Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վստահ եմ՝ մենք դեռ լավ երկիր ենք ունենալու

Վստահ եմ՝ մենք դեռ լավ երկիր ենք ունենալու
02.05.2022 | 07:21

Արցախում բնակվող ծանոթուհուս հարցնում եմ՝ ի՞նչ վիճակ է այդտեղ, ի՞նչ են խոսում մարդիկ:


Հասարակ, պարզ մարդ է, նույն անողոք պարզությամբ էլ ասում է.
-Շատ վատ վիճակ է. մարդիկ խոսում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու, Ռուսաստանն էլ չի ուզում մեզ իր կազմի մեջ առնել:
Խեղճ որբեր, նույնիսկ չեն էլ երազում, որ Հայաստանը իրենց կառնի իր կազմում, ու՜ժը չեն տեսնում:
Անզորությունից, ցավից ու զայրույթից կարկամում ես:
Մի՞թե պարտադիր էր Արցախը կորցնել, որպեսզի հետո համոզվեինք, թե ինչքան ենք սիրում նրան:


Նորից պիտի դառնամ ոչմիթիզական մեր ժողովրդին, ասեմ՝ Արցախի պես ծանրագույն խնդիր ունենալով, նրա հարցը դեռ չլուծված՝ ինչպե՞ս կարող էիր իշխանության բերել քաղաքականապես ու ռազմականապես, մեղմ ասած, անպատրաստ մարդկանց: Ինչպե՞ս կարող էիր վտանգավոր գետանցում ձի փոխել. մի փոր ավել հացի խաթե՞ր, թե՞ իրոք հավատում էիր, որ թալանվածը հետ է բերվելու ու հոսի քո գրպանը:
Կերա՞ր այդ ավել հացը, թե՞ կորցրիր եղածն էլ:
ՈՒղղակի փողոցից բռնել ու վարչապետ նշանակել, երկիր վստահել, դուք, ինչ է, խելագա՞ր էիք...


ՈՒ սա ամենավատը չէր, Արցախն էլ հետևեց մեզ:
Իսկ գուցե հոգեպես անկայուն կամ վտանգավոր գործակալնե՞ր էին, չէի՞ք մտածել:
Իսկ ես մտածել էի, որքան էլ զարմանալի լինի, ու որպեսզի միֆական չթվա՝ չասեմ՝ ինչպես:
Հիմա, այս պահից է կարծես սկսվելու իրական Հայաստանի ու Արցախի կերտումը, եթե ճիշտ ուղղորդենք:
Նախկինը, ինչ մենք ենք ապրել, ուզենք թե ոչ, պիտի համարենք դառը սևագրում. ոչի՜նչ, որ շատերս դարձանք այդ սևագրության զոհեր, հիշաչար ու մանրախնդիր չլինենք, մի ողջ երկիր դարձավ այդ սևագրության զոհը:
Դեռ ուզելու են դավեր նյութել Թուրքիայի ձեռքով, դեռ վայրիվերումներ ենք ունենալու, բայց օրեր են, կմթնե՜ն, անց կկենան, կդիմանանք, եթե միասնական լինենք՝ ամբողջական Հայաստանի ու Արցախի հարցում:
Ճիշտը սա է, Նիկոլն իր թիմի հետ պետք է հեռանա, այսօր, թե՝ վաղը, բայց լավ կլիներ՝ հենց այսօր ու՝ խաղաղությամբ:


Ինչպես էթիկան է պահանջում, շնորհակալություն հայտնենք նրան ու իր թիմին, ասենք՝ գնա, բարի ճանապարհ՝ հեչ որ չլինի, ես չգիտեմ, գուցե մի լավ բան էլ արած լինեք:
Թեկուզ՝ այս դառը դասը, որ տվեցիք մեզ, թեկուզ՝ մեզ սպանելու ու նորից արթնության կոչելու համար,
թեկուզ ցրելու իլյուզիան՝ Արցախ ունենալ-չունենալու, Հայաստան ունենալ-չունենալու: Թեկուզ՝ արդարության մասին կեղծ հույսեր ներշնչելու ու սթափեցնելու համար:
Ի դեպ, նրանք նույնիսկ շնորհակալություն չհայտնեցին մեր վաստակի համար, երբ անողոքաբար քշում էին մեզ մեր նվիրական աշխատանքից, մեր ռազմական առաքելությունից՝ անհույս ու անկոպեկ ձգելով քաոսի ու անտերության մեջ:
Փառք Աստծո, իրենք անկոպեկ չեն հեռանում, այնքան են հասցրել կուտակել, որ սերնդե-սերունդ կապրեն աշխարհի բոլոր էլիտար ծագերում:


Վստահ եմ՝ մենք դեռ լավ երկիր ենք ունենալու՝ նոր իշխանության գալով, այլևս մաքրված՝ ամեն սխալներից ու բացթողումներից, համոզված եմ, զգում եմ, իսկ ես անվրեպ զգացող եմ:
Աշխարհաքաղաքական ուժեր են փոխվելու՝ հօգուտ մեզ, անսպասելի ու հրաշքով:
Զգում եմ ու, նորից միֆական չթվալու համար, չասեմ՝ ինչպես:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 9215

Մեկնաբանություններ