ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ԴիջիԹեք բիզնես ֆորումում կկարևորվի պետության մասնակցությունը

ԴիջիԹեք բիզնես ֆորումում կկարևորվի  պետության մասնակցությունը
03.06.2014 | 12:21

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո հունիսի 20-21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվելու է ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Այն կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), իսկ գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline): ԴիջիԹեք բիզնես ֆորումն իրականացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո: Այս տարի ֆորումին են միացել նաև ռուսական «ARinteg» ընկերությունը և Կոնվերս բանկը` որպես հովանավորներ:

7-րդ անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին՝ գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ վայրում: Այս տարի միջոցառումը կառանձնանա հետևյալ թեմաներով` տուրիզմ, սպասարկում և առևտուր, գյուղատնտեսություն և վերամշակում, շինարարություն և հանքարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ:
Համաժողովի ընթացքում կանցկացվեն պրոբլեմային քննարկումներ, սեմինարներ, տաղավարային ցուցադրություն և առանձնացված հանդիպումներ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ հատկապես կարևորում է պետության դերը տեղական շուկայում տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկի ձևավորման հարցում:
«Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանում հիմնականում ուղղորդված է դեպի արտահանում, քանի որ հայաստանյան շուկան փոքր է: Մենք հիմա գտնվում ենք մի փուլում, երբ ընկերություններն աութսորսինգով պատվերներ կատարելուց սկսում են անցնել պրոդուկտ ստեղծելու բիզնեսի: Այս առումով կարևոր է տեղական պահանջարկի բավարարումը: Տեղական պահանջարկի ու կարիքների հիման վրա ձևավորված լուծումները պոտենցիալ արտահանման ենթակա պրոդուկտներ են: Այստեղ ես շատ կարևորում եմ պետության դերը, որովհետև աշխարհում և Հայաստանում պետությունը ամենակարևոր պատվիրատուն է: Պետությունը, դառնալով պատվիրատու, կարող է ընկերություններին օգնել և խթանել, որպեսզի ստեղծեն իրենց պրոդուկտները և դրանցով դուրս գան արտասահմանյան շուկաներ»:
Հայկ Չոբանյանը բերում է Էստոնիայի օրինակը, որը ՏՏ համաշխարհային շուկայում առանձնահատուկ տեղ է գրավում: Մեր զրուցակիցն ընդգծում է, որ Էստոնիայի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հիմնականում պայմանավորված է եղել ուժեղ ներքին պետական պատվերով ու պահանջարկով: Էստոնիան անկախացումից հետո շատ կարճ ժամանակում դարձավ Եվրոպայի առաջատար երկրներից մեկը, որն ունի էլեկտրոնային կառավարման ժամանակակից ու ճկուն ավտոմատացված համակարգ: «Պետական պատվերը ձևավորեց պահանջարկի մթնոլորտ, որի արդյունքում կազմակերպությունները սկսեցին իրենց կարողությունները հզորացնել և դուրս գալ արտաքին շուկա: Էստոնիան այսօր այնպիսի պրոդուկտ ունի, ինչպիսին skype-ն է, և այդ պրոդուկտի ստեղծման գործում հեղինակները պարտական են տեղական, հատկապես պետական պահանջարկին: Պետական պահանջարկն իր հետևից բերում է մասնավոր ոլորտի կողմից ՏՏ կիրառման զարգացում: Այն մեխանիզմները, որոնք պետությունն է ներդնում, անդրադառնում են մասնավոր ոլորտին: Տեխնոլոգիական մշակութային առաջարկը ձևավորում է պետությունը: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք բիզնես ֆորումում պետության մասնակցությունը: Պետական հատվածը ոչ միայն պետք է ներկայանա իր լուծումներով, այլև հանդես գա որպես բիզնեսում տեխնոլոգիաների զարգացմամբ շահագրգիռ, խթանող մարմին և ոլորտի ընկերությունների գործընկեր»,- ասում է Հայկ Չոբանյանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալը նաև նկատում է, որ հայաստանյան բիզնես ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների իր պոտենցիալ կարիքների ընդամենը 5 տոկոսն է պատվիրում ու կիրառում. «Իհարկե, կա նաև տեղեկացվածության պակաս, սակայն հիմնականում ներքին պահանջարկի խնդիր է: Պահանջարկը լիարժեք ձևավորված չէ մեր երկրում: Այդ առումով խթանիչ միջոցառումներ են անհրաժեշտ: ԴիջիԹեք բիզնես ֆորումը տեղեկատվական միջոցառում է, որտեղ մենք պատրաստվում ենք բիզնես ներկայացուցիչներին ոչ միայն ցուցադրելու մեր ունեցածը, այլև բացատրելու համաշխարհային ժամանակակից տրենդները: Հայաստանում մենք ունենք հաջողված օրինակներ, որոնք կներկայացվեն ֆորումում, ինչը կարող է գրավիչ ու վարակիչ լինել գործարարների համար»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ