Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ինչո՞ւ օլիգարխները չեն սիրում վարչապետին

Ինչո՞ւ օլիգարխները չեն սիրում վարչապետին
12.10.2012 | 12:38

Վերջին շրջանում տարաբնույթ օլիգարխիկ շրջանակների շահերը սպասարկող մի շարք լրատվամիջոցներ փորձում են լրատվական շրջանառության մեջ դնել մի տեսակետ, համաձայն որի` վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունելի չէ Հայաստանի գործարար շրջանակների համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ քաղաքական գործընթացը և ընդհանրապես իշխանության համար պայքարը ենթադրում են որոշակի խաբկանքների կիրառում և մարդկանց գիտակցության կանխամտածված ծրագրավորում:

Պետք է նշել, որ ժողովուրդների պատմության ուսումնասիրությունը հստակորեն ցույց է տալիս, որ օլիգարխներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ երկիրը թևակոխում է անցումային շրջան: Այս հարցում Հայաստանը ևս բացառություն չէ, և 1990-ականների կեսերից ի հայտ եկած օլիգարխիան, որը կարողացել է իր ձեռքում կուտակել երկրի նյութական հարստության զգալի մասը, փորձում է ամեն գնով յուրացնել նաև պետական իշխանությունը: Հաշվի առնելով հայրենի օլիգարխների մեծամասնության ինտելեկտուալ կարողություններն ու իմաստության մակարդակը` կարելի է պնդել, որ ներկայումս օլիգարխների ծավալած իշխանության համար պայքարն ունի ոչ թե հաշվարկված ու կշռադատված բնույթ, այլ բնազդային:
Ինքնապահպանման բնազդը` կուտակած կապիտալի պահպանումն ու մեծացումը և հասարակությանը «ոչ մի կոպեկ փայ չտալը», ստիպում է հայրենի օլիգարխիային ֆինանսական միջոցներ ներարկել քաղաքական պայքարի տիրույթում` հույս ունենալով հետագայում հետ բերել և բազմապատկել այդ միջոցները: Ինչպես այլ երկրներում, Հայաստանում ևս օլիգարխիայի վերջնական հաղթանակի գլխավոր խոչընդոտը համարվում է պետական այրերի խումբը, ովքեր գործարարներ չեն, և որոնց ուզածն այս կյանքից շատ մեծ փողերը չեն: Հենց այս համատեքստում է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին տնտեսությունը գրոհով վերցրած ու ազատ տնտեսությունը խեղդող օլիգարխների զգալի հատվածը բացահայտ «քշում է» վարչապետի վրա:
Ի դեպ, այդ գործընթացին մասնակցում են ոչ միայն թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ում տեղավորվածները, այլև իշխանության որոշակի «սվոյակ» օլիգարխներ: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ իրականում արծաթասեր հասարակությանը` օլիգարխիային, չեն հետաքրքրում քաղաքական պայքարի գաղափարական կողմն ու պետական շահերը ճիշտ այնպես, ինչպես որ չի հետաքրքրում, թե ո՛ր կուսակցության միջոցով «առաջ կգցի իր բիզնեսը»: Կարելի է ասել, որ օլիգարխների կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանի չսիրվածությունը միայն կուսակցական բնույթով չի պայմանավորված: Հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս իշխանության համար պայքարի դասակարգային բնույթը, երբ օլիգարխների դասակարգը պայքարում է պետական գործիչների դասակարգի դեմ:
Միևնույն ժամանակ, ազգային-պետական գործիչների դեմ օլիգարխիայի ծավալած պայքարի դրոշակակիրն ու գաղափարական ներշնչանքի աղբյուրը Գագիկ Ծառուկյանն է` իր ԲՀԿ-ով, որին համարյա թե անթաքույց աջակցում են նաև ՀՀԿ և այլ կուսակցություններում ծվարած «փողատեր ախպերները»: Բնականաբար, հարց է առաջանում. ինչո՞ւ են, օրինակ, ՀՀԿ-ում հանդուրժում «հինգերորդ շարասյան»` օլիգարխների ներկայությունը: Կասկածից վեր է, որ իշխանության ամենաբարձր օղակներում հաշվարկել են, որ օլիգարխիկ հասարակության պայմաններում անհրաժեշտ է ջլատել այս դասակարգի ուժերը, թույլ չտալ նրանց վերջնական միավորումը, այլ կերպ ասած` նրանց մի մասին «աչքի տակ պահել»: Միևնույն ժամանակ, կասկածից վեր է նաև այն իրողությունը, որ «ազատ օլիգարխների» գործունեությունը ՀՀԿ «հինգերորդ շարասյան» սրտով է, որին նրանք հետևում են այնպես, ինչպես վանդակում բանտարկված գայլը հեռվից կհետևի անտառի իրադարձություններին:
Ինչևէ, ո՞րն է օլիգարխների կողմից վարչապետի չսիրված լինելու գաղտնիքը: Այս հարցին պատասխանելու համար, թերևս, պետք է ուշադրություն դարձնել նախագահ և վարչապետ Սարգսյանների պետական կառավարման գործադիր իշխանության իրականացման վերջին հինգ տարիների համատեղ աշխատանքի նրբություններին: 2008 թ. ընտրվելով ՀՀ նախագահի պաշտոնում և վարչապետ նշանակելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած պրոֆեսիոնալ տնտեսագետ Տիգրան Սարգսյանին` նախագահ Սերժ Սարգսյանը շատ շուտով պետք է տնտեսական աննախադեպ բարդությունների հանդիպեր: 2008-ի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմը և դրա պատճառով ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության կաթվածահար լինելը, հետո նաև վրա հասած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բարդ իրավիճակում դրեցին նախագահին ու վարչապետին:
Թերևս, այս ժամանակահատվածում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջնականապես համոզվեց, որ Հայաստանի գոյատևման համար անհրաժեշտ պայման են ազատ տնտեսություն ստեղծելն ու տնտեսական գործունեության համահավասար կանոնների սահմանումը, ինչը թույլ կտա խթանել փոքր ու միջին բիզնեսի զարգացումը և վերաբաշխել երկրի նյութական բարիքները: Հենց այս գործընթացի մեկնարկն էլ պետք է համարել օլիգարխիայի կողմից վարչապետին «պատերազմ հայտարարելու» սկիզբը: Ի դեպ, այս ողջ ժամանակահատվածում օլիգարխիկ հանրույթը բավականին ցածր նոտաներով էր անդրադառնում տնտեսության անկման իրական պատճառներին` տեղեկատվական շրջանառության մեջ դնելով «կառավարության ոչ արդյունավետ քաղաքականության» թեզը: Մինչդեռ ցայսօր նույն օլիգարխներին ոչ մեկը հարց չի ուղղել, թե որքանո՞վ է այդ «անարդյունավետ քաղաքականությունն» ազդել նրանց կենսամակարդակի, անձնական ֆինանսական միջոցների և բիզնես գործունեության վրա:
Եվ, ուրեմն, ո՞րն է պատճառը, որ օլիգարխիան ուղղակի թիրախ է ընտրել վարչապետին: Կարծում ենք, այս հարցի պատասխանը, ինչպես օլիգարխիային առնչվող ցանկացած այլ բան, շատ պարզ է. օլիգարխները նախընտրում են անուղղակի հարվածներ հասցնել ՀՀԿ-ին` բաց կամ քողարկված «քլնգելով» կառավարությանն ու նրա ղեկավարին: Անկասկած, կգա նաև այն հարմար պահը, երբ օլիգարխիան և նրա շահերը սպասարկելու համար ստեղծված քաղաքական ուժ ԲՀԿ-ն ու այլ կուսակցությունների օլիգարխիկ «հինգերորդ շարասյուները» բացահայտորեն կխոսեն իշխանությունը վերցնելու իրենց հավակնությունների մասին: Ի դեպ, այդ օրը հեռու չէ` 2013-ի նախագահական ընտրությունները հարմար և վճռորոշ ժամանակահատված են օլիգարխիայի վերը նշված հավակնությունների բացահայտ գործարկման և քաղաքական իշխանությանը փաստի առջև կանգնեցնելու համար:
Ինչ վերաբերում է վարչապետին, ապա նա պետք է ամեն գնով դիմակայի օլիգարխների հարվածներին ու հանրության լայն շերտերի հետ բացատրական աշխատանք ծավալի առ այն, որ տնտեսական շրջափակման, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում Հայաստանի գոյատևման միակ հնարավոր ճանապարհը ազատ ու արդար, հակամենաշնորհային ու օլիգարխազերծ տնտեսական կացութաձևի հաստատումն է: Պ. Սևակի ասած` «...ինքը` հզոր հանրությունը», անպայմանորեն կհասկանա, անկասկած կհասկանա:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ