Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ` ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԲ ԵՄ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ»

«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ` ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԲ ԵՄ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ»
08.07.2011 | 00:00

ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ընտանիքի անդամներով ամենից շատ դուք եք ԱԺ-ում ներկայացված` երեք եղբայր։ Մտադի՞ր եք հաջորդ խորհրդարանում էլ նույն կազմով ներկայանալ։
-Առայժմ մեր ընտանիքում չենք քննարկել այդ հարցը։ Դեռ վաղ է։
-Չի՞ պատրաստվում ձեզնից մեկը զիջել իր տեղը։
-Քանի որ այդ հարցը չի քննարկվել, ցանկությունների, զիջելու մասին չեմ կարող խոսել։ Դե, ես դեռ 90-ականներից պատգամավոր եմ եղել։
-Չե՞ք հոգնել պատգամավորական աշխատանքից։
-Մարդն ապրելուց հոգնո՞ւմ է։ Հարց` Ձեզ։
-Խոսքն օրենսդրական գործունեությանն է վերաբերում։
-Աշխատանքն աշխատանք է։ Մարդն ինչպե՞ս կարող է հոգնել։ Երբ սկսես չաշխատել, արդեն հասկանալի է, որ այստեղ չպիտի լինես։
-Խնդիրն այն է, որ Դուք օրենսդրական աշխատանքով գրեթե չեք զբաղվում։
-Ո՞վ ասաց, Դուք ուշադիր չեք եղել։ Շատ օրենքների քննարկումներին եմ մասնակցել։ Կարող եք հարցում անել պետիրավական հանձնաժողովին։
-Եթե որոշում լինի, որ գործարարները ԱԺ-ում չպիտի լինեն, ծա՞նր կտանեք այդ հանգամանքը։
-Ընդհանրապես ոչ մի բան ծանր չեմ տանում։ Տարիներ շարունակ պատգամավոր, գործարանի գլխավոր տնօրեն եմ եղել, անցել եմ այդ ճանապարհը, ինձ համար ոչինչ դժվար չէ, ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Կարծում եմ` այդքան պատրաստված եմ, որ ծանր չտանեմ։ Ձեզ վրա այդպիսի տպավորությո՞ւն թողեց, որ ծանր եմ տանելու։
(Մեր զրույցին միանում է նաև կրտսեր Աբրահամյանը` Արմենը)։
-Իսկ Դո՞ւք, պարոն Աբրահամյան, ցանկություն ունե՞ք նորից առաջադրվելու։
-Մեծ ախպոր մոտ բոլոր պատասխաններն իրենից սպասեք։
-Փաստորեն, Ձեր տանը քաղաքականությունը ևս «մեծ ախպոր» խորհրդով է մշակվում։
Գ. Ա. -Մենք տրադիցիոն ընտանիք ենք, հայկական բոլոր սովորությունները պահպանում ենք ու փորձում փոխանցել մեր երեխաներին։
-Այսինքն, մեծը թելադրում է` ինչպես կողմնորոշվել քաղաքական այս վայրիվերումների մեջ։
-Չի թելադրում, պարզապես պահպանում ենք ավանդույթները։
-Ավանդույթի շնորհի՞վ է, որ երեք եղբայր տարբեր կուսակցություններ եք ներկայացնում։
-Ես անկուսակցական եմ։ Իսկ նրանցից յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչ կուսակցության անդամ պիտի լինի։ Ազատության այդ աստիճանը չի սահմանափակվում։
-Լավ, անցնենք հանգստին։ Որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալու։
-Ես ոչ մի ամառ չեմ հանգստացել։ Համարյա չեմ հիշում` վերջին անգամ երբ եմ հանգստացել։ Իրենք հանգստանում են (նկատի ունի եղբայրներին ու, դիմելով վերջինիս, հարցնում է- Ռ. Խ.), գնացե՞լ եմ հանգստի։ Առայժմ իմ ուժերը բավականացնում են, որ առանց հանգստի աշխատեմ։ Սա էլ Ձեր այն հարցի պատասխանը, թե արդյոք չե՞մ հոգնել։ Տեսնում եք, որ չեմ հանգստացել, ու հոգնածության մասին խոսք լինել չի կարող։
-ՈՒրեմն, կհանդիպենք հաջորդ խորհրդարանում։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ