Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Զենք գնենք, փակենք Սյունիքի, ողջ երկրի օդը. ուշացնելը հանցանք է»

«Զենք գնենք, փակենք Սյունիքի, ողջ երկրի օդը. ուշացնելը հանցանք է»
14.07.2022 | 07:18

Ինչպե՞ս էր Նապոլեոնը ընտրում իր զինվորներին. նրա հուզական վիճակից ելնելով: Զինվորին դնում էր էքստրեմալ ծանր վարժանքների մեջ, եթե նա կարմրում էր՝ ընդունում էր առաջնապահ զորքի մեջ, իսկ եթե գունատվում էր՝ թողնում էր հետնապահ գնդում: Իսկ երբ սփրթնում էր մինչև ականջնե՜րը, չզարմանաք՝ Բոնապարտը նաև ականջներն էր նայում, եթե ծնոտը դողում էր, կորցնում էր խոսելու ունակությունը, չէր ընդունում զորք, ասում էր՝ մեզ կռվողներ են պետք, ոչ՝ խղճուկ մեռնողներ: Գունատված զինվորը վախի, խուճապի և հոգեխախտման վարակ կարող էր տարածել շարքերում, ի վերջո, զորքը տանել պարտության: Հետագայում Նապոլեոնի համար էլ հեշտ էր լինում պարգևներ ու պարգևատրումներ շնորհելը, աչքերը փակ գիտեր՝ ով ով է, ով կարող է աճել ու առաջ գնալ՝ պատերազմի թե խաղաղության ժամանակ, և ով՝ ողջ կյանքում մնալ հետնապահ դիրքերում:


Իհարկե, 21-րդ դարի պատերազմն այլ է, միջոցները՝ հազար անգամ կատարելագործված ու, որ ամենավատն է, երկնքից, բայց դրա դեմն առնող միջոցներն էլ կան. երկինքը փակել, հակաօդային զենքեր կիրառել… Բայց հրթիռը մնում է հրթիռ, էսօրվա հրթիռները կես միլիոն կիլոմետր տարածք են կտրում. Էլ չխոսենք միջուկային զենքի մասին: Զինվորին պաշտպանող հզոր հրթիռներ են պետք, թիրախն անվրեպ ոչնչացնող:


Նապոլեոնն իր ժամանակի համար դրա ելքն էլ էր գտել. Ֆրանսիայի ու գրավված տարածքների եկեղեցիներն անմիջապես դարձնում էր ձուլարաններ, զանգերն ու պղնձյա խաչերը տեղում ձուլում էին, արկեր ու հրանոթներ ստանում հենց պատերազմի ընթացքում, հաճախ՝ շատ մոտ մարտադաշտին: Մարդն ամեն ինչ անում էր հաղթանակի համար՝ հանուն Ֆրանսիայի փառքի, որը մինչ այս պահը ձգվում է:
Չմոռանանք, որ այդ ամենն ավելի վաղ անում էր Մխիթար Սպարապետը, անձնասիրաբար ու հոժար կամքով հավաքվում էին նաև պալատական կանանց զարդերը՝ արկեր ու թնդանոթներ ձեռք բերելու:
Այս ավանդույթը շարունակվեց նաև անցյալ դարասկզբին` Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերի, հետագայում՝ Արցախյան պատերազմի ժամանակ: Ինչից ասես՝ տղերքը զենք չէին պատրաստում, և որքան զոհեր ունեցանք մեր թանկ մարդկանց շրջանում՝ զենք պատրաստելիս:


Քանի որ մարդկությունը միտք չունի պատերազմներից հրաժարվելու, ու այն ձգվելու է՝ որքան ինքը գոյություն կունենա, կգան նաև պատերազմող ռոբոտները, մարդկության թվաքանակը չի էլ հերիքի, ռոբոտը՝ ռոբոտի դեմ, ու դա հեռու էլ չէ, ոչ էլ դավադրական է, դրա վրա են այսօր աշխատում ռազմական գիտալաբորատորիաները, ու պահվում է գաղտնի:
Ահա թե ինչու է աշխարհի տերերին ձեռնտու քիչ թվաքանակով մոլորակը. հսկայական գումարներ են ծախսվում աշխարհն ու բանակները ռոբոտացնելու ուղղությամբ: Ըստ էության, նրանք կունենան նույն հանդերձանքը, ինչն այսօր զինվորն ունի, մի տարբերությամբ, որ հոգնել, սնվել, քնել չի լինի: Միակ սփոփողը՝ մարդ-զինվոր չի զոհվի, զինվորը մարտադաշտում հոգեկան խեղումներ չի ունենա, ռոբոտներն ուղղակի շարքից դուրս կգան, ու սրանց հետևից կներխուժի հաղթանակած ռոբոտների բանակը՝ տարածքներն առնելու:


Սրա վատ կողմերն էլ կան. ինչո՞վ ենք վստահ, որ թշնամու ռոբոտները ժամանակին կանգ կառնեն, կամ այստեղ էլ դավաճանական ակտեր չեն լինի, մեր ռոբոտը չի ուղղվի մե՜ր դեմ… Դե, հայ ենք, չէ՞, ամեն ինչում ուրիշ ու հանցավոր գյուտարար: Սա՝ կեսկատակ:
Ինչ խոսք, անմխիթար հեռանկար է մարդկությանը սպասում, քանի որ, սխալ կառավարելու դեպքում, քո ռոբոտները կարող են ներխուժել տարածք ու ոչնչացնել ողջ ռեզերվդ:
Հուսանք, աշխարհի վերջը դեռ հեռու է, և մենք ու մեր սերունդները չենք տեսնելու:
Այսպիսի անմխիթար մտքեր՝ աշխարհի ռազմական երթուղին, նրա հոգեբանությանն ու մեթոդներին մոտիկից ծանոթանալիս, զորքի համար հարցաշարեր պատրաստելիս:
Հիմա մեզնից խոսենք. ժամանակներն այլ են, զենքեր գնենք, փակենք Սյունիքի, ողջ Հայաստանի օդը, իսկ ռազմական ձուլարանները, արդիական զենք արտադրող գործարաններն այսօր էլ դեռ հրատապ են:
ՈՒշացնելը ծանրագույն հանցանք է: Հայն իրավունք չունի մեկ վայրկյան էլ քնելու, քանի դեռ աշխարհիս երեսին թուրքը կա:
Իսկ թուրքը միշտ է լինելու, կարևոր չէ՝ ինչ տեսքով ու ազգության:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 8296

Մեկնաբանություններ