա նման է այն նույն լավատեսությանը, որն ստիպեց Տիգրան Սարգսյանին 2008-ի կեսերին հայտարարել, թե ճգնաժամը Հայաստանին չի սպառնում։ Եթե այդպես է, ապա չի բացառվում, որ ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում մեր երկիրն ավելի մեծ դժվարությունների առջև հայտնվի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ