ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Коммерсантъ-ի անդրադարձը՝ ինչպես է հայկական գյուղն ադրբեջանական տարածք դարձել

Коммерсантъ-ի անդրադարձը՝ ինչպես է հայկական գյուղն ադրբեջանական տարածք դարձել
23.11.2020 | 14:12

Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Արցախի Հանրապետության ամբողջական շրջաններ փոխանցվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. այդ տարածքների հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: Коммерсантъ-ի թղթակից Ալեքսանդր Չորնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր մարտական գործողությունների ժամանակ: Նրան հաջողվել է վերադառնալ հայկական գյուղի գոյության վերջին օրը:


«Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունը չկարողացավ պահպանել»
Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված է խիտ մառախուղով: Տեսանելիությունը մի քանի մետր է, բայց գուցե սա ավելի լավ է. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված մեքենաները: Եթե ուշադիր չես նայում, քաղաքը նման է քաղաքի: Գեղեցիկ է:


Բայց գլխավոր հրապարակում նույնիսկ մառախուղն է անզոր: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տարհանումից տուն են վերադառնում, ոմանք եկել են Ստեփանակերտ, քանի որ այլևս իրենց տունը չկա: Տասնյակ մարդիկ բեռնաթափում են տուփերը, պայուսակները` ընդհատ բախվելով մշուշի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները լաց լինում ՝ գրկելով իրենց հարազատներին: «Ես մեկնել էի Երևան, որտեղ իմ ծանոթների ծանոթները պատերազմի ընթացքում անվճար բնակարան էին տրամադրել,-պատմում է Դիանան,-Ահա վերադարձել ենք, բայց ինչպես ապրել այստեղ, պարզ չէ: Մեր հարևանների հետ (նկատի ունի Ադրբեջանը) ոչ մի երաշխիք չկա, որ այս խաղաղությունը երկար կտևի: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, նրանց պատճառով ես արդեն երեք անգամ փախստական եմ դարձել»:
Դիանան ծնվել է խորհրդային Բաքվում, Սումգայիթի ջարդերից հետո նրա ընտանիքը 1988-ին փախել է քաղաքից: «Մայրիկը Շահումյանից էր, մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ: 1992-ին մեզ այնտեղից էլ վտարեցին, - հիշում է կինը, - մենք սկսեցինք ապրել Ստեփանակերտում, բայց պատերազմն այստեղ էլ եկավ»:


Նա խոստովանում է, որ այժմ ցանկանում է Ղարաբաղից մեկնել Հայաստան, և գուցե նույնիսկ ավելի հեռու. «Այն, ինչ ունեինք, մեր իշխանությունը չկարողացավ պահել: Ամոթալի է ու դառը, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:
Հատկապես շատ փախստականներ կան քաղաքում հարևան Ասկերանի շրջանից. Ադրբեջանում այն անվանում են Աղդամի շրջան: Աղդամ «ուրվական քաղաքը» և նրա հարակից տարածքները առաջիններից են, որոնք փոխանցվում են Ադրբեջանին:
Այժմ ուր նայի հայացքը...


Ստեփանակերտից թղթակիցն ուղևորվում է Արցախի նոր սահման` Ասկերանի շրջանի Ուխտասար գյուղ: Գյուղը տարիների ընթացքում վերաբնակեցվել էր, մարդիկ այգիներ էին տնկել, երեխաներ են ծնել, մահացածներին թաղել: Վերաբնակիչները դարձել էին արմատական բնակիչներ, սերունդ էր մեծացել, որի համար Ուխտասարը հայրենիք էր դարձել: Մեկ ամիս առաջ Ուխտասարը գրեթե ամբողջովին դատարկ էր: Կանանց ու երեխաներին տարհանել էին, տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղում մնացել էին մի քանի ալեհեր ծերունիներ: Նրանք լրագրողներին խաղող և նուռ էին հյուրասիրում, դիրքավորվում էին Կալաշնիկովի ինքնաձիգով և հպարտորեն պատմում էին, թե ինչպես են ամեն օր մեկնում ՝ ճանապարհների ոլորանները պաշտպանելու համար: Այս ռազմաշունչ հզոր պապիկները համոզված էին մոտալուտ հաղթանակում և պահանջում էին, որ պատերազմից հետո լրագրողները հյուր գան ՝ «գինի խմելու, նուռ ուտելու»:


Գյուղի ծայրամասում թղթակիցը հանդիպում է իրեն արդեն ծանոթ պապիկներից մեկին: Մեկ ամսվա ընթացքում Խաչիկը մեծացել էր տասնյակ տարիներով: Խաչիկ պապը նշում է, որ «մեզ դավաճանել և ծախել են»:
Գյուղացի մարդիկ չգիտեն, թե ուր են գնալու:
«Ես գյուղացի եմ, ի՞նչ պետք է անեմ քաղաքում: Միայն շինարարության մեջ կարող եմ աշխատել, բայց Հայաստանում շինարարության ոլորտում բոլորի համար տեղ չի լինի: Ստիպված կլինենք ավելի հեռու գնալ, Վրաստան, կամ գուցե ձեզ մոտ` Ռուսաստան»: Գյուղը լքող անձինք լրագրողի հետ զրույցում նշում էին, որ հույսը դնում են գյուղից երկու կիլոմետր այն կողմ գտնվող Ռուսաստանի դրոշի վրա:


«Եթե այստեղ էլ Ռուսաստանի դրոշ լինի, մենք նույն օրը կվերադառնանք»,-ասում է գյուղացիներից մեկը:
Արդեն նոյեմբերի 22-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ էին հրապարակել. «ադրբեջանական ստորաբաժանումները դրոշ են բարձրացրել Շելլի գյուղում». Ուխտասարն այլևս գոյություն չունի....
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ