Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կլաստերներ և սուբվենցիա

Կլաստերներ և սուբվենցիա
04.04.2023 | 22:15

ՀՀ ներկա ապիկար իշխանությունը, իր ոչ տնտեսագետ ղեկավարի շուրթերով, 2018 թվականին հռչակեց տնտեսական հեղափոխություն։ Ինչպես արտաքին դիվանագիտական, ռազմաքաղաքական հարցերում, տնտեսության մեջ էլ ներկա ապիկարները պրակտիկորեն ոչինչ չեն արել, բացի հարկեր, տուգանքներ բարձրացնելուց և գների աճի դեմ պայքարից հրաժարվելուց։ Հիմա անտեղյակ մարդիկ կհարցնեն՝ իսկ ի՞նչ պետք է անեին, որ չեն արել և ինչու՞ են ապիկար: Պատասխանը հետևյալն է։ Շատ բաներ պետք է անեին, բայց չեն արել և չեն անում, քանի որ իրենց ամբողջ խմբակը տնտեսագիտական զրո գիտելիք ունի, իսկ առանց տնտեսական գիտելիքների և դրանց կիրառման երկիրը հայտնվում է դեգրադացիայի մեջ։ Կատարվելիք քայլերից մեկը, այսպես կոչված, կլաստերների ստեղծումն է։ Ի՞նչ է կլաստերը: Դա աշխարհագրական որևէ վայրում փոխկապակցված արտադրությունների, բուհերի, բանկերի, լաբորատորիաների, ենթակառուցվածքների հանգույցն է, որը ստեղծվում է կլաստերի անդամ առանձին ձեռնարկությունների փոխադարձ մրցակցային հնարավորությունների ձևավորման և ընդհանուր հանգույցի նման ֆունկցիան խթանելու համար։ Պարզ լեզվով ասելու դեպքում, դա որևէ արտադրանքի ստեղծմանը հնարավոր մասնակից ձեռնարկությունների և դրանց սպասարկող ծառայությունների կենտրոնացումն է մեկ վայրում։ Կլաստերների օրինակներ համաշխարհային տնտեսության մեջ կան, դրանցից առավել հայտնի են Airbus, Fujitsu Siemens computers և այլն։ Ո՞րն է կլաստերների հաջողության գրավականը, և արդյո՞ք դա ճյուղային պլանավորման, կառավարման հին մոդել է:

Կլաստերը տարբերվում է ճյուղային կամ հոլդինգային կառավարման տեսակներից նրանով, որ դրա մեջ ներգրավված են նաև միմյանց հետ մրցակցող ձեռնարկություններ, որոնք պարզապես օգտվում են նույն սպասարկող ենթակառուցվածքներից։ Որպես կանոն, կլաստերներում գործող ձեռնարկությունները առավելագույն օպտիմալացնում են իրենց տեխնոլոգիական և կառավարման հմտությունները, ստեղծում հավասար դաշտում ամենացածր ինքնարժեքով պրոդուկտներ, ինչի հաշվին էլ, այլ երկրներ մուտք գործելուց հետո, արագորեն զավթում են շուկաները։ Ընդամենը հիշեցնեմ, որ Հարավարևելյան Ասիայի երկրներում կլաստերները դարձան արտահանման հիմնական հսկաների ինկուբատորները։

Հիմա վերադառնանք մեր հեղափոխական երկիր, որը կառավարում են զրո գիտելիքով մարդիկ։ Ի՞նչ կտար կլաստերային նորամուծությունը Հայաստանին:

1. Կփոխեր արտահանման կառուցվածքը, որի մոտ ութսուն և ավելի տոկոսը հանքաքարն է։

2. Կստեղծեր նոր, առավել էֆեկտիվ ենթակառուցվածքներ։

3. Կապահովեր գիտության և արտադրության կիրառական կապը, ընդ որում, պատճառ և կամուրջ կհանդիսանար արտասահմանյան կիրառական գիտելիքի ներկրմանը երկիր:

4. Հսկայական պրոֆեսիոնալ աճ կգրանցեր մարդկային կապիտալի մեջ:

5. Կձևավորեր մրցակցային պայմաններում թրծված ձեռնարկություններ, որոնք ինովացիայի ագրեսիվ կրողներ կդառնային:

6. Կստեղծեր աշխատուժի պահանջարկի կենտրոններ, առավելապես մարզային կենտրոններում, արդյունքում կկրճատվեր երկրի մայրաքաղաքի և մարզերի միջև դիսբալանսը:

Ինչպես տեսնում ենք, գոնե թվարկած խնդիրներից ոչ մեկը չի ձևակերպվել և չի կատարվել ոչ մի քայլ այդ ուղղությամբ։ Կլաստերների ստեղծման, զարգացման պայմանների ապահովման փոխարեն, ոչ տնտեսագետ ապիկարները գնացել են համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման վիճելի ճանապարհով։ Ի՞նչ է սուբվենցիան, և որո՞նք են դրա առանձնահատկությունները Հայաստանում։ Սուբվենցիոն ծրագրերը պետության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ միկրոծրագրերն են, այդ թվում՝ ասֆալտապատում, բազրիքների տեղադրում, ջրագծերի, կոյուղագծերի կառուցում, տանիքների նորոգում, մսուր-մանկապարտեզների նորոգում, փողոցային լուսավորություն։ Գրագետ կառավարիչը միանգամից կռահում է, որ սուբվենցիոն ծրագրերը ոչ մի առաջընթաց չեն ապահովում, հավելյալ արժեք չեն ձևավորում, էլ չեմ խոսում գիտատեխնիկական կիրառական լուծումների մասին։ Այդ ծրագրերը պարզապես ռեսուրսների փոշիացում են, և ճիշտ կլիներ այդ միջոցները իսկապես ուղղել կլաստերների ֆինանսավորման բնագավառ, ինչը կապահովեր գիտակիրառական ահռելի արդյունավետություն։ Դրանից զատ, կա սուբվենցիոն ծրագրեր իրականացնողների մեջ տեղական ֆեոդալների ծավալուն ընդգրկում, որը սերտաճման կամուրջ է դառնում ներկա իշխանությունների և մարզային ֆեոդալական կապիտալի միջև, ինչն էլ մարզերում քաղաքականապես լոյալ պաշտպան խավի ձևավորման խնդիրն է առաջ մղում։

Այս թեմայի անտեսումն իսկ ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ ապիկար կառավարության հետ, ընդ որում, հիմնական մեղավորը 2018 թվականին տնտեսական հեղափոխություն գոռացողն է, ով երկրի տնտեսությունն առաջ տանելու ո՛չ գիտելիք ունի, ո՛չ փորձ։

Կարծում եմ՝ ապագա,մոտալուտ ընտրություններին պետք իշխանություն ցանկացողներին հարցնել՝ ի՞նչ բան է կլաստերը, և ի՞նչ անել, որ այն մեր երկրում կայանա։

Որպես վերջաբան։

Խալաթով և տոպրակ-գլխարկով որևէ հարահոս գծի մոտ կանգնելուց ու ժամերով նայելուց տնտեսական գիտելիք չի ձևավորվում։ Թարգե՛ք էդ սովետական կրկեսը։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 6151

Մեկնաբանություններ