Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Էներգետիկայի նախարարի հերքածը ԿԲ-ն հաստատեց

Էներգետիկայի նախարարի հերքածը ԿԲ-ն հաստատեց
18.02.2013 | 17:41

Հայաստանում միակ «տղամարդ» կառույցը ԿԲ-ն է։ Նա վերջերս հանրությանը տեղեկացրեց գազի գնի հնարավոր բարձրացման մասին։ Թե ինչու է կառավարությունն այդ ծանր դերը հանձնել ԿԲ-ին, դժվար է ասել, սակայն քիչ ուշ կփորձենք դա հասկանալ։

Չմոռանանք, որ շուրջ մեկ տարի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ամեն կերպ հերքում էր գազի գնի հնարավոր բարձրացումը։ Իսկ վերջին ամիսներին, այսինքն` 2012-ի դեկտեմբերից և 2013-ի հունվար-փետրվար ամիսներին, ընդհանրապես շրջանցում է լրագրողներին` կռահելով հավանական հարցը. նա կառավարության շենքից դուրս է գալիս հետնամուտքով։ Եվ մինչ այժմ էլ նա դեռևս որևէ հայտարարություն չի արել։ Երևի թե ԿԲ-ն էլ չխոսեր գազի գնից, եթե ստիպված չլիներ մեկնաբանել իր իսկ կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի սպասումների վերաբերյալ։ Համաձայն այդ կանխատեսումների` սպասվում է տնտեսության զարգացման տեմպի նվազում, որը բացատրվում է արտաքին պայմանների թելադրմամբ։ «Ակնկալվում է տնտեսական աճի որոշ չափով դանդաղում և ձևավորում երկարաժամկետ կայուն մակարդակի շուրջ»,- նշել է ԿԲ-ի խորհուրդը և մեկնաբանել, որ զարգացող երկրներում պարտքային խնդիրների անորոշության պատճառով սպասվում է համաշխարհային տնտեսական աճի դանդաղում։ Չի բացառվում, որ այդ դեպքում արտաքին շուկաներում կնվազի ապրանքների պահանջարկը։ Ի դեպ, նման դրսևորումների դեպքում, ԿԲ-ի խորհրդի կարծիքով, Հայաստանում ևս կարող է տեղի ունենալ տնտեսական աճի դանդաղում։ Այլ կերպ ասած, ԿԲ-ն հաստատեց այն, ինչի մասին մենք բազմիցս ասել և ասում ենք, որ Հայաստանը չի կարող հաղթահարած լինել ճգնաժամը, եթե աշխարհը դեռ դրա մեջ է։ Ինչևէ։
Վերլուծելով իրավիճակը` ԿԲ-ն համոզված է, որ արտաքին շուկաներում, տնտեսական գործընթացների հետ կապված, պահանջարկի սպասվող կրճատումը նպաստավոր պայմաններ է ստեղծում թույլ կամ չեզոք գնաճային սպասումների ձևավորման համար։ Եթե այս դեպքում կարելի է ինչ-որ տեղ մտածել, որ ՀՀ-ում գնաճը կարող է «շրջանցվել», մյուս դեպքում այն ուղղակիորեն կհարվածի ապրանքներին, քանի որ գնաճային ռիսկերի երկրորդ փուլը ԿԲ-ի խորհուրդը կապում է գազի գնի սպասվող բարձրացման հետ։ Այլ կերպ ասած, այստեղ ևս գործում է «հայի բախտ» ասվածը` զուսպ գնաճը մեր «վրայով» չէ, մերը ճո՛խ պետք է լինի։ Ըստ տարբեր կանխատեսումների, գազի գինը կբարձրանա ոչ թե ապրիլից, ինչպես ընդունված էր վերջին մի քանի տարիներին, այլ մայիս-հունիսից։
Այս ենթադրությունը պայմանավորված է նրանով, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «ՀայՌուսգազարդը» դեռ չի ներկայացրել սակագները վերանայելու հայտ։ Հիշեցնենք, որ ընկերությունները պարտավոր են հայտը ներկայացնել հանձնաժողովին մեկ ամիս շուտ։ Մարտի 1-ին դեռևս երկու շաբաթ կա, և չի բացառվում, որ «ՀայՌուսգազարդը» հասցնի ներկայացնել իր հայտը։
Իսկ որքա՞ն կբարձրանա գազի գինը։ Ռուսական աղբյուրներին մոտ կանգնած փորձագետների կանխատեսմամբ` գնի բարձրացումը փոքր չի լինի, իսկ թե որքանով այս կանխատեսումը կարդարացվի, կերևա առաջիկայում։ Համենայն դեպս, էս գլխից արդեն պարզ է, որ սակագնի ավելացումը փոքր չի լինի, ինչպես ավանդաբար լինում էր չորս-հինգ տարի առաջ։ Պատճառը։ Փորձագետների հավաստմամբ, շուրջ մեկ տարի է Հայաստանը ռուսական գազը սահմանի վրա ստանում է մեկ այլ մաքսային արժեքով, որն անհամեմատ բարձր է պաշտոնապես հայտարարված գնից։ Հետաքրքրական է, որ այդ փոփոխությունը դեռևս ներքին շուկայում սպառողների վրա շոշափելի չէ։ Սակայն արդեն իսկ բնակչության մեջ այս խոսակցություններն արմատանում են և, ավելին, մարդիկ սկսել են տարակուսել. «Նույն քանակությամբ գազ սպառել ենք դեկտեմբերին և հունվարին, սակայն դեկտեմբերի համար վճարել ենք 26 հազար դրամ, հունվարին` 46 հազար դրամ։ Կարծես թե տակից գազի գինը թանկացնում են, ինչ ձևերով` իրենք գիտեն։ Որովհետև օդ են մղում խողովակաշարով»։ Այլ կերպ ասած, ժողովրդին չես խաբի հատկապես, երբ նա շատ լավ գիտի իր գրպանի փողի քանակը։ Եթե նկատենք, որ գազի մաքսային արժեքը սահմանի վրա մեկ տարի է ինչ ավելացել է, և սրան գումարվի կանխատեսվող գազի գնի նոր բարձրացումը, ապա ակնհայտ է, որ այն 2013-ին պատկառելի գումար կկազմի։
Այն, որ գազի գինը բարձրանալու է, արդեն կարելի է որպես փաստ ընդունել, հակառակ դեպքում ԿԲ-ն նման հայտարարություն չէր անի։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու այս 2013-ին հայտարարությունն արեց ԿԲ-ն, ինչը, ըստ էության, հակասում է կառավարության քաղաքականությանը։ Ըստ էության, այն, ինչ ասաց ԿԲ-ն, նորություն չէր կառավարության համար։ Սակայն ինչու կառավարությունը չխոսեց այդ մասին։ Չխոսեց, որովհետև նախագահական ընտրություններից առաջ նման հայտարարություններն ամբոխահաճ չեն։ Իսկ ընդհանրապես չխոսել դրա մասին և առավել ևս հայտարարել, որ նման բան չկա, և միայն ընտրություններից հետո ժողովրդին փաստի առաջ կանգնեցնել, կնշանակեր խաբել։ Իսկ այս դեպքում, երբ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ այդ մասին խոսում է ԿԲ-ն, այն ընկալվում է որպես կանխատեսում։


ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ