Ալֆան և օմեգան
10.03.2020 | 01:30
Մեր հեղափոխությունը պատմական մեծագույն արարում և արժեք է՝ միակ, եզակի, բացառիկ և աննախադեպ: Նույնիսկ Անդերսենի և Գրիմ եղբայրների, Ղ. Աղայանի և Հովհ. Թումանյանի հեքիաթներում ապրող ընտանի կենդանիների կյանքում մենք արձանագրել ենք դրական բարոյական աճ. նրանցից շատերը ներկայումս հրաժարվել են սեռային տեսակավորման բիրտ սովորույթից, իրենց տոհմային թշնամանքից և բարեկամացել: Ըստ կենդանաբանների և հեքիաթագիրների միացյալ հանձնաժողովի եզրակացության, առաջիկայում սպասվում են կատվի և շան, վերջինիս լակոտի և առնետացած մկան ու մի շարք այլ կենդանիների պսակադրություններ: Դե, հիմա ասում եք, բա խի՞ Մեհրիբան խանումին չհավիրենք թուրքական բաղնիս, հետը մի բաժակ չայ չխմենք ու մուղամ չլսենք: Աշխարհ մեռնել կա: Մահը մերն է, մենք՝ մահինը, մարդու գործն է միշտ անմահ: Իսկ մինչև իմ գալուստը դարեդար հիշվել են այն գործերը, որոնք արտառոց են՝ Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզումից մինչև Հիրոսիմայի ատոմային ռմբակոծումը և այլն: Քարը փեշներիցդ թափեք, միևնույն է, ինձանից անմահ ոչ ոք չկա և չի էլ լինի… Սա է միջժողովրդական ազնիվ ու թափանցիկ համակեցության և բարեկամության համաշխարհային ճշմարտությունը:
Օքե՛յ: Ցանկանում եմ մի շատ կարևոր պատմական էքսկուրս կատարել ոչ հեռավոր անցյալ և պատասխանել օգտատերերին հուզող մի շարք հարցերի, որոնցով հաճախ են դիմում ինձ: Նիկոլայ Պավլովիչի որդի Ալեքսանդրից ծնված Նիկոլը, այսինքն, դա զդրաստվույետ վելիկի ռուսկի ցար, նաշ ցար ի բոգ (կեցցե ռուսական մեծ ցարը, մեր ցարն ու աստվածը), մի ուրիշ միլլաթ էր՝ մեր խեղճ ծայրամասային ֆորպոստի գլխին ի՜նչ օյիներ ասես, որ չբերեց, ու շատ խիստ բարկացրեց մեյդ ին ֆինն (պատրաստված է Ֆինլանդիայում) երկտեղանոց շալաշում պատսպարված, տիկին Նադեժդայի եղեգնահյուս մահճակալի վրա իր վերջին ապաստանը գտած քաղաքական աքսորյալ Լենին պապիկին, որը ցուրտ ու մութ պայմաններում գրում էր, թե՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել և ո՞ւմ անել: ՈՒ էս կատաղած ռևոլյուցիֆերը բարձրացավ հեղափոխության «Ավրորա» նավի տախտակամած, միացրեց կենտրոնական խոսափողն ու բարձրախոսեց իր հարյուր քսան միլիմիտր տրամաչափով տրուբի միջից, հրամայեց՝ նախկին կոռումպացված ռեժիմի վրա՝ огонь! (կրա՛կ):
Բարոն Մյունխհաուզենը գլուխը պատովն էր տվել Վովկայի մոտ: Դիպուկ նշան բռնեց ու հրետանային մի համաձարկով՝ տո՜ւր թե կտաս շան ճակատին՝ քանդուքարափ արեց Ձմեռային պալատը, էրմիտաժը, ավերեց Սպիտակ տունը, հարվածային ալիքները հասան Կարսի ամրոցին ու Պասկևիչի փայփայած Էրիվանի բերդին, բեկորներ թափվեցին մեր մանկության տանգոների ժամադրավայր պուշկինսկի սադի գլխին… Զարմանքից թե ուրախությունից, ավելի շատ՝ ահից, կանգ առան Թեմզի ափին քիթը վեր տնկած Բիգ Բենի սլաքները: Նույնիսկ Անգլիայի թագուհին ու Գերմանիայի կանցլերն իրար խառնվեցին, թե էդ հեղափոխական փոթորկի ալիքը կարող է իրենց էլ տակով անել, թացը չորի հետ լվալ-տանել: Ռայխստագում անվտանգության խորհրդի համատեղ և արտահերթ փակ նիստ հրավիրվեց, որտեղ քննարկեցին գործակալի գործողություններում հնարավոր շրջադարձի և պետական դավաճանական ցանց ստեղծելու տարբերակի հիմնահարցը, բայց Վալոդը հեռագիր ուղարկեց, թե արխային եղեք, ես իմ խոսքի տերն եմ… Եվ այդպես, գյոզալական երկիրը վերածեց աղետի գոտու: Հետո մուժիկին հրամայեց իր մոտ կանչել Չապաևին, հանձնարարեց՝ գնա էդ Նիկոլին ընտանյոք հանդերձ գերի վերցրու, Պետոյին և Անկային հրամայիր, թող պլետն առնեն ու դրանց մի քանի հատ մուրացանական մուշտի տան (Մուրացանն էր, չէ՞, մուշտու մասին գրել), փռեն գետնին, կիսլատա լցնեն, հրո ճարակ անեն ու խորը թաղեն եղբայրական գերեզմանում, որ դրանց քոքը ընդմիշտ կտրվի…
Դե, գնա ու մեռիր, միահեծան գոռոզ ցար, անմա՞հ էիր քեզ կարծում: Սա էլ գնաց: Ազնվականին վայել, բոլոր գրված և չգրված միջազգային բարոյական օրենքների տառին համապատասխան… ու ցար ի բոգը հերոսաբար մեռավ՝ «զա Ռոդինու, զա Ստալինու» (հանուն Հայրենիքի, հանուն Ստալինի), ցարևիչ-ցարևնաներին էլ տարավ յուր հետ՝ հավիտյանս հավիտենից, ամե՜ն… Ա՛յ, մուժի՜կ, ա՛յ, լյումպեն պրոլետարիա՛տ, այ մալադե՛ց, մի զույգ կոշիկի խաթեր վարի տվեց մի ամբողջ իմպերիա: Ասաց, Նիկո՛լ, էդ դու էիր, չէ՞, որ Արարատը չտեսար, քանզի նա զզվում էր քեզնից ու դեմքը թաքցրեց ամպերի հետևում, իսկ դու գոռոզաբար պատասխանացիր, թե լեռն էլ ռուսաց Նիկալ թագավորին տեսնելու պատվին չարժանացավ: Յաման փուչ գյադա դուրս եկար: Մեկ զույգ սպայական կիրզովի սապոգ՝ իմ կողմից հատկացնել մուժիկին: Սրան Վլադիմիր Իլյիչ կասեն, իսկական քարսիրտ ու հետևողական դեմոսկրատոս: Սրա հետ հանաք-մասխարություն անել չի կարելի, էս խելագարն ընդունակ է ամեն բանի: Եվ մոխիրներից հառնեց նոր Ռուսիան՝ Նաշա Ռաշա ի եվո նովիյ ցար ի բոգ (Մեր Ռաշան և նրա նոր ցարն ու աստվածը)… Սրանք բոլորը նախորդ կյանքում, ինձ նման, իմպերատորներ են եղել, իսկ կազմակերպիչը հանցագործ չէր, չէ՛, ոնց որ չարամիտ չկամներն են որակում, այլ հեղափոխության նվիրյալ մի վեհ հրեշագործ, որը կարողացավ համոզել մուժիկներին, թե նրանք բոլորը երկրի տերեր են, ամեն բան իրենց է պատկանում: Դրանք էլ, սիրով ու հաճույքով, էդ կուտը կերան, և սկիզբ առավ մի աննկարագրելի ու աննախադեպ ալան-թալան: Ախպերն ախպորը, զավակը ծնողին, ճորտը ճորտատիրոջն ուրացավ, բայց, ցարն ապրած կենա, ամբողջ ավարից ամբոխին գոնե մի շտոֆ սամագոն ու թթու դրած խիյար հասավ, մնացածն ամբողջությամբ դրվեց հետհեղափոխական կարիքները հոգալու և երկրի տնտեսությունը զարգացնելու սրբազան գործի մեջ: ՈՒ հիմա ոչ թե մարյակ իվանուշկաների, բանվորագյուղացի իվան իվանիչների և մատուշկա-մատրյոշկաների, այլ իր անունն է ոսկե տառերով գրված դամբարանի վրա և, հատկապես, մեր հարավային հարևան քաղաքակիրթ երկրի պատմության դասագրքերում:
Նիկոլին հաջորդած հեղափոխականներն էլ մի բարի պտուղ դուրս չեկան: Սրանք էլ, թաշկինակի նման օգտագործեցին դեմոսականներին ու շպրտեցին գրողի ծոցը: Էն խեղճ ազգագրագետ Լալայան Երվանդը, շրջակա գյուղերի ուխտավոր քաղաքացիների հետ ստիպված բարձրացավ Աբուլ սարը, ձայնագրիչը միացրեց ու հենց տեղում՝ բարձունքի վրա լայվ մտավ և գրի առավ արյան և սնդիկի սյան ճնշման տակ անկեղծացած ու դուխ առած հայրենյաց ժողովրդի ձայնը, զոր կոչեց համաժողովրդական խաղիկներ, իրականում՝ բողոքի ձայն, ողբ ու կական, որոնցում մասնավորապես գլխավոր դրական հերոսը դիմում է երկրի ղեկավարությանը՝ հարազատ կուսակցությանն ու կառավարությանը, անձամբ առաջնորդին, թե ընկեր Ստալին, աչքդ տնկել ես մեր մալին, չես հարցնում մեր հալին, տուգանում ես ու հարկում, որբերին ու ծերերին փողոց գցում, գործազրկությունն ու չքավորությունը ավելացնում, սեփականության օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով ունեզրկում՝ իբր թե մեր գույքն անօրինական՝ ապօրինի ծագում ունի, բա չես տեսնու՞մ մեր թափած քրտինքը, արյուն ենք միզում, արա, խեղդո՛ւմ ես, խեղդո՛ւմ… Մեր գոտիները էլ սեղմելու տեղ չունեն, էլ ապրուստի միջոց չկա, էլ հալ-հարաքյաթ չկա, է՛լ, է՛լ, է՛լ… Մինչև վերջ հերսները թափեցին, քրֆեցին ու սպառնացին, անկեղծացան մինչև վերջ, կարծես բարձունքը սրբագործել ու համարձակություն էր ներարկել նրանց: Մոռացության տվեցին, որ էդ եթերային բարձունքներից դեռ ցած են իջնելու ու իրենց մեջ լիքը պարտաճանաչ գործ տվողներ, մատնիչներ ու զրպարտիչներ կան, որ օրենքի ուժով պարտավոր են տեղեկությունը հայտնել համապատասխան մարմիններին: Դրա համար նրանք վարձատրվում, ամեն զոհի դիմաց պարգևավճարներ են ստանում: Բարձրագահ Աբուլն ու մթին սարերն էլ չէին փրկի նրանց յուրյանց թափանցիկ միամտության պատճառով հղի վտանգներից, իսկ մի ալեհեր ծերունի՝ անտեղյակ, որ ռուսաց Նիկալ թագավորի դարն անցել է, հեղափոխություն հեղափոխության հետևից է եղել, բայց ինքը գլխի չի ընկել, քանզի իր կյանքում ոչինչ չի փոխվել՝ նույնն էր երեկ, նույնն է այսօր, գլխին էր հավաքել ուխտավարներին, թե ռուսաց Նիկալ թագավորը շատ է սիրում իրա անձն ու բարեկամներին, ինչ կա-չկա քաշեց իր ու դրանց փորը՝ ռուսաց Նիկալ թագավորը, ու երկար ճառեց իր անցած տառապանքի ուղիների մասին: Խոստացավ, նույնիսկ, հացադուլ հայտարարել: Եվ ուխտագնացությունը երթի ու հանրահավաքի վերածվեց, ժողովուրդն ավելի ու ավելի բազմապատկվեց, և բոլորը միասնական պահանջեցին իշխանությունների հրաժարականը, վանկարկելով՝ «Նի՜-կո՜լ, հեռացի՛ր, Նի՜-կո՜լ, հեռացիր», իսկ Նիկոլը հազար թումանով մկան ծակն էր մտել, նրա իզն ու թոզը վաղուց վերացել էր աշխարհի երեսից, մնացել էր միայն հայհոյանքի, չարության ու անկարողության սատանայական հուշը, և անեծք ու նզովքը կործանված երկրի անպարտ ու հպարտ, Ֆրիտյոֆ Նանսենի բնորոշմամբ՝ դեռ էն վախտվանից, ու դրանից առաջ, ու դրանից հետո, և ընդհանրապես դյուրահավատության բացառիկ ունակություններով օժտված՝ խաբված ժողովրդի շուրթերին… ՈՒխտագնացների շրջանում ծառայության նշանակված գործակալների զեկույցներից հետո ըմբոստ ծերունուն, որպես հակամիապետականության և բանվորա-գյուղացիական հասարակարգի նվիրյալ քարոզչի, ժողովրդավարությանը մատուցած անուրանալի ծառայությունների համար, բարձրագույն ղեկավարությունը պարգևատրեց Սուվորովյան խաչով ու թրով…
Մնոգոուվաժայեմիյե դամի և գոսպոդա, սալամ ալեյքում, ազիզ կարդաշլար (հարգարժան տիկնայք և պարոնայք, բարև ձեզ, սիրելի եղբայրներ): Էն պահն եմ շատ սիրում, որ սատանան մեջս գլուխ է բարձրացնում, անհանգիստ ֆռֆռում ներսումս, վիրաժներ անում, իրար խառնում միտք ու հոգի և տիրաբար հրամայում. դե, քեզ տեսնեմ, քրֆի, որ հանգստանաս, ինչքան մաղձ կա մեջդ՝ դուրս տուր, վախեցրու, որ բոլոր վախերդ հաղթահարես, սպառնա՝ մեկ ա, երկրի կեսը, մի բան էլ ավելի, հանցագործ ա, ում ուզես, երբ ուզես կպատժես, կարո՞ղ է մեկը գտնվի, որ հանցանք չի գործել գոնե փոքր ժամանակ՝ ռագատկայով ծիտ չի խփել կամ հարևանի շուշեն ջարդել ֆուտբոլի գնդակով: Մախաթը պարկում ինչքա՞ն կարան պահեն: Բայց հո բոլորին միանգամից ծակը չե՞մ կոխելու, հանդարտ, հերթով, փուլ առ փուլ, քյաբաբ առ քյաբաբ բանակցաբար, հետո ու՞մ կառավարեմ՝ էս անմեղսունակ դեղնակտուցների՞ն:
Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն: Վսե՛մ, վսե՛մ, վսե՛մ: Ռուկի վե՛րխ: Հենդե հոխ (ձեռքերդ վեր), ավազակապետականներ: Էդ դուք չէի՞ք, որ հինգ հարյուր ընտրող ունեցող տեղամասում յոթ հարյուր ձայն էիք հավաքում, թե՞ ընտրակաշառքները հորս ջեբից էիք բաժանում: Ասեմ, որովհետև տգետ էիք, որովհետև էդ գործը փողով չեն անում, այլ խաթրով, փշի-փշի անելով, սիրտ շահելով, համոզելով, խաբխբելով… Նախ նրանց հախից կգանք, ովքեր դեմ են մեր փիլիսոփայությանը, գաղափարական հակառակորդ են, էս պարագայում հանցագործ լինել- չլինելը՝ այս չէ խնդիրը: Սիրտս լավ բան չի հուշում, Յորի՛կ, իմ խեղճ բարեկամ, կանչիր ինգլիզի գերեզմանափոր համախոհներիդ, թող շտապ գան, թեկուզ բիզնես կլասով թռնեն, ես կվճարեմ, պե՞տք է՝ անձնական օդանավս անանձնականորեն կտրամադրեմ: Անհրաժեշտ է շուտափույթ որոշում կայացնել՝ լինել թե չլինել այսուհետ: Հոգեպես ազնիվ չէ, իհարկե, գոռ բախտի սլաքարերն ու պարսաքարերը տանելը, ես նախընտրում եմ զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ և դիմակայելով վերջ տալ բոլորին: Չէ՛, սատանեն հուշում է, որ արյուն է թափվելու, գոսպոդին Շեքսպիր: Նախ, եթե չհաջողվի սրախողխող անել ներքին հրոսակներին ու մեր սուրը փառքով չկոխենք պատյան, բաններս քրդի գզգզած բրդից բեշբեթար է լինելու, էնքան են համը հանել էս չտես բոշաները: Սրանք դեռ կառավարելի են, բայց անհետաքրքիր, անհասկանալի ու անկանխատեսելի հետևանքներով հղի, ու լուրջ ռիսկեր պարունակող էրեխեք են՝ գյադեք էս կողմը կանգնեք, չէ՛, ռադ եղեք էն կողմ: Տի մարյաչկա յա մարյակ, ձկնորս ախպերներ, գունավորականներ, շեղվածականներ, աղանդավորականներ և այլ ցնդածներ, ժեխեր բոլոր երկրների, միացե՛ք, իսկ դու՝ դե, քեֆ արա, տարայ-նանա՜յ, տարայ նանա՜յ, պույպույչիկներ՝ չտես ու որկրամոլ, այ թե քեֆը ինչպես կըլնի:
Իշխանության համն առել են, ատամներով կպաշտպանեն ինձ, մեր ու կնիկ էլ քրֆեմ, շնորհակալություն են հայտնելու: Երախտագետ գործիչներ են: Ես ամեն բան արել եմ, որ մարդավարի ապրեն, տուն-տեղ դնեն, բռիցս զհաց և զջուր եմ տվել հանապազօրյա, իսկ չտես անտերները մսխում են պետական միջոցները կլուբներում ու ղումարբոզանոցներում… Կարծում են, անտեղյակ եմ ժողովրդի հարկերի հաշվին իրենց կերած քաքերին ու մուտիլովկեքին: Էն Պավլովի շների նման, հենց յուղալի պատառի հոտ են առնում, թեկուզ հեռավոր դիարբեքերներից, ռեֆլեքսի ռուբիլնիկը ավտոմատ միանում է ու ստամոքսահյութի շիթերը ցայտում են թքարտադրության պնչերից: Էլ չեն նայում, կարելի է ուտել, չի կարել, ոչ չափ ունեն, ոչ ընտրություն ու նախասիրություն, իսկույն հափռում են: Լափում են՝ ինչ պատահի, ինչպես պատահի, ինչքան պատահի՝ քարից կակուղ ինչ գցես էդ սովալլուկ ու չտես գամփռների առաջ, մի վայրկյան հետո հորով-մորով կանեն: Իսկը չոբանի շներ: Ընտրյալներ եմ ասել, հա՜, սաղին տվին անցան: Թողես, մի օրում պետության գանձարանում չոփ չեն թողնի: Իսկի չեն էլ թաքցնում, ազնվորեն՝ բացահայտ ու թափանցիկ… Այդ երևույթի արմատները դրամահատարանում են՝ փողը հոտ չունի: Մի քանիսն էլ ինձ և իշխանությանը քննադատելու ժողովրդահաճո փորձեր են ցնգցնգում: Այսինքն, պետության դեմ են վայրահաչում, պառակտում են մտցնում խմբակցության հոծ ու միասնական զանգվածի շարքերում, որը, ըստ էության, երկրի անվտանգությունն ու բարօրությունը ապահովող ստրատեգիական ուժն է: Դե, արի ու մի ասա, տո մանկապարտե՛զ, քեզ հայելու մեջ նայիր, ոչ հեռավոր անցյալդ հիշիր, այ բեդովլա՛թ, թափառական սոված անտերներն անգամ ձեռքներիցդ հաց չէին վերցնում… ՈՒ մի դիվական մոլուցք տակն ու վրա է անում միտքս ու հոգիս, դուրս բերում հավասարակշռությունից, լավայի նման ալեկոծածուփ ու փրփրադեզ եռ է գալիս և, հանց հազար տարի կուտակված հրաբխից, բոց ու կրակ ժայթքում՝ հրո ճարակ անելով ու ամայացնելով ամեն բան: Հետո հաբեր եմ ընդունում, հանդարտվում, մինչև հաջորդ պոռթկումս:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ