Գաղտագողի մահը մեր շարքերից խլեց պետության բարձրագույն ուսումնական, գիտակրթական համակարգի հմուտ կազմակերպիչ, նշանավոր տնտեսագետ, երկարամյա բազմավաստակ մանկավարժ, անվանի գիտնական, ակտիվ մտավորական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳՐԻԳՈՐ ԵՂԻՇԵԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ։
Կան մարդիկ, ովքեր, երևի թե, աշխարհ են գալիս որպես ընտրյալ, որպեսզի Աստծո կամքով գույն ու կշիռ տան իրենց ժամանակին, իսկ երբ գալիս է ժամը, և նրանք բռնում են երկնային հավերժի ճամփան, ապա միջավայրից, հասարակությունից պակասում է մի գոյ։ Այդպիսի ընտրյալ էր բացառիկ ունակություններով օժտված, անաչառ, անբիծ, անկեղծ ու բարյացակամ, վառ հայրենասեր, հայի ու քաղաքացու տիպար Գրիգոր Կիրակոսյանը։ Նրա ապրած կյանքի 84 տարիները դեռ երկար են զգացնելու բեղմնավոր վաստակի արգասիքը։
Նա ծնվել է 1936 թ. Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում, Սասունից գաղթած Եղիշե Կիրակոսյանի և Մարիամ Սարգսյանի ընտանիքում։ Ծնողներից գեներով նրան են անցել այդ լեռնաշխարհի մարդկանց հատուկ հայրենասիրությունը, ազնվությունը, անմիջականությունը, շիտակությունը, մարդամոտությունը։ Ի դեպ, այս լուսավոր ընտանիքը հանրապետությանը տվել է երեք դոկտոր, և առայժմ տնտեսագիտության չորս թեկնածուներ։ Այսպես, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանի արժանահիշատակ ավագ եղբայրը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեծ հայրենասեր Գեղամ Կիրակոսյանն է, որն իր բեղմնավոր գրչով ներկա և գալիք սերունդներին, պատմաբան-ուսումնասիրողներին ժառանգություն թողեց «Հողի և արյան կանչով» և «Էրգիրն է կանչում» դասագրքային արժեք ունեցող մնայուն աշխատությունները, որոնք արդյունք են երկու անգամ որպես ուխտավոր Արևմտյան Հայաստանում շրջագայելուն։
Գրիգոր Կիրակոսյանի որդին՝ Եղիշե Կիրակոսյանը, իրավագիտության դոկտորանտ է և այժմ աշխատում է այդ գծով որպես վարչապետի խորհրդական։
Գրիգոր Կիրակոսյանը 1953 թ. ավարտել է Աշնակի միջնակարգ դպրոցը։ Երեք տարի ծառայել է խորհրդային բանակում։ 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 1967-1971 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1971 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1989 թ. Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Աշխատուժի վերարտադրության ծախսերը» թեմայով և ստացել դոկտորի գիտական աստիճան։ 1991թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1969-1975 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնում որպես ասիստենտ։ 1975-1989 թթ. աշխատել է նոր ստեղծված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս, ապա դոցենտ, 1989-1991 թթ.՝ նույն ամբիոնի վարիչ, 1991-1993 թթ.՝ նույն ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր,1993-1999 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր, իսկ բուհի անվանափոխումից հետո որպես Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (այժմ ՀՊՏՀՖ) ռեկտոր, շուրջ 13 տարի ղեկավարել է բուհը։ Անժխտելի է նրա մեծ ներդրումն ու ավանդը այդ համալսարանի զարգացման և առաջընթացի գործում։ Լինելով ԵրՊՏԻ ամենաերկարամյա ռեկտորը (1993-2006 թթ.) և ղեկավարելով բուհը նորանկախ հանրապետության հռչակման ու կայացման առաջին տարիներին՝ նա իր կազմակերպչական ջիղի շնորհիվ կարողացավ մայրաքաղաքի տարբեր վայրերում գործող մասնաշենքերից ուսումնական գործընթացը կենտրոնացնել այսօրվա գործող շենքերում, մեկ վայրում։ Նա իրեն վստահված գործը կատարում էր սիրով և մեծ պատասխանատվությամբ, իր բարձր հեղինակությամբ և գիտակցմամբ կարողացավ համախմբել կոլեկտիվը՝ նոր մասնաշենք կառուցելով ու շենացնելով համալսարանը, հետևողականորեն զարկ տալով ուսումնական գործընթացի բարեփոխումներին։
Գ. Կիրակոսյանը իր ազնվության, սկզբունքայնության, անաչառության, մարդասիրության, բռնկուն բնավորության, բայց ոչ հիշաչարության շնորհիվ վայելում էր ողջ կոլեկտիվի և ուսանողության սերն ու հարգանքը։
Մարդ-մանկավարժի թողած հետքն ու մնայուն արժանիքները ամենից առաջ գնահատում են նրա սաները, որոնք իրենց ստացած գիտելիքների, խորհուրդների, բարի ցանկությունների ու կամեցողությունների, կյանքում ճիշտ տեղ գրավելու և բարձր ատյաններում աշխատելու համար որպես խոր երախտագիտություն այս օրերին հեղեղել են համացանցը՝ խորապես սգալով իրենց շատ սիրելի ռեկտորի, դասախոսի կորուստը։ Դա ընտանիքի և հարազատների համար մխիթարանք է, քանի որ մարդը շարունակում է ապրել, քանի դեռ նրան հիշողներ կան, իսկ պարոն Կիրակոսյանը իր առաքինի ապրած բազմաբեղուն կյանքով վաստակել է այդ առաքելությունը, որով նրան միշտ հիշողներ կլինեն։
Գրիգոր Կիրակոսյանը պրպտուն հետազոտող գիտնական էր, նրա հեղինակությամբ հրատարակված գիտական աշխատանքների թիվն անցնում է 120-ից, որից 18-ը մենագրություններ, համահեղինակությամբ գրքեր, տնտեսագիտական բառարան, ուսումնական ձեռնարկներ են։
Գրիգոր Կիրակոսյանը եղել է Հայաստանի Հանրապետության տնտեսագետների միության նախագահը և կարողացել է տնտեսագետների կարծիքներն ու առաջարկությունները հասցնել կառավարությանը։
Պարոն Կիրակոսյանը խիստ սկզբունքայնությամբ երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդը։ Նրա գիտական ղեկավարությամբ 32 ասպիրանտ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, որից 2-ը հետագայում դարձել են գիտության դոկտորներ։
Մասնագիտական բարեխղճությամբ գրախոսել է ինչպես թեկնածուական, այնպես էլ դոկտորական 100-ից ավելի ատենախոսություններ և մարդասիրաբար նպաստել նրանց գիտական զարգացման առաջընթացին և որակավորման աճին։
Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատել Գ. Կիրակոսյանի բարձրագույն դպրոցի զարգացման և գիտության ասպարեզում կատարած ներդրումներն ու ծառայությունները և նրան արժանացրել են հետևյալ պարգևների՝ 2000 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու, 2005 թ.՝ ՀՀ կրթության և գիտության ոսկե մեդալով, 2005 թ.՝ ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, 2010 թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով, 2011 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։
Գրիգոր Կիրակոսյանը ընտանիքում սիրասուն որդի էր, հրաշալի եղբայր, հարգված ու սիրված ամուսին, պաշտելի հայրիկ և 8 թոռների ու ծոռների աստվածային պապիկ։
Ավա՜ղ, նրա սկզբունքային շատ ծրագրեր ու երազանքներ կիսատ մնացին, սակայն եզակի մեծ մարդ Գրիգոր Կիրակոսյանը մնաց իսկական պատվախնդիր սասունցի հայ, հարգեց, սիրեց ու պաշտպանեց իր ծննդավայրն ու նրա մարդկանց, բազմաբնույթ հարցերով զորավիգ եղավ նրանց։ Նրան ճանաչում էին Հայաստանում և նրա սահմաններից դուրս, թեպետ նրա հնարավորությունները ներում էին սեփական տուն կառուցելու և իր հանգիստը անցկացնելու ցանկացած վայրում, սակայն Գրիգոր Կիրակոսյանը գերադասեց իր ծննդավայրի անխամրելի հմայքը։
Նրա պրպտող հոգին ի պահ տրվեց տիեզերքին որպես պարգև, իսկ մարմինը հավիտենական հանգստում հանգչելու համար իր տեղը գրավեց էրգրակարոտ ծնողների ու պաշտելի եղբոր և մյուս հարազատների կողքին ու դարձավ խնկելի շիրիմ։
Անթառամ հիշատակ նրա պայծառ անվանը։
Ռուբեն ԹՈՎՄԱՍՅԱՆ
Դոցենտ