Սահուն գծված պլանով եկանք փակուղի, որի մեջ ենք առնվել 2018-ի մայիսից:
Պարզ թվաբանություն է. նախ՝ ծրագրված պարտությամբ ու զոհերով ջարդեցին մեր ողնաշարը, հետո էլ՝ հանձնումները, ռուսին թուլացնելը, գլուխը խառնելը:
Հիմա էլ հայոց բազմաչարչար հարցն են լուծում՝ առանց հայ ժողովրդի մասնակցության:
Կա-չկա՝ Արևմուտքը որոշել է Կովկասի հախից գալ՝ սկսելով մեզնից. հայ, թուրք, վրացի, չեչեն, լեզգի և այլն, լցնել մի կաթսայի մեջ ու եփել, թանձրուկ ստանալ: Դե, Արցախն էլ՝ որպես համեմունք, շաղ կտա թանձրուկի վրա, որի անունը, պարզ է, կլինի թուրք:
Այնտեղ՝ սարերում, անուշ բուրում է ցավի դաղձը, աջաբսանդալը համեղ կստացվի, ձեռքի հետ էլ՝ անունը կդնի գլոբալիզացիա:
Թե չէ, ռուսն ինչ-որ շատ առաջ ընկավ՝ երկու դար երգելով.
«Ահա՛ Կովկասն իմ ոտքի տակ, ես մեն մենակ վերևում»:
Ցավոք, Պուշկինը նաև գուշակել է Կովկասի ապագան. իրեն՝ ի՛նչ, ասել ու մեկնել է Մոսկվա՝ լքելով Կովկասի սպիտակափառ լանջերը:
…Սակայն իզո՜ւր։ «Նրա համար չկա ուրախ ո՛չ մի օր,
Նրան ճնշում ու խեղդում են լուռ քարափներն ահավոր»։
Երևի պոետն ուզում էր ասել՝ Նրան ճնշում ու խեղդում են թուրքի ցեղերն ահավոր, բայց մեկ էլ միտքը փոխել է՝ չուզելով տավարի ցավը կապել իր ազգի վրա:
Դեռ փոքրուց էի սարսռում Կովկասից՝ Պուշկինի այս բանաստեղծությամբ, որտեղ ներթափանցել են օղուզ ցեղախմբերը՝ թրերը սրած ու ասպատակող:
Որքան էր ճնշում ու տառապեցնում նա, վեհություն ու ցավ՝ խառն էին, սիրտս կուչ էր գալիս, երբ արտասանում էի ռուսերեն ու հայոց ժամերին՝ զուգահեռաբար:
Հապա, ռուսների դաժան ու արյունալի գրվածքները՝ Կովկասյան դժնի լեռներում ծավալվող:
Ռուսը մեր ցավն ու մեզ ավելի լավ է ճանաչում, քան՝ մենք, քան՝ Արևմուտքը, որի դարդը մեր կողմերում թուրքին գլխավոր դարձնելն է, նրան կապելը Ռուսաստանի ջանին:
Մյուսներն էլ՝ հայ ու լեզգի, վրացի և այլն, թե խելք ունեն՝ թող գլուխները պահեն:
Ո՞րն է դեղատոմսը՝ չգիտեմ: Երևի շատ ենք ուշացրել: Սրանց մտադրությունն ավելի վաղ է եղել, երեսուն տարի սրանք հազիվ են համբերել՝ Կովկասը դամբելու:
Ցավոք, ծրագիրը միայն հիվանդացնելու վրա էր, միակողմանի:
էն, որ բռնողը բռնել էր՝ էլ չպիտի բաց թողներ, նա լավ գիտեր, թե ինչ ջին է բաց թողնում սրվակից:
Երկար պատմություն է:
Կովկասն այսուհետ ուրախ օր չի ունենալու, ավելին, ռուսն իր դարդն էլ է լացում, նրա սրվակն էլ է Կովկասի սպիտակափառ լեռներում:
Սուսաննա Բաբաջանյան