Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հետադարձ հայացք. վտանգված է ոչ միայն Արցախը

Հետադարձ հայացք. վտանգված է ոչ միայն Արցախը
07.06.2023 | 08:09

Հայ ժողովրդի ներկայիս ծանր վիճակի մասին ավելորդ եմ համարում գրել. այն իր վրա զգում է յուրաքանչյուր հայ և այդ վիճակից կարող է գոհ լինել միայն մեր ժողովրդի թշնամին: Ինչպես նշեց ՀՀ նախագահն իր հեռուստաելույթում ս.թ. հունիսի 29-ին, «մեր այդ զրկանքների, կորուստների, մեր սոցիալական ծանր կացության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմն է»: Եվ ահա ժողովրդին այս վիճակից հանելու նպատակով, բարի ցանկություններով ու խաղաղասիրական ձգտումներով Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու և վերադառնալով, «շիտակ, անխնա», փնջելով տեսածը, լսածը, իր տպավորությունները ներկայացրեց լայն ընթերցողներին: Ի պատասխան Բլեյանի տպավորությունների լայն ընթերցողն էլ հանրապետության մամուլը հեղեղեց զգացմունքներով ու տրամաբանական հիմնավորումներով լի քննադատություններով և գնահատականներով՝ սկսած «հոգեկան հիվանդից» մինչև «քաղաքական գործիք» ու «դավաճան»: Եվ նրան պաշտպանության նետվեցին նրա համախոհներն ու գործընկերները (էլ ինչ ընկերներ, որ նեղ օրը չհասնեն օգնության): Վալերի Միրզոյանն «անհասկացող» քննադատներին նույնպես առաջարկում է խորհել Բլեյանի առաջադրած մի շարք հարցերի շուրջ և «հասկանալ Բլեյանին», իսկ Կ. Սարդարյանն էլ քննադատելով Բլեյանին մեղադրող Ս. Զոլյանին, մեղադրում է նրան «հակափաստարկ» չունենալու և հիվանդության սխալ ախտորոշման մեջ: Տեսնելով, որ ընթերցողները Բլեյանի արարքը միանշանակ չեն ընկալել, Աշոտ Պետրոսյանը «Ազատամարտում» հարցն ուղղում է իշխանություններին. «Եթե գերագույն իշխանությունները, և անձամբ նախագահը, անհապաղ իրենց գնահատականը չտան և չդատապարտեն երևույթն ու նրա իրագործողին, ուրեմն անկասկած է, որ գործողության հեղինակները իրենք են, և Հայաստանի համար ստեղծվել է արհավիրք»:

Համոզված լինելով, որ ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ նախագահը երևույթը օբեկտիվորեն չեն գնահատի ու չեն դատապարտի և ենթադրելով նաև, որ լայն ընթերցողին դժվար կլինի, միգուցե և անհնար, «հասկանալ Բլեյանին» և «ախտորոշել» միայն մամուլում հրապարակված նյութերով, ես էլ նպատակահարմար համարեցի շիտակ, անխնա, փնջելով տեսածս, լսածս և խորհածս, ներկայացնել լայն ընթերցողին: Մեր նշանաբանն է. «Ով համաձայն չէ, թող ապացուցի հակառակը»:
1988-ի փետրվարին սկսված ղարաբաղյան շարժումը, որի գլուխ էր կանգնած «Ղարաբաղ» կազմկոմիտեն Ի. Մուրադյանի ղեկավարությամբ (գաղափարական առաջնորդն էր Զ. Բալայանը), իր միասնությամբ, կազմակերպվածությամբ և մասսայականությամբ ցնցել էր ողջ աշխարհը: Բայց շարժման հենց սկզբից սկսել էին գործել նաև շարժումը քայքայող ուժերը: Հակաղարաբաղյան գործունեության սցենարի առումով մեր և նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կարծիքը (որը նա հայտնել է ս.թ. հունիսի 29-ի իր հեռուստաելույթում) կարծես թե համընկնում են: Տարբերությունը ժամանակի և դերակատարների մեջ է:
Հիշենք ՊԱԿ-ի նախկին գեներալ Օ. Կալուգինի պատասխանն այն հարցին, թե ինչ մեթոդներով է ՊԱԿ-ը աշխատում գործադուլային շարժումների հետ. «Կազմակերպության մեջ հավաքագրելով կամ նրա մեջ ուղարկելով իր ագենտուրային, վարկաբեկելով շարժման ակտիվիստներին, և, վերջին հաշվով, այն ներսից կազմալուծելով» («Կոմսոմոլսկայա պրավդա», 20.06.90): Այս մեթոդներով էլ ղարաբաղյան շարժմանը զուգընթաց սկսվեց նաև հակաղարաբաղյան շարժումը:
Շատերն են, երևի հիշում, որ շարժման առաջին օրերին ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը ճանաչում և վստահում էր երկու հոգու՝ Իգոր Մուրադյանին և Վաչե Սարուխանյանին: Այդ մասին, պարզ է, գիտեին նաև Մոսկվայում. չէ որ Երևանում էին գտնվում այդ ժամանակ Մոսկվայի ներկայացուցիչներ Դոլգիխը և Լուկյանովը: Հիշենք նաև «սումգայիթից» անմիջապես հետո, մարտի 3-ին, Սումգայիթում ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ Խարչենկոյի խոսքը, ուղղված հայ գեներալին. «Այդ ամենը տեղի ունեցավ Իգոր Մուրադյանի և Վաչե Սարուխանյանի միջոցով: Եթե նրանք այնտեղ չխառնեին ժողովրդին, «Սումգայիթը» չէր լինի» ( տես «Комсомолец», 5-ը մայիսի 1990 թ. «Сумгаит: спустя два года»): Բացի դրանից, ըստ մեր ունեցած տեղեկությունների, 1988 թ. մարտի 9-ին ԽՄԿԿ կենտկոմում կայացած խորհրդակցությունում Կ. Դեմիրճյանը Գորբաչյովին ուղղված իր խոսքում նշել է հետևյալը. «Ես չեմ կարծում, որ «Ղարաբաղ» կոմիտեն (խոսքը «Ղարաբաղ» կազմկոմիտեի մասին է, որը ղեկավարում էր Ի. Մուրադյանը-Հ. ՈՒ) ուժեղ է, դրա համար է ժողովուրդը գնում նրա հետևից: Ուժեղ է այն գաղափարը, որ նրանք հռչակել են (այսինքն՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու գաղափարը -Հ.ՈՒ.)»: Ավելացնենք նաև, որ այս նույն խորհրդակցությունում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, որը ըստ Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի վկայության, շատ լկտի ու սանձարձակ էր պահում իրեն, ամեն ինչում մեղադրում էր դաշնակցությանը, հայ մտավորականներին, մասնավորապես Զ. Բալայանին և Ս. Կապուտիկյանին, արտահայտելով իր զարմանքը, թե ինչպե՞ս է, որ նրանց թույլատրվում է հեռուստատեսությամբ ելույթ ունենալ:
Այսպիսով, կենտրոնին հայտնի էր, որ Ղարաբաղյան շարժման գլուխ են կանգնած Ի. Մուրադյանն ու Վ. Սարուխանյանը, նրանց ոգևորողները հայ մտավորականներն են՝ Զ. Բալայանի ղեկավարությամբ և դաշնակցությունը, իսկ գաղափարն էլ, որ համախմբել և միավորել է ամբողջ ժողովրդին՝ Ղարաբաղն է: Հետևապես ղարաբաղյան շարժումը ճնշելու համար ՊԱԿ-ը պետք է զբաղվեր նշված «օբեկտներով»: Փետրվարյան այդ ծանր, անսովոր և լարված օրերին ո՞վ չէր սխալվի: Նման դեպքերում հատկապես նկատելի են լինում լիդերների սխալները: Սխալներից զերծ չէին նաև մեր լիդերները: Մեր կարծիքով հենց այդ սխալներից էլ օգտվեցին ՊԱԿ-ի աշխատակիցները: Փետրվարի 23-ին թե 24-ին, Ի. Մուրադյանի բնակարանում էինք հավաքված և տղաներից մի քանիսը (ապագա «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ) Ի. Մուրադյանի առաջ պահանջ դրեցին. «Կամ Վաչեն հարթակում այլևս չպետք է երևա կամ էլ մենք կհրաժարվենք միտինգին մասնակցել (որպես կազմակերպիչներ)»: Իգորը, որն այդ ժամանակ հիվանդ պառկած էր և միտինգների ընթացքի մասին հիմնականում տեղեկանում էր իր մոտ հավաքված ընկերներից, լսելով նրանց, վճռում է արգելել Վաչեին միտինգին մասնակցել և ելույթներ ունենալ: Այսպես լուծվեց Վ. Սարուխանյանի հարցը: ՊԱԿ-ի հաջորդ «օբեկտը» Ի. Մուրադյանն էր:
1988 թ. մայիսի կեսերին տղաների (ապագա «Ղարաբաղ» կոմիտեի անդամների) մոտ տեսա մի թռուցիկ, որն ուղղված էր Ի. Մուրադյանի դեմ և պարունակում էր նրան վարկաբեկող տվյալներ: Մնում էր այն ստորագրել (արդեն մի քանի ստորագրություն կար), բազմացնել և տարածել: Համաձայնվելով տղաների հետ, որ Ի. Մուրադյանը, իրոք, թույլ է տվել որոշ սխալներ, ճիշտ չհամարեցի այդ թռուցիկը ժողովրդի մեջ տարածելը, նշելով, որ բացթողումներն էլ, սխալներն էլ կարելի է նորից քննարկել, վերլուծել, բայց Իգորին, որն իրեն ամբողջությամբ նվիրել է ազգային ազատագրական պայքարին, այդպիսի բախտի արժանացնել չի կարելի: Թռուցիկը յոթ հոգու ստորագրությամբ բազմացվեց ու տարածվեց ժողովրդի մեջ (երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն) և ակնհայտորեն նպատակ ուներ Ի. Մուրադյանին շարժումից հեռացնել: Ի. Մուրադյանի «սխալներից» մեկն էլ մայիսյան միտինգում զենքի կոչն էր: Ասենք, որ հետագայում իրենք սկսեցին զենքի կոչ անել և զինվել: Ի. Մուրադյանը քննադատվեց նաև Ղարաբաղի ու Հայաստանի միջև տնտեսական կապերի ստեղծման և ամրապնդման առաջարկություն անելու համար: Հիմնավորեցին նրանով, որ Ղարաբաղի հարցը պետք է, նախ և առաջ, քաղաքական լուծում ստանա, սահմանադրական ուղով: Ի. Մուրադյանի դեմ գաղափարական պայքարին ավելացավ նաև ուժային պայքարը և այդպիսով գրավվեց և՛ Ազատության հրապարակի հարթակը, և՛ միկրոֆոնը, և՛ Ղարաբաղյան շարժման ղեկը:

Ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտե: Ահա թե ինչպես է այդ պահը բացատրում նախկին վարչապետ Վ. Մանուկյանը. «Ինչ-որ տեղից հետո մենք բաժանվեցինք Իգոր Մուրադյանի հետ: Բայց պետք է քննարկել նաև՝ ինչ էր ասում Իգոր Մուրադյանը և որն էր ճիշտ այդ պահին (ժամանակին չէր քննարկվում, որովհետև այն ժամանակ «այդպես էր պետք վարվել» - Հ.ՈՒ.)։ Դա էլ առանձին քննարկելու բան է՝ ես հիմա չեմ ուզում դա քննարկեմ: Դրանից հետո ինձ տղաները վստահեցին՝ ես այդ խմբի կոորդինատորն էի: Ես ուզեցի խումբը ուժեղացնել մարդկանցով, որոնք որ իրենց կյանքում արդեն հաջողությունների են հասել և դա գնահատելի է մեր ժողովրդի համար: Դրա համար երեք հոգի ես առաջարկեցի, որ մտցնենք «Ղարաբաղ» կոմիտե: Դրանք երեքն էլ իրենց ասպարեզում հասունացած, ինչ-որ մի բանի հասած մարդիկ էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը և Դավիթ Վարդանյանը: Դրանից հետո «Ղարաբաղ» կոմիտեն շատ ուժեղացավ («Հայք», 14.08.91):
Ժողովուրդն էլ այս փոփոխությունը նորմալ ընդունեց, հավատաց և վստահեց տղաներին, որովհետև նրանց կոչն էլ էր «Ղա՜-րա՜-բա՜ղ», «մի՜-ա՜-ցում», որին ավելացավ նաև նշանաբան. «Պայքա՜ր, պայքա՜ր, մինչև վերջ»:

Այստեղ հարկ ենք համարում մեր ընթերցողներին հիշեցնել 1988 թ. «Ղարաբաղ» կոմիտեի և նրա «կոորդինատորի» մի քանի հայտարարություն.
«…պարզ է մի բան, որ հայ ժողովուրդը այլևս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ և նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչև մարզի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ» («Ղարաբաղ» կոմիտեի 1988 թ. Հուլիսի 25-ի հայտարարությունից),
«Մենք պետք է պահանջենք, որ մեր ժողովուրդը, մեր կառավարությունը, այն դեպուտատները, որոնք ժողովրդի մի մասնիկն են, պատասխան տան Ղարաբաղի ժողովրդին: Դա է մեր ուղին: Ոչ մի դեպքում չպետք է շեղվել այդ ուղուց: Շեղումը կորստաբեր է», «Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար: Նորից կոտորվելո՞վ, թե մեր հզոր կամքը թելադրելով, մեր նպատակներին հասնելով» (Վ. Մանուկյան, «Մաշտոց», մայիս, 1989):
Տղաներն իրենց «համոզմունքներն» ու կոչերը համալրեցին նաև քրիստոնեական բարոյականությամբ. «Գիտենք, որ իսկական քրիստոնյան նա է, ով ընդունում է Հիսուս Քրիստոսին իբրև փրկիչ, նրա ուսմունքը իբրև միակ ճիշտը և ապրում ավետարանական սուրբ կյանքով… Առանց քրիստոնեության հայ ազգը գոյություն ունենալ չի կարող» (Վ.Մանուկյան, «Մաշտոց», մայիս, 1989 թ.):
Ինչպե՞ս կարող էր սրբագույն պայքարի ելած ժողովուրդը այսպիսի կոչեր ու խոստումներ լսել ու չհավատալ կամ չվստահել մեր «իսկական քրիստոնյաներին», հատկապես հետագայում նշանավոր «բուտիրկայում» կրած «քրիստոնեական չարչարանքներից» հետո:
1989 թ.: Միտինգ Մատենադարանի մոտ, «նվիրված» Զ. Բալայանին և «պանթուրքիզմին»: Բոլոր ելույթ ունեցողները՝ «իսկական քրիստոնյաները» և նրանց ՀՀՇ-ական մյուս հետևորդները «ղեկավարվելով» «մի՛ դատիր» պատվիրանով՝ մի լավ դատ սարքեցին: Վերջում պետք է ելույթ ունենար Ա. Մանուչարյանը և նա նախապատրաստվում էր: Մոտեցա և խնդրեցի մեկ րոպե ժամանակ տրամադրի ու ասացի. «Որոշել եք էսօր թուրքերի համար պատվերով համերգ տա՞լ»: Ասում է. «ինչու՞ ես էդպես մտածում, ինչու՞մն է բանը»: Ասացի. «Ես գիտեմ, որ Ադրբեջանում գոյություն ունի մի սև ցուցակ, որի ամենավերևի տողերից մեկում (եթե ոչ ամենավերևի) Զ. Բալայանի ազգանունն է, այսինքն նրանց գլխավոր թշնամիներից մեկն է: Եթե դուք էլ եք նրան թշնամի ու ազգի դավաճան համարում, ապա ինքնըստինքյան հարց է ծագում. ո՞վ եք դուք»: Նա ինձ հարց տվեց. «Իսկ դու վստահու՞մ ես նրան»: «Վստահ եմ, - ասացի,- որ նա, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը և ամեն ոք, կարող է սխալներ թույլ տալ, բայց նրա Ղարաբաղյան հարցին նվիրվածության մեջ ոչ մի կասկած չունեմ»:

Չեմ կարծում, որ մեր այս մեկրոպեանոց զրույցը որոշիչ դեր խաղաց, բայց, ինչքան հիշում եմ, Ա. Մանուչարյանի ելույթն այդ օրը միակն էր, որ չէր շոշափում

Զ. Բալայանի անունը: Կարծում եմ նա այդ ժամանակ էլ գիտակցում էր, որ իրականում պանթուրքիզմ գոյություն ունի և Զ. Բալայանը ճիշտ էր այդ հարցում: Հետագայում Ա.Մանուչարյանն իր կարծիքը հայտնեց, ստորագրելով մի պաշտոնական հայտարարություն, որտեղ գրված է. «ԽՍՀՄ և Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեները պետք է իմանան հանրապետությունում «Գորշ գայլեր» պանթուրքական միջազգային ահաբեկչական կազմակերպության մասին, որի անդամները ոչ միայն չեն թաքցնում իրենց գործունեությունը, այլև Հայաստանի սահմանամերձ շրջաններում բանակցություններ են վարում պատանդների վերադարձման շուրջ և իրենց հնարավորությունները հաստատում են կոնկրետ գործողություններով…» («Հայաստան», 02.07.91):

Կարծում եմ Զ.Բալայանին քննադատողները շատ լավ գիտեին, որ նա ճիշտ է: Եթե ոչ, թող Բլեյանի նման իրենք էլ խոստովանեն, որ «երբ սկսեցինք ղարաբաղյան շարժումը, քաղաքականապես դեռ մանուկներ էինք», այսինքն՝ խակ ու տգետ:
1989 թ. ամռանը Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում, որին մասնակցում էին նաև կալանավայրից նոր ազատված «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, ըստ ականատեսների վկայության, Լ. Տեր-Պետրոսյանը փակ նիստում պաշտպանում է Ս.Հարությունյանի առաջարկը՝ «Սումգայիթի» հարցը նստաշրջանում չքննարկելու մասին, այսպիսով փակելով «Սումգայիթը»: Սակայն մեր «իսկական քրիստոնյաները» չեն մոռանում ժողովրդի աչքին փոշի ցանելու նպատակով ՀՀՇ-ի առաջին համագումարում (1989 թ. նոյեմբերին) որպես մոտակա նպատակ և խնդիր հաստատել նաև «սումգայիթյան գործը»: Եվ ավելին, չանելով ոչինչ այդ հարցը միջազգային մակարդակով բարձրացնելու համար և նույնիսկ չտալով սկզբունքային պաշտոնական գնահատական, «սումգայիթի» երրորդ տարելիցին՝ 1991 թ. փետրվարի 28-ին, արդեն որպես Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, Լ. Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նստաշրջանի առավոտյան նիստում ասում է. «Մեզ համար «Սումգայիթյան» եղեռնագործությունը ոչ թե ողբերգություն է, ոչ թե ցավ, այլ առաջին հերթին վիրավորանք, անպատվություն: Ոտնահարվել է մեր ազգային արժանապատվությունը…

Չտալով քաղաքական գնահատական սումգաիթյան եղեռնագործությանը, անպատիժ թողնելով հանցագործներին, փաստորեն խորհրդային միության ղեկավարությունը խրախուսեց բռնության, արյունահեղության բոլոր նոր ձեռնարկումները: Եթե սկզբունքային վերաբերմունք դրսևորվեր, ապա, ես կարծում եմ, բոլորս էլ գիտակցում ենք, որ նրան չէին հետևի Ֆերգանան, Կոշը, Բաքուն, Թբիլիսին, Լիտվայի դեպքերը, Երևանի մայիսի 27-ը և այլն, և այլն: Այսպես է, դժբախտաբար, երբ մի անգամ երևույթը սկզբունքորեն չի գնահատվում, դա առիթ է տալիս այդ երևույթի կրկնություններին և ավելի ցավալի, ավելի մեծ մասշտաբներով»:
Կարծում եմ, կարիք չկա այստեղ մեկ առ մեկ հիշեցնել ՀՀՇ-ի ծրագրում գրված, բայց իրականում չկատարված բոլոր խնդիրների մասին, բայց արժե նշել «Նաիրիտի» հարցը, որը նույնպես լավ բնութագրում է «իսկական քրիստոնյաների» իսկական դեմքը: Տարբեր փաստարկներ, ապացույցներ, փաստաթղթեր և անուններ վկայակոչելով ժողովրդին համոզեցին, որ «Նաիրիտը» մի հրեշ է մեր ժողովրդի համար և այն պետք է փակվի: Փակելուց և իշխանությունը գրավելուց հետո նորից սկսեցին նույն հիմնավորումներով բացատրել, որ այն մեզ պետք է և անհրաժեշտ է աշխատեցնել, որ դա խաղ էր, նախկին ղեկավարների դեմ քաղաքական նպատակների համար միջոց էր: Այո, նման խաղը նրանց զենքն է, նրանց գործունեության մեթոդն է:
Քանի որ, ինչպես վերևում նշեցինք, Մոսկվայում գիտեին, որ ժողովուրդը միաբանված էր Ղարաբաղի հարցի շուրջ, ապա պետք է ենթադրել, որ նոր գաղափար պետք է տրվեր ժողովրդին, դրանով պառակտելով շարժումը: Այդ միասնության հիմքը լավ պատկերացնում էին նաև տղաները. «Մինչև վերջին ժամանակները շարժման միասնության կարևորագույն պատճառն այն էր, որ նա հավաքված էր մի ձողի շուրջ՝ դա Արցախի հարցն էր… Այժմ Արցախի հարցը չի կարող հանդիսանալ շարժման ձող, չնայած մեր ամբողջ ժողովուրդը խորը գիտակցում է այդ հարցի վճռական նշանակությունը մեր ապագայի համար և համաձայն է գնալ բազմաթիվ զրկանքների այդ հարցը վերջնականապես լուծելու նպատակով և մի օր, երբ առաջանա դրա անհրաժեշտությունը, մեր ժողովուրդը միասնական մի պոռթկումով կկանգնի Արցախի մեր քույրերի ու եղբայրների կողքին: Չնայած այս ամենին, Արցախի հարցը, այնուամենայնիվ, այժմ չի հանդիսանում շարժման ձող: Այս հանգամանքը բացատրելու համար պետք չէ փնտրել դավաճաններ ու դավադրություններ» (Վ.Մանուկյան «Գնացքից թռչելու ժամանակն է»):
Իրոք, ի՞նչ կարիք կա փնտրել «դավաճաններ ու դավադրություններ», երբ ամեն ինչ այսքան պարզ է ու բացահայտ. «Մեր ազգային պատմության մեջ այն դեպքերում, երբ ժողովուրդը նահանջել է բարոյական չափանիշներից, մշտապես կրել է անդառնալի կորուստներ… Ազգերը գոյատևում են միայն այն դեպքում, երբ հանուն սեփական հողի վրա ապրելու պայքարը դառնում է ամեն մեկի սրբազան պարտականությունը, իսկ այդ պայքարից խուսափելը գիտակցվում է որպես ծանրագույն դավաճանություն» (ՀՀՇ-ի վարչության հայտարարությունից, «Հայք», 18.03.90):
Արցախի հարցը որպես «շարժման ձող» մերժելով սկսվեց պայքարը իշխանության համար, չնայած տարբեր առիթներով պնդում էին, որ իրենք իշխանության չեն ձգտում: Բայց իհարկե չմոռացան «շարժման ձողը»՝ ժողովրդի համար որպես «հավատարմության» հաստատում, իսկ իշխանությունների դեմ՝ որպես զենք:
ՀՀՇ-ն 1989 թ. իր ծրագրի «Նպատակներն ու մոտակա խնդիրները» բաժնի առաջին կետում գրեց «Արցախի վերամիավորումը ՀԽՍՀ-ի հետ»: Իսկ իշխանություններից պահանջում էր. «Արցախահայությունն այս պայմաններում ընտրեց միակ ճշմարիտ ճանապարհը՝ ստեղծելով իսկական ժողովրդավարություն՝ Ազգային Խորհրդի գլխավորությամբ… Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն պահանջում է՝… Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել… Նստաշրջանը պետք է հստակ որոշումներ կայացնի՝
ա) Արցախի Ազգային խորհուրդը ճանաչելու մասին… (Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի 1989 թ. սեպտեմբերի 7-ի հայտարարությունից):
Իշխանության համար պայքարում չմոռացան նաև հակաղարաբաղյան պայքարը, որն արտահայտվեց նախընտրական կամպանիայի ժամանակ. բոլոր արդար և անարդար (երբեմն հանցավոր) միջոցներով պայքարեցին ղարաբաղցի պատգամավորության թեկնածուների դեմ՝ Զ.Բալայանի, Բ. Դադամյանի, Բ. ՈՒլուբաբյանի և մյուսների, այսինքն, նրանց դեմ, որոնց, ինչպես Աշոտ Բլեյանն է ասում, Բաքվում ատում են. «Զորի Բալայաններին ու բոլոր այն մտավորականներին, ովքեր թույնով ու ատելությամբ բորբոքել են մարդկանց կրքերը, հանել երկու վաղուցվա դրկիցների իրար դեմ»:
Իշխանության համար պայքարում ՀՀՇ-ն ժողովրդին իր հետևից տանելու համար նախընտրական ծրագրում գրում է. «Բոլոր նրանց, ովքեր միտումնավոր կերպով մոռացության են մատնել 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի համատեղ պատմական որոշումը Արցախի և Հայյաստանի վերամիավորման մասին.
վերոհիշյալ բոլոր հիմնադրույթները վերաբերվում են վերամիավորված Հայկական Հանրապետությանը» (ՀՀՇ-ի նախընտրական ծրագրից, «Հայք», 13.05.90։ Ընդգծումը ՀՀՇ-ի կողմից – Հ.ՈՒ.):
Իշխանության բարձունքները գրավված են: Սկսվեց նոր գաղափարի իրականացում. անկախության գործընթացը, որն ավելի հեռացրեց ժողովրդին Արցախի հարցից:
Եթե նախկին ղեկավարներից պահանջում էին ճանաչել Արցախի ազգային խորհուրդը, իրենք ամեն կերպ խուսափում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լ. Տեր-Պետրոսյանը բազմիցս նշելով, որ Արցախի ժողովուրդը մղում է

ազգային-ազատագրական պայքար, հենց որ Ի.Մուրադյանը 61 պատգամավորների ստորագրությամբ նախագիծ ներկայացրեց խորհրդարանին` Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պայքարը

ազգային-ազատագրական շարժում ճանաչելու մասին, ինքը դրան ի հակադրութուն առաջարկեց ճանաչել մարզի մի քանի ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնությունը Ադրբեջանի հետ բանակցությունների մասին, չնայած խոստովանում է. «Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները, ես համաձայն եմ, արդյունք չտվեցին, որովհետև Ադրբեջանին ձեռնտու չէր այսօր գնալ բանակցությունների, քանի որ ստեղծված վիճակը շատ նպաստավոր է նրա համար, բանակի օգնությամբ նրա ուժերով նա կարողանում է Արցախում օր-օրի ամրապնդել իր դիրքերը»: Որ այս պարզ ճշմարտությունը նախագահը լավ գիտի, նա հաստատեց նաև վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հիշեցնելով այս տարվա ապրիլ-մայիս ամիսների իրադրությունը՝ «Շուշիի և Լաչինի գրավումից առաջ և հետո, երբ Ադրբեջանում տեղի էր ունենում շատ լուրջ պայքար իշխանության համար: Այդ պահին ադրբեջանական իշխանությունները ավելի շատ հակված էին բանակցությունների, խաղաղ լուծումների, որովհետև շատ ավելի ծանր դրության մեջ էին գտնվում, քան հետագայում, երբ հաջողություններ ունեցան»:
Այս պարզ ճշմարտությունն իմանալու համար պետք չէ իմաստուն կամ մարգարե լինել: Չէ որ նրանց սուրբ գրքում գրված է. «Մի թուլացեք և խաղաղության մի կոչեք, քանի դեռ ուժեղ եք»: Այսքան ժամանակ Ադրբեջանը ղեկավարվել է այս սկզբունքով: Դրա հաստատումը կարող է լինել նաև Բլեյանին հիացրած և զարմացրած Էթիբար Մամեդովի («Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենավառ դեմքերից է») խոսքն այն մասին, որ Ղարաբաղի հարցը կլուծվի «միայն զինված ուժի միջոցով: Պետք է բավական ուժեղ բանակ ունենալ (թույլի հետ ոչ ոք չի խոսի), որը ստեղծվում է և արդեն հաջողություններ ունի: Հարկավոր է լրիվ մաքրել մեր տարածքը և միայն դրանից հետո նստել բանակցությունների» («Ազատամարտ», 20-26 նոյեմբերի, 1992):
Մի՞թե հակառակորդի որդեգրած այս սկզբունքի իմանալը չի թելադրում սեփական գործողությունների ընթացքը: Ազգին, ժողովրդին ազնվորեն նվիրված ղեկավարը համախմբելով հանրապետության քաղաքական ու ռազմական ուժերը, բանակ կստեղծեր և մի քանի շոշափելի հարվածներ հասցնելով թշնամուն, իր միասնական և հզոր ուժը ցույց տալուց հետո միայն կառաջարկեր բանակցություններ, երկխոսություն (հայկական կողմը՝ Հայաստան + ԼՂՀ), դրանով ապացուցելով և՛ սեփական ժողովրդին նվիրվածությունը, և՛ իր խաղաղասիրական ձգտումները: Հակառակ դեպքում բանակցությունների կոչելը վախկոտության ու դավաճանության նշան է:
Սակայն մեր նախագահը անտեսելով այս պարզ ճշմարտությունը, շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, իսկ այժմ ստիպված ենք կրկնել, որ Հայաստանը եղել և մնում է հիմնահարցերի քաղաքական կարգավորման սկզբունքներին հավատարիմ: Մենք գտնում ենք, որ առկա հակասությունները, որքան էլ բարդ լինեն, պետք է լուծվեն բանակցությունների միջոցով» (ՀՀ նախագահի հայտարարությունից, «Երկիր», 20.06.92):
Եվ լինելով իր այս սկզբունքներին հավատարիմ և «չնկատելով», որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, կազմալուծում է ՀԱԲ-ը՝ չստեղծելով կանոնավոր ազգային բանակ, ճնշում գործադրելով Արցախի ղեկավարների վրա, պահանջում է գնալ բանակցությունների, այսինքն հետևեն իր օրինակին: Հիշենք Մութալիբովի խոստովանությունը. «Ինձ հաճելիորեն զարմացրեց այն, որ պրն. Տեր-Պետրոսյանը ընդունեց ինքնավար մարզը կառավարելու Բաքվի իրավասությունը» («Ազատ Վրաստան», 17 հուլիսի, 1991 թ.):
Եվ այդ քաղաքականությունն ունեցավ իր պաշտպաններն ու կրողները: Բերենք օրինակներ:
Կ.Սարդարյան. «Առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու չի լինի անկախ Հայաստան» («Հայք», 20.11.91 թ.), «Ես Հայաստանի անկախանալուց հետո, երբ Ղարաբաղի հայությունն ապրում էր իր հողի վրա, առաջարկեցի հերթական անգամ աշխարհին չզարմացնենք, ընդունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջ տանք այս անիմաստ պատերազմին: Այսօր էլ այն կարծիքին եմ, որ այդ ճանապարհն այլընտրանք չունի: Հասկացեք, այլ ճանապարհով խաղաղություն չկա: Ես նույնպես շատ կուզեի, որ լիներ, բայց չկա» («Ազգ», 27.11.92):
Ռ. Իշխանյան. «Այո, հարցի մեն–միակ լուծումը հաշտվելն է Ադրբեջանի հետ, հենց հիմա, ինչ գնով էլ լինի հաշտվել: Առանց Ադրբեջանի հետ հաշտվելու մեր անկախության հարցը կձախողվի, և Հայաստանի գործն առհասարակ կձախողվի:
Ասում են՝ բա Ղարաբաղից ձեռք քաշե՞նք: Եվ այնպես են ասում, կարծես հիմա ձեռք քաշած չենք…
Այդ հաշտությունը նաև շատ օգուտներ կտա Հայաստանին. ճանապարհները կազատվեն շրջափակումից, և Ադրբեջանի երկաթուղին նույնպես վստահելի կլինի մեզ համար, գազն ու էլեկտրականությունը չեն կտրի, մարդ չի սպանվի, առևտուր կանենք Ադրբեջանի հետ և այլն…
Եթե այս ճանապարհը համառորեն չբռնենք, կրկնեմ, երրորդեմ ասածս, ոչ մի անկախության չենք հասնի, կկորցնենք Հայաստանի այս վերջին կտորն էլ» («Մաշտոց», 06.07.91 թ.):
Եվ այս բացատրությունը Ռ.Իշխանյանը հիմնավորում է նաև հետևյալով. «Հիմա իրադրությունը պարզ ցույց է տալիս, որ հողային պահանջ դնելը միջազգային օրենքներով ագրեսիա է, որ արդարությունը, պատմական փաստարկը, բարոյականությունը, որևէ արժեք չունեն, անօգուտ են քաղաքականության մեջ » (նույն տեղում):
Ա.Բլեյան. «Երբ սկսեցինք Ղարաբաղյան շարժումը, քաղաքականապես դեռ մանուկներ էինք, իսկ այժմ հասուն այրեր ենք և հասկանում ենք, որ ներկա պայմաններում հնարավոր չէ պատկերացնել Ղարաբաղը որպես ինքնուրույն քաղաքական միավոր: Ղարաբաղի հարցի միակ լուծումը տեղի հայությանը Ադրբեջանի կազմում կուլտուրական ինքնավարություն տալն է: Հայաստանի Հանրապետության հայության շահերը դա են պահանջում: Ճիշտ է, այստեղ մեր և Ղարաբաղի բնակչության շահերը չեն համապատասխանում, բայց մենք պետական ազգ դառնալու համար պիտի քաղաքականության մեջ բացառենք զգացմունքայնությունը. եթե հոր աչքի առաջ անգամ բռնաբարում են աղջկան, և պետական շահը պահանջում է հանդուրժել դա, մենք պիտի լռենք: Ղարաբաղի հարցի այդպիսի լուծումը հնարավորություն կտա շատ արագ կերպով բացել Հայաստանը սնող տրանսպորտային ուղիները և տնտեսական սերտ համագործակցության մեջ մտնել մեր հարևանների հետ: Մեր պետական շահը պահանջում է սիրել թուրքերին, և մենք պետք է սիրենք նրանց. ի՞նչ է, վրացիները ավելի լա՞վ են թուրքերից» («Երկիր», 17.03.92):
Եվ վերջապես հիշենք նաև ԽՍՀՄ ԳԽ ժողովրդական պատգամավոր Վ. Ալկսնիսի հետ հանդիպման ժամանակ մեր բարձրաստիճան «իսկական քրիստոնյաների» հայտարարությունը. «Հասկանում ենք հիմնահարցի ամբողջ բարդությունը: Դրա համար էլ քննարկում ենք Հայաստանի մուսուլմանական հավատին անցնելու նախագիծը… Այո, ծանր է անկախության համար գինը, բայց գնալու ենք այդ քայլին…» (Զ.Բալայան «Խաչ՝ կիսալուսնի վրա՞», «Հայաստան», 14.08.1991 թ.): Եվ ինչպես նշում է Վ.Ալկսնիսը, ըստ այդ բարձրաստիճան պարոնների, հիմնահարցը լուծելու համար «անհրաժեշտ է հասնել Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը»:
Մի՞թե այսքանից հետո մենք պետք է զարմանանք լեդի Ք.Քոքսի խոսքից, «որ ղարաբաղյան հիմնահարցը միջազգային ասպարեզում ճիշտ չընկալելու պատճառը Հայաստանից ու Ղարաբաղից ստացվող լուրերի պակասն է և այն հսկայական տեղեկատվությունը, որը ստացվում է Ադրբեջանից», կամ, «որ միջազգային հանրության համար շատ դժվար է հասկանալ, թե ինչու ղարաբաղյան հիմնահարցն ավելի ուժգնորեն չի դիտվում Հայաստանի կառավարության կողմից» («Երկիր», 28.10.92):
Մի՞թե պետք է զարմանանք, որ Շահումյանն ու Մարտակերտի մեծ մասը հայաթափվեց առանց որևէ լուրջ դիմադրության: Թե՞ պետք է զարմանանք, որ ադրբեջանցիները, ինչպես Բլեյանն է ասում, «իրենց Էլչիբեյի նկատմամբ չթաքցրած ու մեր Լևոնի նկատմամբ թաքցրած հարգանք ունեն: Կարծում են, որ նրանք կարող են պայմանավորվել»: Միգուցե շատերի համար զարմանալի՞ էր նաև, երբ «Ազատամարտը» ս.թ. հուլիսի 10-16-ի համարում տպագրեց Լ. Տեր-Պետրոսյանի մասին «Տեղեկանք-բնութագիրը», որը հաստատում էր նրա ՊԱԿ-ի հատուկ ռեզերվի պահեստային լեյտենանտ լինելը: Մի՞թե զարմանալի էր նաև, երբ Լ. Տեր-Պետրոսյանը ս.թ. հունիսի 29-ի հեռուստաեթերում քննադատելով Հայ հեղափոխական դաշնակցությանը, մեղադրում էր նրան նաև նրանում, որ նրա անունից պարտավորություն են ստանձնել «պայքարելու Արցախյան շարժման, իսկ հետագայում նրա կազմակերպական ձևը հանդիսացող Հայոց համազգային շարժման դեմ» (կարծում եմ, մեր ընթերցողներն արդեն գիտեն, թե ո՞վ , ինչպե՞ս և ե՞րբ սկսեց պայքարել Արցախյան շարժման դեմ):
Ինձ համար այս ամենը անսպասելի և զարմանալի չէր, երբ Կալուգինի վերը նշված պարզ «գաղտնիքին» ծանոթանալուց հետո սկսեցի վերլուծել մեր անցած ուղին: Ինձ համար զարմանալի չէր արդեն այն, որ 1988 թ. դեկտեմբերին ղարաբաղյան շարժման ակտիվիստներին կալանման սանկցիան ստորագրած ՆԳ-ի նախարար Հ. Հարությունյանին (իսկ որ նա էր ստորագրել, այդ մասին Սովետաշենի մեկուսարանում նստած ժամանակ արդեն բոլորս, այդ թվում նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, գիտեինք), իշխանություն գրաված կալանավայրից ազատվածները նշանակեցին ՊԱԿ-ի նախագահ:
Դեռ նախագահական ընտրություններից առաջ, զգալով հայ ժողովրդի գլխին գալիքը, գրել եմ. «չլինի՞ թե հանկարծ ժողովուրդը պրեզիդենտ ընտրի այնպիսի մի «հայի», որը հրաժարվելով Հայ Դատից, պահանջատիրությունից, Արցախից… Արցախը հանի աճուրդի, կամ էլ Մութալիբովի նկատմամբ ունեցած հարգանքից, պարզապես պրեզիդենտական նվիրատվություն անի՝ Արցախը տա ու ասի. «Է՛ս էլ մեր սեղանից ձեր սեղանին» («Մեր սեղանից ձեր սեղանին», «Հայ աշխարհ», №5, 12.09.1991):
Ինչպես արդեն համոզվեցինք, ՀՀՇ-ի լիդերների համար «բարոյականությունը որևէ արժեք չունի», և դա նրանց համար գաղափարական սկզբունք էր դառել. «դարերով հայ ժողովրդի գոյության, բարոյական ու հոգևոր զարգացման մեջ վճռորոշ դեր է խաղացել քրիստոնեական հավատը: Վերջին տասնամյակների փորձով հաստատվեց, որ հավատի կորուստը խարխլում է ազգի բարոյական հենքը և անխուսափելիորեն տանում բարոյազրկման» (ՀՀՇ-ի ծրագրի նախագծի «գաղափարական սկզբունքները» բաժնից, «Հայք», 2.11.89):
ՀՀՇ-ի ամբողջ գործունեությունը այդ «գաղափարական սկզբունքի» վառ ապացույցն էր: Մի՞թե դա չի հաստատում նաև ՀՀՇ-ի վարչության նախկին նախագահ Վ. Սիրադեղյանը իր հետևյալ խոսքով. «Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ կուշտ մարդ չկա, կշտությունը սահման չունի, որ փողը մի հատկություն ունի՝ եթե չես ավելացնում, պակասում է: Եվ այս օրենքը բնության օրենքների նման ստույգ է: Երկրորդ, որ չկա ազնիվ մարդ, որ պարզապես մի մասը գողանալու հնարավորություն ունեցել է, մյուս մասը՝ ոչ» (ՀՀՇ-ի արտահերթ (երրորդ) համագումարում վարչության նախագահի քաղաքական զեկուցումից, «Հայք», 30.08.91):
Այո, Աշոտ Բլեյան, եթե, ինչպես ասում են, քաղաքականությունը անբարոյականություն է, ապա դու (և ոչ միայն դու) այդ բնագավառում ոչ միայն արդեն «հասուն այր» ես, այլ, կարելի է ասել, արդեն պրոֆեսոր ես, նույնիսկ ակադեմիկոս: Ենթադրում եմ, որ ինչքան էլ այդ բնագավառում հասուն լինես, միևնույն է, դու քեզ թույլ չես տա ցեխոտ կոշիկներով մտնել ձեր տուն կամ էլ հարևանի տուն: Նախօրոք ցեխը կմաքրես կամ էլ կոշիկդ կհանես: Իմացած եղիր, որ Արցախի համար պայքարը սուրբ պայքար է, և այդ բնագավառն էլ սրբավայր է ու քո բարոյականությամբ այդտեղ դու անելիք չունես: Մի՞թե «Ո՞րն է մեր ճանապարհը» գրքույկի նախաբանում հայ պատանիներին դիմելիս արդեն «հասուն այր» չէիր, երբ ասում էիր. «Այսօր մենք 30 հազ. քառ. կմ + 4.6 հազ. քառ.. կմ տարածքում 3 մլն 500հազ. + 150 հազ. հայերով Հայաստան – Հայրենիք ունենք, այսօր մենք վերջապես մեր ազգային պետականության հաստատման բոլոր հնարավորություններն ունենք: Երբեք այսքան օգնող չեն եղել քամիները… կկանգնի Հայաստանը հզոր ու բարեկեցիկ, քաղաքակիրթ ազգերին ու պետություններին արժանի ու հավասար, և կկանգնի շուտ»:
Նույն տեղում հայ պատանիներին ասում ես. «Մեզ ամենից առաջ Ոգի է հարկավոր, ազատ ու արժանապատիվ կյանքով ապրող մարդու Ոգի, որ ամեն օր արթնանանք հանգիստ ու լիքը՝ լավագույն ապագայի անսասան հավատով»։
Արցախցու Ոգին արթնացել և «ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու ձգտումով պայքար է մղում Ադրբեջանի արնախումների և մարդակերների դեմ, իսկ դու, շուկայական հոգեբանությամբ անՈգի, քաղաքական «հասուն այր», ոչ միայն հանդուրժում ես հոր աչքի առաջ աղջկան բռնաբարելը, այլ նաև այդ բռնաբարված ու մորթված աղջկա արյամբ ներծծված հացը վայելելով՝ բռնաբարողների կյանքով հիացած նրանց գովքն ես անում: Ի՞նչ եղան մեզ այդքան օգնող քամիները և մեր Հայաստանը «հզոր ու բարեկեցիկ»: Մի՞թե «հզոր Ադրբեջանի» հզոր քամիները քեզ սարսռեցրին ու գիտակցությունդ մթագնեց, Հայրենիքդ դառավ «մութ աշխարհ», իսկ կյանքի գնով Հայրենիքը պաշտպանող և ազգային-ազատագրական պայքարի ելած հերոսների գոյապայքարն անվանում ես անբարոյական պատերազմ:
Փա՜ռք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարտնչող քաջերին, որ քեզ նման չեն սարսափում «Ադրբեջանի հզորությունից» ու դառնում նրա կամակատարը, այլ կռվում են, հիշելով Նժդեհի խոսքը.
«Այնտեղ, ուր կա ոգու, ասել է՝ Բարոյական ուժերի ապացույցը, այնտեղ թվական գերազանցությունը, քարը, մետաղը գրեթե կորցնում են իրենց նշանակությունը: Ոգու հետ զինակցողը բարոյական ուժերի հետ է զինակցում, որի միջոցներն աճում են անհավատալիության աստիճան, դառնում անսպառելի:
Գլխավոր դերը ժողովուրդների պատմության մեջ խաղում են ոչ արտաքին պայմանները, ոչ քաղաքական օրիենտացիան, ոչ էլ դիպվածները, այլ իրենց հոգեբանական նկարագիրը»:
«Քաղաքական հասուն այրեր», եթե գիտակցելով, որ «Սումգայիթը» մեր ազգի համար վիրավորանք և անպատվություն էր, ազգի արժանապատվության ոտնահարում, և այնուհանդերձ հարցը լռեցրել, փակել եք և հանդուրժելով այդ խայտառակությունը, այսօր Արցախն եք թողնում Բաքվի իրավասության տակ, և եթե դա ձեր պատկերացրած անկախ պետության շահերն են պահանջում, ապա ես թքել եմ այդպիսի անկախության ու պետության վրա, որը ոչ մի կապ չունի ազգ, ժողովուրդ հասկացողությունների հետ և որը երբեք չի կարող պաշտպանել սեփական ժողովրդին ու նրա շահերը, այլ ղեկավարվելով «կշտությունը սահման չունի», «չկա ազնիվ մարդ, պարզապես մի մասը գողանալու հնարավորություն ունեցել է, մյուս մասը՝ ոչ» սկզբունքներով ժողովրդին հասցրել է այս թշվառ վիճակին: Եվ պետք չէ ժողովրդին համոզել, թե իբր մեր «ծանր կացության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմն է»: Այս վիճակը հետևանք է մեր «քաղաքական հասուն այրերի» շուկայական հոգեբանության և, վերջապես, դավաճանության: Կարծում եմ մեր ժողովուրդը լուրջ ուշադրություն պետք է դարձնի այն կարևոր փաստի վրա, որը վերջերս հաճախ է ակնարկվում մամուլում: Ինչպես նշում է Գրիգոր Բաբայանը «Ամիսներ առաջ… Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե իր տպավորությամբ Հայաստանը ղեկավարվում է դրսից» («Երկիր», 21.11.92):
Նույն միտքն է արտահայտում քաղաքագետ Արթուր Բունիաթյանը. «պետական ու կառավարական լծակները հիմնականում օտար և ապազգային ուժերի ձեռքին են» («Ազատամարտ», թիվ 48, նոյեմբեր, 1992 թ.):
Եվ վերջապես վերջերս Հենրիկ Իգիթյանի հարցազրույցի ժամանակ ասված խոսքը. «Մենք ներգրավված ենք մի այնպիսի խաղի մեջ, որտեղ ուրիշներն են թելադրում խաղի կանոնները. հայերս մեր ճակատագրի տերը չենք, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կորոշեն ուրիշները՝ աշխարհի հզորները: Ո՛չ կառավարությունն է տիրապետում իրավիճակին, ո՛չ ժողովուրդը… անկեղծ ասած, ես այնքան էլ գլուխ չեմ հանում, թե այդ խաղի մեջ ինչպիսի դիրքորոշում ունի մեր հանրապետության նախագահը… գրեթե համոզված եմ, ասենք Վանո Սիրադեղյանը կամ Վազգեն Մանուկյանը վերջնականապես չգիտեն, թե ինչ կա Լևոն Տեր-Պետրոսյանի մտքում, և նա ու՞ր է ուզում (կամ՝ ով ուր է ուզում) տանել Հայաստանը» («Երկիր», 3.12.92):
Միգուցե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչելը, պատերազմի մեջ գտնվելով հանդերձ բանակ չստեղծելը, հեռանկարային ծրագրեր կազմելու համար ժամանակ և հնարավորություններ չունենալը, պետության քաղաքական կայունության հիմքը հանդիսացող սահմանադրության ձգձգելը և մի շարք այլ՝ ժողովրդի համար օգտակար բաների չանելը և դրան հակառակ՝ թշնամու գովքն անելով, նրա ոտքերն ընկած հաց մուրալը և, վերջապես, մեր հոդվածի սկզբում նշված ՊԱԿ-ի խնդիրներ հանդիսացող «օբյեկտներով» հետևողականորեն և նպատակամղված զբաղվելը նույնպե՞ս դրսից է ղեկավարվում:
Կարծում եմ, ընթերցողներին արդեն պարզ է, թե ու՛ր է ուզում տանել Հայաստանը մեր թուրքամետ նախագահը իր համախոհներով («քննարկում ենք Հայաստանի մուսուլմանական հավատին անցնելու նախագիծը», «Մեր պետական շահը պահանջում է սիրել թուրքերին, և մենք պիտի սիրենք նրանց» և այլն և այլն): Մեր կարծիքով «Նարեկ» բժշկական թերթում վերջերս քարոզվող բազմակնությունը մեր «հասուն այրերի» հեռուն գնացող քաղաքական գաղափարախոսության առաջին ծիլերն են: Դրանով երևի, մեր հոգեբանները, հոգեբույժները և ուսուցիչները հող են պատրաստում հայ-ադրբեջանական «հաջող» բանակցություններից հետո «հասուն այրերի» համար հարեմ բացելու համար: Եվ մենք ձեզ հետ միասին, սիրելի ընթերցող, պետք է հանդուրժենք, որովհետև «պետական շահը դա կպահանջի»:
Կարծում եմ Վ.Միրզոյանը կհամաձայնվի, որ կարողացա «հասկանալ Բլեյանին: Այսքան ասվածից հետո ինչպե՞ս կարող եմ չհասկանալ, թե ինչու 1990 թ. Բաքվի հայկական ջարդերից անմիջապես հետո Ռիգայում հանդիպելով ջարդարարների կազմակերպիչների հետ և վերադառնալով Երևան, Աշոտ Բլեյանը աշխատանքից ազատում է սումգայիթյան գործով զբաղվող Հրայր Ուլուբաբյանին (տողերիս հեղինակին), հրամանի մեջ ձևակերպելով՝ «իր դիմումի համաձայն»: Հայտնում եմ, որ ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել և միայն մարտի 9-ին եմ իմացել, որ «իմ դիմումի համաձայն» մարտի 1-ից աշխատանքից ազատված եմ: Առանց որևէ նախազգուշացման, առանց որևէ այլ լուրջ հիմքի (եթե դա արվել է իմ բացակայությունների համար, ապա նշեմ. նման բախտի չի արժանացել ինձնից ոչ պակաս բացակայած «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ա.Մանուչարյանը): Այնպես որ, մանկավարժ Ա.Բլեյանի բարոյական դեմքը ինձ ծանոթ էր դեռ այն ժամանակներից: Եվ ինձ համար շատ հասկանալի է Բլեյանը, երբ նա գրում է. «մեր դժբախտությունների ու հաջողությունների ակունքները մեր մեջ պիտի փնտրենք, քանզի ներսից ենք փտած» («Ո՞րն է մեր ճանապարհը»):
Կ. Սարդարյանը, հուսով եմ, հոդվածում բերված փաստերի և հակափաստարկների պակասություն չի զգա, իսկ ախտորոշումն էլ՝ դավաճանություն, արված է ինքնաբնութագրական ախտանշանների հիման վրա: Մեր դիտարկումները պարզապես հաստատում են այդ ինքնագնահատականը: Ես է՛լ համաձայն չեմ հարգելի Ս. Զոլյանի շտապ և անհիմն ախտորոշման հետ. չէ՞ որ այն նաև ազատում է պատասխանատվությունից:
Լ. Տեր-Պետրոսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ իրեն «զայրացնողը միայն մեկ բան է. փաստերի աղավաղումը»: Կարծում եմ այդ իմաստով մեր բերած փաստերը նրան չեն զայրացնի: Ընդամենը փաստերը մեկիկ-մեկիկ (ինչպես կասեր Բլեյանը) հավաքել, համադրել եմ, սարքել ծաղկեփունջ: Եթե ծաղիկների մեջ մոլախոտերը գերակշռող են, ապա դրանում ես մեղք չունեմ: Ես ընդամենը հավաքել եմ իրենց սերմանած ծաղիկները:
Վերջին ժամանակներս նկատելի է Վ.Մանուկյանի և նրա մի խումբ ընկերների կրկին Արցախի հարցի շուրջ հավաքվելը: Եթե դա մի նոր քաղաքական խաղ չէ, ապա թող բարի լինի, որպես ազնիվ մղումների հաստատում, ընթերցողներին ներկայացնի իր բացատրությունները «շարժման ձողից» շեղվելու հիմնական պատճառների մասին, և նաև Հայաստանը դրսից ղեկավարվելու իր տպավորության հիմքերը:
Քանի որ «քաղաքական հասուն այրերը» «Նոր ուղի» կազմակերպություն ստեղծելով մտադիր են պայքարելու իրենց սև գործը իրականացնելու համար, ապա անհրաժեշտ ենք համարում նշել, որ դա բոլորովին էլ նոր ուղի չէ, այլ էությամբ ու բովանդակությամբ նույն դավաճանությունն է: Ժողովուրդը մի խոսք ունի. «Էշի փալանը փոխելով էշը ձի չի դառնում »: Սկզբից «Ղարաբաղ» կոմիտե, հետո ՀՀՇ, իսկ հիմա էլ «Նոր ուղի», իսկ բովանդակությունը՝ «հայոց» հակաղարաբաղյան շարժում («Հ»ՀՇ): «Նոր ուղին» բռնած հիվանդներին խորհուրդ է տրվում ընթերցել Հ. Թումանյանի «Չարամիտներին» և «Դարձյալ նրանց» բանաստեղծությունները և փափախները դնեն առաջներն ու խորհեն: Եթե չօգնի, թող պարզապես հաշվի առնեն. «Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին» (Հռչակագրից):
«ԼՂՀ-ն իր ճակատագիրը տնօրինելու իրավունք ոչ ոքի չի շնորհել և չի ընդունի իրեն պարտադրած և ոչ մի որոշում» (ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության դիմումից, ուղղված ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, 13.11.92):
Եթե դա էլ չօգնի, գիտակցության ոչ մի փոփոխություն չլինի, ապա հարկավոր է իմանալ, որ «Նոր ուղին» փակուղի է. դիմացը գոյության պայքարի ելած արցախցու հրե թուրն է և Քրիստոսն էլ ասել է. «Ամենայն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում»:
Իսկ դու, սիրելի ընթերցող, եթե նույնիսկ թալանվել և սնանկացել ես այնքան, որ փափախ էլ չունես առաջդ դնես, միևնույն է, խորհել այս ամենի մասին պարտավոր ես. վտանգված է ոչ միայն Արցախը:

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Լույսի և Ճշմարտության մարտիկ

08.12.92 թ.

Դիտվել է՝ 7965

Մեկնաբանություններ