ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՇՈՈՒ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ` ԻԲՐ, ՏԵՍԵՔ, ԹԵ ԻՆՉ ԱԿՏԻՎ Է ԳՈՐԾՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ»

«ՇՈՈՒ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ` ԻԲՐ, ՏԵՍԵՔ, ԹԵ ԻՆՉ ԱԿՏԻՎ Է ԳՈՐԾՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ»
27.01.2012 | 00:00

Պետրոս Դուրյանի (1851-1872 թթ.) գանգոսկրերի թաղել-չթաղելու շուրջ կրքերը բորբոքվում են հատկապես ծննդյան ու մահվան կլորիկ տարեթվերին: Սկյուտարի Սբ. Խաչ եկեղեցուն կից նրա գերեզմանը սիրահարների ուխտատեղի է դարձել: Մարգարեության արժեք են ստացել մահից մեկ օր առաջ աղքատությունից հյուծված, սիրակարոտ բանաստեղծի խոսքերը. «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրե՜ն զիս»: Ստամբուլի «Պաղլար Պաշը» հայոց գերեզմանատան տարածքում 1957-ին կատարվելիք ճանապարհաշինության պատճառով քիչ հեռու է տեղափոխվել բանաստեղծի աճյունը: Տ. Գարեգին Խաչատուրյան Ս. պատրիարքի հրահանգով Դուրյանի կմախքից առանձնացված գանգոսկրերը, նախ, ամիսներով պահվել են դպրեվանքում, ապա շուրջ տասը տարի հանգրվանել պատրիարքարանում: 1969-ին Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, իր սքեմով քողարկելով, դուրյանական մասունքների տուփը գաղտնածածուկ բերել է Հայաստան և հանձնել Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վեհափառն էլ ի պահ է տվել Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, որի գիտական խորհրդի որոշմամբ 1970-ի մայիսին տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Մելիքսեթյանը ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից ստեղծված մարդաբանական լաբորատորիայի հիմնադիր վարիչ, «բժշկապետ» ԱՆԴՐԱՆԻԿ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ է փոխանցել «խունացած ոսկրեր ու մի բուռ հող ամփոփող տուփն ու գուրգուրոտ հոգածությամբ» պատվիրել. «Պետրոս Դուրյանի գանգի բեկորներն են, փորձեք վերականգնել բանաստեղծի դեմքը»:
Թե ինչպես է տաղանդաշատ գիտնականն անատոմիայի ու վիրաբուժության խորիմացությունը զուգակցել կերպարվեստի անուրանալի ձիրքին ու ստեղծել պոետի քանդակային դիմանկարը, «Իրատես de facto»-ի ընթերցողին պատմում է ճարտարապետ-քաղաքաշինարար որդին` ՎԼԱԴԻՄԻՐ ՃԱՂԱՐՅԱՆԸ:

-Որպես Ձեր հոր հնագիտական-մարդաբանական հետազոտությունների ականատես-մասնակիցը ներկայացրեք, խնդրեմ, ականավոր բժիշկ-մարդաբանի կողմից Պետրոս Դուրյանի դեմքի «վերակենդանացման» ընթացքը:
-Նախ` Դուրյանի մասին: Նրա ժամանակաշրջանի Կոստանդնուպոլսի մշակույթը շատ զարգացած էր: Բոլոր առումներով. թե՛ նկարչության, թե՛ գրականության, թե՛ թատրոնի: Հզոր անհատականությունների կողքին իր տաղանդով Պետրոս Դուրյանը փայլել է 18 տարեկանում: Նրան ճանաչել են որպես «Սկյուտարի սոխակ»: Ժողովրդի կողմից նման տիտղոսի արժանացել է Սայաթ-Նովան: Հայրիկը նրա անկրկնելի հմայքի վախվորածությամբ է ձեռնարկել մոտ հարյուրամյա վաղեմության գանգաբեկորների հիման վրա դեմքի վերականգնումը: Կյանքի օրոք ոչ մի լուսանկար չի ունեցել ողբերգականորեն վախճանված բանաստեղծը: Անմիջապես մահից հետո մի խումբ երիտասարդներ, մոր ցանկությանն անսալով, հրավիրել են անվանի նկարիչ Աբրահամ Սարգսյանին, որը, «արվեստին անպատվություն մը չընելու խղճահարությամբ», հրաժարվել է «հիվանդությունից լիովին եղծված դեմքով անկեղծ Դուրյան մը նորաստեղծել»: Համակողմանի հետաքրքրությունը խորախորհուրդ ստեղծագործության նկատմամբ 1892-ին դիմանկարային երկրորդ փորձին է մղում: Առաջին կենսագրի` ուսուցիչ Բարսեղ Էքսերճյանի նախաձեռնությամբ նկարիչ Մկրտիչ Պարսամյանցը, Դուրյանի մոր, եղբայրների, ազգական-բարեկամների ցուցմունքներով ու նմանողությամբ, փորձում է բնօրինակային համոզչականության հասնել: Բնականաբար, չի հաջողում, «կարկտած Դուրյան չստեղծվիր»` ընդդիմանում է հանրությունը: Պարսամյանցի վերահաս մահից հետո նկարն ավարտին է հասցնում երիտասարդ նկարիչ Տիրան Չրաքյանը: Լուսանկարիչ Ֆեպյուսը 1893-ին բազմացնում ու տարածում է երկար սպասված դիմանկարը, որը չի գոհացնում Դուրյանին նվիրված մեծարժեք ուսումնասիրության բարեփոխված հրատարակությունն իրականացնող Արշակ Չոպանյանին: Բացարձակ նմանության մասին չէր կարող խոսք լինել: Նույնիսկ Պարսամյանցի գծանկարի ջերմ պաշտպան Տ. Արփիարյանն է ստիպված եղել մերժելու որոշ դետալներ։ Այդուհանդերձ, «շինծու ու անկենդան» այդ դիմանկարի հիման վրա գեղարվեստական գործեր են ստեղծել Հ. Կոջոյանը, Հ. Ասատուրյանը, Մ. Արզումանյանը, Հ. Ռուխկյանը, հետագա մյուս ստեղծագործողները:
-Ինչո՞ւ Հայաստանում շուրջ տասը տարի գտնվելուց հետո միայն նախաձեռնեցին գանգաբեկորների հիման վրա Դուրյանի դեմքի վերականգնումը:
-Այդ ժամանակ Բորիս Պիոտրովսկին Գերասիմովին էր դիմել շենգավիթցիների երեք և Կարմիր բլուրից գտնված մի աղջկա (6- և 3-հազարամյա վաղեմության) ամբողջական գանգերի հիման վրա դեմքերը վերականգնելու խնդրանքով: Արդեն վատառողջ մեծահամբավ քանդակագործ-մարդաբանն ասել էր, որ դիմեն իր լավագույն հետնորդին` հայաստանցի Անդրանիկ Ճաղարյանին: Ժամանակի շատ նշանավոր մտավորականների, պետական պաշտոնյաների հետ մտերմիկ կապեր ուներ հայրիկը: Հիշում եմ, Մորուս Հասրաթյանի հետ հաճախ էին քննարկում նաև այդ հարցը: Հենց Հասրաթյանի հետևողականությամբ հնարավոր եղավ ՀԽՍՀ ԳԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտին կից 1970-ին հիմնել վերականգնողական լաբորատորիան: Բավականաչափ փորձ արդեն կուտակվել էր: Վիշնևսկու ինստիտուտում երկար տարիներ աշխատելիս Մ. Գերասիմովի աշխարհահռչակ դիմաքանդակային-գանգաբանական դպրոցում մասնագիտացած հայրիկս Երևանի բժշկական ինստիտուտի իր աշխատասենյակում արդեն ուներ մի մեծ պատկերասրահ, որտեղ ցուցադրվում էին ուրարտացու, շենգավիթցու, Սևանի ավազանի դամբարանաշերտից հնագետ Հ. Մնացականյանի պեղած 35 դար առաջ գոյություն ունեցած Իշտիկունի քաղաքի բնակիչների (զորավար, քրմապետ, կանայք, ստրուկներ), Հասան Ջալալյանի, Սյունիքի Դինար թագուհու և պատմական ուրիշ անհատների դիմաքանդակները: Մի խոսքով, հայրիկին վստահելու բոլոր հիմքերը կային, և, Վազգեն վեհափառի կամքով, 70-ականների կեսերին նրան հանձնարարեցին վերականգնել Պետրոս Դուրյանի դեմքը։ Գանգն ուսումնասիրելիս պարզվեց, որ փշրված ոսկորներն ամբողջական չեն: Չնայած դիահանության պատմական-արխիվային վկայագրերի առկայությանը, եղան մարդիկ, ովքեր կասկածեցին, թե դրանք, իրոք, Դուրյանի գերեզմանից են հանված: Չափագրումներով հաստատվում է «արմենոիդ» լինելը, որի հիմնական, անփոփոխ գենետիկ կրողները հայերն են միայն: Սա անհերքելի գիտական փաստարկ է: Գանգի մեջ պատմական ռասայական հիշողություն ունեն միայն հրեաներն ու հայերը: Բայց հրեաների գենետիկ կոդն անկայուն է, փոխվում է աշխարհագրական դիրքով, խառն ամուսնություններով, իսկ հայերինը` ոչ:
Գանգաբեկորների մանրազնին ուսումնասիրությամբ պարզվեց, որ դրանք մի հոգու չեն պատկանում: Ավելին, միախառնված էին կանացի գանգակամարի ոսկրեր: Հարցումներով ճշտվեց, որ նույն գերեզմանում տարիներ հետո թաղվել է Դուրյանի մայրը: Երբ անջատվեցին մորն ու որդուն պատկանող ոսկորները, բավականին բեկորներ պակասեցին: Մասերը լրացվեցին հատուկ պատրաստված սինթետիկ, ոչ քիմիական քայքայիչ սոսնձանյութով: Նախ վերականգնվեց գանգի աջ կեսը: Գտնվեցին ստույգ հենակետերը, մկանային հյուսվածքները: Տեղագրական անատոմիայի նրբին օրենքներով, Մերգելյանի ինստիտուտի համագործակցությամբ արված մաթեմատիկական մանրակրկիտ հաշվարկներով ամբողջացվեց վերջնական տեսքը: Տաժանագին աշխատանքներից հետո, երբ ապահովվում է ոչ միայն դիմանկարի ճշտությունը, այլև մարդկային բոլոր դեմքերին հատուկ, գանգի կառուցվածքով պայմանավորված անհամաչափությունը, դիմաքանդակի հանդիպահայաց դիրքի լուսանկարի նեգատիվից հայրիկը տպում է 3 նկար` երկուսը` լուսազգայուն շերտի և մեկը` ապակու կողմից: Հայտնի է, որ դիմածնոտային ոսկրերի աջ կեսը ցայտուն պրոֆիլացած, կոպիտ ու առնական է, իսկ ձախը` նուրբ, կանացի, թույլ պրոֆիլացած, հարթ միկրոռելիեֆով: Առաջին երկու նկարները միջին գծով կիսելով և ձախ ու աջ մասերը համապատասխանաբար միմյանց միացնելով` ստանում է 3 դիմանկար` մեկը բնականոն, երկուսը աջ ու ձախ կեսերից միակցված: Ընդհանուր նմանությունը չի խանգարում դրանց տարբերակմանը. մեկն իրենն է, մյուսն ավելի նման է հորը, երրորդը` մորը: Համեմատությունը Դուրյանի հոր և մոր լուսանկարների հետ անվիճելիորեն հավաստում է գտնված պոետական դիմանկարի ճշգրտությունը: ՈՒսումնասիրությունների խորացմամբ` գտնվում է մարմնի ընդհանուր կմախքի բնորոշման «բանալին» պլաստիկ անատոմիայի մեջ լայնորեն տարածված Շմիդտ-Ֆրիտչի համամասնության կանոնով: Ի դեպ, առաջին գիտական փորձն արվել էր 1877-ին, Շաֆհաուզենի կողմից: Որոշակի ձեռքբերումների հասել էին մի շարք մարդաբաններ ևս, բայց միայն քանդակագործ-մարդաբան Գերասիմովի հարուստ փորձի ճաղարյանական բժշկագիտական զարգացմամբ լիարժեքացավ նրա վերականգնողական դպրոցը: Մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ 12 տարեկանից, ի զարմանս ինձ ու ամենքի, Անդրանիկ Ճաղարյանը բժշկական ուսումնարանում սովորելիս միաժամանակ աշխատել է դիահերձարանում` ուսանողների համար գործնական պարապմունքների նյութեր պատրաստել դիակների մարմնի տարբեր մասերից: 14 տարեկանում ընդունվել է բժշկական ինստիտուտ` մարդու անատոմիան անթերի իմանալով, 2-րդ կուրսում արդեն դասավանդել է առաջին կուրսեցիներին: Այնպես որ, նրա փայլուն գիտելիքները բազմամյա կենսափորձով են նաև ամրագրվել: Մեծ հայրենականի ռազմադաշտում մոտ 30 հազար վիրահատություն է արել` 25 տարեկանում արժանանալով բժշկական ծառայության փոխգնդապետի կոչման ու տասնյակ պարգևների, որոնց մասին շատերը կերազեին:
-Այսինքն` Անդրանիկ Ճաղարյանի ստեղծած գիպսե քանդակի բնօրինակային արժեքը որևէ կասկածի տեղիք չէր կարող տալ: Գիտականորեն արդեն ապացուցված էր, որ մարդու գանգը կրում է իր արտաքին պատկերի ամբողջ ինֆորմացիան:
-Ի՞նչ եք ասում: Գտնվեցին հեղինակավոր «ինկվիզիտորներ», որոնք քննություն նշանակեցին: Ոչ թե կասկածներից դրդված, այլ հիմնականում նախանձից: Դուրյանի դիմաքանդակի ստեղծման արտասովոր փաստը տարածվեց աշխարհով մեկ, Արևմտյան Գերմանիայի հանրագիտարանից մարդիկ եկան, Ֆրանսիայից, Հոլանդիայից: Նրանք 1971-ին կատարված համաշխարհային գլխավոր բացահայտում գնահատեցին կատարված տիտանական աշխատանքը: Մոսկվան որպես խորհրդային գիտության բարձրագույն նվաճում էր ներկայացնում այն, հատուկ ֆիլմ նկարեցին ու վաճառեցին, ռուսերեն գիրք հրատարակեցին, քանիցս արտոնյալ պայմաններով հրավիրեցին շարունակելու Գերասիմովի գործը: Գերմանացիները հրավիրեցին Հիտլերի տարբեր տեղերում գտնվող ոսկրերն ուսումնասիրելու: Պարսիկներն առաջարկեցին վերականգնել Օմար Խայամի դիմաքանդակը: Ամերիկացիներն ավելի շահագրգռված էին գտնված մեթոդների ներդրմամբ քրեական հանցագործությունների բացահայտման ոլորտում: Վիկտոր Համբարձումյանը, Անտոն Քոչինյանը, Մորուս Հասրաթյանը պնդեցին, որ Երևանում հաստատվի Ճաղարյանը` լաբորատորիան ստեղծելով ոչ թե բժշկական, այլ հնագիտության ինստիտուտին առընթեր: Եվ Դուրյանի գիպսե դիմաքանդակի, այսօրվա լեզվով ասած` շնորհանդեսը եղավ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համատեղ գիտաժողովը, որին միջազգային ընդգրկում տրվեց: Չեղավ աշխարհում քաղաքակիրթ մի երկիր, որտեղից տպագիր ցնծագին արձագանքներ չստանայինք: Այս ամենն անտեսելով` ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում, այնուամենայնիվ, կազմակերպեցին զավեշտալի մի փորձաքննություն: Վերցրին անտեր մի դիակ, գլուխը կտրեցին, հետմահու դիմակը հանելուց հետո լուսանկարեցին, մաշկազերծեցին, ռենտգենային պատճենահանում արեցին ու հայրիկից ծածուկ փակեցին սեյֆում` նրան հանձնելով գանգը: Վերականգնեց, ի դժբախտություն «թերահավատների»: «Իզվեստիան» ու «Պրավդան» մեծ հոդվածներ տպագրեցին «Քննվում է դոկտոր պրոֆեսորը», «Քննությունը հանձնեց գերազանց» «կծու» վերնագրերով: «Ինկվիզիտորները» նույնիսկ չէին կարողացել իրարից տարբերել իրենց լավ ծանոթ բնօրինակն ու հայրիկի արածը: Բժշկական ինստիտուտի չարակամները, փաստորեն, մխիթարություն չգտան, որովհետև լաբորատորիան իրենց իրավասությունից դուրս մնաց: Հայրիկն ամեն տեսակի անհիմն հարձակումներից պաշտպանված չէր նաև կուսակցականությունից կտրուկ հրաժարվելու պատճառով: Մինչ օրս Երևանի գրականության և արվեստի թանգարանում պահվում է Դուրյանի գիպսե քանդակը: Ժամանակ առ ժամանակ շոու են սարքում ոսկրերը թաղել-չթաղելու շուրջ, բայց որևէ մեկի մտքով իսկ չի անցնում բարձրացնել դրանից բրոնզե դիմաքանդակ ձուլելու խնդիրը: Մոռանում են, որ այն ժամանակ չկար համակարգչային հզոր տեխնիկա և անհամեմատ դյուրին դիզայնն էլ տարածված չէր:
-Հիմա, փաստորեն, Դուրյանի գանգաբեկորների տուփը Պանթեոնի պատի մեջ զմռսելու կառավարական որոշման իրականացմանը պատրաստվող մշակութային բարձրաստիճան չինովնիկներն ու ճանաչված շատ մտավորականներ կամ չգիտեն, կամ էլ մոռացության են մատնում այն պարզ իրողությունը, որ միախառնված են մոր և որդու գանգոսկրերը:
-Հերթական տխրահռչակ շոուն է ուռճացվում: Հիշատակեմ մեկ այլ արտառոց միջադեպ: Մարտիրոս Սարյանի հետմահու դիմակն ու ձեռքերի գիպսե քանդակները հայրիկն արել է նկարչի վախճանվելուց 15 րոպե հետո: Ինքս եմ նվիրել Սարյանի տուն-թանգարանին: Հանկարծ տարիներ անց տեղեկանում եմ, որ Հրանուշ Հակոբյանը թանգարանին է նվիրել «Էրեբունի» հիվանդանոցի դիահերձարանում աշխատող ինչ-որ բժշկի «փրկած» բրոնզաձույլ կրկնօրինակումը: Երբեք հետմահու դիմակ չեն անում բրոնզից: Իմ աշխատասենյակում դեռ պահում եմ հայրիկի արածը, որի վրա դեռ մառլյայի հետքերը կան: Հիմա էլ, Դուրյանի հոբելյանի առիթով ակամա հիշելով գանգաբեկորների տուփի մասին, նոր շոու են սարքում` իբր, տեսեք, թե ինչ ակտիվ է գործում մշակույթի ոլորտը: Սա այն դեպքում, երբ սիմֆոնիկ նվագախումբն է փլուզվում, թատրոնը, ազգային երգարվեստը: Իրենք իրենց հարցնո՞ւմ են արդյոք` քրիստոնեավայե՞լ է նույն մարդու երկու գերեզման ունենալը:
-Հայկական համայնքի կողմից Ստամբուլում մինչ օրս էլ մեծ երկյուղածությամբ խնամվում է բանաստեղծի գերեզմանը: Մարմարե հուշակոթողին սիրո երդումներ, հետմահու սքանչացումի բազմաթիվ տողեր են դաջվել: Անձրևը տասնամյակներ շարունակ լվացել է դրանք, բայց երիտասարդ ու ծեր նոր այցելուները կրկին տրտմահառաչ նոր խոսքեր են ի պահ տվել վաղամեռիկ հանճարի շիրմաքարին:
-Նրանք պաշտում ու գնահատում են նաև «Սկյուտարի սոխակի» գրական ժառանգությունը: Բուն Հայաստանում, չգիտես, թե ում ցուցմունքով, իրականում մոռացության են մատնվում, թերարժևորվում շատ ու շատ վիթխարի հայ անհատականություններ: Ի թիվս այլոց, նաև Պետրոս Դուրյանն ու Անդրանիկ Ճաղարյանը: Նույնատիպ վերաբերմունքի մեկ այլ արտառոց դրսևորման հանդիպեցի «Շենգավիթ» թանգարան-արգելոցում, երբ մոռացված հնոտիների միջից գտա մեր վեցհազարամյա ինքնության առաջին նկարագրի` շենգավիթցու դիմաքանդակի պատճենը:
Աշխարհում չկա որևէ մարդաշատ բնակավայր, որը չունենա իր դիակիզարանը: Մեզ մոտ դրա կարևորությունը չեն հասկանում քաղաքի զարգացման տեսակետից, ու գնալով ընդարձակվում են գերեզմանոցային տարածքները` առանց նույնիսկ ուսումնասիրելու տեղանքը, ինչի պատճառով Սովետաշենի գերեզմանոցում, սողանքի ակտիվացումից հետո, մեծ ավերածություններ եղան: ՈՒսանողների քանի սերունդ, իմը նույնպես, որպես կուրսային աշխատանք ներկայացրեց դիակիզարանի նախագծեր: Նախատեսվում էր մեր լավագույն ճարտարապետներից մեկի նախագծով կառուցվելիք միևնույն շինության տարբեր հարկաբաժիններում իրականացնել թե՛ հոգեհանգիստը, թե՛ վերջին հրաժեշտը, թե՛ դիակի կիզումը, թե՛, այնուհետև, աճյունասափորով հուղարկավորությունը:
-Ինքնատիպ «Թաղման թատրոն», որպիսիք շատ երկրներում կան:
-Այո, մանրակրկիտ մտածված էր ամբողջ արարողակարգը, բայց դա ընդհանուր բարեկրթության որոշակի մակարդակ է ենթադրում, որին մենք դեռ չենք հասել: Թոխմախի տարածքում նույն 70-ականներին տեղ հատկացվեց, հիմքերը փորվեցին, բայց «հանկարծ» ռեստորան կառուցվեց դրա փոխարեն: Այսօր քաղաքի ու երկրի տերերն էլ անտեսում են այն կարևոր հանգամանքը, որ չի կարելի առանց այդ էլ սակավ մեր հողատարածքի առյուծի բաժինը հատկացնել գերեզմանոցային կիրառության: Բայց հիմա կարծես սկսել են գիտակցել համապատասխան տեխնոլոգիայով կառուցված դիակիզարան ունենալու այլևս անխուսափելի անհրաժեշտությունը: Չէ՞ որ դա սովորական վառարան չէ, հատուկ գիտելիքներ է պահանջում անսխալ դիակիզումը, համարժեք բարեկրթություն` ամբողջ արարողակարգի անցկացումը: Անկարևոր «թեմատիկ» շոուներ նախաձեռնելու փոխարեն ինչո՞ւ չեն մտածում, ասենք, Թումանյանի ու Սարոյանի օրինակով առաջնորդվել: Կամ վերադարձնել մոր և որդու միախառնված գանգաբեկորները Ստամբուլի հայկական գերեզմանոց, կամ էլ այստեղ Պանթեոնում իսկապես հողին հանձնել` չթաքցնելով իսկությունը, տեղադրելով հայրիկի գիպսե քանդակից բրոնզաձույլ կիսանդրին: Կամ էլ Երևանի որևէ կենտրոնական մասում մի մատուռ կառուցել: Թող ավելի լուրջ ուշադրություն դարձնեն գրական ժառանգության հանրաճանաչմանը, զրնգացնեն անմահ պոեզիան, պետական պատվեր տան դրամատուրգիան բեմ հանելու նպատակով: Ի՞նչ կարիք կա երկրորդ գերեզման սարքելու սին մտահոգություն- շոու սարքելը, դա՞ է քրիստոնեավայել: Քանի՜-քանի եկեղեցիներում նշանավոր անձանց գանգոսկրերի շտեմարաններ կան, դիմաքանդակների պատկերասրահներ: Իսկ ի՞նչն է խանգարում տասնյակ տարիներով թանգարանում մնացած տուփն ավելի արժանավայել պահելուն այսուհետ էլ:
Զրույցը` Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ