«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԻ՛ ԶՐՊԱՐՏԵՔ, ՕԳՆԵՔ ՈՒՂՂԵԼՈՒ ՍԽԱԼԸ»

«ՄԻ՛ ԶՐՊԱՐՏԵՔ, ՕԳՆԵՔ ՈՒՂՂԵԼՈՒ ՍԽԱԼԸ»
06.12.2011 | 00:00

Վերջին շրջանում միջազգայնագետ, մոսկվայաբնակ ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ անվան շուրջ տարբեր խոսակցություններ են շրջանառվում: Պատճառն այն է, որ նա հայտ է ներկայացրել Փարիզում ստեղծելու Արևմտահայերի լիազոր ներկայացուցչություն:
Այս հարցերի շուրջ է «Իրատես de facto»-ի հարցազրույցը միջազգայնագետի հետ:


-Պարոն Միքայելյան, արդեն մի քանի տարի է, ինչ աշխատանքներ եք տանում Փարիզում` Սևրում, Արևմտահայերի 3-րդ համագումար կազմակերպելու ուղղությամբ, ո՞րն է Ձեր նպատակը:
-2006-ի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրվեց նախաձեռնող խմբի «ՈՒղերձը»` տարագրության մեջ գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի ժառանգների լիազոր ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտության մասին: ՈՒղերձի տակ ստորագրեցին 30 անվանի հայեր` Հայաստանից, Սփյուռքից, նրանց թվում` Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Տատրյանը, Արշալույս Ճգնավորյանը, Պերճ Զեյթունցյանը, Սոս Սարգսյանը և ուրիշներ: ՈՒղերձը սկիզբն էր այն գործընթացի, որ կոչված էր նախապատրաստելու և հրավիրելու Արևմտահայերի 3-րդ համագումար: Այդ նպատակով 2007-ի օգոստոսի 20-ին Փարիզում, ֆրանսիական օրենսդրության համաձայն, գրանցվեց «Միջազգային կազմակերպչական կոմիտե» իբրև հասարակական կազմակերպություն:
Արևմտահայերի երրորդ համագումարին ընդառաջ, կազմկոմիտեի աջակցությամբ, վերջերս երկու կարևոր միջոցառում տեղի ունեցավ: 2011 թ. հունիսի 25-ին Մոսկվայի «President Hotel»-ում կայացավ արևմտահայերի ներկայացուցիչների (Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների) համագումարը: Համագումարին մասնակցում էր 120 պատգամավոր տարբեր քաղաքներից: Ընտրվեց 40 պատգամավոր` Արևմտահայերի 3-րդ համագումարին մասնակցելու համար, որը տեղի կունենա 2011 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Սևր արվարձանում:
Նույն նպատակով սույն թվի նոյեմբերի 20-ին Երևանում, Հայաստանի շախմատի ակադեմիայի ժողովասրահում կայացավ համաժողով, որին մասնակցում էին 87 ներկայացուցիչներ ՀՀ-ում գրանցված տասը արևմտահայերի հայրենակցական միություններից և առանձին անհատներ: Ընտրվեց 30 պատվիրակ համագումարին մասնակցելու նպատակով:
-Իսկ ինչո՞ւ ենք հրավիրում 3-րդ համագումար:
-1-ին և 2-րդ համագումարները տեղի են ունեցել 1917 և 1919 թթ. Երևանում, զորավար Անդրանիկի գլխավորությամբ: Եթե 1-ին համագումարի ժամանակ հայոց վիճակը խիստ ողբերգական էր, ապա 2-րդ համագումարը տեղի ունեցավ առավել հուսադրող պայմաններում` գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը: Թուրքիան պարտված էր, թուլացած, և հայկական կողմի նպատակն էր, օգտվելով պահից` հուսալի հիմքերի վրա դնել նորաստեղծ հայկական պետականության զարգացումն ու հզորացումը և նրա` դարերի ընթացքում կորցրած տարածքների վերադարձը հնարավորի սահմաններում: Եվ ահա, հայության երկու հատվածների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ավետիս Ահարոնյանի` իբրև ՀՀ պատվիրակության ղեկավարի, և Պողոս Նուբար փաշայի` իբրև Հայկական ազգային պատվիրակության ղեկավարի, 1919 թ փետրվարի 12 -ին Փարիզի Խաղաղարար Վեհաժողովին ներկայացրին «Հայկական պահանջների հուշագիրը», որը ծրագրում էր անկախ հայկական պետության ճանաչումը` կազմված յոթ վիլայեթներից, Կիլիկիայից և Կովկասի Հայկական Հանրապետությունից:
Բանակցությունները, սակայն, անհաջողությամբ ավարտվեցին: Այն մեծ ձախողում էր: Հայությանը չհաջողվեց այդ օրհասական պահին միացյալ ճակատ ստեղծել, ազգովին պատրաստվել դիմագրավելու գալիք նոր մարտահրավերներին: Հայերն անկարող գտնվեցին պաշտպանելու իրենց շահերն ու իրավունքները, որոնք ամրագրվեցին միջազգային հանրության ընդունած փաստաթղթում:
-Բայց դաշնակից տերություններն իրենք չկատարեցին հայությանը տված խոստումը. վիլսոնյան Իրավարար վճիռն էլ չիրականացավ, քանի որ այն ուշ ներկայացվեց Ազգերի լիգա, այն ժամանակ, երբ շահառուն` Հայաստանի Հանրապետությունը, 1920 թ. դեկտեմբերի 2-ին, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլևս գոյություն չուներ` խորհրդայնացել էր:
-Մեծ տերությունները պարտավոր չէին Հայաստան պետություն ստեղծել, ոչ էլ վերցրել էին նման պարտականություն: Նրանք արեցին այնքան, որքան կարող էին, որքան բխում էր իրենց ազգային շահերից:
-Իսկ նրանց ազգային շահը թելադրեց այն, որ իրենց լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ սկսվեց քեմալական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչի պատճառով տեղի ունեցավ Հայաստանի բռնի խորհրդայնացումը:
-Մեր պարտությունների ու կորուստների պատճառները բարդել մեծ տերությունների վրա անպտուղ է ու անհեռանկար: Այսօր մեր խնդիրն է գտնել մեր սխալները, տեսնել` ինչի՞ ենք ունակ: Ժամանակին մեզ դավաճանեց իրատեսությունը, և չկարողացանք ավելիին հասնել, քան ունենք այսօր: Իսկ այսօր մենք պետք է աշխատենք վերականգնել լիարժեք ազգային ինքնագիտակցությունը, ժամանակակից ազգային-պետական քաղաքական մտածողություն որդեգրել, մեր ուժը, մեր կամքը, ոգին հզորացնել ու հետևողականորեն պայքարել մեր նպատակներին հասնելու համար:
-2006-ին կազմակերպչական կոմիտեն կարողացել է ապահովել բավականին լուրջ ներկայացուցչական կազմ, սակայն իմ ունեցած տեղեկություններով, այսօր Ձեր շուրջը համախմբված չեն այն մարդիկ, ովքեր կային նախնական ցուցակում: Կարծիքներ կան, թե մարդիկ եկել են հայրենանվեր գաղափարով ոգևորված, բայց հիասթափված հեռացել են: Ինչո՞ւ:
-Բացի մեկ անձից` Արա Պապյանից, ոչ ոք գրավոր կամ բանավոր չի հայտնել, որ հեռանում է այս գաղափարից:
-Ոչ թե գաղափարից, այլ ստեղծվելիք կառույցից: Բայց հնչում են հեռացածների անուններ` Հայկ Դեմոյան, Աշոտ Մելքոնյան, Ռուբեն Սաֆրաստյան, Արկադի Տեր- Թադևոսյան:
-2007-ի օգոստոսի 20-ին, երբ Փարիզում գրանցվեց կոմիտեն, նրա կազմում կար 18 անդամ, շատերը միացան, ոմանք հեռացան, այժմ համագումարի պատրաստմանը մասնակցում է կազմկոմիտեի 40 անդամ աշխարհի գլխավոր հայ կենտրոններից: Թե ովքեր և ինչու չեն մասնակցում կազմկոմիտեի աշխատանքներին, դա իրենց անձնական գործն է: Մենք այս տարիներին աշխատել ենք երեք ուղղություններով` ֆինանսական, կազմակերպչական, հայեցակարգային: Կազմակերպվել են գիտաժողովներ: Վերջինը հոկտեմբերի 2-ին էր. Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի հետ անցկացրած սիմպոզիումը նվիրված էր հայ-թուրքական խնդիրներին:
-Իսկ որտեղի՞ց եք կարողանում ֆինանսներ հայթայթել:
-ՈՒնենք հովանավորողների մի խումբ, որը ֆինանսավորում է կազմկոմիտեի աշխատանքները` հավատալով դրա նշանակությանը:
-Հայության խնդիրներն այնքան շատ են, որ, իրոք լուրջ ֆինանսական ներդրումներ են հարկավոր: Դուք արդեն հասցրել եք բավականին մեծ գումարներ ծախսել գիտաժողովներ կազմակերպելով. գործնական առումով ի՞նչ են տալիս այդ գիտաժողովները:
-Կազմակերպչական կոմիտեն փորձում է համախոհներ գտնել ոչ միայն հայ, այլև օտարազգի շրջանակներից: Հաջողվեց համախմբել հեղինակավոր իրավաբանների, քաղաքագետների, ովքեր պատրաստ են աշխատելու, ուսումնասիրելու, թե Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության ենթարկված հայերի ժառանգները մեր օրերում, միջազգային իրավունքի համաձայն, ինչ պահանջներ կարող են ունենալ, ուր և ինչպես կարելի է ներկայացնել դրանք: Մյուս կարևոր հարցն այն է, թե ով կարող է այդ պահանջները ներկայացնել այսօր կամ վաղը:
-Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը:
-Բայց փաստն այն է, որ 1991-ից մինչև այսօր մեր իշխանությունները աշխարհով մեկ հայտարարել են, թե Թուրքիայից պահանջներ չունեն: ՀՀ իշխանությունները բանակցում են Թուրքիայի կառավարության հետ` առանց նախապայմանների: Անձամբ ես կարծում եմ, որ ՀՀ-ն ճիշտ է վարվում, նկատի ունեմ նաև արձանագրությունները: Պետք է հարաբերություններ ստեղծել, որ բացվի հայ-թուրքական սահմանը:
-Արձանագրությունների շուրջ ծավալված գործընթացը թաքուն նպատակ էր հետապնդում` հայությանը պարտադրել սահմանի վավերացում և դրանով իսկ վերջնական հրաժարում մեր հայրենիքի մեծ հատվածից` Արևմտյան Հայաստանից: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում, որպես արևմտահայության խնդրով մտահոգ գործչի:
-Նախ, փաստն այն է, որ այդ սահմանն արդեն վավերացված է ՀՀ Սահմանադրությամբ, որն արձանագրում է, որ ՀՀ-ն ունի 30 000 քառ. կմ տարածք: Հիշենք, որ այս Սահմանադրությունը գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ու դրանով ասել, որ այսքանն է Հայաստանը: Կան մարդիկ, ովքեր անիրատեսորեն կարծում են, թե ներկայիս ՀՀ-ն իրավահաջորդն է 1-ին Հանրապետության և պետք է պահանջի Սևրի դաշնագրով նախանշված Հայաստանը: Բայց կներեք, ինչպե՞ս, երբ Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ-ն իրավահաջորդն է Խորհրդային Հայաստանի:
-Սահմանադրության մեջ նման ձևակերպում չկա, փոխարենն Անկախության հռչակագիրն արձանագրում է, որ ՀՀ-ն 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթների շարունակողն է:
-Ես օրինապաշտ մարդ եմ, կարդում եմ ՀՀ Սահմանադրությունը, ուր գրված է` ՀՀ-ն 30 000 քառակուսի կմ է, կնշանակի` Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է, առանց Նախիջևանի, Ղարաբաղի, Կարսի: Իսկ Հռչակագրի դրույթները ներառված չեն մեր Սահմանադրության մեջ: Բոլորին խորհուրդ եմ տալիս վերընթերցել ՀՀ Սահմանադրությունը և հարց ուղղել ՍԴ-ին` ՀՀ-ն որի՞ իրավահաջորդն է: Կստանան հստակ պատասխան` դեյուրե ՀՀ-ն իրավահաջորդն է Խորհրդային Հայաստանի: ՈՒ թերևս կմտածեն` ի՞նչ անել, երբ իրավահաջորդն ենք մի երկրի, որը ստորագրել է Կարսի, ապա հաստատել Մոսկվայի հանցավոր պայմանագրերը, և մինչ օրս չենք վերանայել դրանք:
-Ի՞նչ եք առաջարկում:
-Վերանայել ՀՀՇ-ի գաղափարաբանությունն արտացոլող Սահմանադրությունը և ՀՀ-ն հռչակել 1-ին Հանրապետության ժառանգորդ: Այդ ժամանակ մեր հարևաննե՛րը մեզ պարտք կլինեն, և ոչ թե մենք իրենց: Մի բան է ասել, որ սխալ է թույլ տրված Սահմանադրության մեջ, մեկ այլ բան, թե ՀՀ-ն իրավահաջորդն է 1-ին Հանրապետության ու դրանով զրպարտել իշխանություններին, թե ինչու պահանջատիրության հարցում համարժեք քայլեր չեք անում: Մի՛ զրպարտեք, օգնեք ուղղելու սխալը: Նույն կերպ և զրպարտում են ինձ. թող ցույց տան ՍԴ որոշումը, որ ՀՀ-ն իրավահաջորդն է 1-ին Հանրապետության և ես կլռեմ: Մեր նպատակն է ստեղծել Արևմտահայերի ներկայացուցչական մարմին, որն իրավունք կունենա պահանջներ ներկայացնելու Թուրքիային: Ո՛չ պետությունը, ո՛չ էլ որևէ կուսակցություն այսօր դրանով չի զբաղվում: Մեզ էլ ասում են` մի արեք: Նրանք, ովքեր ասում են` թողեք այդ գործը Հայաստանի Հանրապետությանը, ես հարցնում եմ` ինչքա՞ն սպասել` 10, 20 տարի՞:
-Բայց կան կազմակերպություններ, որոնք արդեն իսկ կոնկրետ քայլեր են իրականացնում. օրինակ, Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը դիմել է Սևրի դաշնագիրը ստորագրած պետություններին Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու դիմումով: Արա Պապյանն առաջարկում է վիլսոնյան Իրավարար վճռի վերաբերյալ ստանալ միջազգային մասնագետների եզրակացությունն ու դիմել Միջազգային դատարան:
-Ես շատ վատ եմ վերաբերվում պետություններին դիմելու փաստին, քանի որ նման քայլ պետք է անի Հայաստանը:
-Բայց Ձեր համոզմամբ, ՀՀ-ն, ներկայիս Սահմանադրությամբ կաշկանդված, չի կարող որպես պահանջատեր հանդես գալ:
-Այնուհանդերձ, դա պետության անելիքն է: ՀՀ-ն պետք է վերափոխի Սահմանադրությունն ու ասի, որ Ավետիս Ահարոնյանի ստորագրությունն ի՛ր ստորագրությունն է, մենք էլ իրավահաջորդն ենք 1-ին Հանրապետության, ու կոչ անի պայմանագիր ստորագրած երկրներին տեր կանգնելու իրենց ստորագրությանը: Բայց մինչ կոչ անելը պետք է նախ հանդիպել, խոսել, ոչ թե Արա Պապյանի նման մեղադրել դաշնակից տերություններին, թե` խոստացաք ու չարեցիք: Նրանք էլ կասեն` մենք ստորագրել ենք ու Հայաստանը դեյուրե տվել ենք ձեզ, ստորագրել է նաև Թուրքիան, դուք չկարողացաք իրագործել, հիմա նորից դիմում եք մե՞զ: ՈՒզում եք ձեր փոխարեն թուրքերի հետ կռիվ անե՞նք: Պապյանը թող փորձի համոզել մեր պետությանը` դիմելու Միջազգային դատարան: Բայց պետությունը կարող է, չէ՞, Պապյանին ասել` ո՞ւր է քո ուժը, որին ես թիկունք կանգնեմ ու աշխարհին ներկայացնեմ այդ պահանջը: Բայց այսօր ՀՀ-ն չի էլ կարող թիկունք կանգնել, որովհետև ունի հստակ մշակված գիծ, ու Արա Պապյանի նման 10 հոգի էլ որ գա, չի կարող շեղել նրան այդ գծից: Եվ եթե դա հասկանում է պարոն Պապյանը, կնշանակի դեմագոգիայով է զբաղված: Ի՞նչ են արել հայերը տասնամյակներ շարունակ, ոչինչ, անգամ չեն խոսել այդ տարածքների մասին, հակառակը, ասել են` «Կեցցե՜ Լենին պապին», դե, որ կեցցե, ուրեմն, քո բաժինը 30 000 քառակուսի կմ-ն է, ու վերջ: Իսկ այսօր պետք է կարգի բերել մեր իրավական փաստաթղթերը, հակառակ դեպքում ամեն ինչ դեմագոգիա է, ու ստացվում է, որ այդ մարդիկ ընդամենն իրենց համար զբաղմունք են գտել: Մեր նպատակն է գրանցվել ՄԱԿ-ում իբրև ոչ կառավարական կազմակերպություն, ապա ծավալել գիտական, պատմաքաղաքական, իրավագիտական այնպիսի գործունեություն, որ նախ հայ ժողովուրդն ու ՀՀ իշխանությունները, քաղաքական կազմակերպությունները ճանաչեն այն որպես լուրջ կառույց, և հետո միայն ներկայանալ միջազգային հանրությանն ու մեր վնասների փոխհատուցման հայցերով մտնել դատարան: Տարածքային հարցը դեռ հինգերորդական հարց ենք համարում:
-Բայց ցեղասպանությունը, մարդկային ու նյութական հսկայական կորուստներից զատ, հայության համար նաև հայրենազրկում էր: Կարծում եք, պետք է բավարարվել ֆինանսական փոխհատուցումներով` հայրենիքի կորստի դիմա՞ց: Գուցե սա նկատի ունենալո՞վ են Ձեր ընդդիմախոսներն ասում, թե հայոց պահանջատիրության հարցը Միքայելյանի ծրագրերում բացակայում է:
-Մեր ընդդիմախոսներն այս հարցում ևս մեզ զրպարտում են, որովհետև չեն կարդացել մեր փաստաթղթերը, ուր գրված է. «Ներկայացնել արևմտահայության անմիջական իրավունքներն ու պահանջները միջազգային կազմակերպություններում, բանակցել թուրքական իշխանությունների ու այլ շահագրգիռ կողմերի հետ` հասնելու Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, դատապարտմանը, վնասների հատուցմանը և Արևմտահայաստանի բռնագրավված տարածքների վերադարձմանը»: Գրված է, չէ՞, բայց որովհետև չար են, չեն ուզում տեսնել:
-Այնուհանդերձ, Ձեր հասցեին հնչող մեղադրանքները չեն դադարում, Դուք ընկալվում եք որպես «Մոսկվայի մարդ», որը նպատակ ունի հայկական հարցը ծառայեցնելու կրեմլյան շահերին:
-Նախ, ես շատ մեծ վերապահումներ ունեմ Հայկական հարցի վերաբերյալ այսօրվա Կրեմլի դիրքորոշումների նկատմամբ: Այսօրվա Ռուսաստանը կարելի՞ է համարել Հայաստանի լիարժեք, հուսալի ռազմավարական գործընկեր, քանի դեռ Կրեմլը չի դատապարտել Մոսկվայի պայմանագիրը: Ինչպիսին կլինեին Ռուսաստանի հարաբերությունները մերձբալթյան ժողովուրդների հետ, եթե դատապարտված չլիներ Ռիբենտրոպ- Մոլոտով պակտը:
Լինելով Ռուսաստանի քաղաքացի ու ռուսամետ մարդ, բայց ոչ կույր կրեմլամետ, ես մեծ սպասելիքներ չունեմ այսօրվա Ռուսաստանից: Այս երկրի ազգային շահերը դեռ չեն հստակեցված: Եթե ՌԴ այսօրվա իշխանությունները Ղրիմը (իրենց Արցախը) հետ չեն պահանջում, որ հանցագործ կերպով հանձնվել է ՈՒկրաինային, կարո՞ղ են հայանպաստ կողմնորոշում ունենալ: Կրեմլը կարող էր մի քայլով լուծել, այսպես կոչված, «Ղարաբաղի հիմնախնդիրը», եթե քաղաքական կամք ունենար դատապարտելու բոլշևիկների` հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած հանցագործությունը, որը հիմք դրեց այսօրվա հակամարտությանը: Ինձ համար Ռուսաստան ազգային պետությունը վերջացավ 1917-ի հոկտեմբերին: Հույս ունեմ, որ կստեղծվի նոր ռուսական պետություն, որը կլինի ազատ, առաջադեմ և հզոր, նախ ռուսամետ, հետո հայամետ: Իսկ Փարիզում հիմնվելիք կառույցի նպատակն է լինելու ստեղծել հզոր ֆինանսա-քաղաքական կենտրոն արտերկրում, աջակցել ՀՀ իշխանություններին, համաձայնեցնելով եղած տեսակետները` փորձել առաջ գնալ, հստակեցնել ազգային առաջնահերթությունները, մշակել և իրագործել համահայկական ծրագրեր: Հայերը պետք է ցույց տան աշխարհին, որ իրենք ստեղծագործ, շինարար ուժ են և ոչ թե քանդիչ ու խանգարիչ, որ հայը կարող է իր լուման ունենալ համաշխարհային նոր համակարգի ձևավորման գործընթացում: Իսկ դրա համար համաշխարհային հայությունը պետք է վերածվի ինքնուրույն հզոր ֆինանսատնտեսական քաղաքական գործոնի միջազգային կյանքում, որպեսզի կարողանա իր ճակատագրի տերը լինել: Իսկ հայությունն ունի այդ ներուժը:
Զրույցը վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ