Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության վերջին փշրանքները

Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության վերջին փշրանքները
03.12.2013 | 15:23

ՌԴ նախագահի` Հայաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվեց «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի Հայաստանի` մնացած 20 տոկոսի առքուվաճառքի պայմանագիր, որի մանրամասները կառավարությունը չի հաղորդում: Ռուսական կայքերը հեղեղված են լուրով, թե սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց ՄՄ-ին միանալու մասին, իսկ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը Հայաստանի համար իջեցրեց գազի գինը: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սույն պայմանագրին: «Դատելով մամուլից Հայաստանը Ռուսաստանին է հանձնել (վաճառել, տրամադրել) Հայռուսգազարդի մնացած 20%-ը։ Հայռուսգազարդը բիրժայում չի սակարկվում (ՀՀ իշխանությունններն այդպես էլ թույլ չտվեցին, որ Հայաստանում բիրժա լինի): Դրա գինը հայտնի չէ։ Բայց մենք գիտենք, որ նման կարգի ընկերությունների գինը նվազագույնը մեկ տարվա վաճառքի ծավալը բազմապատկած 3 է։ Այսինքն` Հայռուսգազարդի գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ։ Եվ ուրեմն դրա 20%-ը 240 մլն դոլար է։ Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք, սվո՞պ ենք արել։ Ներեցեք, պարոնայք հայ իշխանավորներ, դուք հո խուլիգան չե՞ք։ Բարի եղեք պաշտոնական հաղորդագրություն տրամադրել։ Ի վերջո, հսկայական հանրային գույք է օտարվել»,- գրել է նախկին վարչապետը:

Երեկ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, թե Հայաստանի համար նոր գին է սահմանվելու, որն էլ փոխկապակցված է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ: Իսկ թե որն է այդ ներքին գին ասվածը, չի պարզաբանվել: Հրանտ Բագրատյանն իր գրառման մեջ հարցադրում է արել դրա վերաբերյալ` նշելով, թե «Սարատովի Գազպրոմը գազը վաճառում է (վերջին գները) բնակչությանը. գազօջախի համար` 7.6ռ 1մ3 (227 դոլար), իսկ ջեռուցման համար` 4.24 ռ 1մ3 (127դոլար): Ռոստովի մարզում գազը վաճառվում է 125 դոլարով, Մոսկվայում ավելի էժան է։ Հայաստանում բնակչությանը վաճառվող գազի գինը 391 դոլար է՝ 3.1 անգամ ավելի թանկ (ի դեպ, մեզ մոտ այն ավելի թանկ է, քան ՈՒկրաինայում, էլի 3 անգամ)»: Ի դեպ, երեկվանից մամուլում հայտնվեցին հրապարակումներ, թե գազի գինը իջնելու է, բայց վերջնական սպառողի համար այն չի փոխվելու: Տրամաբանական հարց է ծագում` ուրեմն ո՞վ է օգտվելու այդ, այսպես ասած, բարիքից, եթե վերջնական սպառողը գազի համար վճարելու է նույն գինը: Հրանտ Բագրատյանը, շարունակելով իր հարցադրումը, գրել է. «Հիմա ի՞նչ է այդ ներքին գին ասվածը։ Դա այն գինն է, որով «Հայռուսգազարդը» գազը ստանալու է Գազպրոմի՞ց։ Ներեցեք, դա ոչինչ չի փոխում։ Հայռուսգազարդը հիմա էլ թանկ չի ստանում (189 դոլար): Բայց վերջնական գինը սահմանում է եվրոպականից էլ թանկ։ Եվ հետո, եթե մենք ներքին գնով ենք ստանալու (ի վերջո ճշտեցին, որ ներքին գին ասելով նկատի ունեն 189 դոլարը), ապա ինչու՞ այն ավելի էժան չէ, քան Ռուսաստանինը։ Չէ՞ որ արտահանելուց ԱԱՀ-ը հանվում է»:

Նախկին վարչապետի մտահոգությանը մնում է հավելել, որ Հայաստանն իր հերթական ռազմավարական կառույցը հանձնելով Ռուսաստանին կորցնում է իր ինքնիշխանության վերջին փշրանքները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ