ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ», ԻՍԿ ԹԵ ՈՐ ԵՐԿՐԻ ԲԵՄՈՒՄ Է ԱՅՆ ԼԻՆԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ»

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ», ԻՍԿ ԹԵ ՈՐ ԵՐԿՐԻ ԲԵՄՈՒՄ Է ԱՅՆ ԼԻՆԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
14.02.2012 | 00:00

Դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, թե ով է ներկայացնելու մեր երկիրը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում: Դատելով վերջերս շրջանառվող լուրերից, հնարավոր է, որ Ադրբեջան մեկնի «Դորիանս» խումբը, որի մենակատար ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆՆ այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է: Մեր զրույցը մոտեցող փառատոնի մասին է, և ոչ միայն:
-Դուք 2010-ին ներկայացրել եք Հայաստանը Եվա Ռիվասի հետ, ընդ որում`բեք վոկալում: Կարծում եմ, դա խոսում է նախ և առաջ այն մասին, որ ամբիցիաներ չունեք:
-Ամբիցիաներ չունեմ, բացի այդ, դա ինձ համար փորձաշրջան էր: Նաև ասեմ, որ բեք երգել շատ եմ սիրում:
-Խոսակցություններ կան, որ Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ- 2012»-ում դուք պետք է ներկայացնեք Հայաստանը:
-Խոսակցություններ կան, շատ ճիշտ նշեցիք:
-Իսկ պաշտոնական առաջարկի դեպքում պատրա՞ստ եք ներկայանալու մեր «հարևան» երկիր:
-Պաշտոնական առաջարկ դեռ չի եղել, բայց մենք պատրաստ ենք ներկայանալու: Իսկ թե որ երկրի բեմում է այն լինելու, ոչ մի կապ չունի: Կարևորը` ապահովեն անվտանգությունը:
-Ադրբեջանը, կարծես, անվտանգության երաշխիքներ չի տալիս: Կմասնակցե՞ք:
-Իհարկե, բայց չեմ կարծում, թե չի եղել երաշխիք:
-Ասում են` ադրբեջանցիները զգուշանում են «Դորիանսից»:
-Այո, լսել եմ նման բան:
-Գոռ, եթե որոշվի, որ դուք եք ներկայացնելու Հայաստանը, գնալու եք քաղաքական «պատերազմի՞», թե՞ երգի մրցույթի:
-«Եվրատեսիլն» ինձ համար տոն է, ու, կարծում եմ, բոլորի համար է այդպես: Ես քաղաքականության հետ կապ չունեմ: Ոչ էլ բիզնեսի: Եթե մենք գնանք, գնալու ենք երգ ներկայացնելու:
-Եվրատեսիլյան թեմայից շեղվենք: Վերջերս թողարկվեց ձեր «Fly» ձայնասկավառակը, որի տասը երգերից միայն մեկն է հայերեն` «Ես կուլամ»-ը: Ինչո՞վ է սա պայմանավորված, չե՞ք կարծում, որ մեզ մոտ մասսայականություն են վայելում հատկապես ձեր հայերեն երգերը:
-Ճիշտ եք: Իհարկե, հայերեն երգն ավելի է սիրվում, քանի որ հայ ենք: Բայց ակումբային համերգների ժամանակ հանդիսատեսն անգիր երգում է նաև մեր անգլալեզու երգերը:
-Հայկական ռոքը դրսում ունի՞ ասելիք: Ձեր նոր ալբոմը կարո՞ղ է հետաքրքրություն առաջացնել:
-Հայկական ռոքն ու ընդհանրապես, հայկական երաժշտությունը, իհարկե, ասելիք ունեն: Ես նկատի ունեմ այն երաժիշտներին, ովքեր արվեստ են ներկայացնում: Ինչ վերաբերում է մեր վերջին ալբոմին, դրսի հետ կապված աշխատանքներ չեն տարվել, դրա համար առայժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող: Համենայն դեպս, ալբոմը միքսել ենք Բրյուսելում, մասթերինգը (վերջնական մոնտաժ) արվել է Փարիզում, և այդ ընթացքում մեր խումբը շատերի հետաքրքրությունն է առաջացրել:
-Հաջողության հասնելու հնարավորությունն արտերկրում գրավիչ է, շատ արվեստագետներ հեռանում են երկրից: Նման մտադրություն ունե՞ք:
-Հեռանալը կոպիտ է հնչում, մենք ուզում ենք ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում:
-Շոու բիզնեսն ունի իր օրենքները, հաջողության հասնելու իր ուղիները: Ռոք ժանրի դեպքում, կարծում եմ, օրենքներն ուրիշ են: Ո՞րն է «Դորիանսի» հաջողության գաղտնիքը:
-«Դորիանսի» հաջողության գրավականը «Դորիանսն» է: Անկեղծ եմ ասում: Մենք չենք վազում փողի հետևից, փողն է վազում մեր հետևից: Համենայն դեպս, «շոու» և «բիզնես» ասվածը մեզ հետ կապ չունի: Գուցե կոմերցիան կապ ունի, բայց ոչ շոու բիզնեսը:
-Գոռ, իսկ ինչո՞ւ «Դորիանս»: Խմբի անվանումը որևէ խորհրդանշական կապ ունի՞ Օսկար ՈՒայլդի հայտնի հերոսի հետ:
-Դորիանսը լադ է, մեր երաժշտությունը մտնում է այդ լադի մեջ: Իսկ Դորիան Գրեյի հետ ոչ մի կապ չունենք:
-Երաժշտական կրթություն չունեք: Մեր երաժիշտներից մեկը մի առիթով ասաց, որ կրթությունը միայն կխանգարեր իրեն, երաժշտությունն իր ներսում է:
-Կրթությունը չի կարող խանգարել, իսկ օգնել, որ ավելի լավ արտահայտես այն, ինչ կա ներսումդ, կարող է։ Ես պատրաստվում եմ սովորելու, իհարկե` ոչ բուհում, այլ մասնավոր դասերի հաճախել:
-Ո՞Ւմ եք լսում ինքներդ:
-Շատերին, դժվարանում եմ թվարկել:
-Իսկ հայ երգիչներ կա՞ն այդ շատերի մեջ:
-Կան հայ երաժիշտների անուններ:
-Ո՞Ւմ չեք լսում:
-ՈՒմ չեմ լսում` անունները չգիտեմ:
-Ձեր քույրը` Եվա Սուջյանը, նույնպես երգում է: Հավանաբար, հեշտ չէ գնահատական տալ, երբ խոսքը հարազատիդ մասին է:
-Ճիշտ եք, բայց ես, միևնույն է, ամեն անգամ լսելիս փշաքաղվում եմ:
-Գոռ Սուջյանը բեմում և կյանքում շա՞տ է տարբեր:
-Դժվարանում եմ ինքս իմ մասին խոսել: Բայց երբ բեմում եմ, հայտնվում եմ ուրիշ աշխարհում:
-Երգից բացի, ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Հեծանվասպորտով եմ հետաքրքրվում, Wing Chune մարտարվեստով: Շատ են նախասիրություններս, թվարկել չեմ կարող, ամեն ինչից` քիչ-քիչ:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ