Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Գուցե սկզբում կամավո՞րը կիրառենք

Գուցե սկզբում կամավո՞րը կիրառենք
22.11.2013 | 11:49

Կառավարություն և ԱԺ «հակամարտությունը» պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի շուրջ շարունակվում է։ ՈՒ թեև ԱԺ չորս խմբակցություններն արտահերթ նիստ հրավիրելու պահանջ էին ներկայացրել, այն չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Հավանաբար ՀՀԿ պատգամավորներն իրենց գործն արել էին։

Նիստը չկայացավ, փոխարենը կառավարությունը լայնածավալ ասուլիս տվեց հարցի վերաբերյալ։ Ինչ խոսք, որ մի կողմից կառավարության պնդումները, թե օրենքը մի քանի տարի է` արդեն քննարկվում է և հաստատվել է ԱԺ-ի կողմից, ճիշտ է։ Սակայն, մյուս կողմից, օրենսդիրը նոր է արթնացել քնից և խնդիրներ է տեսնում օրենքում։ Իհարկե, վատ չէր լինի, որ դրանք ևս մեկ անգամ քննարկվեին։ Այն, որ օրենսդիրը պետք է քնած չլիներ և ժամանակին «այո» չասեր այս օրենքին, փաստ է, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Մինչ այս նոր համակարգը կյանքի կոչելը բոլոր մտավախություններն ու հարցերը կարելի է ծանրութեթև անել։
Կատակ բան չէ, ներդրվում է մի համակարգ, որը պատասխանատու է թոշակային տարիքում մարդկանց սոցիալական կարգավիճակի համար։ Եվ մինչ կառավարությունն ու ԱԺ-ն վիճում են այս օրենքի շուրջ, ժողովուրդը համոզված է, որ այս համակարգն իր վրա էժան չի նստի։ Մեր թերթի հերթական համարներից մեկում ներկայացրել էինք մարդկանց մտավախությունը։ Հիշեցնենք, որ նրանք վախենում էին, որ «Խնայբանկի» ավանդների օրինակով կրկին կհայտնվեն կոտրած տաշտակի առջև։
Մինչդեռ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կառավարության հրավիրած ասուլիսում ասել էր. «Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սնանկության դեպքում քաղաքացիների կուտակած պարտադիր կենսաթոշակային միջոցները շարունակելու են մնալ նրանց սեփականությունը»։ Որքա՞ն է ԿԲ-ի այս խոսքը հուսադրող։ Ներսես Երիցյանին հիշեցնենք, որ «Խնայբանկում» կուտակված ավանդները պետությունը մինչ այժմ չի սեփականացրել, այսինքն, դա նշանակում է, որ դրանք համարվում են ավանդատուների սեփականությունը։ Այս առումով պետական պաշտոնյայի ասածն ուղղակի անհասկանալի է։ Կա մեկ բայց ևս. այն, որ «Խնայբանկի» ավանդները պահպանվում են որպես ավանդատերերի սեփականություն, դրանից վերջիններիս գրպանները չեն լցվում։
Հետաքրքրական է, որ այս նոր համակարգի դեպքում կուտակված միջոցների պարտադիր հասանելիության գործոնը որևէ կերպ ամրագրված չէ։ Ի դեպ, նկատենք, որ ասուլիսի ժամանակ ևս չորս պաշտոնյաներից որևէ մեկը չընթերցեց օրենքում այնպիսի մի կետ, որով քաղաքացին վստահ լինի, որ իր կուտակած գումարները թոշակի տարիքի ժամանակ հասնելու են իրեն։ Համոզված ենք, որ եթե այս հարցն օրենքով ամրագրվի, և հստակ երևա պարտավորություն կրողը, ապա նոր համակարգն ավելի պարզ կդառնա ժողովրդի համար։ Ինչևէ։
Փոխարենը ԿԲ-ի նախագահի տեղակալը ծանոթացրեց, որ նոր համակարգի դեպքում գոյություն են ունենալու կենսաթոշակային հիմնադրամի երեք տեսակներ, որ կարող է ընտրել քաղաքացին։ «Առաջինը կայուն եկամտային հիմնադրամն է։ Այն ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, սակայն ոչ բարձր եկամուտ։ Երկրորդը պահպանողական հիմնադրամն է, որի միջոցները համարվում են ռիսկային և կարող են ապահովել բարձր եկամուտ։ Երրորդը հավասարակշռված հիմնադրամն է, որը համեմատաբար ավելի բարձր ռիսկային է, քանի որ հիմնադրամի միջոցները հավասարապես ներդրվում են ամրագրված եկամուտ ապահովող և ռիսկային ֆինանսական գործիքներում»,- պարզաբանել է Ներսես Երիցյանը և հավելել, որ այս հիմնադրամները նախընտրելի են այն մասնակիցների համար, ովքեր հակված են ռիսկի դիմելու՝ բարձր եկամուտ ստանալու ակնկալիքով։
ԿԲ-ի նախագահի տեղակալի այս խոսքը մեզ հիշեցրեց «Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում» ասացվածքը։ ՈՒղղակի հարց է առաջանում. որքա՞ն է այսօր ձեռնտու շարքային աշխատողին դիմել ռիսկի, և ռիսկ ասվածը որքա՞ն է տրամաբանական կենսաթոշակների դեպքում։ Գուցե հենց այդ ռիսկն է եղել պատճառը, որ շատ երկրներում այս համակարգից հրաժարվել են, այն էլ՝ ներդնելուց հետո։
Ստացվում է, որ ինչ-որ չափով պետությունն իր պարտավորությունները դնում է ժողովրդի վրա։ Որքա՞ն է սա արդարացված հատկապես առկա սոցիալ-տնտեսական պայմաններում։ Եվ արդյոք այս համակարգից ավելի շատ չե՞ն շահի այդ հիմնադրամները, քան պետությունը կամ ժողովուրդը։ Մեկ այլ հարց ևս բաց է մնում. խոսվում է եկամուտներից և ռիսկերից, բայց այդ ռիսկերը չկատարելու դեպքում ո՞վ է դրա պատասխանը տալու։ Հարցը շատ կարևոր է։ Եվ քանի դեռ կան նման մտավախություններ, գուցե տեղին կլինի, որ համակարգը ներդրվի ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ