Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԱՅՍՕՐ ՄԵՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ «ԾԻՏԻ՛Կ, ԾԻՏԻ՛Կ, ՄՈՏ ԱՐԻ»-ԻՑ ԷՆ ԿՈՂՄ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»

«ԱՅՍՕՐ ՄԵՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ «ԾԻՏԻ՛Կ, ԾԻՏԻ՛Կ, ՄՈՏ ԱՐԻ»-ԻՑ ԷՆ ԿՈՂՄ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»
27.05.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է ռեժիսոր ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ
«ԵՐԿՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ»
-Արմեն, Դուք այսօր հարկադիր պարապուրդի մեջ հայտնված արվեստագետ եք: Որքանո՞վ տևական կլինի Ձեր այս վիճակը: Կարո՞ղ եք կանխատեսումներ անել այս առումով:
-Անցյալ տարի հարցազրույց տվեցի «Հրապարակ» թերթին, որը վերնագրել էին «Պարտված բեմադրիչը»: Իմ կարծիքով` ճիշտ վերնագիր էր, որովհետև պարտվելը չի պայմանավորված միայն անմրցունակ լինելով: Այսօր ես ինձ պարտված եմ համարում հենց այն պատճառով, որ չկա այն հանդիսատեսը, որն ինձ պետք է, որը կգնահատի իմ աշխատանքը: Ես այսօր ունկնդիր և ակնդիր չունեմ:
-Այսինքն` հասարակության որա՞կն է փոխվել:
-Ահավոր կերպով է փոխվել: Մի առիթով ասացի, որ երկրի առաջին նախարարը պիտի լինի մշակույթի նախարարը: Ինչո՞ւ: Որովհետև ուզես-չուզես, բոլոր բնագավառները մշակույթի հետ կապված են: Մշակույթի նախարարը պիտի լինի հարկադրողի, թելադրողի դերում: Ոչ միայն ինքը պիտի ապրի օրինակելի մշակութային օրենքներով, այլև պիտի հարկադրի, թելադրի դրանց կիրառումն այլոց կողմից: Այսօր մեզ մոտ հանրամատչելին ամենացածր որակն ունի, որովհետև այն ընկալողների մեծ մասն ունի ընդամենը երրորդ-չորրորդ դասարանի կրթական մակարդակ: Հիշենք, թե դպրոցում որ ուսուցիչն էր ավելի սիրելի աշակերտության շրջանում: Նա, ով քիչ էր պահանջում, ով դասը թողնում էր նույնը: Հիմա մենք ապրում ենք այդպիսի ուսուցիչների ժամանակաշրջանում: Եթե հինգբալանոց սանդղակով գնահատելու լինենք մեր ընդհանուր մակարդակը, հազիվ երկու-երեք բալ կստանա հայ հասարակությունը: Հեշտ ընկալելին, հեշտ մարսվողը («հեշտի» փոխարեն կարելի է և ավելի կոպիտ բառեր կիրառել) դարձել են շատ պահանջված: Մարդկանց պետք է այն, ինչ մատչելի է, հասու է, հասարակ է: Մենք ապրում ենք հասարակի ու հեշտի ժամանակներում:
«ՌԱԲԻՍԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԾՆՈՒՆԴ Է»
-Դուք գործազուրկ արվեստագետ եք, և, բնականաբար, Ձեր առջև ծառանում են բազում սոցիալական խնդիրներ: Բայց կան աշխատանքի մեջ գտնվող շատ արվեստագետներ, որոնց վարձատրությունն իրենց աշխատանքի դիմաց բնավ չի ենթադրում սոցիալական ապահովություն, բարեկեցիկ պայմաններ ունենալու հնարավորություն: Չե՞ք կարծում, որ արվետագետի համար մեր երկրում մեծ չէ տարբերությունը` գործազո՞ւրկ է ինքը, թե՞ ոչ:
-Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Երևի թե ժամանակներն են այդպիսին, որ չպիտի շատ տարբերվեին: Մենք անվերջ փորձում ենք բարձր գնահատականներ տալ մեր մշակույթին, մեր ազգային արժեքներին, պանծացնել, գովաբանել դրանք: Բայց տեսեք, թե ինչ է ստացվում. մշակույթը «մշակվում» է այնպիսի բրիչներով, ինչպիսիք են գրաքննությունը, վերադասի հրահանգները, դրամարկղերը, տոմսարկղերը և այլն, և այլն: Մենք այսօր պատրաստ ենք այդպիսի բրիչներով մշակվելու, գնալու ամբոխին ընդառաջ, ռաբիսին ընդառաջ: Եվ այսօր «արվեստի, մշակույթի գործիչները», պատճառաբանելով, թե իբր դա է ժողովրդի պահանջը, մատուցում են այդ համատարած աղբը: Իսկ այդ աղբն իրենցն է, ժողովրդինը չէ:
-Վերջապես, ռաբիս լսող որոշակի զանգված մենք միշտ ենք ունեցել, բայց այդ զանգվածի «մշակութային» պահանջարկը բավարարողի ֆունկցիան իրենց վրա չէին վերցնում պետությունն ու պրոպագանդայի պետական միջոցները: Դրա համար կար սևշուկայական միջավայր, որն էլ հավուր պատշաճի հոգում էր մշակութային այդ խոտանի սահմանափակ տարածումը: Համաձայն չե՞ք:
-Իհարկե, համաձայն եմ: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր: Այսօր դա արվում է պետական մշակութային քաղաքականության մակարդակով: Այսօր այդ աղբը համարվում է պետական մշակութային արժեք, դրա հանդեպ կիրառվում է պետական մոտեցում: Այսօր ռաբիսը պետական մոտեցման ծնունդ է:
-Ի՞նչ եք կարծում, սա մեր ղեկավարության մեղքով պայմանավորված երևո՞ւյթ է, մեր հասարակության բարձիթողի վիճակի արդյո՞ւնք, թե՞ դրսից եկող հետևողական քաղաքականության, հայի ինքնությունն ու տեսակը խաթարելուն միտված հեռահար ծրագրի կոնկրետ դրսևորում:
-Ղեկավարությունից շատ բան է կախված: Միշտ անդրադառնում եմ հետևյալ փաստին. Հեյդար Ալիևը, ժամանակին գալով իշխանության, զբաղեցնելով Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, իր երկրում բարձր պաշտոններ զբաղեցնող բոլոր ադրբեջանցիներին ստիպողաբար, «ծեծելով» տանում էր սիմֆոնիկ երաժշտության համերգի կամ օպերային ներկայացում դիտելու: Ադրբեջանում բոլոր պատասխանատու կառույցներում երկրորդ դեմքերը կամ հայեր էին, կամ հրեաներ, կամ ռուսներ: Իսկ առաջին պաշտոնյաներն անպայման ադրբեջանցի էին, և Ալիևը զբաղված էր նրանց կրթելու, նրանց ճաշակը հղկելու հարցով: Իսկ ինչ ենք անում մենք: Վերցնում ու «մշակում» ենք Կոմիտասը, դարձնում այն «Թաթա» կամ «Արմենչիկ»: Իսկ Ադրբեջանում անում էին հակառակը. իրենց «Թաթային» ու «Արմենչիկին», մզկիթից հնչող իրենց մուղամն ու մոլլայի ոռնոցը դարձնում էին դասական: Մշակույթին մոտենալու տարբեր տեսանկյուններ կան: Ես ինչպե՞ս չմտածեմ, որ մեզանում տիրող պատկերը պետական մոտեցման արդյունք է, երբ պետությունը մատի մի շարժում անգամ չի անում` համատարած այս վիճակը շտկելու, հեռուստաէկրաններից ու տարբեր դահլիճներից հորդացող աղբի հեղեղը կանխելու: Արդյո՞ք պետությունն այս հարցում խիստ անզոր է: Սրա անունը դնենք շուկայական հարաբերություններ ու քաշվենք մի կո՞ղմ:
-Ոչ միայն մշակույթի, այլև համընդհանուր վիճակի մասին խոսենք: Ձեր կարծիքով` մեր հասարակությանն ի՞նչն է պակասում այսօր, որ ինքն իր նման մնա, չդավաճանի իր նկարագրին:
-Ինքդ քեզ նման մնալու համար պիտի լինես ինքնուրույն: Այսօր մեր պետությունն իր ստրատեգիական ամենակարևոր օբյեկտները վաճառել է ուրիշին: Այս պայմաններում ի՞նչ ինքնուրույնության մասին կարող է խոսք լինել: Երբ ստալինյան ժամանակներում տոնում էին մեր էպոսի 1000-ամյակը, դա ձեռնտու էր Ստալինին: Ոչ միայն Ստալինին, այլև ամբողջ կենտկոմին:
-Ինչո՞ւ: Որովհետև պետք էր աշխարհին ցույց տալ, թե որքան ինտերնացիոնալ և փոքր ազգերի շահերին հետամո՞ւտ է Խորհրդային Միությունը:
-Իհարկե, նաև այդ պատճառով: Բայց և այն պատճառով, որ իրենց, ինչպես և մեր եկեղեցուն, ձեռնտու չէր հայտարարել, որ մեր էպոսն ունի ոչ թե մեկ, այլ մի քանի հազարամյակի պատմություն:
-Եկեղեցու պահվածքն էլ իր բացատրությունն ունի, այո՞. էպոսը կապել բացառապես քրիստոնեության շրջանի հետ:
-Այո՛: Եկեղեցին հենց այդպես էլ անում է: Բայց մեր էպոսը քրիստոնեությունից ավելի վաղ ժամանակներում է ստեղծվել: Հիմա էլ նույն կեղծիքը կատարվում է մշակութային կյանքի պարագայում: Եթե մեզ ձեռնտու չէ խոսել մեր մասին, հարևաններին, մեզ վրա իշխող հեգեմոններին առավել ևս ձեռնտու չէ: Ռուսի կամ ամերիկացու ինչի՞ն է պետք խոսել քո արժանիքների մասին, եթե դու ինքդ ես դա անտեսում, եթե ինքդ ես քո տեսակից, քո առանձնահատկություններից հրաժարվում:
-Ինչպես, օրինակ, Երևանի կենտրոնում գտնվող 13-րդ դարի կառույց Ս. Կաթողիկե եկեղեցու տեղում կառուցում են Ս. Աննա անվանմամբ եկեղեցի` առանց համոզիչ պատճառաբանության, թե ինչու է այն կոչվում մեզ անհայտ սրբի անունով և ինչու է նախատեսված, որ պիտի դրա բարձրությունը լինի 33 մետր ու «խեղճացնի» դարերի պատմություն ունեցող 12 մետր բարձրությամբ այն եկեղեցին, «հանուն» որի քանդեցին մեր քաղաքի դիմագիծն ու կոլորիտը բնորոշող լեզվի ինստիտուտի շենքը:
-Այո՛, սա ևս վերևում ասվածի մի դրսևորումն է: Վերցնենք մեկ այլ օրինակ: Մեր երգչուհին վերջերս մասնակցեց «Եվրատեսիլ» մրցույթին: Եվս մեկ ապացույց, որ մեր ռաբիսությունը հասել է իր գագաթնակետին: Եթե երգիչը ելույթ է ունենում բեմում, նրա համարը պետք է բեմադրել: Պետք է հրավիրել խելք և ճաշակ ունեցող որևէ մեկին և պատվիրել, որ բեմադրի այդ համարը: Չի կարելի անընդհատ թռվռացող աղջիկներով ու տղաներով կամ հրավառություններով ուղեկցվող երգեր երգել: Երբ բեմում երգչուհին հանդես է գալիս ոչ թե մենակ, այլ նրան «օգնում» են ինչ-որ թռվռացող տղաներ և աղջիկներ, արդեն իսկ խոսում է այդ երգչուհու անճարակության, թերարժեքության մասին: Լայզա Մինելին, Բարբարա Սթրեյզանդը, Շառլ Ազնավուրը կամ նրանց նման մեկ ուրիշն այդ թռվռացողների կարիքը չունեն: Նույնը կարելի է ասել մեր եկեղեցու մասին: Ինչո՞ւ են սարքում էդ համալիրը: Ո՞Ւմ համար: Մի՞թե Ս. Կաթողիկեն իր տեսքով շատ ավելի շքեղ և շատ ավելի խոսուն չէ` լինելով մոնումենտալ, եթե անգամ մի կողմ թողնենք պատմությունը: Ա՛յ սա ևս իրար լրացնող, իրար վարակող ռաբիսի դրսևորումներից է:
«ԹԵԿՈՒԶ ԾԵԾԵԼՈՎ` ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՏՔ Է ՏԱՆԵԼ ԴԵՊԻ ՃՇՄԱՐԻՏ ԱՐՎԵՍՏ»
-Դուք ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից:
-Ելքը միայն հարկադրանքն է, պարտադրանքը: Թող դա դիտվի իբրև դիկտատուրա, անգամ` իբրև ֆաշիզմ: Թեկուզ ծեծելով` մարդկանց պետք է տանել դեպի ճշմարիտ արվեստը, դեպի պարտադիր կրթություն: Ինքնահոսի թողնելով ոչնչի չենք հասնի:
-Այսօրվա պաշտոնյաներին, ներառյալ ԱԺ պատգամավորներին, կարելի՞ է «ծեծել»: Կարծեմ նրանցից շատերն են ծեծի ու հարկադրանքի մեծ վարպետներ մեր երկրում:
-Ոչ միայն իրենք են մեծ վարպետներ, այլև օրինակ են ծառայում ուրիշների համար: ՈՒ քանի դեռ մենք, սկսած մանկապարտեզից, կրթելու, դաստիարակելու հնարավորություն չունենք, մեր վիճակը չի փոխվի: Իհարկե, Դուք կարող եք, ինձ հակադրվելով, Հիտլերի և հիտլերականների օրինակը բերել: Նրանք Վագներ և Բեթհովեն էին լսում, հետո գնում էին մարդ սպանելու: Բայց որքան էլ դա տարօրինակ հնչի, նրանք ունեին մի «մեծ» նպատակ` կառուցել իրենց իդեալների հզոր պետությունը, որում կիշխեն բարոյական ինչ-որ նորմեր, որոնք կային նրանց պատկերացումներում: Այսինքն` նրանք ունեին իդեալ: Մենք այդ իդեալը չունենք: Մենք ի՞նչ ենք կառուցում, ո՞ւր ենք գնում, հայտնի չէ: Իներցիայով ինչ-որ քայլերի ենք դիմում, բայց թե ուր են տանում այդ քայլերը, ոչ ոք չգիտի: Եվ ամեն հարց մեզանում լուծվում է անձնական հաշվեհարդարի ձևով: Ես երկու տեսակի թատրոն եմ ստեղծել, որոնք բացառիկ են, բայց այստեղ դրանք գնահատող չկա:
-Դրանցից մեկը «Սոնետ» թատրո՞նն էր:
-Այո՛, մեկը «Սոնետն» էր: Եվ այսօր այդ նույն ոլորտում կան մարդիկ, ովքեր իրենց հաջող կարիերան են արել, իսկ դու ստվերում ես, կարելի է ասել` չկաս: ՈՒ հասկանում ես, որ թացը չորի հետ վառվում է: Մարդկանց հիշողությունը շատ կարճ է: Ինչ ուզում ես, արա: Ով ուզում ես, եղիր: Այսօր առաջնայինը նա է, ով ավելի բարձր է բղավում: Ես գործեր եմ արել, որոնցից մեկի վատագույն տեսագրությունը 1994 թվին տեսնելով, ինձ կառավարական հրավերով կանչեցին Ֆրանսիա: Այս բաները տեսնելով` սկսում ես ակամա մտածել, թե ինչու ուրիշ ազգի ներկայացուցիչ չես կամ ինչու գոնե ուրիշ երկրում չես ծնվել: Իհարկե, այսպես մտածողներին կոչում են «օբիժնիկներ»: Իսկ մենք ազգովին «օբիժնիկ» չե՞նք, երբ խոսում ենք 15 թվի եղեռնի մասին: Ինչո՞ւ ենք խոսում, որովհետև մեջներս նստած է այն մեծ վիրավորանքը, որ ամբողջ աշխարհն անտեսել է մեր ազգի ողբերգությունը: ՈՒրեմն ինչո՞ւ պիտի անհատը չխոսի իր անձնական վիրավորանքի մասին: Խոսելու բան շատ կա: Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ե՛րբ է գալու մեր ժամանակը:
-Լա՛վ, սա Ձեր և Ձեզ նմանների ժամանակը չէ: Իսկ ո՞ւմ ժամանակն է:
-Արդեն ասացի` ռաբիս տղերքի: Իսկ էդ ռաբիս տղերքը թող իրենք իրենց հարցնեն, թե որտեղից է գալիս ռաբիսը: Դա ամբողջովին մահմեդական որակում է: Էսօր էդ տղերքն ո՞ւր են գնում: Կոմիտաս կամ Սայաթ-Նովա սպանելով ո՞ւր են հասնելու: ՈՒ թող շատ գլուխ չգովեն, որ իրենք թուրք չեն: Թուրքն էլ ո՞նց է լինում: Երբ մարդը ներուժ ունի, չի ուզում իր կարողություններն օգտագործել այն բաների վրա, որոնք 1000-ից 900-ը կարող են անել: ՈՒզում է անել այն բացառիկը, որը միայն ինքը կարող է անել: Ես առարկաներով թատրոն եմ ստեղծել, որտեղ առանց աչքի, առանց հայացքի այնքա՜ն հուզիչ արվեստ եմ ներկայացրել: Եթե մեզ մոտ այս բաները չեն գնահատվում, թող ուրեմն հնարավորություն ստեղծեն, որ ես այստեղից գնամ:
-Այսինքն` չեք գնում միայն այն պատճառով, որ չկա հնարավորությո՞ւն:
-Նախ` այո՛, չկա հնարավորություն` ֆինանս: Պիտի տունս վաճառեմ, որ գնամ: Բացի այդ, ինչո՞ւ գնամ, որ ապացուցեմ, որ այստեղ ոչ մեկին պետք չեմ, բայց դրսում կարողանում եմ արժեքավոր բանե՞ր անել: Մեկ ուրիշ երկիր ինձնով կամ այսօր նկուղում սատկող ինչ-որ արվեստագետով գլուխ կգովեր, բայց Հայաստանում մենք ոչ ոքի պետք չենք: Այնինչ իրենց շատ լավ են զգում և փողեր վաստակում արժեքավոր ոչինչ չանող ինչ-որ մարդիկ: Այսօր քո արվեստը հասկանալի չէ ոչ միայն հասարակությանը, այլև պետությանը: Այսօր մեր մակարդակը «Ծիտի՛կ, ծիտի՛կ, մոտ արի»-ից այն կողմ չի անցնում: Այսօր մարդկանց խոսակցության թեման այն է, թե որտեղ են լավ ձուկ կամ խորոված տալիս: ՈՒրեմն ի՞նչ. մնանք դրա մե՞ջ, սատկացնե՞նք արվեստը, դարձնենք այն այսօրեական մշակո՞ւյթ: Սա՞ ենք ուզում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ