«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՈՉ ՄԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՌԱՋ ՉԻ ԱՆՑՆԻ»

«ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՈՉ ՄԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՌԱՋ ՉԻ ԱՆՑՆԻ»
29.06.2010 | 00:00

Հուլիսի 10-ին նախատեսված է «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ «Այս համագումարը Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով է հրավիրվում,- մեզ հետ զրույցում հստակեցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ։- Հիմնական նպատակը մեր անցած ճանապարհին գնահատականներ տալն է։ Ոչ ավելին։ Ոմանք համագումարը համարում են ժամկետանց, սակայն մենք հրատապության խնդիր չունեինք։ Կարևոր նպատակ է նաև վարչության նոր կազմի ձևավորումը։ Կարծում եմ` անակնկալներ չեն լինի»։ Ստեփան Սաֆարյանի հետ զրուցեցինք նաև արտաքին քաղաքական խնդիրների շուրջ։
-Ամեն անգամ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում, որպես կանոն, հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվում։ Այս անգամ այն ավարտվեց հինգ զոհով։ Ինչո՞վ եք բացատրում ադրբեջանական կողմի գործողությունները։
-Երկար ժամանակ է` Ադրբեջանի ԱԳՆ-ն և նախագահական նստավայրն արտաքին աշխարհին մեսիջներ են ուղարկում, որպեսզի Հայաստանի վրա ճնշումներ գործադրվեն, և վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նախկինում, երբ հայ-թուրքական գործընթացը կար, միջազգային հանրությունը փորձում էր Ադրբեջանին համոզել, թե սահմանի բացումն իր ազդեցությունը կունենա Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վրա, այնինչ գործընթացը հայտնվեց փակուղում, և այլևս լծակ չկա Ադրբեջանին հանգստացնելու։ Այս պայմաններում Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան խոսել շանտաժի լեզվով։ Փորձելով սպառնալ տարածաշրջանի կայունությանը` Ադրբեջանը նպատակ ունի փակուղային գիտակցություն ձևավորել Հայաստանի համար, հանրության շրջանում վախ առաջացնել, թե կարող է վտանգի տակ դրվել ամեն ինչ։ Տեսնելով, որ այս ամենի արդյունքում ոչինչ չի ստացվում, Ադրբեջանն ակնհայտորեն դիմեց սադրանքի` ձեռքի հետ շոշափելով միջազգային հանրության ռեակցիան, տեսնելու, թե ինչպես են արձագանքում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն։ Սրանով միջազգային հանրությանը սովորեցրին նաև ռազմական հռետորաբանությանը։ ՈՒ հիմա, կարծես, սա ֆոնային ինչ-որ բան է դարձել, որը շատ վտանգավոր է։ Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանը հաճախացրեց հրադադարի խախտման դեպքերը, որը ևս փորձեց միջազգային հանրության շրջանում իմունիտետ դարձնել։ Այսօր, ցավոք, Ադրբեջանի և՛ ռազմատենչ հայտարարություններում, և՛ օրենսդրական փոփոխություններում շեղումների աստիճանը թույլատրելիից բավականին բարձր է, իսկ միջազգային հանրության վերաբերմունքը դրան` թույլատրելիից շատ ցածր։ Այս իսկ պատճառով Ադրբեջանն իրեն զգում է արտոնյալ կարգավիճակում և կարող է դիմել ռազմական գործողությունների, քանի որ միջազգային հանրության պատասխանն այդ ամենին համարժեք չէ։
-Մոսկովյան այցելության ժամանակ Ալիևի հանկարծակի վերադարձը Բաքու շաղկապվեց ռազմական գործողություններին անմիջական մասնակցության փաստի հետ։ Հարձակման հրահանգը նախապես ծրագրվա՞ծ էր։
-Ադրբեջանը խանական երկիր է։ Տեսեք` ինչ է կատարվում մարդու իրավունքների, լրատվամիջոցների ոլորտներում, հասարակական-քաղաքական կյանքում և այլն։ Վերահսկվում է ամեն ինչ` ծտերի թռիչքից մինչև քաղաքական ընդդիմության գործողություններ։ Բացառված է, որ նման արկածախնդիր քայլն ու ստատուս քվոյի խախտումն Ալիևի անգիտությամբ եղած լինեն։ Տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն Ալիևն է և իր կլանը։ Նախագահի մակարդակով բազմիցս են հնչել ռազմական ծախսերն անընդհատ մեծացնելու կոչեր, ինչը ցույց է տալիս, որ այս երկիրը գնում է ռազմական գործողությունների։ Մայնդորֆյան հռչակագրում հստակ նշված է խնդիրը խաղաղ կարգավորելու հրամայականը, սակայն այսօր պարզ է, որ Իլհամ Ալիևի համար նշանակություն չունեն ոչ միայն բանավոր, այլև գրավոր պարտավորություններն ու խոստումները։ ՈՒստի Հայաստանում ոչ մեկը չի վստահում Ալիևի խոսքին և ստորագրությանը, եթե անգամ դա դրվի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման փաստաթղթի տակ։ Ադրբեջանն իր ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակով ամենամեծ անվստահության աղբյուրն է հայկական կողմի համար։
-Փաստորեն, Ադրբեջանը զրոյական վստահություն ունեցող երկիր է, դա չի՞ ենթադրում, որ բանակցություններն այլ ռելսերի վրա պետք է դրվեն, քանի որ այս պարագայում բոլոր քայլերը դատապարտված են ձախողման:
-Այս հարցում էլ առկա է «Ժառանգության» և իշխանության մոտեցումների մեծ տարբերությունը: Մենք կարծում ենք, որ ամեն ինչ կախված է Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից: Իշխանության ռազմավարությունն այլ է, այսինքն, էական է աշխարհի երրորդ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Այնինչ, այս խնդիրը երբեք չպետք է թողնել այլ երկրի քաղաքական կամքին, ուստի «Ժառանգությունն» անընդհատ պնդում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ստեղծելով նախադեպ, որպեսզի չարժանանա հեգնանքի, ինչպես Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության ժամանակ: Քանի դեռ այս քայլը կատարված չէ, ոչ մի երկիր չի ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, հետևաբար իշխանության արդի ռազմավարությունը դատապարտված է ձախողման:
-Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, կարծում եք` մյուս երկրները, իրար հերթ չտալով, հետևելո՞ւ են նրա օրինակին:
-Դա հեշտ չի լինելու: Անգամ Կոսովոյի պարագայում, երբ անկախացման «դիրիժորի» դերը ԱՄՆ-ն էր ստանձնել, միևնույն է, դա նրանց դժվար տրվեց: Է՛լ ավելի դժվար է լինելու Հայաստանի համար, որովհետև սա հեշտ լուծվող խնդիր չէ: Գնալով չճանաչվածությունը հանգեցնում է պատերազմի վերսկսման վտանգի մեծացմանը: Ղարաբաղյան հիմնախնդրի դիրքորոշումներում կարելի է լինել ճկուն, բայց շահերի մեջ ճկունություն չի կարելի ցուցաբերել:
-Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք հաստատակամ ենք և հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»: Ճկունություն չէ՞:
-Մադրիդյան սկզբունքների լղոզումը, ինչն իշխանությունները հաճախ ճկունություն են ներկայացնում, իրականում սողանցքեր են, որոնք հանգեցրին նորացված մադրիդյան սկզբունքներին և սկսեցին սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը` սա այն է, ինչի մասին ասում էի. այսինքն, եթե խնդիրը Ղարաբաղի ճանաչումն է, ապա ո՞ւմ կողմից, ինչպե՞ս է իշխանությունը դա պատկերացնում: Եթե կրկին երրորդ երկրի ճանաչման ճանապարհով, երկրորդեմ` այդպիսի պահ երբեք չի գալու, քանի որ ոչ մի երկիր Հայաստանից առաջ չի անցնելու, գործընթացներն էլ այնպիսին չեն լինելու, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին ձեռնոց նետի` ստիպելով ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
-Ձեր մոտեցման առնչությամբ իշխանական ճամբարում ինչ-որ ազդակներ նկատե՞լ եք:
-Այո, ինչ-որ միտում կա: Հաշվի առնելով 2007-ի իրողությունները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն այս գաղափարը շրջանառության մեջ դրեց, կարելի է փաստել, որ այժմ տրամադրվածությունն այլ է. «Ժառանգությանը» հաջողվեց ապացուցել իր դիրքորոշման ճշմարտացիությունը: ՈՒրախ ենք, որ իշխանական դաշտի մեր գործընկերները համամիտ են մեզ հետ:
-Իշխանության հակափաստարկն այն է, որ ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը:
-Դա հիմնազուրկ փաստարկ է, քանի որ պատերազմի վերսկսկման վտանգը պայմանավորված է լիովին այլ գործոններով: Ճանաչումը ոչ թե պատերազմ սկսելու պատճառ կարող է դառնալ, այլ խթանիչ: Եթե տուրք տանք մեր գործընկերների այդ պնդումներին, ճանաչումը կարող էր լինել լուցկու հատիկ, որն այրվելով բոց կառաջացներ: Շատ ավելի կարևոր է, որ Հայաստանը կանխի «վառելանյութի» արտահոսքը։ Այդ դեպքում ոչ մի հրդեհ էլ չի լինի:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ