Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԵԹԵՐԱՅԻՆ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

ԵԹԵՐԱՅԻՆ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
27.01.2012 | 00:00

1992 թվականի հունվարի 26-ին եթեր հեռարձակվեց «Կարծիք» հաղորդաշարի առաջին թողարկումը: Այն նորանկախ Հայաստանի հեռուստահաղորդաշարերից ամենաերկարակյացն է: Հաղորդաշարը շատ կարճ ժամանակահատվածում արդեն ձևավորված, հաղորդմանն ամեն շաբաթ սպասող լսարան ուներ։
«Իրատես de facto»-ի այսօրվա հյուրը հաղորդաշարի հիմնադիր հեղինակ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ է:
-Պարո՛ն Երիցյան, շնորհավորում ենք հոբելյանի առթիվ և հարցնում` ի՞նչ է 20 տարին հեռուստատեսային հաղորդման համար։
-Եթերային երկարակեցություն, ավանդույթներ, անվերջ ստեղծագործական որոնումներ, հեռուստալսարանի հետ հաստատուն կապ։ Նախ և առաջ հիշենք հաղորդաշարի ստեղծման ժամանակաշրջանը։ Նորանկախ Հայաստանն իր առաջին քայլերն էր անում, մենք շատ էինք կարևորում հասարակության կարծիքը, ուսումնասիրություններ կատարում տարբեր բնագավառներում ու փորձում ամեն գնով ականջալուր լինել հեռուստադիտողների պահանջներին և սպասելիքներին: Անդրադառնում էինք հասարակությանն անհանգստացնող և հուզող խնդիրներին: Այդ նպատակով միաժամանակ ստեղծեցինք «Կարծիք»-ի հեռուստատեսային և ռադիոհաղորդաշարեր: Դրանք եթեր տրվեցին միևնույն ժամանակահատվածում՝ մեկ կամ երկու օրվա տարբերությամբ: Այս երկու հաղորդաշարերի նպատակն էր եթեր բերել հանրային կարծիքը, մարդկանց դիրքորոշումները, գնահատականները իրենց ապրած ժամանակաշրջանի վերաբերյալ: Հիշում եմ՝ հենց առաջին հաղորդմանը ներկայացրինք հանրության սպասելիքները նոր տարվանից՝ սոցիոլոգների, պատմաբանների, պետական գործիչների մեկնաբանություններով:
-Ի՞նչ խնդիրներ էին դնում հեղինակներն իրենց առջև։
-Այդ ժամանակ անհրաժեշտություն կար հասարակական կարծիքը՝ իր բազմազանությամբ, տիրապետող դարձնել եթերում: Հաղորդումները եթեր էին հեռարձակվում շաբաթը մեկ, 20 տարում որևէ դադար չեն ունեցել, բացառությամբ, երևի, արձակուրդների: Մինչև այս պահը «Կարծիքն» ունեցել է 1000 հեռուստաթողարկում և 1000 ռադիոթողարկում: Ես ուզում եմ նաև հիշեցնել հեղինակային խումբը. առաջին օպերատոր` Էդվարդ Խաչիկօղլյան, ռեժիսոր` Էդվարդ Բադունց, հետագայում՝ Էդուարդ Տեր-Սահակյան, խմբագիր` Վիլեն Մարտիկյան, ով շատ կարևոր դերակատարություն ունեցավ հաղորդաշարի կայացման գործում, լրագրողը, փաստորեն, ես էի։ Միայնակ էի աշխատում և՛ ռադիո, և՛ հեռուստատեսային եթերի համար: Միայն 2003 թվականին ՀՀ ԿԳ նախարար նշանակվելն անհնարին դարձրեց իմ հետագա աշխատանքը և մասնակցությունը հաղորդաշարին: Ինձ փոխարինեց Լոռու մարզում «Հայլուրի» սեփական թղթակից Հրաչյա Պապինյանը, ով կարողացավ շարունակել սկսած գործը: Ես այժմ էլ «Կարծիքի» լավագույն բարեկամներից եմ և հաղորդաշարից սկզբունքորեն ոչ մի րոպե չեմ հեռացել: Այն այսօր էլ երկրի տարբեր բնակավայրերից եթեր է բերում հասարակ մարդու խոսքը՝ գնահատականների, տեսակետների, դիրքորոշումների տեսքով։
-1992-ին Դուք դեռևս երիտասարդ լրագրող էիք, դժվա՞ր չէր նման բարդ հաղորդաշար ստեղծելը:
-Իսկապես, սկսեցինք դժվարին ժամանակահատվածում: Նոր էր ձևավորվում նորանկախ Հայաստանի հեռուստալրագրությունը։ Կարևորը՝ լավ ստեղծագործական խումբ էր ձևավորվել։ Հաշվի չէինք առնում դժվարությունները։ Շատ հաճախ նկարահանումների էինք գնում առանց ավտոմեքենայի։ Մեր հեռուստախցիկներն այսօրվա նման թեթև ու հարմար չէին, ընդհակառակը, անհարմար էին, ծանր: Ստեղծագործական խմբի բոլոր անդամները, այդ ամենը շալակած, հայտնվում էին երևանյան փողոցների տարբեր հատվածներում: Եվ գիտե՞ք, դա մեզ համար կարծես սովորական էր, որովհետև մենք գիտակցում էինք, որ եթե մեզ եթեր է տրված ու որոշակի ժամ, մենք պետք է ճիշտ մեր ժամին լինենք եթերում: Անկեղծ ասած, պայմանները շատ դժվար էին, սակայն դա խոչընդոտ չէր, ու մենք անընդհատ եթերի էինք պատրաստվում: Երթուղային ավտոբուսներով ու տաքսիներով, ծանոթ-բարեկամների միջոցով Երևանից ուղևորվում էինք դեպի երկրի հեռուները: Մեզ համար կարծես փակ ճանապարհ չկար: «Կարծիքը» 1993 թվականին՝ ստեղծումից մի քանի ամիս հետո, սկսեց իր հնդկական՝ «23 օր Հնդկաստանում» շարքը: Ես կարծում եմ, որ այն մարդկանց հոգեբանության մեջ շրջադարձ կատարեց։ Հնդկաստանն իր ավանդույթներով, հետաքրքրություններով ու իր բազում դրսևորումներով ներկայացավ հեռուստադիտողին: Եվ, պատկերացրեք, մենք Երևան վերադարձանք 1993 թվականի նոյեմբերին, բերեցինք մի փոքր հույս այդ դժվարին ժամանակահատվածում: Մենք Հնդկաստանում էինք 23 օր ու 23 տեսաֆիլմ պատրաստեցինք: Պարբերաբար, որոշակի ընդմիջումով, հեռարձակվում էին մեր արտասահմանյան այլ գործուղումների արդյունքները: Մենք ներկայացնում էինք ոչ միայն հայաստանցիների, այլև արտասահմանում ապրող հայերի կարծիքը։ Այսօր հաղորդաշարն ունի 300 տեսաֆիլմ` նվիրված արտասահմանում ապրող հայերին, նրանց կենցաղին, սովորույթներին:
Ի դեպ, ուզում եմ շնորհավորել ոչ միայն «Կարծիքի» ստեղծագործական խմբին, այլև հեռուստադիտողներին և ռադիոունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր 20 տարի շարունակ հետևում են «Կարծիքի» աշխատանքին: Քիչ չեն այդպիսի ուշադիր ռադիոլսողները և հեռուստադիտողները: Շնորհակալություն, հեռուստադիտող բարեկամ, հարգելի ռադիոունկնդիր, որ այսքան տարի հավատարիմ եք մնացել «Կարծիք» հաղորդաշարերին:
-Ինչպիսի՞ն եք տեսնում «Կարծիքի» ապագան:
-Կարծում եմ` «Կարծիքը» չի կորցրել իր դեմքը: Այսպիսի հաղորդաշարերը միշտ էլ անհրաժեշտ են լինելու, քանի որ եթեր են բերում հասարակ մարդու խոսքը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ազատ եթերը։
Զրույցը` Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ