Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Այս ընտրություններում հիմնական ինտրիգն ընդդիմության առաջնորդ ուժի տեղի համար է»

«Այս ընտրություններում հիմնական ինտրիգն  ընդդիմության առաջնորդ ուժի տեղի համար է»
13.04.2012 | 00:00

Վերջին օրերին ամենից շատ արծարծվող թեմաներից մեկը կուսակցությունների համամասնական ցուցակներն են և քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե բոլոր ընտրացուցակներն էլ անսպասելի վատն էին։ Ըստ քաղտեխնոլոգի, քաղաքական ուժերի համամասնական ցուցակները տրամաբանության շրջանակներում էին։

-Մի քիչ դժվար է պատկերացնել, որ քաղաքական ուժերը 5 տարի շարունակ գործունեություն ծավալեին կոնկրետ անձերով, և հանկարծ ընտրությունների շեմին նրանց ընտրացուցակներն արմատապես փոխվեին,- ասում է Վ. Հակոբյանը։- Կարծում եմ՝ յուրաքանչյուր ցուցակ կազմելիս իր տրամաբանությունն է ունեցել։ ՀՀԿ-ն իշխող ու նախ և առաջ նոմենկլատուրային կուսակցություն է, ուստի պրագմատիկ տեսանկյունից տրամաբանական է, որ այս քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին տեղերում հայտնվել են կուսակցության վերնախավը ներկայացնող վարչական, ֆինանսական և այլ ազդեցիկ լծակների տիրապետող մարդիկ, ովքեր կոնկրետ ձայներ պետք է ապահովեն։ ՀՀԿ-ի առաջին տասնյակը ցույց է տալիս, որ ընտրություններում իրենց հիմնական զենքը լինելու է վարչական ռեսուրսը։ Այս փուլում կուսակցական իմիջը ՀՀԿ-ի համար կարծես երկրորդական նշանակություն ունի: Հանրապետականը, ինչպես և ցանկացած իշխող կուսակցություն, իր քարոզարշավը վարելու է ոչ այնքան ապագային միտված պատգամներով, որքան արդեն արված գործը, ասենք, շախմատային և ֆուտբոլային հաջողությունները որպես նվաճում ցույց տալով։ Սկսված քարոզարշավն արդեն իսկ այդ հունով է ընթանում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հաջորդ հատվածներին, ապա կարծես թե առաջնորդվել են ոչ ոքի չնեղացնելու պարզ տրամաբանությամբ։

-ՀՀԿ-ի ցուցակում փոքր քաղաքական միավորների ներկայացուցիչների ներգրավումն ի՞նչ նպատակ է հետապնդում։ Ըստ էության, այս մարդիկ կարծես ավելի շուտ ձայներ կտանեն ՀՀԿ-ից, քան լրացուցիչ ձայներ կապահովեն։

-Ոմանք այս մարդկանց ներգրավումը բացատրեցին այն հանգամանքով, որ ապագա խորհրդարանում «Հանրապետականը» փորձելու է չներքաշվել քաղաքական կռիվների մեջ, և հետագայում ընդդիմությանը հակադարձելու համար օգտագործելու է հենց նրանց։ Սակայն այստեղ մեկ այլ գործոն էլ կա, որ բխում է Սերժ Սարգսյանի բնույթից։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը, այս ցուցակում ներգրավելով այդ անձանց, նախկինից մնացած իր որոշակի քաղաքական և այլ պարտքերն է վերադարձնում։ Չի բացառվում, որ նրանց ներգրավումը նաև որոշակի աշխարհաքաղաքական պարտավորություններից է բխում։

-Թերևս ամենահետաքրքիրներից մեկը «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միացյալ ընտրացուցակն էր՝ իր թարմ, շատ դեպքերում անհայտ քաղաքական դեմքերով։

-«Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատներն» ընտրացուցակը կազմելիս, կարծում եմ, բավականին պրագմատիկ մոտեցում են ցուցաբերել։ «Ժառանգությունն» ունի իր հստակ ընտրազանգվածը. դա լիբերալ կողմնորոշում ունեցող, երիտասարդ և միջին տարիքի էլեկտորատն է, ինչպես նաև, այսպես կոչված, ինտերնետային հանրությունը, որոնք ունեն երկրի ապագայի իրենց տեսլականը։ Ազատական այդ ընտրազանգվածն ամեն ինչ ցանկանում է տեսնել նորովի, և պատահական չէ, որ այս դաշինքի քարոզչական պաստառներում լուրջ տեղ է զբաղեցնում ֆեյսբուքային սիմվոլիկան։ «Ժառանգությունն» ունի իր հստակ էլեկտորատը, որը, սակայն, կազմակերպչական առումով քիչ վերահսկելի է։ Եվ «Ազատ դեմոկրատների» հետ միավորումը հանգեցնում է կազմակերպչական տեսակետից ուժեղացման։ Բանն այն է, որ «Ազատ դեմոկրատներում» ընտրական պայքարի հսկայական փորձ ունեցող մարդիկ են ներգրավված։ Ընդհանրապես բոլոր նախկին արտգործնախարարները բավականին լուրջ կշիռ ունեն։ Քաղաքական շրջանակներում հաճախ կեսկատակ ասում են, թե նախկին արտգործնախարարներ չեն լինում։ Այս առումով «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակը շատ առանձնահատուկ է. այստեղ ընդգրկված են երկու նախկին արտգործնախարար և մեկ գլխավոր հյուպատոս Ռուսաստանում։ Եվ սա որպես լուրջ քաղաքական ուժ ներկայանալու հստակ հայտ է։ Այս ցուցակն ունի նաև որոշակի աշխարհաքաղաքական ուղղվածություն։ Բայց ես վստահ չեմ, որ այս միավորման ուղղվածությունը միայն դեպի Արևմուտք է։

-Բավականին փոխվել է նաև ԲՀԿ-ի համամասնական ցուցակը։

-«Բարգավաճ Հայաստանը» մինչ օրս ընկալվում է որպես մեկ անհատի քաղաքական ձեռնարկություն, որն իր գործունեության ընթացքում լուրջ քաղաքական խնդիրներ չի բարձրացրել։ Այս ուժի գործունեության հիմնական առանցքը բարեգործությունն էր։ Եվ եկավ մի պահ, որ «Բարգավաճ Հայաստանի» առջև թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից քաղաքականացվելու խնդիր դրվեց։ Հետևանքն այս կուսակցության ցուցակի համալրումն էր որոշակի քաղաքական իմիջ ունեցող դեմքերով՝ Վարդան Օսկանյան, Գուրգեն Արսենյան, Հմայակ Հովհաննիսյան։ Կան, իհարկե, գործիչներ, ովքեր անմիջապես ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ, բայց կան նաև մարդիկ, որոնք, կարծում եմ, վերահսկելի են այսօրվա նախագահական նստավայրի կողմից:

-Վարդան Օսկանյանի անակնկալ ընդգրկումը ԲՀԿ և նրա արմատական ընդդիմադիր ելույթները, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիր են լուծում։

-Այնուամենայնիվ, Վարդան Օսկանյանին աստիճանաբար նախապատրաստում են որպես ԲՀԿ-ի քաղաքական ֆորմալ առաջնորդի։ Շատ հնարավոր է, որ որոշ զարգացումների պարագայում հենց Վարդան Օսկանյանը 2013 թ. ԲՀԿ-ի կողմից առաջադրվի նախագահի թեկնածու։

-Մոտավորապես պարզ է, թե որ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան, և արդեն այսօր իսկ որոշակիորեն ուրվագծվում է նոր ԱԺ-ի կազմը։ Ձեր կարծիքով, նոր օրենսդիր մարմինը դրականորեն կտարբերվի՞ գործող խորհրդարանից։

-Ընդհանուր առմամբ նոր խորհրդարանում քաղաքական դեմքերն ավելի շատ կլինեն, և ամենայն հավանականությամբ, այն կդառնա բուռն քաղաքական պայքարի հարթակ։ Այլ հարց է, թե որպես օրինաստեղծ մարմին՝ այն ավելի լա՞վը կլինի, թե՞ ավելի վատը։ Վստահ եմ նաև, որ ապագա ԱԺ-ն ավելի դժվար կառավարելի մարմին է լինելու։

-Ո՞րն է լինելու այս ընտրությունների առանձնահատկությունը։

-Առանձնահատկություններից մեկն այն է, որ գոնե այս պահի դրությամբ հեռուստաեթերը բավականին ազատ է և լիբերալ ընտրական գործընթացների բոլոր մասնակիցների հանդեպ: Սակայն հիմնական առանձնահատկությունն այս ընտրություններում սուր պայքարն է ընդդիմության առաջնորդ ուժի տեղի համար։ Լուրջ պայքար է գնալու «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միավորման և Հայ ազգային կոնգրեսի միջև։ ՀԱԿ-ում շատ լավ հասկանում են, որ նոր ձևավորված այս ուժի ընտրազանգվածից ձայն պոկել գրեթե չեն կարող, մինչդեռ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատները» կարող են ձայներ տանել ՀԱԿ-ի տատանվող ընտրազանգվածից և ոչ միայն նրանից։ Եթե «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներին» հաջողվի հասարակության ընդդիմադիր հատվածին ներկայանալ որպես իրական այլընտրանք, ապա շատ ձայներ կստանան։ Բացի այդ, կա 8-10 տոկոս արմատական ընդդիմադիր զանգված, որը ժամանակին հիասթափվել է ՀԱԿ-ից, և մինչ օրս այդ 8-10 տոկոսն անտեր է։ ՀԱԿ-ի վերջին սուր ընդդիմադիր ելույթները վկայությունն են այն բանի, որ ցանկանում են վերադարձնել արմատական ընդդիմադիր զանգվածը, ինչը շատ դժվար կլինի, քանի որ հիասթափված արմատականներն ավելի շուտ իրենց համար նոր հանգրվան կգտնեն, քան կվերականգնեն հավատը ՀԱԿ-ի նկատմամբ։

Զրուցեց

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ