Ալֆան և օմեգան
10.04.2020 | 14:01
Ոչ ոք ցայսօր տեղյակ չէ, թե իր նվաճած երկրների հարստությունը Տիգրանը ու՞ր է խցկել: ՈՒզում եմ նվաճողական այդ ժամանակների վիճակագրական տվյալների հանրագումարը ներկայացնել և բացահայտել, որ Տիգրան Մեծի ժամանակ բնակչության աճը ապահովվել է ոչ թե ներքին ծնելության, այլ իր տիրապետության տակ անցած պետությունների բնակչության բռնի տեղահանման և ներգաղթի արդյունքում, որ նվազագույն զամբյուղի մեջ ոչ օճառ ու ատամի մածուկ կար, ոչ էլ, ներեցեք, զուգարանի թուղթ, չէին հաշվարկված գույքահարկը, կոմունալ վճարումները, կահույքի ձեռքբերումը, հանգստի իրավունքը և այլն: Այսինքն, դա պարզունակ, գոյատևման և պարզապես սովամահ չլինելու, փողոցային կյանքով քարշ գալու, ներկայիս հումանիտար օգնություններից վատթար խաբկանք էր: էնպես որ դրա ՀՆԱ-ն սուտ է, իսկ ես հիմա, ազատ վիզային ռեժիմի պայմաններում, ստիպված եմ ոչ միայն իմ ընտրողներին, այլև հնդիկներին, աֆրիկացիներին և այլ երկրների բազմաթիվ քաղաքացիների, միջազգային իրավունքի նորմերին և հայտնի կոնվենցիայի տառին համապատասխան, մեր երկրում ապահովել այդ ամենով:
Օդում կախված լուրերի համաձայն՝ այդ հարստությունը բարձր տոկոսներով, ավելի բարձր, քան անցյալ դարավերջին, անկախության պատրանքին տրված ու շիլաշփոթի մատնված մեր քաղաքացիներին թլոզում ու գցում էին մասնավոր բանկերն ու անպատիժ թռնում, ի պահ է տրվել Հռոմում, Անգլիայում և Հնդկաստանում, ու տոկոսները փոխանցվում են համաշխարհային բանկում կասկածելի անցյալ ունեցող ինչ-որ պատմական դեմքի՝ ոմն Փառանձեմի ժառանգների անունով բացված անձնական հաշվին: Ազնիվ ու անբասիր տղա էի՞ր, դու էլ Ալեքսանդր Պիլիպիչի նման մեռնելուց առաջ հրամայեիր, որ լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն քո դին, ու բոլորը տեսնեն, որ նույնիսկ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ: Ոսկիներդ շաղ տայիր ճանապարհին, որ բոլորը տեսնեին, որ երկրային կյանքում կուտակած հարստությունը այս աշխարհում էլ մնում է, բոլորը տեսնեին քո ձեռքերը և ականջներին օղ անեին, որ անգամ աշխարհակալ Մակեդոնսկի Ալիկն այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:
Մեկն ասող լինի, թե` ա՛յ դեգեներատ էպիլեպտիկ, մարդավարի ապրեիր, էլի: Ադեկվատ չէի՞ր իրականությանը: Ի՞նչ գործ ունեիր օկուպացված տարածքներում, ո՞վ էր հետևիցդ ընկել, որ զենք ու զրահով գնացիր հասար էն գյոզալական Գանգեսի ափ, վրաններ խփեցիր, որ ի՞նչ անես… Հարցնեիր, սովորեցնեինք, հրահանգիչներ գործուղեինք, թե ոնց են մասսաների մեջ աշխատանք տանում, մանիպուլացնում, խոստումներ տալիս, թլոզում ու համոզում: Չէ մի, էպոսի էն թլոշ հաստակող քյալի պես, որ յանիմ մեծահոգությունից ու ազնվությունից դրդված, թշնամիներին քնից արթնացնում էր, թե՝ ով քնած է՝ արթուն կացեք, ով արթուն է՝ ձիեր հեծնեք, զենքեր կապեք, հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ գնաց:
Ախմախ չի, ի՞նչ է, փոխանակ սուփրա փռեր, պատիվ տար, մի քանի կնիկ մատուցեր սկուտեղի վրա, ոնց որ ինձ դիրք ու պաշտոն ընծայեցին, հարբեցներ ու քնած տեղները մորթեր, կացնահարեր, թունավորեր, վերջները տար: Սրա բախտը բերեց, գոնե մի երկու զարկ բաշխելուց հետո, թշնամուն մխեց քառսուն գազ խոր հորի մեջ ու երկու կես արեց, իսկ դու դաս չառար, հակառակը՝ հավաքեցիր յալանդարներիդ ու բռունցքով բզին էիր խփում, հա խփում: Որ ի՞նչ: Խիարը թարս էր բուսնե՞լ, թե՞ քարահունջի արաղ էիր խմել: Կերա՞ր: Համաճարակի ճարակ դարձար դու էլ, սազանդարներդ էլ: Հետո էլ գլխիդ էիր տալիս, թե աշխարհից բան չես տանում: Տանեիր, ով էր ձեռքդ բռնելու… Քանի դեռ նախադու էիր, բաժան-բաժան էիր անում հանրությանը, որ հեշտ տիրես, ուրանում էիր, որ հայկական ծագում ունես, վանա կատվի սերմից ես սերում՝ մի աչքդ գալուբոյ, մյուսը՝շագանակագույն: Այ, եթե իմ չափ խելամիտ լինեիր, աշխատանք կտանեիր մասսաների մեջ, խոստումներ կտայիր… Ախմախ էիր: Լրիվ անարատ, նոր կթած էծի կաթի պես, ու անփորձ: Չգիտես՝ հարցրու, ամոթ չէ: Գնայիր Նոստրադամուսի ոտը, կոֆեի բաժակ նայել տայիր, մոմ թափեիք, կարող է թուղթ ու գիր կար վրեդ՝ խաբար չէիր… Ձեր թվի ղանջղներից ամեն բան սպասելի է՝ բոզի շառով ես ընկել ու կարիերադ վարի տվել: Արա, էս մեր իրավաբանները օրենսգրքից դենը ոչինչ չգիտեն, ոչ պատմություն, ոչ դիվանագիտություն, ոչ սոցիոլոգիա ու հաշվապահություն: Նախաձեռնող չեն: Թողես մենակ գործ հարուցեն, հետո փողն առնեն ու բաց թողնեն, վրայից էլ խորհուրդ տան, թե փախիր, քանի ուշ չէ: Էդ ա՝ կամ բռնեմ-թողնեմ, բռնեմ-թողնեմ, բռնեմ-թողնեմ կամ գրավի դիմաց ազատ արձակեն ու համաներեն… Չեղավ էլի, հե՛չ չեղավ: Սրանց վրա հույս դնելու չէ, չգիտեմ ում դուդուկի տակ են պարում, բայց հաջորդ երաժշտությունը ես եմ պատվիրելու, ու դա իրենց պախառոնին է լինելու։
Մի հատ Վենետիկի միջազգային բիենալեի չեզոք հանձնաժողով եմ ստեղծելու, չնայած դրանց հանդեպ վստահությունս կորցրել եմ, կարելի էր հանգիստ դրանց օպտիմալացնել և միացնել, ասենք, Ջիհադի բանակի հետ, կդնեմ հայկական գամփռի վերահսկողության տակ, եվրոպական դատարանի դիտորդների ներգրավմամբ, որ Տիկոյի գործով զբաղվի, բացահայտի նրա նվաճողական գործողությունների օրինականությունն ու իրավաչափությունը, առանձնապես խոշոր չափերի հասնող թալանի և յուրացման փաստերը: Չէ մի չէ, արքայից արքա, միակ, եզակի ու բացառիկ: Ես էդ վախտ պիտի ծնված լինեի, որ իմանար, թե որը որից հետո է: Գլուխն առներ ու փախներ, առաջին իսկ սամալյոտի տոմսն առներ ու թռներ՝ ուր աչքը կտրի, առանց հարցնելու, թեկուզ Պարմի մենաստան կամ Սահարայի անապատ: Եթե իմ նման կարգուկանոնի դաստիարակված խորհրդականների աշխատակազմ ունենար, հաստատ էդ տրագիկոմեդիան էդքան տխուր վախճան չէր ունենա: Սրանց մոտ Շերլոկ Հոլմսն ու Կոմիսար Մեգրեն ղալաթ են արել, ամբողջ օրը բան ու գործը թողած, գող է՝ որ բռնում են, գողություն է, որ բացահայտում են: Հալալ է ձեզ, հալալ… Մենակ թե ժամանակ չի մնում, որ լրջորեն իրենց գործով զբաղվեն: Իսկի չեն հասցնում գոնե մեկ-մեկ տուն մտնել: Լայվերով են կապ հաստատում իրենց ընտանիքի անդամների հետ, երեխաներին դաստիարակում, մնացածը՝ էլ դու սուս… Ամոթ էլ է ասելը:
Աչքս տեսա՞վ, թե՞ թվաց, որ մոլորակը պտտվում է գլխապտույտ արագությամբ: Նույնիսկ ամբողջ տիեզերքով մեկ տարածվող այրվող մալուխի հոտ ընկավ քիթս: Հակահրդեհային ոչ մի միջոց չունեի ձեռքիս տակ: Հակառակի պես արտակարգ իրավիճակների թեժ գիծն իմ զանգերին չէր պատասխանում, ասում էր՝ աբոնենտը գտնվում է ծխածածկույթի մեջ ու անմիջապես անջատում էր՝ բանի տեղ չդնելով ինձ և արհամարհելով արդարացի պահանջս: Կարելի էր ենթադրել, որ վիճակը ճանդրակուլի է: Բարեբախտաբար մոլորակը, ասես, ընդառաջեց ինձ և բարեհաճ գտնվեց իմ նկատմամբ։ Մի պահ կանգ առավ, հետո սկսեց պտտվել հակառակ ուղղությամբ, ու քանի գնաց ավելի արագացրեց պտույտները, մինչև որ գլխապտույտից ուշագնաց ես երկնքից ընկա տիեզերական անհատակ անդունդը.
-Մամա՜,- անօգնական գոռում էի ես,- մամա ջա՜ն,- ու մեկ էլ հանկարծ մի ամուր ու անտեսանելի ձեռք օդում բռնեց իմ յախից և պահեց: Տատս էր:
-Զահրումա՜ր,- ասաց,- էդքան կզխտկվե՞ն ու կլակե՞ն, այ չտես գյորմամիշ:- Մի ծղրտոց էր դրել, ոնց որ Նիկոլոզ Պագանինիի ջութակը Քյոռօղլու ձեռը տաս ու թառի սմիչոկով մի լարի վրա միալար հոգի տա: Իրեն փրկարար ծառայության ադմիրալի տեղ էր դրել: Էդ պահին հղի փիղ կամ կոկորդիլոս թե ռաստ գար՝ նրա ահից իսկույն կվիժեր:
«Տատ ջան, տատ, ջան, հըբը ու՞ր է մայրիկը»:
«Գնա՛, կորի, այ անամո՛թ: Մենք հաց չունենք ուտելու, մերդ գնաց հաց բերի»։
Արթնացա քնից ու տեսա, որ մեռել եմ: Իսկականից: Լրիվ մեռած: Ձեռքս սրտիս եմ տանում՝ ձեն-ձուն չկա, լուցկի վառեցի և մոտեցրի քթածակերիս՝ ոչ մի շունչ ու շարժ: Իմ հուղարկավորության հանդիսավոր արարողությունը կայացավ Լա Սկալայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում: Մասնակցում էին եվրոպական բոլոր երկրների ղեկավար առաջին դեմքերն իրենց կանանց և երեխաների հետ: Ես յոթնյակ ասեմ, դուք՝ յոթսունյակ հասկացեք: Վերջում, Կոնգոյի ազատագրական պայքարի գործիչ, մեր գործընկեր լրագրող և թերթի խմբագիր Պատրիս Լումումբայի անունը կրող, ժողովուրդների բարեկամության շքանշանակիր կենտրոնական գերեզմանատան պանթեոնում, փոսը բռով հող լցնելու ժամանակ, շունչը կտրելով, հևիհև տեղ հասավ նաև Ռուսաստանի պատվիրակությունը՝ անձամբ նախագահի և վարչապետի գլխավորությամբ, բայց անընտանիք: Իմ հոգու հանգստության և հավերժության համար Հռոմի պապի անունից աղոթք կարդաց Սալվադոր Դալիի տարօրինակ դիմագծերով ու ներվային շարժուձևով մի կարդինալ: Վայ թե, հայ էր, բայց լատինատառ էր խոսում: Բրեգովիչը մի բայաթի էր վեր քաշել, որ Վագների ռեքվիեմին էլ տվեց-անցավ: Ես ինձ համար սուսուփուս մեռել էի, հանգիստ ու անշառ, ձեռքերս դոշիս ծալած պառկած էի ու ոչ մեկի էշին չոշ չէի արել, մեկ էլ ուղիղ տեղաշորիս մեջ մի հեռախոսագիր եկավ, թե անաշխատունակության թերթիկ բերելու՞ ես, թե՞ բացակայությունդ անհարգելի է, էլի չանթեն ոտներդ գցած ամբախ-զամբախ դեսուդեն ես ֆռֆռում, սրա նրա քելեխին վազում… Իսկույն լայվ մտա, թե ինչու՞ են կեղծ լուրեր տարածում, տեսեք, որ թաղման մեջ եմ… Մարդ իրավունք չունի՞ իր թաղմանը մասնակցելու… Մի խոսքով, վերջնահաշվարկ կատարեք, գործից դուրս եմ գալիս իմ անձնական դիմումի համաձայն: Փողն էլ փոխանցեք ծննդատների, որբանոցների և ծերանոցների հիմնադրամին, պարգևավճարները՝ սոցիալապես անապահով ընտանիքների… Ասում է՝ սիմուլյանտ, էդ դիտմա՞մբ ես մեռել, որ պատասխան չտաս կերածդ ղալաթների ու հանցագործությունների համար, հալածյալ գործազուրկ ես խաղու՞մ… Հիշի՛ր, ասում է, մենք աշխարհում առաջին և միակ երկիրն ենք, որ չունի քաղբանտարկյալներ, հաղթահարել է գործազրկությունը, որբությունն ու խորթությունը, հիշողություն են դարձել կանանց նկատմամբ բռնարարքները, և շա՜տ թափանցիկ ու բազմիմաստ ակնարկում է, թե դրանք այլևս մեր հասարակության մեջ ոչ ևս են, և առաջարկում է իմ վերջնահաշվարկի գումարներով տոնածառի հանդես կազմակերպել, աշխարհի ամենաբարձր տոնածառը տնկել ու զարդարել, դեռ տոմսերն էլ գնել ու բաժանել թոշակառուներին: Ես ձեր զահլեն չունեմ: Էս ամառվա կեսին ի՛նչ տոնածառ, այ ամբարտավաններ: Կարո՞ղ է, կարծում եք, թե ամեն օր ձեր ծննդյան տոնն է, ես էլ Մազութի Համոն եմ: Խելքի աշեցեք: Լրի՞վ եք էս ժողովրդին տխմարի տեղ դրել: Թողեք հանգիստ ու մարդավարի վայելեմ իմ կոմեդիա լա ֆինին: Բայց որ վեր կացա, չէ՞, էն շան լափն եմ գլխներիդ լցնելու, որ մինչև ձեր կյանքի վերջը մրմռոցից էշի պես զռռաք: Էշ էլ ասում եմ, թող էդ խեղճ կենդանին ինձ ներող լինի: Սրբացավ Երուսաղեմ մտնելիս… Տեղը չեք բերում արդե՞ն: Հաբռգե՞լ եք: Թողեք անցնի էս սուրբ արարողությունը, որ մարդու կյանքում մեկ-երկու անգամ է ընդամենը լինում, ու ես կգամ, բայց շա՜տ գեշ կգամ, ու հատիկ-հատիկ կբացատրեմ բոլորիդ, թե հու իզ հու (ով ով է): Օքե՞յ…
Բրաբիոն ֆլորա սերվիսը սգո ծաղկեպսակներ էր օնլայն առաքում արել՝ փարադայզի դափնետերևներով զարդարված: Քեֆս բերեցին: Ճաշակ եմ ասել: Հետո էլ ասում են, թե ճաշակին ընկեր չկա: Սաղանամ, պրծնեմ էս խառը վիճակներից, դրանց հավաքելու եմ, տանեմ քաղաքից դուրս, մեր գեղի յայլաներում, կանաչ բնության գրկում, մի պաղ աղբյուրի մոտ հավեսով պատիվ տամ: Սրանց անշահախնդիր լավության տակից դուրս գալ չի լինի, չէ: Հրաշք գործեցին, ուղղակի մարդու մեռնելն ի սրտե գալիս էր: Պատկերացնում էի, թե ոնց է երկնքով սավառնող իմ զրահապատ դիակառքը հպարտ ու հանդիսավոր հանդարտությամբ ճեղքում խիտ ու թանձր ամպերը, թե ինչպես են ինձ ուղեկցող աշխարհի բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների դրոշները փողփողացնող ուղղաթիռները, տարբեր մոլորակներից ժամանած չթօ-ները տեղափոխում ինձ դեպի անմահություն: Չէ մի, չէ, էն Մակեդոնացու նման: Կյանքի հաճույքներից չբավարարվեց, հերիք չէր, դեռ մի բան էլ հետմահու հանձնարարականներ տվեց յուր կառավարությանը: Իսկ ինձ համար ամեն բան արվեց ինքնաբուխ և խորին հարգանքով առ հանգուցյալը… Տիրեց Մեծ Լռություն:
Որ գյոռբագյոռ պապս էլ ղազախի ու սադախլվի իր բաջիների հարեմը հետևից գցած գա, ու բոլորով ծնկաչոք աղաչեն, թե հետ կանգնիր համաշխարհային հեղափոխության գաղափարից, քո բռնած վտանգավոր գործից, միևնույն է, ես նահանջող չեմ. ծոծրակները կտեսնեն, բայց ճամփի կեսից իմ հետ դառնալը չեն տեսնի: Խոստացել եմ՝ հաղթանակ, ուրեմն, պայքա՛ր, պայքա՛ր, մինչև սրա վերջը գա: Վերջապես զեկույցներ, հաշվետվություններ կան ներկայացնելու: Մենք շարքային մահկանացու չենք, մենք գլադիատորներ և կամիկաձեներ ենք, և աշխարհի բնականոն զարգացման տրամաբանությամբ, մեզ՝ ընտրյալներիս է վերապահված լրջագույն առաքելություն։
Ներքին ձայնս իր պահվածքով խուճապային տրամադրություններ է ստեղծում մեր շարքերում, փորձում ներազդել նաև իմ գիտակցության վրա: Խուճապն ու անհարկի տագնապը լավ խորհրդատու չեն, կարող են փլուզել մեր օթյակը հանրությունից ջերմամեկուսացնող պարիսպները, ինչպես 90-ականներին նախիջևանանվաճ եկվորները պետական սահմանի արգելապատնեշները քանդեցին, պոկեցին երկաթուղագծերի շպալներն ու ինքնակամ լցվեցին Արաքսը: ՈՒզում էին Արազն անցնել էն կուռը՝ իրենց եղբայրների մոտ, բայց շատերը կուլ գնացին կատաղությունից փրփրադեզ հորդառատ գետի ամենակուլ իններորդ ալիքներին, որոնք հուշում էին, որ դրանք պղծում են իր ջրերը, քանզի շփոթել են գետերը և պետք է Քուռը անցնեին էն կուռը… Անհրաժեշտ է շատ արագ կանխել խուճապը: Ոգու ամրությունը պահպանելու և անզիջում կեցվածքից չնահանջելու նպատակով ես հաճախ երգ-երաժշտություն եմ գրում: Ինչպես գիտեք, դրանք անմիջական ներգործություն ունեն մարդու, կենդանու, բնության վրա: Ասենք, սիրո և հարսանեկան, օրորոցի և աշխատանքի, ռազմի, հաղթանակի և սգո երգերը: Օրինակ, օրորոցայինը քնեցնում է նույնիսկ ամենաանկարգ երեխային, սգո երգերը լացեցնում են անգամ ամենաքարսիրտ մարդուն, ռազմի երգերի ներշնչանքով զինվորը պատրաստ է զոհաբերել կյանքը հանուն հայրենիքի...
Եվ այսպես, նվիրվում է մեր հետհեղափոխական շրջանի հերոսական մի դրվագի: Խոսքը և երաժշտությունը իմն են՝ ձեր խոնարհ ծառայինը:
Իմ այո-ն ոչ-ն է, և ոչ-ս՝ այո-ն, հեղափոխությանը ասում ենք՝ այո՜,
Ծաղկած դաշտերին իջել է գարուն, աչքերս կրկին լցվել է արյուն…
Ոչ-ին պիտ մորթենք, գլուխը կտրենք, շներին գցենք:
Այո-յին գրկենք ու քուչա-քուչա սիրտները շահենք:
Իմ Այո-ն դո՛ւ ես, նա՛ է, մե՛նք, դո՛ւք նրա՛նք, հո՛ւ-հա՛-դընբլը տաշի:
Վա՜յ չուզողին: Ով մեզ հետ չի՝ ջուխտ աչքով թող քոռանա:
Թող չուզողի սիրտը մաշի՝ հուսահատ ու խեղճ, հուսահատ ու խեղճ…
Հո՜ւռա-հուռա, հուռա-հուռա՜, հեղափոխությա՛ն սուրը շողշողա…(կրկներգ)
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ