«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է, ՓԱՍՏԱԿԱՆ ՏԵՐԸ` ՔՈՒՐԴԸ, ԻՍԿ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՑՈՂԸ` ՀԱՅԸ»

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է, ՓԱՍՏԱԿԱՆ ՏԵՐԸ` ՔՈՒՐԴԸ, ԻՍԿ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՑՈՂԸ` ՀԱՅԸ»
18.03.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ
-Եվրախորհրդարանի 1987-ին ընդունած բանաձևում հստակ ասված է. «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ», «Ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»: ԱՄՆ-ի սենատորների զգալի մասը ևս հայտարարում է` ճանաչել չի նշանակում դատապարտել, չի նշանակում վնասների հատուցում, առավել ևս, հողային պահանջ: Մինչդեռ հայկական կազմակերպություններն իրենց լոբբիստական ջանքերը շարունակում են ուղղել միայն ճանաչման վրա: Հարց է առաջանում` ինչո՞վ ենք զբաղված` ինքնախաբեությա՞մբ, սեփական ներուժը վատնելո՞վ:
-Ժամանակն է համարձակորեն ասելու, որ գործընթացներն այսօր գտնվում են փակուղում: Ծախսվում է ֆինանսական, մարդկային ազգային հսկայական ռեսուրս և` ապարդյուն: Անկեղծ ասած, չեմ հասկանում հայկական այն կազմակերպությունների լոբբիստական աշխատանքը, որը միտված է Հայոց ցեղասպանության ընդամենը ճանաչմանը։
-Ավելին, կան փաստեր, որ թուրքական կողմն իր հերթին ճանաչման գործընթացի շարունակականության ապահովման ուղղությամբ մեծ «ներդրումներ» է անում: Այսինքն, գործընթացը ձեռնտու է Թուրքիային, քանզի տաք պահելով Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող շոուն` իրականում հայերին հեռու է պահում առավել լուրջ` իրավական, իրական գործընթացներից:
-Այո՛, իմ գնահատականով` ցեղասպանության ճանաչման այս գործընթացը նպաստավոր է թուրքական կողմի ռազմավարության տեսանկյունից, քանզի նրանց համար խնդիրը մեկն է` հարցը ձգել ու մոռացության մատնել: Հաշվարկը պարզ է. սերունդներ են փոխվում, ստվար զանգվածներ սփյուռքում ձուլվում են, հայության ռեսուրսն աննպատակ ծախսվում է: Եվ զարմանալին այն է, որ հայկական կողմից ոչ մի ընդվզում չկա այս ամենի դեմ: Խոշոր տերությունները մեզ ներքաշել են Հայոց ցեղասպանության ճանաչման «գայթակղիչ» գործընթացի մեջ: Թերևս այս ամենը բավականություն է պատճառում քաղքենի զանգվածին, գուցե բավարարվո՞ւմ են, որ մեզ խղճում են, խոստանում ճանաչել մեր Ցեղասպանությունը։ Այո՛, Եվրախորհրդարանի որոշումը շատ հստակ է` ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի հայերի Ցեղասպանությունը, բայց չհանգեցնել փոխհատուցման հարցին: Այսինքն, եվրոպական քաղաքական էլիտան շարունակում է հայկական հարցն օգտագործել ի նպաստ իր շահերի: Մինչդեռ մենք իրավունք չունենք ապարդյուն ջլատելու մեր ներուժը:
-Իրողությունն այն է, որ առանց դատապարտման ճանաչումը հղի է լուրջ վտանգներով. կանխատեսումներ են արվում, թե Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը հիմք կունենա դատարանով քրդերին նվիրաբերելու Արևմտյան Հայաստանը` հայոց հայրենիքի վրա ստեղծելով քրդական պետություն:
-Կարծում եմ` դա քրդերի բանեցրած քարոզչական հնարք է: ԱՄՆ-ի քաղաքականության մեջ պետք է առանձնացնենք երկու շերտ. չպետք է մոռանալ, որ նրանում ակնհայտ է բարոյական շերտը: Ինչպես ամերիկյան ժողովրդի կյանքից հնարավոր չէ հեռացնել Աստվածաշունչն ու նրա բարոյական արժեքները, այնպես էլ ԱՄՆ-ը հնարավոր չէ քաղաքականապես պատկերացնել առանց վիլսոնյան իդեալիզմի: Այնպիսի իրատես քաղաքական գործիչ, ինչպիսին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն է, համոզված է, որ առանց վիլսոնականության ԱՄՆ-ի քաղաքական համակարգը կփլուզվի: Սա մեզ համար շատ կարևոր է. 1915 թվականից Ամերիկան մեզ այս կամ այն չափով օժանդակել է, չնայած դա դոմինանտ չի եղել, և դժբախտությունը սա է: Բայց սա ի գիտություն ընդունելով` անցնենք հարցի երկրորդ մասին: ԱՄՆ-ը հզոր բարեկամներ չի սիրում, և Հայկական հարցը` Ցեղասպանության ճանաչման տեսքով, անհրաժեշտ է Թուրքիային զսպաշապիկ հագցնելու համար: Ինչպես Հոլոքոստն է պետք Գերմանիային «անկյունում» պահելու համար: Սրանք լծակներ են: ԱՄՆ-ի քաղաքական պարտնյորն այսօր ոչ թե քուրդն է, այլ թուրքը: Եվ քրդական գործոնը ևս լծակ է Թուրքիայի դեմ:
Մինչև 1915 թվականը շրջանառվում էր այսպիսի միտք. Արևմտյան Հայաստանի իրավական տերը Թուրքիան է, փաստական տերը` քուրդը, իսկ հայրենիք ունեցողը` հայը: Հային զրկեցին հայրենիքից, իրավական տերը մնաց դարձյալ Թուրքիան, փաստական տերը` առավել ամրացած քուրդը: Կուզեի հարց ուղղել թուրք գեներալներին. ի՞նչ շահեցիք Հայոց ցեղասպանության իրականացմամբ, երբ ոչնչացրիք մշակութաստեղծ, քաղաքակիրթ, Թուրքիան եվրոպականացնող մի ժողովուրդ: Ըստ էության, հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելով` Թուրքիան հարցն իր օգտին չլուծեց…
-Բայց Թուրքիայի ծրագիրը հստակ էր. Արևմտյան Հայաստան` առանց իրական տերերի` հայերի:
-Սակայն իրականում Թուրքիան դրանից, մեծ հաշվով, չշահեց, հաշվարկը ճիշտ չէր արված: Թուրքերը հույս ունեին, որ տարիների ընթացքում կկարողանան ձուլել քրդերին, մինչդեռ քրդերի էթնիկ ինքնագիտակցությունն ավելի հզոր դուրս եկավ, քան կրոնականը: Օջալանը թուրքերին երեսով է տալիս` ասելով. «Մենք ձեզ օգնեցինք, որ ժամանակին շահեք Մանազկերտի, Չլդրանի ճակատամարտերը…»: Նա մոռանում է ասել, որ թուրքերին օգնել են գլխավորում` Հայոց ցեղասպանության իրականացման հարցում:
Թուրքիան այսօր, թերևս, կանգնած է երկրորդ ցեղասպանության կատարման շեմին. կա՛մ պետք է քրդոցիդ իրականացնի, որ ազատվի քրդական հարցից, կա՛մ էլ Քրդստան ստեղծվի Արևմտյան Հայաստանի տարածքի վրա: Բայց սա ևս հարցի լուծում չէ, չէ՞ որ կա այդ հայրենիքի տերը: Եվ Արևմտյան Հայաստանի հայերը` որպես այս երկրի իրավատերեր, որպես բնիկ ժողովուրդ, իրենց ձայնը պետք է բարձրացնեն: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման` իրավատիրության բոլոր փաստաթղթերով զինված` միջազգային ատյաններին ներկայանալու համար: Ես ունեմ կոնկրետ առաջարկներ: Բռնազավթված Արևմտյան Հայաստանի իրավատերն Արևմտյան Հայաստանի հայությունն է: Վերջինս պետք է ստեղծի գործադիր մարմին ու անցնի կոնկրետ քայլերի իրականացման` պատասխան պահանջելով Թուրքիայից: Թուրքիան` որպես պետական հանցագործություն իրականացրած պետություն, պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ հետևյալ հարցերով:
Առաջին. ի՞նչ կատարվեց Օսմանյան կայսրության խորհրդարանի հայ երեսփոխանների հետ, ինչո՞ւ ձերբակալվեցին, որտե՞ղ սպանվեցին նրանք:
Բացի այն, որ նրանք եղել են ազգությամբ հայեր, միաժամանակ թուրքական պետության պաշտոնյաներ էին: Ինչպիսի՞ երկիր է Թուրքիան, որի գործադիր մարմինն ի վիճակի է մահվան դատապարտելու խորհրդարանի անդամներին: Պատահական չէ, օրինակ, որ Քեմալն ամեն ինչ անում էր, որ Թուրքիան հանցագործ պետություն չճանաչվի:
Երկրորդ հարցը, որով պետք է մտնել միջազգային դատարան, հետևյալն է. Թուրքիայի կողմից իրականացվել է պետական հանցագործություն Օսմանյան պետության շուրջ 60 000 հայ զինվորների նկատմամբ: Սարիղամիշում Էնվերը ռուս կոզակներից իր կաշին փրկեց շնորհիվ հայ զինվորների, ինչի համար նա հետո հատուկ հրամանագրով իր շնորհակալությունը հայտնեց: Պահպանված է համապատասխան փաստաթուղթը: Ի՞նչ կատարվեց թուրքական պետությունը պաշտպանող հայ զինվորների հետ, այդ ի՞նչ պետություն է, որի զինված ուժերի ղեկավարությունը կարող է ոչնչացնել սեփական զինվորներին: Եթե կա նման երկիր, կնշանակի` գործ ունենք ոչ միայն ոճրագործ, այլև ռասիստական պետության հետ:
Երրորդը հայկական եկեղեցական ունեցվածքի վերադարձի հարցն է: Եկեղեցու ունեցվածքը պետք է վերադարձվի հայոց պատրիարքարանին: Այլապես Թուրքիան ինչպե՞ս կարող է իրեն իրավունք վերապահել Եվրոպայի սրտում մահմեդական մզկիթներ կառուցելու պահանջ ներկայացնելու, երբ թալանել ու շարունակում է ոչնչացնել քրիստոնեական մշակութային արժեքները, եկեղեցիները:
-Ժամանակն է բարձրաձայնելու մեր իրավապահանջատիրությունը. Դուք առաջարկում եք միջազգային դատարան ներկայանալ առանձի՞ն փաթեթներով:
-Այո՛, սրանք հարցեր են, որոնցից յուրաքանչյուրը երաշխավորված է միջազգային իրավունքով: Պետք է դնել Արևմտյան Հայաստանի հայերի` հայրենիք վերադարձի պահանջը, Թուրքիան պարտավոր է նրանց անվտանգության իրական երաշխիքներ տրամադրել: Վստահ եմ, եթե սկսենք գործել այս ճանապահով, ապա նույնիսկ դաշնակիցներ կվաստակենք:
Ամփոփելով խոսքս` ասեմ. եթե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հետայսու էլ պետք է շարունակվի առանց դատապարտման, առանց փոխհատուցման հարցը բարձրացնելու, կարծում եմ` հայկական կողմը պարտավոր է դադարեցնել այն և մտածել նոր ռազմավարության մասին:
Հարցազրույցը վարեց
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ