Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Պարենային ապրանքների ինքնաբավության հարցը մնում է բաց

Պարենային ապրանքների  ինքնաբավության հարցը մնում է բաց
03.12.2013 | 12:04

Հայաստանում գնալով ավելանում են պարենային մթերքների ներմուծման ծավալները, իսկ արտադրության ծավալները «խեղճանում» են։ Այս մասին վկայում են գյուղատնտեսները, սակայն ԱՎԾ-ի տվյալներն այս պնդումը հերքում են, նշելով, որ այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մսի իրացումն ավելացել է 7,1 %-ով։
Այն, որ տեղական արտադրությունը լուծում է պարենային ապրանքների ինքնաբավության առաջնային խնդիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի համար, դասագրքային ճշմարտություն է և անժխտելի փաստ։ Կարևորելով այս հանգամանքը՝ փորձեցինք ոչ թե հիմնվել ԱՎԾ-ի ցուցանիշների և որոշ գյուղատնտեսների պնդումների վրա, այլ ինքներս, որպես սպառող, հասկանալ, թե ներմուծումը որքան է ճնշում տեղական արտադրանքին։
Վերջին վեց ամսում և՛ սուպերմարկետներում, և՛ սովորական խանութներում նկատվում է օտար ծագմամբ պարենային մթերքների ավելացում։ Մասնավորապես ձուն, խոզի միսը, շաքարավազը, կարագը, մակարոնեղենն ու անգամ տարբեր տեսակի մրգեր «հյուրընկալվել» են Հայաստանում։ Այս մասին փաստում են նաև վաճառողները։ «Ներմուծվող ապրանքները գնալով շատանում են, բայց պահանջարկն ավելի շատ տեղական արտադրանքի նկատմամբ է»։
Որ տեղական արտադրանքն ավելի որակյալ և հուսալի է սպառողի համար, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն ինչո՞ւ է գնալով տեղական մթերքն իր տեղը զիջում ներմուծվողին։ Իսկ որ ներմուծումն ավելանում է, վկայում են նաև թվերը։ Ներքին պահանջարկի բավարարման նպատակով այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձվի ներմուծումն ավելացել է 350 անգամ, ալյուրինը՝ 3,5 անգամ, խոզի մսինը՝ 59 %-ով, պանրինը՝ 48, շաքարավազինը՝ 21, մակարոնեղենինը՝ 10։
Թվերը տեղական արտադրության օգտին չեն, ինչը նշանակում է, որ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավության խնդիրը մեզանում լուծված չէ։ Հատկապես եթե նկատենք, որ ցածր է նաև ցորենի արտադրության ծավալը. այն կազմում է 32 %, բուսական յուղինը՝ 9,1 %, թռչնամսինը՝ 14 %, խոզի մսի ներքին արտադրությունը ապահովում է պահանջարկի ընդամենը 38 %-ը։
Նկատենք, որ ամենացայտունը ձվի ներմուծման ծավալների աճն է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Պարզվում է, խնդիրը խորքային է, կապված ընդհանուր տնտեսության զարգացման հետ։ Մեզ հետ զրույցում շատ ֆերմերներ նշեցին. «Թանկացել են գազը, էլեկտրաէներգիան, ինչը լուրջ բացասական ազդեցություն է ունենում արտադրանքի ինքնարժեքի վրա։ Բացի այդ, իրականացվող տնտեսական բարեփոխումները ոչ թե դրական, այլ բացասական հետևանքներ են ունենում ինչպես հարկային, այնպես էլ այլ ոլորտներում»։
Ֆերմերների այս բացատրությունն անտրամաբանական չէ, և երևի թե նույն այս գործոնով է պայմանավորված այլ մթերքների ներմուծման ծավալների աճը։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է. փոխանակ լուրջ ներդրումներ կատարելու, հետո էլ հոգալու արտադրության գործընթացն ապահովելու մասին, շատ ավելի հեշտ է տվյալ մթերքի ներմուծումը։ Ֆինանսական առումով այն խիստ շահավետ է գործարարների համար, թեկուզ հենց այն պատճառով, որ այլ երկրներից շատ ավելի էժան են ձեռք բերում տվյալ մթերքը, իսկ Հայաստանում մի քանի անգամ ավելի թանկ վաճառում։
Պատկերը հուսադրող չէ, քանի որ ներմուծումն առանձնապես չի խթանում երկրի տնտեսության զարգացումը։ Առկա իրավիճակը միանշանակ չի լուծում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ինքնաբավության ռազմավարական խնդիրը։ Մինչդեռ այն խիստ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես եթե նկատի ունենանք մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքն ու իրավիճակը։ Ստեղծված պայմաններում հարց է առաջանում. արդյո՞ք ոլորտի պատասխանատուները, մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությունը, տարիներ առաջ արդեն չպետք է ունենային պարենային առաջնային ապրանքների ինքնաբավության ռազմավարական ծրագիր։ Կա՞ արդյոք այն։ Եթե կա, ապա, թերևս, միայն թղթի վրա, քանի որ իրականությունն այլ բան է փաստում։ Կարծում ենք՝ խնդիրն արժանի է վերանայման։ Պարենային առաջնային ապրանքների ինքնաբավության հարցը, վերջապես, լուծում պետք է ստանա, առավել ևս, որ մեր բնակլիմայական պայմանները դա թույլ են տալիս։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ